2022 թվականից Եվրոպայում լայնորեն կիրառվում է Doppelgänger մեթոդը, որի նպատակն է կլոնավորել հեղինակավոր լրատվամիջոցների կայքերը և դրանց միջոցով տարածել ապատեղեկատվություն: 2025-ի սկզբից ապատեղեկատվական նմանատիպ արշավներ իրականացվում են նաև Հայաստանում՝ թիրախավորելով Եվրոպական միությանն ու Հայաստանի իշխանություններին։
Doppelgänger-ը գերմաներեն բառ է, նշանակում է «կրկնօրինակ»։ Մեթոդի տրամաբանությունն այն է, որ ստեղծվում է կեղծ կայք, որի անունը կամ դոմեյնը շատ նման է հայտնի, հեղինակավոր որևէ լրատվամիջոցի անվանը, սակայն ուշադիր զննելու դեպքում այն կարող է մեկ տառի կամ նշանի տարբերություն ունենալ։ Այս կայքերը, որպես կանոն, տարածում են ապատեղեկատվություն։
ԵՄ Disinfo Lab-ը 2022 թվականին հայտնաբերել էր մի շարք կայքեր, որոնք կլոնավորել էին խոշոր լրատվականների: Թիրախում Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան էին: Կլոնավորված կայքերը Facebook-ում և Twitter-ում տարածում էին սխալ տեղեկություններով լի հոդվածներ և տեսանյութեր, ինչպես նաև կեղծում էին նյութերի հեղինակների ինքնությունը։
Արշավի նպատակն էր խոչընդոտել Ռուսաստանի ագրեսիայի պատճառով Ուկրաինային տրվող աջակցությունը, դիվականացնել Ուկրաինայի կառավարությանը, նրանց ներկայացնել իբրև նացիստ և կոռուպցիոներ։
Doppelgänger-ի մեթոդով հանրությանը թիրախավորելու համար օգտագործվել էին «Le Monde»-ը, «The Guardian»-ը, «Fox News»-ը և այլ լրատվականներ:
ԵՄ Disinfo Lab-ի թիմը որոշել էր արշավն անվանել Doppelgänger: Լրագրողները ենթադրել էին, որ արշավը ղեկավարել են ռուսական «Struktura» և «Social Design Agency» (SDA/ASP) ընկերությունները:
Բավարական հետախուզության հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ Facebook-ում և X-ում նման մեթոդով ռուսական քարոզչական 7983 արշավ է կազմակերպվել 2023 թվականի մայիսից մինչև 2024 թվականի հուլիս:
Doppelgänger-ն արդեն Հայաստանում է
2025 թվականից Doppelgänger-ը սկսեց ակտիվորեն կիրառվել նաև Հայաստանում։
Հունիսի 25-ին Courrierfrance24.fr կայքը գրել էր, որ «Ֆրանսիական պետական «Orano» ընկերությունը Հայաստան միջուկային վառելիքի թափոններ է տեղափոխում, որոնք պահվելու են Դիլիջան ազգային պարկում»։
Հոդվածի համաձայն՝ 2025 թվականի հունիսին Ֆրանսիական պետական ընկերության միջուկային թափոնների առաջին խմբաքանակն է հասել, որը տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հանդիպումից հետո։
Նաև պնդում էր արվում, թե վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հաշվին ֆրանսիական կեղծ ընկերության անունից երկու անգամ 800,000 եվրո է փոխանցվել։
Այս հոդվածը էլ ավելի ազդեցիկ վերնագրերով հայտնվեց ադրբեջանական լրատվականներում (1 2 3)։ Ադրբեջանական բնապահպանական կազմակերպությունները սկսեցին ահազանգել, որ այդ քայլով Հայաստանը բնապահպանական նոր պատերազմ է սկսում Ադրբեջանի դեմ։
Եվ ահա այդ տեղեկությունը հասավ նաև հայկական լսարանին։
Հայաստանի հեղինակավոր լրատվականներից մեկը՝ «Mediamax»-ը, թարգմանեց և տարածեց այս տեղեկությունը։ Կայքի օրինակին հետևեցին մի շարք այլ լրատվական կայքեր (1 2 3): Երբ հրապարակումը արդեն լայնորեն տարածվել էր, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հերքեց այդ տեղեկությունը։
Ավելի ուշ Mediamax-ը հեռացրեց հոդվածը և գրեց, որ աղբյուրը՝ CourrierFrance24-ը, շփոթել էին հեղինակավոր France24 լրատվամիջոցի հետ։
Օրեր անց՝ հունիսի 30-ին, հերքում էր տարածել նաև Շրջակա միջավայրի նախարարությունը՝ նշելով, որ հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է։
Ի դեպ, կայքը, որը տարածել էր տեղեկությունը, այժմ անհասանելի է, մինչդեռ հոդվածի բովանդակությունը՝ դեռ հայկական լրատվականներում։
Փաշինյանի «Մարսելի առանձնատունը»
Մայիսի 30-ին հայաստանյան մեդիայում տարածվեց տեղեկություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը 3,1 մլն եվրոյով ֆրանսիական Մարսել քաղաքում շքեղ առանձնատուն է գնել։ Նշվում էր, որ Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը հնարավոր է նպաստել է այդ գործարքին։
Տեղեկատվության աղբյուրը «Info du Jour» կայքն էր՝ ստեղծված ֆրանսիական Info du jour լրատվականի նմանությամբ։
«Հետաքննության աղբյուրները ենթադրում են, որ «Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) միջոցները անօրինական կերպով ուղղվել են Փաշինյանի անձնական օգտագործմանը»,- նշվում էր հոդվածում։
Տեղեկությունը տարածել էին panorama.am-ը, pastinfo.am-ը, azg.am-ը, asekose.am-ը և այլ կայքեր։
Հոդվածը հիմնված էր բացառապես ենթադրությունների վրա։ Տեղադրված առանձնատան լուսանկարը վերցվել էր անշարժ գույքի վաճառքի հայտարարություններից։
Ինչպես պարզվեց ավելի ուշ՝ իրականում առանձնատունը գնվել էր 2023-ին։ Եվ ոչ թե 3,1 մլն եվրոյով, ինչպես նշված է հոդվածում, այլ՝ 1,47 մլն-ով, իսկ սեփականատերերի ցանկում Նիկոլ Փաշինյանը չկար։
Հոդվածի հեղինակ էր նշվում ոմն Ջոզիան Բերնիերը, մինչդեռ նման անունով լրագրողի բաց աղբյուրներում հնարավոր չեղավ գտնել։ Ավելին, կցված լուսանկարի հետադարձ որոնումը ցույց է տալիս, որ այն իրականում բլոգեր Քեթրին Պերրոն է, որը հիմնականում գրում է կինոյի և նորաձևության մասին։
Ըստ FIP.am-ի ուսումնասիրության՝ infofrancaisedujour.fr կայքի սերտիֆիկատը 90 օրվա համար է՝ դոմեյնը վալիդացվել է մայիսի 24-ին և դրա ժամկետը կավարտվի օգոստոսի 22-ին
Հայաստանում դեղերի փորձարկման կեղծ հետաքննությունը
Մայիսի 2-ին «London Times» անունով կայքում հրապարակված հոդվածում (արխ․) նշվում էր, թե Նիկոլ Փաշինյանի հավանությամբ արևմտյան դեղագործական ընկերությունները սկսել են լայնածավալ ծրագիր՝ փորձարկելու նոր հոգեմետ նյութեր, ստերոիդներ և այլ վտանգավոր նյութեր, որոնք ենթադրաբար եվրոպացի զինվորներին վերածելու են «անվախների»:
Նիկոլ Փաշինյանին և իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին վերագրվող այս «գաղտնի պայմանավորվածությունները եվրոպական դեղագործական ընկերությունների հետ» հերքել է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և նշել, որ տվյալ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու համար։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ընդգծել էր, որ հոդվածում ներկայացված Pervitin դեղամիջոցը գրանցված չէ Հայաստանում և կլինիկական հետազոտության հայտ երբևէ չի ներկայացրել․
«Հոդվածում հիշատակված դեղագործական ընկերություններից (STADA, SERVIER, SANOFI, BAYER) 2018-2025 թվականների ընթացքում միայն Servier ընկերությունն է դիմել կլինիկական փորձարկման թույլտվություն ստանալու հայտով, որը որևէ առնչություն չունի «ստերոիդների և հոգեմետ նյութերի», ինչպես նաև հոդվածում նշված «խոցելի խմբերի» հետ»,- գրել էր Ավանեսյանը:
Ինչպես է ԵՄ-ն պայքարում նման արշավների դեմ
Եվրոպական հանձնաժողովի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Անիտա Հիպերը մեզ հետ զրույցում ասաց, որ եվրոպացիների 73%-ը բախվել է ապատեղեկատվության, որը կանխելու համար ԵՄ-ն մշակել է չորս սկզբունքների վրա հիմնված համակարգ․
«Նախ մենք բացահայտում և հերքում ենք կեղծ տեղեկությունները՝ «ԵՄ-ն ընդդեմ ապատեղեկատվության» հարթակի միջոցով, որը փաստագրել է մոտ 20,000 դեպք, երբ կլոնավորված կայքերը տարածել են կեղծ լուրեր։ Այնուհետև, մենք ձևավորում ենք դիմադրողականություն։ Մենք համակարգում ենք մեր գործունեությունը ԵՄ-ի շրջանակներում քաղաքացիական հասարակության հետ, խթանում ենք մեդիագրագիտությունը և տրամադրում ենք իրավական աջակցություն լրագրողներին»,- ասաց Անիտա Հիպերը։
Ինչ վերաբերում է ապատեղեկատվության դեմ պայքարում Հայաստանի հետ համագործակցությանը, Հիպերը ընդգծեց, որ իրենք աջակցում են իշխանություններին «ԵՄ-ն ընդդեմ ապատեղեկատվության» նախաձեռնության շրջանակում, որը փաստագրում է ավելի քան 20,000 ռուսական ապատեղեկատվական դեպք։
«Այս տվյալները հրապարակվում են 13 լեզվով, այդ թվում՝ հայերենով։ Բացի այդ, ԵՄ-ն աջակցում է անկախ լրագրողներին՝ «ԵՄ-ն հանուն անկախ մեդիայի» ծրագրի միջոցով։ Տրամադրում ենք նաև հայերեն մեդիագրագիտության գործիքներ, առանձին՝ ուսուցիչների և մանկավարժների ուղեցույցներ, որոնք նպատակ ունեն օգնել ապատեղեկատվության բացահայտման և կանխման գործում։ Եվ, իհարկե, մենք կապ ենք հաստատում հայաստանցիների փաստերի ստուգողների և նրանց միջազգային գործընկերների միջև, փոխանակման փորձի խթանում»,- նշեց նա։
Ապատեղեկատվական Doppelgänger արշավները ցույց են տալիս, թե որքան հեշտ է մանիպուլացնել հանրային կարծիքը՝ օգտագործելով վստահելի լրատվամիջոցների անունը։ Այս երևույթը հիշեցնում է, որ տեղեկատվական անվտանգությունը ոչ միայն պետական, այլև հասարակական պատասխանատվություն է, իսկ մեդիագրագիտությունը՝ դրա լավագույն պաշտպանությունը։