Գոհար Մամիկոնյան։ Լուսանկարը՝ ՀՌՀ ֆեյսբուքյան էջից։

Տեխնոլոգիաների՝ մասնավորապես արհեստական բանականության զարգացման ու հիբրիդային պատերազմների հետևանքով, ամեն օր աշխարհում ավելանում է ապատեղեկատվության ծավալը։ Դրա դեմ պայքարը առաջնային ու կարևորագույն խնդիր է դարձել գրեթե բոլոր երկրների ու հասարակությունների համար։ Հենց այս օրակարգով էլ 47 երկրների 56 կարգավորող մարմինների ներկայացուցիչներ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) հրավերով Հայաստանում էին՝ մասնակցելու Կարգավորող մարմինների եվրոպական հարթակի՝ EPRA-ի 62-րդ համաժողովին։ Երկօրյա համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումների ու փորձի փոխանակման մասին Media.am-ը զրուցել է ՀՌՀ անդամ Գոհար Մամիկոնյանի հետ։ 

Մինչև համաժողովի թեմատիկ քննարկումներին ու արդյունքներին անդրադառնալը, խոսենք, թե ի՞նչ է EPRA-ն ու ի՞նչ գործունեություն է ծավալում։ 

Եվրոպական երկրների կարգավորող մարմինների հարթակը՝ EPRA-ն, կարգավորող մարմինների ամենամեծ հարթակն է, որին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անդամակցում է 2010 թվականից։ Տարվա ընթացքում 2 անգամ EPRA-ի անդամները հանդիպում են, փորձի փոխանակում իրականացնում, քննարկում, թե երկրներից յուրաքանչյուրն իր գործունեության ընթացքում ի՞նչ խնդիրների է բախվում, լուծման ի՞նչ ճանապարհներ ու մեթոդներ է կիրառում դրանց հաղթահարման համար։ Այս հարթակին անդամակցելը մեր հանձնաժողովի համար շատ լավ հնարավորություն է տեսնելու, սովորելու, եվրոպական փորձը յուրացնելու և մեր գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Հայաստանն արդեն երկրորդ անգամ է հյուրընկալում EPRA-ի մեր գործընկերներին։ Առաջին անգամ 2016 թվականին էին նրանք այստեղ։

EPRA համաժողով։ Լուսանկարը՝ ՀՌՀ ֆեյսբուքյան էջից։

Այս համաժողովի օրակարգում 2 հիմնական թեմա կար, որոնց շուրջ էլ տեղի ունեցան մեր քննարկումները։ Առաջինը թվային դարաշրջանում մեդիաբազմակարծության ձևավորման, խթանման և պաշտպանության հիմնախնդիրներն էին, երկրորդը՝ ռազմավարությունների մշակման և իրագործման մեխանիզմները արագ փոփոխվող միջավայրում։ Առաջին թեմայի քննարկման ժամանակ յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց, թե իր երկրում գործող օրենսդրությունը որքանով է խթանում կամ խանգարում մեդիաբազմակարծության զարգացմանը։ 

Եթե այս հարցին դուք պատասխանեք, ապա․․․ Մեր օրենսդրությունը որքանո՞վ է նպաստում կամ խանգարում մեդիաբազմակարծության զարգացմանը։

Եթե ես պատասխանեմ այս հարցին, ապա կասեմ, որ մեդիան Հայաստանում ազատ է։ Մեր կարգավորման տակ գտնվող հեռարձակողները իրենք են իրենց բովանդակության ստեղծողները, իրենք են ընտրում ինչի մասին և ինչպես խոսել, մենք որևէ իրավասություն չունենք բովանդակային իմաստով միջամտել նրանց գործունեությանը։ ՀՀ օրենսդրությամբ գրաքննությունը արգելված է։ 

Եթե մեր կարգավորման դաշտից դուրս գանք, ապա այսօր Հայաստանում գործում են բազմաթիվ և իրարից շատ տարբեր բովանդակություն ստեղծող լրատվամիջոցներ։ Եվ խոսելով խոսքի ազատության մասին՝ կարող ենք ասել, որ երբեմն տեսնում ենք խոսքի ազատության չարաշահման դեպքեր՝ հանդիպելով սանձարձակ խոսքի։ Եվ այս դեպքում ես չեմ խոսում միայն լրատվամիջոցների մասին, պետք չէ մոռանալ, որ այսօր ցանկացած մարդ ինֆորմացիա ստեղծող է։ Եվ հենց ինֆորմացիոն բազմազանությունը, բազմակարծությունը որոշ դեպքերում վերածվում է ինֆորմացիոն քաոսի և շատ դժվար է լինում պաշտպանել մեդիասպառողին ապատեղեկատվությունից, սուտ ու մանիպուլիատիվ լուրերից, խտրական ու ատելության խոսք պարունակող բովանդակություններից։ 

EPRA համաժողով։ Լուսանկարը՝ ՀՌՀ ֆեյսբուքյան էջից։

Այս խնդիրը լուծելու ի՞նչ տարբերակներ են առաջարկում կամ իրենց երկրներում կիրառում EPRA-ի Ձեր գործընկերները։ 

Տեխնոլոգիաների զարգացման արդյունքում համացանցը դարձել է այն հիմնական խողովակը, որով ինֆորմացիան փոխանցվում է։ Կարգավորել տեսալսողական մեդիայի գործունեությունը և բաց թողնել համացանցի միջոցով հեռարձակումները, ստացվում է, որ մենք դաշտի շատ մեծ մասը չենք տեսնում և չենք կարգավորում։ Ցավոք, ի տարբերություն մեր շատ գործընկերների՝ մենք համացանցային հեռարձակումներին վերաբերող որևէ կարգավորում չունենք։ Եվրոպական միությունը 2010 թվականից սկսած ունի տեսալսողական ծառայությունների մատուցման վերաբերյալ հրահանգ, որը կարգավորում է համացանցային հեռարձակումները, այսպես կոչված՝ հեռուստանման ծրագրերի (TV-like ) հեռարձակումները, ինչպես նաև հետևորդների մեծ բանակ ունեցող բլոգերների, ինֆլուենսերների գործունեությունը։ 

Օրինակ Լատվիայում, եթե բլոգերն ունի 10 հազար հետևորդ, նա գրանցվում է երկրի կարգավորող մարմնում։ Այս կերպ նրանք փորձում են ինչ-որ կերպ նվազեցնել ռիսկը, որ տվյալ ինֆլուենսերի փոխանցած ինֆորմացիան կարող է ունենալ թաքնված ենթաշերտեր, կարող է պարունակել սուտ կամ չճշտված ինֆորմացիա և նրա հետևորդները կարող են հայտնվել այդ ինֆորմացիոն ծուղակում։ Տարբեր երկրներում այս կարգավորման դաշտը տարբեր է։ 

Եթե չեմ սխալվում մենք պարտավորություն ունենք մինչև 2026 թվականը հայաստանյան օրենսդրությունը համապատասխանեցնել ԵՄ իրավական դաշտին, որը ենթադրում է նաև հեռուստանման հաղորդումների կարգավորում։ Ի՞նչ փուլում է այս գործընթացը։ 

Այո, ունենք այդպիսի պարտավորություն։ Գրեթե երեք ամիս է, ինչ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ստեղծել է աշխատանքային խումբ, որի աշխատանքներին մասնակցում է նաև մեր Հանձնաժողովի ներկայացուցիչը։ 

Ուսումնասիրվում է օրենսդրությունը, մատնանշվում են այն հարցերը, որոնք պետք է համապատասխանեցվեն ԵՄ իրավական դաշտին։ Այդ փոփոխությունները ներառում են ընդհանուր դրույթներ, ձևակերպումներ, թե ի՞նչ է նշանակում օրինակ հեռուստանման ծրագիր, վիդեո փոխանակման հարթակ և տրվում են մի շարք այլ հասկացությունների սահմանումներ։ Հուսանք, որ մինչև տարեվերջ որոշակի առաջարկությունների փաթեթ կլինի մշակված և նախարարությունը կկարողանա շրջանառության մեջ դնել այն ու հրավիրել այլ մասնագետների՝ ավելի լայն քննարկում իրականացնելու համար։ Սա բավականին լուրջ առաջընթաց կլինի մեզ համար․ համացանցային հեռարձակումները տեսանելի կլինեն օրենքի կողմից և հետագայում հասկանալի կլինի, թե կարգավորման առումով ինչ մոտեցումներ է անհրաժեշտ մշակել։ 

Եվ հատուկ ուզում եմ շեշտել, որ կարգավորումները սահմանափակումներ չեն, դրանք օրենսդրական հնարավորություններ են բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու առումով։ Ներկայումս վերգետնյա հեռարձակում իրականացնող ընկերությունները գտնվում են կարգավորումների դաշտում, իսկ համացանցային հեռարձակում իրականացնող լրատվամիջոցները, որոնք աշխատում են նույն լսարանի համար դուրս են այդ կարգավորման դաշտից։ Եվ այս համաժողովի ընթացքում ևս մեկ անգամ շեշտվեց, որ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար հնարավորինս պետք է անվտանգ դարձնել այն խողովակները, որոնցով ինֆորմացիան հասնում է մեդիասպառողին։ 

EPRA համաժողով։ Լուսանկարը՝ ՀՌՀ ֆեյսբուքյան էջից։

Այսօր ապատեղեկատվության առումով ամենամեծ սպառնալիքը ԱԲ-ի միջոցով գեներացվող բովանդակությունն է։ Եվրոպական երկրներն ունե՞ն պատրաստի լուծումներ, որոնցով հնարավոր է նվազեցնել մեդիադաշտի վրա ԱԲ-ի բացասական ազդեցությունը։ 

Արհեստական բանականությունը, իհարկե, մեծ կիրառում է ստացել մեզանում, և շատ հաճախ մենք արդեն դժվար ենք տարբերակում, թե որ բովանդակությունն է ստեղծվել մարդու կողմից, որը՝ արհեստական բանականության։ Այս նույն մտավախություններն ու մտահոգություններն ունեն բոլոր երկրները, և սա դիտարկում են որպես ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր։ Եվրոպական հարթակում 2024 թվականից ուժի մեջ է մտել ինֆորմացիայի ճիշտ օգտագործման վերաբերյալ մի ակտ, որտեղ անդրադարձ կա նաև արհեստական բանականության կողմից գեներացված բովանդակության օգտագործման կանոններին։ Ըստ որի՝ ցանկացած լրատվամիջոց կամ մեդիաստեղծող պարտավոր է ազնվորեն նշել ինֆորմացիայի աղբյուրը կամ նշել, որ տվյալ բովանդակությունը ստեղծվել է ԱԲ-ի կողմից։

Քննարկման ընթացքում մեզ հետևյալ հարցը տվեցին, թե ինչպե՞ս եք կարողանում կարգավորել տեխնոլոգիաների առաջընթացը։ Ես պատասխանեցի, որ տեխնոլոգիաների զարգացումը, առաջընթացը կամ հետընթացը մենք չենք կարգավորում և չենք էլ կարող կարգավորել։ Մենք ցանկանում ենք կարգավորել տեխնոլոգիական խողովակներով սպառողներին փոխանցվող բովանդակությունը: Մենք ուզում ենք վստահ լինել, որ այդ խողովակներով վնասակար ինֆորմացիա չի հասնում սպառողներին, ատելության խոսք չի հնչում, երեխաների զարգացմանը և առողջությանը վնասող սպառնալիքներ չեն տարածվում։ Ուզում ենք վստահ լինել, որ այդ խողովակներով տարածվում է հանրօգուտ ծրագիր, որը նպաստում է հասարակության զարգացմանն ու ուժեղացմանը։ 

Աշխատանքային ընթացիկ տարբեր հարցերից ու քննարկումներից զատ, այս համաժողովը ցույց տվեց, որ մենք և մեր եվրոպացի գործընկերները ունենք գրեթե նույն խնդիրները։ Սա խոսում է այն մասին, որ մենք մեկ ընդհանուր էկոհամակարգի մաս ենք կազմում։ Պարզ դարձավ, որ տեխնոլոգիական նորամուծությունները լրջագույն խնդիրներ են առաջացնում բոլոր երկրների մեդիան կարգավորող մարմինների համար: 

Եվ յուրաքանչյուր երկիր, հիմնվելով եվրոպական կանոնակարգերի ու հրահանգների վրա, փորձում է անել ամեն ինչ արագ փոփոխվող այս տեղեկատվական միջավայրում իր երկրի տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար։