2014.11.06,

Քննադատ

Երկու մեդիա ակցիա՝ նույն նշանի տակ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լսելի լինելու, մտահոգությունը կամ հիացմունքը արտահայտելու ու հանրային ուշադրություն առաջացնելու համար տարբեր գեղեցիկ մեդիա միջոցներ կան:

Հաղորդակցության անսպասելի էֆեկտ է ստեղծում ֆլեշմոբը, որը կարճ ժամանակով դրդում է մարդկանց նույն գործողություններն անել ու րոպեներ անց ձուլվել հանրության մեջ (մենք ամբողջի մի մասնիկն ենք):

Հաղորդակցության անհնարինությունն է նշում դիմակներով ակցիան, որի նպատակը դիմակի տակ սեփական խոսքի տեղ չհասնելը ցուցադրելն է (մենք դիմակով ենք, որպեսզի դեմքը չկորի):

Վերջին օրերին Հայաստանում երկու նման մեդիա ակցիաներ տեղի ունեցան, որոնք հակադիր իմաստ ձեռք բերեցին՝ զինվորների ֆլեշմոբը (զինծառայողները երգում ու ընթացքում զինավարժություններ են անում) և Գայ Ֆոքսի դիմակներով երթը (Շանթ Հարությունյանի կողմից անցյալ տարի իրականացված «արժեքների հեղափոխության» համախոհների երթը Երևանի փողոցներով):

Ըստ էության, և՛ ֆլեշմոբի, և՛ դիմակներով երթի հիմքը արագ կոմունիկացիա ստեղծելն է: Տեսար, զարմացար, խորհեցիր, միգուցե նաև միացար: Կամ էլ՝ եթե չմիացար, մտածելու տարածք ստացար:

Ֆլեշմոբը նախապես պլանավորված զանգվածային ակցիա է, որի մասնակիցները գործում են ըստ սցենարի, բայց փորձում են դա թաքցնել՝ ստեղծելով ինքնաբուխ ակցիայի տպավորություն: Գովազդային նպատակներ չհետապնդող ֆլեշմոբը ազդեցիկ է, երբ առաջին հայացքից անիմաստ ու առեղծվային է թվում: Հենց հանպատրաստից ֆորման էլ վերանայել է տալիս առօրյա, մի քիչ փոշոտված ու փտած մթնոլորտը: Նաև որևէ տագնապալի հարցի շուրջ մտորելու հրավիրում:

2008 թվականին, օրինակ, Երևանում տեղի ունեցան գիրք կարդացող մարդկանց ֆլեշմոբերը, որոնք շատ ազդեցիկ էին հենց ժամանակի ու ֆորմայի համապատասխանությամբ: Հանրային լարում կար, արգելված էին հավաքները, և փողոցում գիրք կարդալով զբոսնող մարդիկ, չխախտելով կարգը, միաժամանակ շատ «խոսուն» դիմադրում էին: Սովորական գործողությունը անհատականացվել էր ու հակադրվել զանգվածային արգելքներին:

Իսկ երգող զինվորների տեսահոլովակը ֆլեշմոբ անվանելը զարմանք է առաջացնում, քանի որ այն ոչ միայն ինքնաբուխ ու կամավոր կոմունիկացիայի պատրանք չի ստեղծում, այլև ընդհակառակը՝ բանակում ծառայող երիտասարդներին օգտագործում է բոլորովին այլ նպատակներով (ասենք՝ գովազդում է համազգեստ հագած ոչ լավ երգելը կամ էլ ուրախ ու երգով լի զորամասային կյանքն է քարոզում):

Ամեն դեպքում այդօրինակ ներկայացված երգ-ֆլեշմոբի ՕԳԳ-ն զրո է, քանի որ նպատակն է մակերեսային. Հայաստանի զինվորներով հպարտանալու համար նման երգը հակասություն է առաջացնում: Այն կամավոր ու ինքնաբուխ լինել չի կարող միայն այն պատճառով, որ պրոդյուսերը ԱԺ պատգամավոր է:

Լայն իմաստով՝ բանակի հանրային ընկալումը վերանայման կարիք բնավ էլ չունի: Դա այն ոլորտն է, որին հանրությունը ամենից շատն է վստահում (հենց բանակին, այլ ոչ թե բանակի խնդիրները կարգավորող գերատեսչությանը): Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստանի (ՀՌԿԿ) 2013 թվականի իրականացրած հարցումներն այդ մասին են վկայում.

CRRC_Slide

Ֆլեշմոբներն ու դիմակով երթերը հիմնականում փողոցում են ծնվում ու հասցեագրվում են պատահական անցորդներին: Գայ Ֆոքսի դիմակներով սակավամարդ երթը, որի արդյունքում ութ քաղաքացիներ բերման ենթարկվեցին, և դիմակները հանելու հրաման հնչեց, ցույց տվեց, որ հանրային տարածքները (փողոցներն ու հրապարակները) կարելի է լցնել խորքային իմաստ չունեցող զանգվածային երգերով, իսկ «Անոնիմուսի» դիմակներով՝ ցանկալի չէ:

Ցանկացած մեդիա հնարք աշխատում է այն ժամանակ, երբ կարգը չխախտելով է ցույց տալիս ստեղծված կարգի խոցելիությունը:

Եվ զարմանալի չէ, որ և՛ երգող զինվորները (ակամայից), և՛ դիմակ կրողները (միտումնավոր) հենց նման խոցելիության մասին են փաստում: Մեկը՝ բանակի, մյուսը՝ հանրային վայրերի:

Նունե Հախվերդյան

*Նյութին ուղեկցող կոլաժում օգտագործվել է կադր Զինվորների ֆլեշմոբից և լուսանկար Հետքից:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *