Երեւանի N135 դպրոցում կենսաբանության դասերին աշակերները հաճախ ֆիլմեր են դիտում: Կենսաբանության եւ բնագիտության ուսուցչուհի Գայանե Հովսեփյանը մասնակցել է «Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» ծրագրի վերապատրաստումներին եւ հիմա մեթոդաբանությունը կիրառում է իր դասերին. թեմայի շուրջ վավերագրական ֆիլմ են դիտում, քննարկում, խաղեր ու վարժություններ անցկացնում:
«Վավերագրական ֆիլմերի միջոցով դասերի ուսուցումը արդյունավետ է ու հետաքրքիր: Երեխաները ոգեւորվում են, ամեն մեկը փորձում է իր կարծիքը ավելի հիմնավոր ներկայացնել, համոզել մյուսներին: Այս ֆիլմերը գիտելիքը զգայարանների միջոցով են հասցնում երեխաներին եւ այն դարձնում են ավելի պրակտիկ ու կիրառական»,- ասում է Գայանե Հովսեփյանը:
«Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» ծրագրի մեթոդաբանությունը կիրառվում է հայաստանյան մոտ 80 դպրոցներում: Չեխական «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը, օգտագործելով «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների թեմայով ամենահայտնի կինոփառատոնի ֆիլմերը, ստեղծել է «Մեկ աշխարհը դպրոցում» ծրագիրը, որը նպատակ ունի դասապրոցեսը դարձնել ավելի հետաքրքիր, ինչպես նաեւ խթանել քննարկումներն ու բանավեճերը, ձեւավորել քննադատական մտածողություն եւ բարձրացնել պատանիների տեղեկացվածությունը մարդու իրավունքների մասին:
«Մեկ աշխարհը դպրոցում» նախաձեռնությունն առաջինը կիրառվել է Չեխիայի հանրապետությունում` 12 տարի առաջ եւ այսօր արդեն կիառվում է ավելի քան 12 երկրներում։
2012 թվականից Հայաստանում ծրագիրն իրականցնում է կազմակերպության տեղական ներկայացուցչությունը Եվրոպական միության եւ Չեխիայի զարգացման գործակալության աջակցությամբ:
«Այս ծրագրով փորձում ենք նպաստել մի նոր մշակույթի ձեւավորմանը՝ վավերագրական ֆիլմերի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու, այդ միջոցով կրթելու եւ խթանելու երիտասարդներին ազատ արտահայտելու իրենց կարծիքներն ու տեսակետները ֆիլմերին հաջորդող քննարկումների ժամանակ»,- ասում է «Խոսենք ֆիլմերի մասին Հարավային Կովկասում. CAUCADOC» ծրագրի ղեկավար Վարդուհի Դադունցը:
Հայաստանի Հանրապետությունում ծրագիրն իրականացվում է Կոտայքի, Արարատի, Սյունիքի, Վայոց Ձորի, Արմավիրի մարզերում եւ Երեւան քաղաքում: 2012-2013թթ.-ի ընթացքում Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների կողմից վերապատրաստվել են 80 դպրոցների 250 ուսուցիչներ: Նրանց տրամադրվել է ինտերակտիվ կրթական գործիքակազմ՝ տեսասկավառակ, որը ներառում է ութ ֆիլմեր եւ վեց սոցիալական հոլովակներ, ինչպես նաեւ ուսումնական ձեռնարկ ուսուցչի համար, որը երաշխավորվել է Կրթության եւ գիտության նախարարության կողմից` որպես ուսումնաօժանդակ գրականություն: Արդեն ավելի քան 3600 աշակերտներ մասնակցել են այս մեթոդով անցկացված դասերի, եւ շատ դպրոցներում դա գործնական քայլերի է բերել:
Օրինակ՝ Աբովյանի թիվ 7 դպրոցի աշակերտները «SOS Սևան» բնապահպանական ֆիլմի դիտումից հետո սկսել են խնայել խմելու ջուրը. ծնողները փաստել են, որ երեխաները հետևում են նաև ընտանիքի անդամների կողմից ջրի օգտագործմանը: Իսկ Արարատի դպրոցականները համայնքի ղեկավարությունից պահանջել են աղբամաններ տեղադրել դպրոցի տարածքում:
«Այս ծրագիրը շատ լավ է ընդունվել դպրոցի ուսուցիչների կողմից, որովհետեւ հասարակական ցանկացած խնդիր լավ կլինի կոնկրետ ֆիլմի օրինակով քննարկել: Այսօրվա մեր դասերը շատ ակադեմիական են, իսկ այս ծրագիրը գալիս է օգնելու ակադեմիական մասը ավելի տեսանելի ու շոշափելի` պրակտիկ դարձնելու»,- ասում է Կրթության ազգային ինստիտուտի դաստիարակության լրացուցիչ կրթության բաժնի մասնագետ Արմինե Իվանյանը:
Մեթոդի կիրառությունն ու աշակերտների քաղաքացիական ակտվիությունը խրախուսելու համար այս տարվա մայիսին CAUCADOC-ը հայտարարեց նաեւ ուսուցիչների դասի պլանների եւ աշակերտական տեսանյութերի մրցույթ: 47 ուսուցիչ մեթոդի կիրառությամբ դաս էր անցկացրել ու դասապլանը ներկայացրել մրցույթի. դրանցից 6-ը ճանաչվեցին լավագույնը:
Իսկ հաղթած 5 աշակերտական տեսանյութերից 4-ը բնապահպանական թեմաներով են:
Մեթոդաբանությունն արդեն Կրթության ազգային ինստիտուտի(ԿԱԻ) հետ հուշագրով ներառված է հասարակագիտության ուսուցիչների վերապատրաստման ծրագրում: 1000-ից ավելի ձեռնարկներ ու սկավառակներ են փոխանցվել ԿԱԻ-ն, որոնք պարբերական վերապատրաստումների ժամանակ կփոխանցվեն ուսուցիչներին:
««Մեկ աշխարհը դպրոցում. ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» մեթոդաբանությունը՝ համատեղելով վավերագրական ֆիլմերի թեմատիկ ինտերակտիվ վարժությունների հետ` օգնում է ուսուցիչներին առավել արդյունավետ դասեր անցկացնելու մարդու իրավունեքների, ժողովրդավարության, հակամարտությունների եւ հարակից այլ թեմաներով։ Ֆիլմերը խթանում են աշակերտների քննադատական մտածողության զարգացմանը, ազդում նրանց դիրքորոշման ձեւավորմանը, նպաստում հանդուրժող եւ ակտիվ քաղաքացի ձեւավորելու գործընթացին: Եվ ընդհանուր կոնտեքստում նպաստում խաղաղության եւ ժողովրդավարության կայացմանը»,-ասում է Վարդուհի Դադունցը:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: