Ընտրական գործընթացը քվեարկության օրով չի ավարտվում: Լրատվական կայքերից և հատկապես հեռուստատեսությունից ակնկալվում է լարված աշխատանք հետընտրական շրջանում
Ընտրական գործընթացները Հայաստանում ցնցումային են: Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի «Կովկասյան բարոմետր» հետազոտության համաձայն՝ հարցվածների 43%-ը անազնիվ է համարել վերջին համապետական ընտրությունները Հայաստանում:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն բացառություն չէր: Լցոնումների, կրկնակի քվեարկությունների, վստահված անձանց և դիտորդների նկատմամբ ճնշումների բազմաթիվ դեպքերը չեն նպաստում ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը:
Երբ կասկած կա, որ ընտրությունները կկեղծվեն, քվեարկության օրը լրագրողների աշխատանքի մի կարևոր ուղղություն է դառնում կեղծիքների վերաբերյալ տեղեկատվության հայթայթումը և հրապարակումը:
Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն այս տեսակետից բացառություն չէր: Այդ պատճառով հանրաքվեի լուսաբանման վերաբերյալ դիտարկումներիս ցանկը սկսում եմ հենց ընտրախախտումների հրապարակայնացման գործում լրագրողների դերից: Մնացածը՝ կետերով:
- Ինտերնետային լրատվամիջոցները դիտորդական խմբերի հետ էֆեկտիվ կապի շնորհիվ օպերատիվ հրապարակում էին ընտրական խախտումների դեպքերը կամ դրանց մասին ահազանգերը: Լրագրողները պատրաստ էին դժվար պայմաններում աշխատել. ապացույցը լրագրողների աշխատանքը խոչընդոտելու գրանցված դեպքերն են:
- Հեռուստատեսությունն ավելի զուսպ էր լուսաբանում հանրաքվեն: Ուղիղ միացումներ ընտրական տեղամասերից և հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովից, քվեարկության արդյունքների ներկայացում վազող տողով, ուղիղ եթերում ընտրական գործընթացի քննարկումներ:
- Լրատվական կայքերը աշխատում էին ուժերի մաքսիմալ լարումով՝ բազմաթիվ տեսանյութեր, ուղիղ եթերի ռեժիմով միացումներ: «Ազատություն» ռադիոկայանն ու «Սիվիլնեթ»-ը, բացի ուղիղ եթերից, նաև լայվբլոգ էին վարում, ինչը զարգացող իրադարձության դեպքում ընթերցողին թույլ է տալիս միանգամից մեկ տեղում տեսնել օրվա ընթացքում բոլոր կարևոր զարգացումները, տվյալներն ու կարծիքները:
Հայաստանի ազդեցիկ կայքերից news.am-ն ու tert.am-ը հատուկ ենթավերնագիր էին նախատեսել, որտեղ հավաքում էին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց բոլոր հրապարակումները:
- Սոցիալական մեդիայի տեսակետից Թվիթերում հաջող աշխատեց #ArmRef15 հեշթեգը: Առաջին անգամ էր, որ թվիթերում հայերենով աշխատեց քիչ թե շատ ակտիվ հեշթեգը՝ #ՈՉ-ը, որը միավորում էր սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողներին:
- Հանրաքվեն անցկացվեց կիրակի: Այդ և հաջորդ՝ երկուշաբթի օրերին Հայաստանում թերթ չի հրատարակվում: Տպագիր մամուլը գերագույն ջանքեր է գործադրում քվեարկությունից երկու օր անց՝ դեկտեմբերի 8-ին, ընթերցողին հետաքրքիր և յուրահատուկ նյութ վաճառելու համար: Վստահ չեմ, որ ստացվում է:
Հանրաքվեի քարոզչական շրջանում երկու հեռուստատեսային հաղորդում եղավ, որոնց մասին ևս ուզում եմ խոսել:
- Հանրային հեռուստաընկերության «Եռանկյունի» քաղաքական թոք շոուն, ինչքան էլ ցանկացավ ներկայանալ որպես հանրաքվեի քարոզչության հետ կապ չունեցող հաղորդում, մեկ ամսվա ընթացքում երկու անգամ քննարկեց սահմանադրական փոփոխությունները: Հաղորդավար և միաժամանակ կրթության և գիտության նախարար և միաժամանակ ՀՀԿ փոխնախարար և միաժամանակ «Այո»-ի շտաբի անդամ Արմեն Աշոտյանը սպասելի կողմնակալ էր:
Չգիտեմ, թե ինչու Հանրայինը, որպես քաղաքական հաղորդման վարող, ընտրեց հենց այս թեկնածուին: Եթե «Եռանկյունի»-ով լսարան նվաճելու խնդիր կար, ապա հաջողության է հասել: Վստահ եմ, որ «Եռանկյունի»-ի թիմը գոհ է հեռուստատեսային ռեյտինգներից:
- «Արմնյուզ»-ի «Այո և Ոչ» ռեալիթի շոուն նմանատիպ նախընտրական քաղաքական հաղորդման առաջին փորձն էր հայկական եթերում: Այն նման էր յուրահատուկ նախընտրական բանավեճի, ուղղակի շատ երկարատև ու տեղ-տեղ անհամ ու բուն նպատակից շեղվող: Առաջին փորձն էր և, եթե, օրինակ, խորհրդարանական ընտրություններից առաջ նման երկարատև նախագիծ անելու հնարավորություն լինի, ես առաջարկ ունեմ:
Սկանդինավյան երկրներում նման փորձ կա, երբ հեռուստատեսային նկարահանող խմբերը շրջում են երկրով և հանդիպում ընտրողների հետ՝ թիրախավորված ու իրական տեղական խնդիրները բացահայտելու նպատակով: Նման ֆորմատով հեռուստատեսային շոուն օգնում է ընտրողների ցանկությունները հավաքել և փոխանցել ընտրարշավի մասնակից կուսակցություններին:
Սա նաև օգնում է ավելի մանրամասն և օրինակներով քննարկել ընտրարշավի մասնակից քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերը: Այն ռեալիթի շոու չէ, բայց կարող է իրականում օգնել ընտրողներին կողմնորշվել քվեարկության հարցում:
Վերադառնալով դեկտեմբերի 6-ին՝ ընտրական գործընթացը քվեարկության օրով չի ավարտվում: Լրատվական կայքերից և հատկապես հեռուստատեսությունից ակնկալվում է լարված աշխատանք հետընտրական շրջանում, օրինակ, ընտրակեղծիքների պատճառները ու դեպքերը քննարկելու առումով:
Գեղամ Վարդանյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: