«Տելեկրիտիկա» ինտերնետային վերլուծական պլատֆորմի հիմնադիր և տնօրեն Նատալյա Լիգաչովան ասում է, որ շատ ուկրաինացիներ աշխատանքից հետո շտապում են Մայդան, համակրում ու աջակցում են ցուցարարներին:
Իսկ այն լրագրողները, ովքեր իրադարձությունների կիզակետում են աշխատում, գրեթե միշտ օբյեկտիվ ինֆորմացիա են հավաքում, սակայն այն ինֆորմացիան հետագայում կարող է կտրուկ փոփոխությունների ենթարկվել, քանի որ վերջնական տարբերակը խմբագրում են սեփական շահ ունեցող մեդիա սեփականատերերը:
Մայդանի զոհերի շարքում շատ են լրագրողները: Ձեր կարծիքով՝ դա կախվա՞ծ է նրանց մասնագիտական գործունեության հետ:
Իրավիճակը Ուկրաինայում հիմա շատ լարված ու բարդ է բոլորի համար, հատկապես քաղաքացիական հասարակության և լրագրողների: Միայն վերջին երեք օրերի ընթացքում հասարակական ակցիաների ընթացքում ավելի քան 42 լրագրող է տուժել:
Ամենաողբերգականն այն է, որ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման ջոկատայինները նպատակաուղղված են կրակում լրագրողների և ընդհանրապես նկարահանումներ իրականացնող մարդկանց վրա: Այսինքն՝ ուժային կառույցներ փորձում են ջնջել իրենց կողմից օգտագործվող հրազենի և տրավմատիկ զենքի կիրառման վկայությունները:
Ամեն ինչ արվում է մարդկանց վախեցնելու ու Մայդանի տարածքը լրագրողներից «մաքրելու» համար:
Իրադրությունը Մայդանում գլխավոր լուր է մեդիա դաշտում: Ինչպե՞ս կգնահատեք լուսաբանման որակը:
Լուսաբանման տեսակետից շատ բան կախված է առաջին հերթին լրատվամիջոցների (հիմնականում հեռուստաալիքների) սեփականատերերից, ում նախապատվությունները որոշիչ գործոն են:
Լուսաբանման մեջ զգալի տատանումներ կան: Այս կամ այն իրադարձության լուսաբանման որակն ու ուղղությունը կարող է կտրուկ փոխվել: Օրինակ՝ դեկտեմբերի կեսին, երբ թվում էր, որ իրադրությունը թեքվում է բողոքողների կողմը, բոլոր ալիքների նյուզրումներին թույլատրեցին լուսաբանել իրադարձություններն այնպես, ինչպես նրանք իրականում կան: Այդ ժամանակ մեդիայի փոխանցած ինֆորմացիան բավականին հավաստի և օբյեկտիվ էր:
Իսկ արդեն դեկտեմբերի վերջին իրական ճնշումներ և հալածանքներ սկսվեցին, ինչի արդյունքում շատ ալիքներ կտրուկ փոխեցին լուսաբանման եղանակը:
Կարող եմ նշել հատկապես ամենախոշորներից մեկը՝ «Ինտեր» հեռուստաալիքը, որի գրեթե ողջ թիմը հեռացվեց աշխատանքից: Այդ ալիքը պայմանականորեն կոչվում էր Սերգեյ Լյովոչկինի ալիք, ով «Ինտեր»-ի բաժնետերերից էր և նախկինում նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար:
Լյովոչկինը եվրաինտեգրման կողմնակից է, և երբ անցյալ տարի նոյեմբերի 30-ին Մայդանում ծեծի ենթարկեցին ուսանողների, նա աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց: Այն ժամանակ նախագահը չընդունեց Լյովոչկինի հրաժարականը, բայց արդեն դեկտեմբերին և՛ նա, և՛ լրատվական բաժնում աշխատող իր թիմը հեռացվեցին աշխատանքից:
Հիմա «Ինտեր»-ում լուրեր են պատրաստում ալիքի մյուս բաժնետիրոջ՝ Դմիտրի Ֆիրտաշի համախոհները: Իսկ Ֆիրտաշը Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեցող գործարար է, ում շահերը գազի ու նավթի ոլորտում են: Արդյունքում «Ինտեր»-ի լուսաբանումը կտրուկ շրջադարձ կատարեց:
Ուկրաինայից լուրերին մեծ տեղ է հատկացնում միջազգային մեդիան, հատկապես երբ իրադարձային պոռթկումներ են լինում: Մայդանում տուժել կամ բերման են ենթարկվել նաև այլ պետությունների լրագրողներ: Օրինակ՝ Associated Press-ի թղթակիցը, լրագրողներ Բելառուսից, Ռուսաստանից և այլք: Բոլորն էլ փորձում էին իրենց գործն առավելագույնս օբյեկտիվ ու պրոֆեսիոնալ անել:
Ինֆորմացիան հիմնականում տարածվում է ինտերնետային ալիքների միջոցով: Դա բավարարու՞մ է տեղեկատվության պահանջարկը:
Իհարկե, Ուկրաինայում հիմա շատ մեծ դերակատարություն ունի ինտերնետային հեռուստատեսությունը: Ուկրաինայի քաղաքացիները հիմնական տեղեկատվությունը ստանում են հենց այդ ալիքներից:
Անգամ ավանդական՝ եթեր ունեցող հեռուստատեսությունն է օգտվում նրանց նյութերից: Օրինակ՝ «5 ալիքը» կամ «24»-ը կարող է իր ռեպորտաժներն ամբողջովին կառուցել «Էսպրեսո» ալիքի նկարահանումների հիման վրա: Իսկ այդ ալիքը եթերային հաճախականություններով հեռարձակելու լիցենզիա չունի և աշխատում է ինտերնետում:
Այսօր եթեր ունեցող ալիքները Մայդանի կամ Գրուշևվսկու փողոցի դեպքերը ուղիղ միացումներով են ցուցադրում՝ օգտագործելով առցանց կամ արբանյակային ալիքների հեռարձակումները: Նախկինում այդպես չի եղել:
Այն լրագրողները, որոնք հենց «դաշտում», այսինքն՝ Մայդանում են աշխատում, որպես կանոն, ջանում են առավելագույնս ամբողջական ու օբյեկտիվ ինֆորմացիա տարածել: Բայց հետո գալիս է խմբագիրների ու մեդիա սեփականատերերի հերթը, և այդ ժամանակ արդեն ինֆորմացիայի հետ ինչ ասես, կարող է պատահել:
Զրույցը՝ Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: