Գրադարանները տեղեկատվության փոխանակման անմիջական աղբյուր են և այս տեսանկյունից շատ կարևոր է, որ այնտեղ աշխատող մարդիկ հավաստի ինֆորմացիա փոխանցեն ընթերցողին, չդառնան ապատեղեկատվության տարածման շղթայի մասնիկներից մեկը։
Հավանաբար, հենց սրա համար էլ ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակներում որոշում կա գրադարաններում մեդիակենտրոններ ստեղծել և առհասարակ գրադարանները ներգրավել այս գործընթացի մեջ։
Գրադարանավարի հետ հաղորդակցության արդյունքում չպետք է չճշտված ինֆորմացիա ստանաս։ Ցավոք, լինում են նման դեպքեր, երբ գրադարանավարը սխալ տեղեկատվություն կարող է տալ անգամ գրողի մասին, նրա կենսագրությանը վերաբերող դրվագների մասին, գրքի մասին։ Էլ չեմ ասում, որ նրա հետ զրույցի ժամանակ այլ ոլորտներից ևս ոչ հավաստի լուրեր կարող ես լսել։
Սա ինձ համար ընդունելի չէ։ Գրադարանները կրթության կարևոր օղակներից են, որտեղ պետք է մեդիագրագիտության բարձր մակարդակ լինի, որպեսզի դպրոցականները, ուսանողները, ովքեր գրադարան հաճախող հիմնական մարդիկ են, չբախվեն ապատեղեկատվությանը։
Սա փակ շղթայի է նմանվում․ դպրոցականի համար գրադարանավարը հեղինակություն ունեցող մարդ է, նրա հետ խորհրդակցում ես, թե ինչ գիրք կարդաս, ինչի մասին կարդաս, վստահում ես նրան ու, բնական է, որ կվստահես նաև եթե որևէ տեղեկատվություն տա։ Որպեսզի այդ տեղեկատվությունը հանկարծ չլինի կեղծ, մանիպուլացնող, չճշտված, գրադարանավարն ինքը պետք է դրա զոհը չլինի, ինքը պետք է կարողանա տարբերակել փաստն ու կեղծիքը։
Բացի այդ, հարց է՝ արդյոք մարդիկ այցելո՞ւմ են գրադարաններ, որպեսզի այնտեղ էլ ապատեղակատվության դեմ պայքարի մեդիակենտրոններ տեսնեն։ Չեմ կարծում։ Ինչո՞ւ, որովհետև գիրքը հասանելի է։ Հասանելի է համացանցում, հասանելի է գրախանութում։
Գրադարան են այցելում, երբ հարկավոր է որևէ դասագիրք կամ որևէ գրականություն, որն անիմաստ է գնել, օրինակ պետք է հետազոտական մեկ աշխատանք գրելու համար ու վերջ։
Անձամբ ես սիրում եմ այցելել Ազգային գրադարան, որովհետև այնտեղ շատ տրամադրող է միջավայրը։ Երբ գնում ես, ուզում ես երկար նստել, կարդալ, վարակիչ մթնոլորտ է։ Կա՞ նման միջավայր մյուս գրադարաններում։ Ազնիվ լինենք, ասենք՝ չկա։
Մենք երբեմն մոռանում ենք, որ գրադարանը միայն գիրքը չէ․ գրադարանը գրադարանավարան է, միջավայրն է, ընթերցանության շունչն է։ Մեր գրադարանները թերի են այս բոլոր կետերով։ Երիտասարդներն ավելի շատ կարդում են հոգեբանական, փիլիսոփայական գրքեր, բեսթսելլեր գրքեր, կարդում են անգլերենով գրքեր, որոնք մեր գրադարաններում չկան։ Հանրապետությունով մեկ շրջես մեկ-երկու գրադարան կգտնես, որտեղ իսկապես բանիմաց գրադարանավար կա, որը կարող է քեզ հետ նստել ու որևէ գիրք քննարկել, քեզ առաջարկել հաջորդ գիրքդ։ Նույնիսկ սրճարաններ կան, որտեղ գրքային այնպիսի վարակիչ միջավայր է, որ ուզում ես գնաս այնտեղ, մի գիրք վերցնես, մի ծածկոց, թեյ խմես ու կարդաս։ Ինչո՞ւ այդ դեպքում հնարավոր չէ այդ միջավայրը ստեղծել գրադարանում։
Բայց ուզում եմ շեշտել, որ սա ամենևին չի նշանակում, որ մարդիկ չեն կարդում, եթե գրադարան չեն հաճախում։ Ոչ։
Մեզ ինչպե՞ս են սովորեցրել․ սկզբում կարդացել ենք դասական գրականություն, հետո որոշել ենք՝ ուզո՞ւմ ենք կարդալ մասայականը, թե չէ։ Հիմա նոր սերունդն այդպիսին չէ․ դասական գրականություն կարդալու համար, դասական գրականությանը հասնելու համար ժամանակակիցն են կարդում, մասայականն են կարդում։ Ունեն գրադարաններն արդյոք նման գրականության ցանկ և գրադարանավաներ, ովքեր կարդացել են այդ ցանկը։ Վստահ եմ՝ ոչ բոլորը։
Դպրոցականներն իրենց հանձնարարված գրքերը չեն կարդում, բայց Ագաթա Քրիստի են կարդում, Ռուբեն Եսայան են կարդում։ Թող թեթև գրականությունից սկսեն, հետո կգան լուրջ, դասական գրականությանը։ Ինչո՞ւ ենք մենք ստիպում, որ բոլորը Դոստոևսկուց սկսեն։ Մոտեցման փոփոխություն է պետք, սերունդի կարիքները հաշվի առնել է պետք։
Իմ բախտը բերել է, քոլեջի գրադարանում երիտասարդ գրադարանավար էր աշխատում, ում հետ մենք գնում էինք զրուցում տարբեր թեմաներից, կյանքից, առօրյա խնդիրներից։ Ու երբ այդ միջավայրը մեզ դարձավ հարազատ, մենք ինքներս սկսեցինք հետաքրքրվել այդտեղի գրքերով։ Արդեն հարց ու փորձ էինք անում, թե ինչ գիրք է, որը կարդամ, տեղում թերթում էինք, մեզ հետ էինք վերցնում։ Քննարկումներ էինք անցկացնում, ֆիլմեր էինք դիտում, գրադարանի էջում անանուն քննարկումներ էինք անցկացնում, տեսանյութեր էինք պատրաստում մեր քննարկումներից։ Երբ գրադարանը դիտարկում ես նեղ՝ գիրք իմաստով, ինքը սահմանափակում է քեզ։
14-15 տարեկանում գիրքն այնքան խորթ է, պետք է օգնես երեխային գալ դեպի գիրքը։ Հատկապես այս սերնդի համար դա շատ դժվար է, քանի որ տեսավիզուալ այնքան կրիչներ կան, որոնց հետ գիրքը մրցակցության մեջ չի էլ կարող մտնել։ Այդ տարիքի երեխային չես կարող համոզել գիրք կարդալ անիմացիայի փոխարեն, այն էլ այնպիսի գիրք, որտեղ նկարներ չկան, փոքր տառատեսակ է։
Այլ կերպ չեմ պատկերացնում, թե ինչպես սերմանել սերը ընթերցանության նկատմամբ։ Շատ կուզեմ, որ մեդիակենտրոնները, որոնք պետք է ստեղծվեն գրադարաններում, տան այդ միջավայրը, ազատությունը, որ երիտասարդը ցանկանա այնտեղ մնալ, այնտեղ դասերն անել։
Արաքս Սաֆարյան
Գրականագետ, գրաֆիկ դիզայներ