Հունիսի 14-15-ը ԵԱՀԿ-ն Վիեննայում կազամակերպել էր միջազգային մեծ կոնֆերանս, որը նվիրված էր լրագրողների անվտանգությանը, մամուլի ազատությանը եւ բազմակարծությանը հակամարտությունների ժամանակ։ Թեման շատ լայն է, անկասկած, բայց իրականում կոնֆերանսի մեխը ռուս֊ուկրաինական չհայտարարված պատերազմն էր։ Նույնիսկ այս թեմային անմիջականորեն չվերաբերող ելույթներն այս կամ այն կերպ օրինակներ էին բերում այս հակամարտությունից։
Կարող է թվալ, թե սա պարզապես քաղաքական գործընթացների հետեւանք է։ Եվ ինչ-որ չափով այդպես է։ Սակայն ռուս-ուկրաինական հակամարտությունը, ավելի շուտ՝ տեղեկատվական պատերազմը, իսկապես որակական ազդեցություն է ունեցել եւ շարունակում է ունենալ լրատվության վրա։
Ռուս-ուկրաինական հակամարտությունը հետաքրքիր փոփոխություններ է մտցնում մեդիադաշտ, շեշտվում են յուրահատուկ ուղղություններ, որոնք մինչ հակամարտությունը այդպես առանձնացված չեն եղել։
Այսպես, տեղեկատվության ստուգումը (data verification), որը միշտ էլ լրագրողական աշխատանքի մի մասն է եղել, դառնում է մի առանձին զարգացող ոլորտ։ Այս հակամարտությունը, որը ներգրավել է լրատվության վրա փաստացի ամենամեծ ազդեցությունն ունեցող երկրները, խնդիր ունի լուսաբանման հետ։
Այդ խնդիրը պայմանավորված է միանգամից մի քանի հանգամանքներով․ հակամարտող կողմերը պայքարում են հակառակ կողմը ներկայացնող լրագրողների դեմ, ինչի հետեւանքով տարածաշրջանում առաջանում են «սպիտակ կետեր», որտեղ լրագրողները մուտք չունեն, կողմերը փորձում են հնարավորինս օգտագործել քարոզչական մեթոդները՝ ներգրավելով սոցիալական ցանցերը, քարոզչական մեքենաների աշխատանքն այնքան է կարեւորվում, որ պրոպագանդան դուրս է գալիս առաջին պլան՝ խեղդելով լրատվական հոսքերը։
Արդյունքում սպառողի համար կարեւոր է դառնում ոչ միայն լրատվությունը, այլ նաեւ ապատեղեկատվության բացահայտումը։ Այս պատճառով առանձին կյանք են ստացել զուտ ապատեղեկատվությունը, քարոզչությունը բացահայտող ռեսուրսները, օրինակ՝ ուկրաինական հայտնի «Stop Fake»-ը կամ անջատողականների կողմը ներկայացնող «Տեղեկատվական ճակատ»-ը:
Սրա հետ կապված նկատվում է քարոզչության եւ հակաքարոզչության նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճ, ընդ որում՝ ինչպես հասարակական, այնպես էլ պետական մակարդակով։ Քարոզչությունը սկսում է դիտարկվել ոչ միայն որպես ռազմական գործողություններին աջակցող, այլեւ որպես ինքնուրույն եւ ռազմական գործողություններին զուգահեռ գործընթաց։
Որպես հետեւանք՝ քարոզչությունից տառապող կամ հոգնած հասարակության մեջ հայտնվում է անկախ, անվերահսկելի լրատվամիջոց ունենալու պահանջ։ Արդյունքում ի հայտ են գալիս լրատվամիջոցներ, որոնց գոյատեւման համար լսարանը համաձայն է վճարել՝ միայն նրա համար, որ քարոզչական պատերազմից դուրս ԶԼՄ ունենա:
Լրատվականն անկախ պահելու նպատակով հանրային դրամահավաքի մոդելով են փորձում գործել ռուսաստանյան TV Rain-ը եւ ուկրաինական Hromadske TV-ը:
Անշուշտ, սրանք նոր երեւույթներ չեն։ Բայց ռուս֊ուկրաինական հակամարտությունը այնքանով է սրել այս երեւույթները, որ այն հանգեցնում է նոր տեղեկատվական իրականության ստեղծմանը։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: