Կարծես թե երկրի Սահմանադրությունն ուզում են/ուզում ենք փոխել։ Լսե՞լ եք։ Երեւի լսած կլինեք։ Մամուլում վերջերս բավականին շատ են գրում։ Երեւի պետք է, որ շատ գրեն, քանի որ խոսքը մի ամբողջ երկրի շատ լուրջ կառուցվածքային փոփոխությունների մասին է։ Ընդ որում՝ բավականին անհասկանալի եւ մշուշոտ փոփոխությունների։
Բայց, իմ անձնական, սուբյեկտիվ կարծիքով, այդքան էլ հասկանալի չեն գրում ո՛չ կողմնակիցները, ո՛չ էլ ընդդիմախոսները։ Ինչպես հայտնի է, միջին վիճակագրական քաղաքացուն դժվար է երկար լսել իրավաբաններին, երբ նրանք խոսում են զուտ իրավաբանական տերմիններով։ Մի քանի րոպեից հետո միջին վիճակագրական առողջ քաղաքացու մտածողության օրգանը դադարում է գործել։ Եվ դա նորմալ երեւույթ է։
Միջին վիճակագրական քաղաքացուն իրավաբանական հարցերը պետք է ավելի հանրամատչելի կերպով բացատրել։ Այնպես, ինչպես բժիշկը պետք է հիվանդին կարողանա հիվանդությունը բացատրել այն լեզվով, որը չի պահաջում երեք բարձրագույն կրթություն։ Եվ այլն, եւ այլն։
Սակայն քաղաքագիտական, քաղաքական եւ, ինչու չէ, լրատվական դաշտի ներկայացուցիչները, կարծում եմ, հասարակության մեջ չեն կարողանում լիարժեք քննարկումներ ստեղծել։ Ամեն բան վերածվել է զուտ դեմ կամ կողմ լինելու։ Իսկ թե ինչու է Հայաստանը գնում դեպի պարլամենտական հանրապետություն, դա է լավը, թե, հակառակը, նախագահականն է ավելի լավը, նման քննարկումները գրեթե բացակայում են։ Հիմնական քննարկումները ծավալվում են նույնասեռական ամուսնությունների շուրջ, կարծես դա կամ դրա մերժումն է ընկած հայոց պետականության հիմքում։
Համոզված եմ, որ հասարակության մեջ դիրք եւ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հստակ կարծիք ունեցողները ինձ հետ, մեղմ ասած, չեն համաձայնի։ Բայց հարցն այն է, որ հասարակությունը բավականին քիչ է հետաքրքրված սպասվող փոփոխություններով։
Համաձայնեք, որ եթե մարդ հետաքրքրվում է ինչ-որ հարցով, այն էլ ինտերնետի դարում, ապա փորձում է ինքնուրույն փնտրել կարծիքներ, տեղեկատվություն։ Ըստ Գուգլի՝ հայաստանցիները գրեթե չեն փնտրում այս թեմաները։
Գուգլի համաձայն՝ եթե Հայաստանից ամսական մոտ հազար անգամ փնտրում են անգլերեն եւ ռուսերեն «constitution» եւ «конституция» բառերը (ենթադրում եմ, որ հիմնականում դեսպանատների հետ կապ ունեցողները կամ արտասահմանից եկածներն են դա փնտրում, քանի որ զուգահեռ փնտրվող բառերի մեծամասնությունը Հայաստանի հետ կապ չունի), ապա հայերեն «Սահմանադրություն» եւ «սահմանադրական» բառերն այնքան քիչ են փնտրվում, որ Գուգլը պարզապես տվյալներ չի տրամադրում։
«Конституция» եւ դրան հարակից բառերի փնտրումը Հայաստանից Գուգլ որոնողական համակարգում
«Սահմանադրություն» եւ «սահմանադրական» բառերի փնտրումը Հայաստանից՝ Գուգլում ասելու բան չունեն մեզ
Մարդիկ ոչ միայն չեն փնտրում, այլեւ չեն հետաքրքրվում։ Նույնիսկ լուրջ քննարկումներ չեն ծավալվում, ամենայն հավանականությամբ։ Տեսնենք, օրինակ, ինչ է կատարվում Թվիթերում։
Արդյո՞ք մարդիկ քննարկում են ինչ-որ կետեր սահմանադրական փոփոխություններից։ Վերցնենք վերջին ամսվա ընթացքում «Սահմանադրություն» եւ «սահմանադրական» բառերի կիրառումը Թվիթերում։ «Սահմանադրություն» բառը մեկ ամսում գրվել է ընդամենը 185 անգամ, իսկ «սահմանադրական» բառը՝ 534։
Ընդ որում՝ այս գրառումների գերակշռող մասը պարզապես լրատվական կայքերի նորությունների վերնագրեր են, որոնք ավտոմատ կերպով տարածվում են այս սոցցանցում։
Որպեսզի հասկանալի լինի հետաքրքրության մակարդակը, արտաքին քաղաքականությունից համեմատական օրինակներ բերենք։ Այսպես, մեկ ամսվա ընթացքում «թուրքական» բառն օգտագործվել է 321 անգամ, «ադրբեջանական» բառը՝ 378 անգամ։
Երեւի արժե ինչ-որ բան փոխել մեդիա դաշտում, որպեսզի սահմանադրական փոփոխությունների շուրջ բուռն քննարկումները չսկսվեն հանրաքվեից հետո։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: