Ապատեղեկատվության համատարած աճի ժամանակաշրջանում գրադարանները կարող են ստանձնել նոր առաքելություն․ չլինել միայն գրքերի պահարաններ, այլ միջավայրեր՝ գիտելիքի փոխանակման, քննադատական մտածողության ու մեդիագրագիտության շուրջ քննարկումների համար։
Ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգի շրջանակում գրադարաններում ստեղծվում են մեդիակենտրոններ՝ ֆիզիկական ու գաղափարական տարածքներ, որոնց շնորհիվ գրադարանները գործընթացի ակտիվ մասնակիցներ կդառնան։
Ի՞նչ է մեդիակենտրոնը գրադարանում, ինչպես է այն փոխում գրադարանի միջավայրը և հենց աշխատակիցների դերակատարությունը․ այս մասին զրուցել ենք հենց փոփոխությունների կենտրոնում գտնվող մարդկանց հետ։

Շուշան Գրիգորյան
Շուշան Գրիգորյան
Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանի ընթերցասրահի վարիչ
Շուրջ երեք տարի է, ինչ մեր գրադարանում հիմնել ենք մեդիակենտրոն։ Մեր աշխատակիցները, այդ թվում՝ ես, վերապատրաստվեցինք, մեդիագրագիտության դասընթացների մասնակցեցինք և հիմա գրադարանում ինքներս ենք անցկացնում դասընթացներ։
Մեր գիտելիքներով կիսվում ենք գրադարանի ընթերցողների հետ, այցելում ենք նաև դպրոցներ ու իրենց հետաքրքրող թեմաներով զրույցներ ենք վարում։
Աշխատանքային այս գործընթացի ընթացքում հասկացանք, որ կա խնդիր՝ մարդիկ չգիտեն, թե որ գիրքն է հավաստի, որը՝ ոչ։ Հատկապես ուսուցիչները պարբերաբար բարձրացնում են այդ հարցը՝ հավաստի աղբյուր է արդյոք այս կամ այն մեթոդական ուղեցույցը, թե ոչ, որպեսզի հասկանան՝ օգտվեն այդտեղից, թե զերծ մնան։
Մեդիակենտրոնների հիմնմանը զուգահեռ գործարկվեց նաև Կոհա առցանց քարտարանը, որի արդյունքում մեր աշխատանքը բավական թվայնացվեց և փոխեց մեր հարաբերությունները ընթերցողի հետ էլ։ Մարդիկ տանից որոնում են անում, տեսնում են՝ գիրքը առկա է, թե ոչ, ու գալիս են վերցնելու։ Եթե մեզ մոտ առկա չի լինում, տեսնում է, թե որ գրադարանում կա այդ գիրքը։ Այս համակարգը զարգացած չէր, հիմա արդեն հագեցված է դարձել։
Ընթերցողի վերաբերմունքն էլ գրադարանի նկատմամբ փոխվել է։ Մեզանից միայն գիրք չէ, որ պահանջում են։ Ակնկալում են զրույցներ, դասընթացներ, քննարկումներ, անցկացնում ենք դասապատրաստում։ Գրադարանը դադարել է գիրք տալ-վերցնել կառույց լինել։ Մեզ հաջողվել է անել ավելին։

Մարիամ Աբրահամյան
Մարիամ Աբրահամյան
Վայոց Ձորի մարզային գրադարանի օպերատոր-գրադարանավար
Մեր գրադարանի մեդիակենտրոնում կան էլեկտրոնային գրքերի ընթերցիչներ, մեդիագրագիտության մասին media.am-ից, ՄՆԿ կայքից նյութեր ենք վերցրել, որոնք տպագրել ենք, ներկայացրել։ Անցկացնում ենք նաև քննարկումներ դպրոցների, քոլեջների սաների համար։ Ունենք ընթերցասրահ, որտեղ փոքր խմբերի համար դասախոսություններ ենք անցկացնում՝ ոչ միայն տեսական, այլև՝ գործնական (խաղերի միջոցով ամրապնդում ենք գիտելիքը):
Երեխաները շատ հավանում են «Ցանցառ» խաղը, կեղծ և իրական փաստերն ենք սովորում տարբերակել և այլն: Բայց պետք է խոստովանեմ, որ երեխաները ավելի լավ են տարբերակում կեղծիքը, իրենք շատ հետաքրքված են այդ թեմայով, ինքնուրույն որոնումներ են անում թեմայի վերաբերյալ, գալիս են պատրաստի հարցերով: Մենք էլ ամեն օր բարձրացնում ենք մեր գիտելիքի մակարդակը, որպեսզի կարողանանք պատասխանել նրանց հուզող հարցերին:
Երբ նոր էինք հիմնում մեդիակենտրոնը, բերեցինք էլեկտրոնային ընթերցիչները, կարծում էինք, որ պահանջարկ կունենա, բայց պատկերացրեք, որ ընթերցողները թղթին են սովոր։ Բոլորին ներկայացնում ենք, որ ունենք գրքերի էլեկտրոնային տարբերակները, PDF ֆորմատները, բայց նախընտրում են թղթայինը։
Մենք ունենք համակարգիչների կարիք։ Եթե ունենայինք գոնե 3 համակարգիչ, երեխաներն ավելի շատ կկապվեին գրադարանին։ Ուզում են ռեֆերատներ գրել, տնային աշխատանքներ, բայց ընթերցասրահում համակարգիչներ չունենք, որ գան հենց տեղում կարդան, գրեն։

Ձախից՝ Նելլի Աղաբեկյան
Նելլի Աղաբեկյան
Կոտայքի մարզային գրադարանի հավաքածուի պահպանման, մշակման, համալրման և մատենագիտական աշխատանքների բաժնի վարիչ
Մեր գրադարանն ունի համակարգիչներ, էլեկտրոնային ընթերցիչներ, պոյեկտոր և կարող է մեդիակենտրոնի շրջանակներում իրականցնել միջոցառումներ։ Մեդիաանկյունի ստեղծման համար կարիքների գնահատում ենք նախատեսում ացկացնել՝ հասկանալու, թե ինչ է պետք, որպեսզի այն դառնա ավելի հագեցած ու հետաքրքիր այցելուների համար։
Պետք է նշեմ, որ մինչ այս էլ մենք հետաքրքրված ենք եղել մեդիագրագիտությամբ, անցկացրել ենք փոքրիկ քննարկումներ, զրույցներ գրադարանի ընթերցողների հետ թեմայի վերաբերյալ, նույնիսկ՝ «Մեդիամարտ» խաղն ենք խաղացել։ Հիմա ուրախ ենք, որ թեմայի շուրջ ավելի ակտիվ խոսելու առիթ կունենանք մեդիակենտրոնի շրջանակներում։
Կցանկանայի, որ գրադարանի աշխատողների համար, ովքեր ինֆորմացիոն դաշտի աշխատակիցներ են, ավելի հաճախ վերապատրաստումներ անցկացնեին, որպեսզի օգնեն մեզ ձեռքը զարկերակի վրա պահել։ Մենք ապրում ենք այնպիսի դարում, երբ ապատեղեկատվության տարածման մի տեխնիկայի մասին մինչև իմանում ես, փորձում հասկանալ, թե ինչպես մարդկանց բացատրես, որ չընկնեն դրա թակարդը, ստեղծվում ու ծնվում է նորը։ Հատկապես տարեցների համար սա շատ օգտակար կլինի։ Իրենց շատ է պետք սովորել տարբերակել կեղծն ու իրականը, տարբերակել, թե որն է հավաստի աղբյուրը, որը՝ ոչ։
Եթե ունենանք թեմային առնչվող այլ նյութեր, օրինակ ֆիլմեր, ռեպորտաժներ, դրանք էլ կցանկանանք ցուցադրել։ Կարող ենք ցուցադրություններ կազմակերպել և վստահ եմ, որ դրանք ավելի լավ կընդունվեն։

Նունե Սարուխանյան
Նունե Սարուխանյան
Սյունիքի մարզային գրադարանի ամերիկյան անկյան համակարգող
Մեդիակենտրոնի ստեղծումից հետո արդեն չորս դասընթաց ենք անցկացրել մեդիագրագիտության թեմայով, նախատեսում ենք նաև մեդիագրագիտության փորձագետի հրավիրել՝ գրադարանի աշխատակիցների համար դասընթաց անցկացնելու համար, որպեսզի մենք էլ ավելի հմտանանք, նոր գիտելիքներ ձեռք բերենք։
Դպրոցների հետ ենք համագործակցում, որպեսզի երեխաներին հրավիրենք գրադարան՝ զրույցներ, քննարկումներ ծավալելու համար։ Քանի որ դպրոցում համապատասխան առարկա ունեն, երեխաները բավական տեղեկացված են թեմայից, գալիս են գրադարան՝ ավելի խորքային վերլուծություններ կարդալու, բայց, ցավոք, այդ թեմայով գրականություն չունենք։
Տեխնիկական խնդիրներ չունենք, հագեցած է գրադարանը անհրաժեշտ պարագաներով, բայց թեմատիկ գրականության պակաս ունենք, ինչպես ասացի։
Մեր աշխատանքը ավելացել է, ծանրաբեռնվածությունը մեծացել է, աշխատավարձը, սակայն, չի փոխվել, բայց սիրով ենք անում մեր գործը, չենք դժգոհում։ Փորձում ենք այդ հարցում էլ օգտակար լինել մեր ընթերցողներին։ Կապանում ընտանիքներ կան, ովքեր համակարգիչներ չունեն, համացանց չունեն, գալիս են գրադարանում են լրահոսին ծանոթանում։ Տարեց այցելուներ ունեն, ովքեր կայքերից օգտվել չեն կարողանում, գալիս են խնդրում, որ իրենց օգնենք լուրերը կարդան, տեսանյութեր նայեն։