2016.02.01,

Քննադատ

Եկեք վերցնենք լրագրողի վարկին նետված ձեռնոցը

Վերջին մի քանի օրերին Հայաստանում քննարկումների թիրախ է դարձել լրագրողն ընդհանրապես: Առիթը Եռաբլուրում հունվարի 28-ին լրագրողների ու պաշտոնյաների «աշխատանքային բախումն» էր: Ոմանք ասում են՝ պաշտոնյաներն իրենց լավ չպահեցին. լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն նրանց ծաղրեցին, մյուսներն ասում են՝ լրագրողների հարցերն ու պահվածքն էին անմակարդակ, ծաղրական:

Անիմաստ գործ է որևէ մեկի կողմը բռնելը: Բայց այդ առիթով դեպի լրագրողը նետված ձեռնոցների մեջ երկուսը բավական վտանգավոր են, որովհետև այդպիսիք տարեցտարի ավելի ու ավելի հաճախ են նետվում հանրային դաշտ, իսկ լրագրողներս դրանք միասնական ճակատով չենք վերցնում ու միասնաբար չենք փորձում պաշտպանել մեր իմիջն ու մասնագիտական շահերը:

Հանրության շրջանում հետևանքը՝ ամրացվում է կարծիքը, թե բոլոր լրագրողներն անմակարդակ են, ծախված են, պատվեր կատարող են, նրանց լուրերն անվստահելի են… Մինչդեռ ամբողջ աշխարհում լրատվամիջոցին օդ ու ջրի պես է պետք հանրության վստահելիությունը: Դա չեղավ, ուրեմն դու իրականում զուտ ձեռնարկատիրական գործունեություն ես ծավալում և ոչ նաև՝ լրատվական: Իսկ ում է դա ձեռնտու՝ քիչ հետո:

Մյուս հետևանքն աշխատանքային է՝ ոչ միայն պաշտոնյաների, այլև լրագրողների շրջանում է ամրապնդվում սխալ կարծիքը, թե հանրային վայրերում, ոտքի վրա, հանպատրաստից չի կարելիհարց ուղղել որևէ պաշտոնյայի: Սա չնայած թվում է ավելի փոքր, ընդամենը աշխատելաոճի կամ զուտ մասնագիտական հարց, բայց ավելի ու ավելի փակ է դարձնում հասարակությունը, անգամ մեծացնում կոռուպցիոն ռիսկերը, իսկ իշխանավորներին հուշում է՝ ինչ ուզեմ, կանեմ և պարտավոր չեմ ձեզ զեկուցել, թե ինչ եմ անում: Մյուս կողմից, չե՞ք նկատել՝ որքան պաշտոնյաները Հայաստանում սկսեցին ավելի ու ավելի շատ խուսափել լրագրողների հանպատրաստից հարցերին պատասխանելուց, այնքան լրատվությունն ավելի անհետաքրքիր ու փիարային դարձավ:

Սկսեցինք մեր շարքերում մեղավորներ փնտրել՝ լրագրողներիցս ոմանք, այո, «անմակարդակ»հարցեր են տալիս, պարզապես ուզում են հերոսանալ (ինչը շատ հեռու չէ ճշմարտությունից), բայց չհասկացանք, որ դրանով կաթիլ-կաթիլ ջուր ենք լցրել լրագրողին ու հանրության կարծիքն արհամարհող պաշտոնյաների ջրաղացին:

Ուրեմն այսպես. ժողովրդավարական երկրում ոչ ոք չի կարող լրագրողին արգելել հանրային վայրում իրեն հանդիպած պաշտոնյային հարց ուղղել: Պաշտոնյան իրավունք ունի չպատասխանելու, բայց, եթե շրջահայաց է, լրագրողին չի կոպտի, չի ծաղրի, չի վիրավորի… Որովհետև այդպիսի պաշտոնյան շատ լավ գիտի, որ հանրությունը լրագրողի հանդեպ վատ վերաբերմուքն ընդունում է որպես ուղիղ իր դեմ արված ոտնձգություն: Այ, այստեղ էլ պաշտոնյային օգնության է գալիս շրջանառության դրված այն իմիջը, թե լրագրողն անմակարդակ է, անդաստիարակ է, ծախված է, ու թող հանրությունը չվիրավորվի, եթե լրագրողին տեղն եմ դնում… Ահա թե ում է ձեռնտու, որ լրագրողի իմիջը բացասական լինի, նրա լուրերն՝ անվստահելի:

Ի՞նչ անի լրագրողը, եթե պաշտոնյային հարց է ուղղում, իսկ նա՝ ըստ էության պատասխանելու փոխարեն լրագրողի անձն է սկսում քննարկել կամ վիրավորում է, ծաղրում: Կարծում եմ՝ արժանապատվորեն պետք է փորձի զրույցը վերադարձնել մասնագիտական դաշտ, ու ոչինչ ավելին: Անձնականին անձնականով, վիրավորանքին վիրավորանքով, սպառնալիքին սպառնալիքով պատասխանելը լրագրողը խստորեն պետք է բացառի:

Մի քանի իրական օրինակ առաջարկեմ:
2003թ., հետընտրական Հայաստան:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանում գործող օտարերկրյա լրատվամիջոցի թղթակցին, – Ես օտարերկրացի լրագրողների հարցերին չեմ պատասխանում:
Թղթակից,- Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ:

Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան,- Ես որոշել եմ այլևս չպատասխանել լրագրողների հարցերին:
Լրագրող,- Ինչու՞:
Դ.Վ.,- Որովհետև իմ հաշվին ընտանիք եք պահում:
Լ.,- Այսի՞նքն:
Դ.Վ.,- Ես խոսում եմ՝ դուք աշխատավարձ եք ստանում:
Լ.,- Որքան գիտեմ՝ դուք եք իմ վճարած հարկերով աշխատավարձ ստանում:

Մեկ օրինակ էլ ներկայացնեմ հակառակ իրավիճակից. այսինքն՝ թե ինչպես ոչ մի դեպքում չպետք է վարվի լրագրողը:

2008թ., նախագահի լիազորությունները շուտով ստանձնելիք վարչապետ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի միջանցքում պատասխանում է լրագրողների հարցերին, թե ինչպիսի կառավարություն է ձևավորելու իր նախագահման ժամանակ: Լրագրողներից մեկը, պատասխանը կիսատ թողնելով (վերջին հաշվով, գործընկերներին էլ խանգարելով), բոլորովին ուրիշ թեմա է բացում՝ զրուցակցին բարկացնող ձևակերպումներով: Սերժ Սարգսյանը նրան տված իր պատասխանի վերջում ավելացնում է՝ կարմրեցի՞ք: Լրագրողի պատասխանը՝ դուք էլ նենց ոչինչ…

Ռուզան Խաչատրյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *