Գրադարանները, համենայն դեպս 21-րդ դարում, տեղեկատվության ստացման ու տարածման աղբյուր չեն։ Այդ ֆունկցիան իրականացնելու համար, նախ, ստեղծվել է տպագիր մամուլը, ավելի ուշ՝ ռադիոն, հեռուստատեսությունը, ինտերնետը, բայց գրադարանների առջև նման խնդիր չի դրվել։
Media.am-ին այս մասին ասաց բուքմեն, արձակագիր, փաստեր ստուգող Վահե Ղուկասյանը։
Այդուհանդերձ, նրա խոսքով, գրադարաններն ունեն գրագիտության բարձրացման խնդիր, ու, միանշանակ, դրա մասն է կազմում նաև մեդիագրագիտությունը, ուստի օրգանիկ է, որ գրադարանները ներգրավվեն մեդիագրագիտության բարձրացման գործընթացում։
Ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգի շրջանակներում ներգրավվել են գրադարանները։ Հանձնարարվել է գրադարաններում ստեղծել մեդիակենտրոններ։ Ի՞նչ կարծիք ունեք այս նախաձեռնության մասին։
Գրադարանները, համենայն դեպս 21-րդ դարում, տեղեկատվության ստացման ու տարածման աղբյուր չեն։ Այդ ֆունկցիան իրականացնելու համար, նախ, ստեղծվել է տպագիր մամուլը, ավելի ուշ՝ ռադիոն, հեռուստատեսությունը, ինտերնետը, բայց գրադարանների առջև նման խնդիր չի դրվել։
Այդուհանդերձ, գրադարաններն ունեն գրագիտության բարձրացման խնդիր, ու, միանշանակ, դրա մասն է կազմում նաև մեդիագրագիտությունը, ուստի օրգանիկ է, որ գրադարանները ներգրավվեն մեդիագրագիտության բարձրացման գործընթացում։
Գեղարվեստական գրականությունն էլ, ըստ էության, տեղեկատվություն է փոխանցում, տարածում, կարծիք է ձևավորում։ Արդյոք գրադարաններում ներկայացված գրականությունը չի՞ կարող կեղծ ինֆորմացիա փոխանցել։
Գեղարվեստական գրականությունը հորինվածք է, ֆիքշն։ Բնականաբար, ամենևին պարտադիր չէ, որ այն համապատասխանի իրականությանը։ Ձեր հարցն ավելի շատ վերաբերում է, հասկանում եմ, պատմագրությանը, և այն, իմ կարծիքով, կարող է նաև սուբյեկտիվ տեղեկատվություն պարունակել, պատմագրողի դիտանկյունից ներկայացվել․․․
Այլ հարց է, որ գեղարվեստական գրականությունը կարող է մանիպուլիացիներում օգտագործվել, դառնալ գործիք՝ ապատեղեկատվության ստեղծման համար։
Ինչպե՞ս։ Ի՞նչ նկատի ունեք։
2020 թվականին՝ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Դին Կունցի գիրքը (ամերիկացի թրիլեր ժանրի գրող) օգտագործվում էր պրոպագանդիստական նպատակներով։ Հանրությունը գերլարված էր, գերզգայուն էր, սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը գերկարևոր էր, պատվաստանյութերն էին ստեղծվում ու փորձարկվում, և այս պայմաններում, սոցիալական ցանցերում պտտվում էին հատվածներ այս գրքից, մասնավորապես այն մասին, որ վիրուսը ստեղծված է, արհեստական ծագում ունի, այնինչ դա 1981 թվականի հորինվածք էր, թրիլեր ժանրի հորինվածք էր, բայց ներկայացվում էր որպես իրականություն։ Գեղարվեստական ստեղծագործության մեջբերումներով մանիպուլիացիաներ էին արվում, որ սա համաշխարհային պլան է։
Հեղինակների, գրողների մեջբերումների հետ կապված էլ պարբերաբար խնդիրներ կան։ Շատ մեջբերումներ են լինում, որոնք վերագրվում են այս կամ այն գրողներին, բայց իրականում չունեն որևէ փաստագրական հիմք, որ իսկապես պատկանում են այդ գրողին։ Գրադարաններն, օրինակ, այս երկու դեպքերով անելիք չունե՞ն։
Իմ կարծիքով՝ ոչ։ Գրադարանները չունեն ու չպետք է ունենան նման գործառույթ։ Գրադարանները վայր են, միջավայր են, որտեղ պետք է լինեն գրքեր, որտեղ պետք է վարակվես ընթերցանությամբ, բայց գրադարանները չպետք է զբաղվեն գրքերի ֆիլտրմամբ, գրականության ֆիլտրմամբ, չպետք է խառնվեն պրոցեսին, թե որ ստեղծագործության մեջ խեղված ինչ հատվածեր կան կամ ում մեջբերումն ումն է։ Գրադարանի առաջնային գործառույթը հանրությանը գրականությամբ ապահովելն է։
Տեսեք, 100 տարի անց մեր օրերի պատմությունը, ներկայացվելու է գրադարաններում այս կամ այն պատմիչի, վերլուծաբանի անձնական պրիզմայով, շատ հնարավոր է, որ լինի խեղաթյուրված, կտրված, թաքցնի որոշակի դրվագներ։ Դա չի լինելու օբյեկտիվ պատմություն, թե ինչ է եղել այսօր։
Իհարկե, դա նորմալ է։ Հակառակ դեպքում մենք կունենանք 1984-ի խմբագրվող պատմությունները։ Դրա համար էլ մեզ տրված է վերլուծելու, համեմատելու, կասկածելու, քննադատելու կարողություն, որ մենք կարդանք մի քանի գործ ու գանք եզրահանգումների։ Քննադատական մտածողությունը հենց դրա համար է, չի կարող լինել մեկ ստանդարտ, մեկ ֆիլտր, որ մենք ձգտենք դրան։
Ոչ մեկ չպետք է ունենա լծակ, առավել ևս գրադարանը, արգելելու որևէ գիրք։ Պետք է ապահովել գրագիտության, մեդիագրագիտության այնպիսի մակարդակ, որ մարդիկ իրենք կարողանան տարբերել թացն ու չորը։
Հիմա հարց կծագի, իսկ ի՞նչ անենք, եթե մեր երկրում գրագիտության մակարդակն այդպիսին չէ, ասեմ՝ քայլեր ձեռնարկել դրա բարձրացման ուղղությամբ, ոչ թե գրաքննել ու արգելել, խեղդել այլակարծությունը, ազատ խոսքը։
Ես շատ կցանկանամ, որ Հայաստանում գրադարանները լինեն հանրային տարածքներ, որտեղ չկան արգելքներ օգտվելու գրքերից, շփվելու գրքերի հետ։
Քանի որ Դուք երկար ժամանակ աշխատել եք գրախանութում, կարո՞ղ եք ասել, արդյոք չկա՞ն գրախանութում նման ֆիլտրեր։ Օրինակ՝ չվաճառել որևէ մի գրողի գիրքը կամ կոնկրետ որևէ գիրք այս կամ այն պատճառով։
Ի պատիվ Հայաստանի, կարող եմ ասել, որ անկախության տարիներին Հայաստանի գրախանութներում նման ֆիլտր չկա։ Աստված չանի, որ մենք գնանք այդ ուղղությամբ։ Այնտեղ, որտեղ գրքեր են արգելվում, վատ երևույթներ են տեղի ունենում։