Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Պատկերը ստեղծվել է արհեսատական բանականության (ԱԲ) կիրառմամբ

Նոյեմբերի 19-ին «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամ» անունով կազմակերպությունը հրապարակել էր ծավալուն հոդված, որում նշվում է, թե Հայաստանում կալանքի տակ գտնվող անձանց փաստացի թիվը գերազանցում է 24 հազարը։ Նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ ընդդիմադիրները բռնի ուժով տեղավորվում են «ժամանակակից համակենտրոնացման ճամբարներում»։

«Ըստ հիմնադրամի բացառիկ նյութերի՝ 2020-2025 թվականներին Փաշինյանի քաղաքական ընդդիմության առնվազն 230 կողմնակից մահացել է ՀՀ բանտերում՝ խոշտանգումների կամ ինքնասպանության հետևանքով»,- նշվում է հոդվածում։

Հոդվածը անգլերենով վերահրապարակել էր VT Foreign Policy կայքը, որից էլ արդեն տարածվել էր հայկական մեդիադաշտում։ Հայկական լրատվամիջոցներում նյութն առաջինը թարգմանել և հրապարակել էր News.am-ը՝ նոյեմբերի 21-ին։ Այնուհետև լուրը տարածեցին Golosarmenii.am, lurer.com, Past.am և Newspress.am լրատվականները։

Պնդումներն անհիմն են

Հոդվածում հիշատակվող պնդումները հաստատող որևէ փաստ չկա։ Ներկայացվող աղբյուրներն անանուն են։ Տվյալներն իբրև փոխանցվել են Հայաստանի վիճակագրական կոմիտեի և բանտերի վիճակագրական ծառայության կողմից ստացված փակ նյութերի միջոցով, որոնք ևս կայքը չի հրապարակել։ Չկա հնարավորություն տեսնելու, թե ինչ նյութերի մասին է խոսքը։

Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը «Ստուգված է»-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե անազատության մեջ պահվող  24 հազար անձ կա։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ՔԿՀ-ներում պահվող անձանց թիվը 2025-ի տասը ամիսների ընթացքում կազմել է 2836՝ նախորդ տարվա համեմատ 246-ով ավելի։

ՀՀ արդարադատության նախարարության տվյալներով՝ 2025-ի հունվարից մինչ նոյեմբերի 24-ը մահացել է անազատության մեջ գտնվող 21 անձ։ 2024-ին՝ 12, 2023-ին՝ 16, 2022-ին՝ 18, 2021-ին՝ 13, իսկ 2020-ին՝ 5։ Ստացվում է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն նախորդ հինգ տարիների ընթացքում մահացել է անազատության մեջ գտնվող 85 անձ։ Այնինչ «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամ»-ը հայտնել էր մահացած առնվազ 230 անձանց մասին։

   Պուտինամետ «արևմտյան» լրագրողները

Հոդվածում ներկայացված է նաև «արևմտյան» երկու լրագրողների՝ իռլանդացի Չեյ Բոուզի և գերմանացի Թոմաս Ռոպերի քննադատությունը Հայաստանի արդարադատության, ՔՀԿ-ներում տիրող իրավիճակի մասին։

«Ստուգված է»-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ երկու լրագրողներն էլ աշխատում են ռուսական պետական լրատվամիջոցներում (ինչի մասին նյութում չի հիշատակվում) և բազմիցս սուտ տեղեկություններ են տարածել։

Իռլանդացի լրագրող Չեյ Բոուզը ռուսական պետական Russian Today-ի (RT) աշխատակից է։ Բոուզը հայտնի է կրեմլամետ դիրքորոշմամբ և հաճախ կեղծ տեղեկություններ է տարածում։

2025-ի մայիսին նրան ձերբակալել, ապա արտաքսել էին Ռումինիայից, որտեղ նա ժամանել էր նախագահական ընտրությունները լուսաբանելու նպատակով։ RT-ի գործունեությունը Ռումինիայում՝ որպես ԵՄ անդամ երկիր, արգելված է 2022 թվականից։

Բոուզը 2023 թվականի հունիսին Ռուսաստանի Դաշնության հրավերով ելույթ է ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Այդ ելույթի ժամանակ նա ներկայացվել է որպես «փոքր զենքի և զինամթերքի մասնագետ», և քննադատել Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը:

Մյուս «միջազգային լրագրողը» գերմանացի Թոմաս Ռոպերն է, որին պատկանող Anti-Spiegel հարթակը մեկ անգամ չէ, որ կեղծ տեղեկություններ է տարածել և «բռնվել» փաստեր ստուգող կազմակերպությունների կողմից։

2025-ին նրա դեմ կիրառվել են ԵՄ պատժամիջոցներ՝ «հասարակական կարծիքի մանիպուլյացիայի» և Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ապատեղեկատվության տարածման մեղադրանքով։ Լրագրողը հաճախ է հանդես գալիս Russia Today-ի և պետական այլ լրատվամիջոցների եթերում՝ որպես արևմտյան լրագրող կամ փորձագետ, ինչպես նաև մասնակցում Կրեմլի կողմից կազմակերպված համաժողովներին։ Նա անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրված գիրք ունի։

Ռոպերը նաև դավադրության տեսությունների ակտիվ ջատագով է. նախքան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումը տարածում էր հակապատվաստումային բովանդակությամբ տեղեկություններ, պնդում, որ COVID-19-ի համավարակը պլանավորված է եղել գաղտնի ուժերի կողմից։

Ինչու լուրի սկզբնաղբյուրը վստահելի չէ

Ուսումնասիրության հեղինակ «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice (ФБР/FBI)), ստեղծվել է «Վագներ» հիմնադրամի կողմից, որի հիմնադիրը հանգուցյալ Եվգենի Պրիգոժինն է։ Վերջինս, նախքան 2023 թվականի հունիսի ապստամբությունը, Պուտինի մտերիմներից էր։ Հիմնադրամը ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության համար, բայց իրականում օգտագործվում է ռուսական քարոզչությունը տարածելու նպատակով։ 

Intelligence Online հարթակի տեղեկություններով՝ «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» վերահսկվում է ռուսական ռազմական հետախուզության կողմից:

«Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը», տարբեր հետազոտությունների համաձայն, ռուսամետ ապատեղեկատվական արշավների հեղինակ է։ Արշավն օգտագործում է կեղծ առցանց լրատվական կայքերի ցանց՝ հրապարակելու արհեստական բանականության (ԱԲ) կողմից ստեղծված նյութեր և զեկույցներ։

Հիմնադրամը ղեկավարում է Միրա Տերադան, որը ավելի քան երկու տարի անցկացրել է ԱՄՆ բանտում՝ թմրամիջոցների մաքսանենգության շրջանակում փողերի լվացման մեղադրանքով։

Հիմնադրամի կայքում հրապարակել էր նաև կեղծ ուսումնասիրություն այն մասին, թե Արևմտյան դեղագործական ընկերությունները Հայաստանում խոցելի խմբերի՝ հղի կանանց, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց վրա փորձարկում են նոր հոգեմետ դեղամիջոցներ, ստերոիդներ և այլ վտանգավոր նյութեր։ 

Պրիգոժինի հիմնադրամի թիրախում էր հայտնվել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այս տարվա օգոստոսին տեղեկություն էր տարածել, թե Սիմոնյանի հովանու ներքո Հայաստանում ստեղծվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության ցանց։ Տեղեկության՝ կեղծ լինելու մասին գրել էր «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am):

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել