Դրամաշնորհային մրցույթ լրատվամիջոցների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է  դրամաշնորհների բաց մրցույթ առցանց լրատվամիջոցների համար հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու նպատակով։

Մրցույթն իրականացվում է «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» (Expanding Production of Independent Content-EPIC) ծրագրի շրջանակում, որը միտված է լրացնել տեղեկատվական դաշտի առկա բացերը (թեմատիկ, ժանրային և այլ), բարձրացնել  լրատվամիջոցների և հանրության դիմակայունությունը ուղղորդված,   ապատեղեկատվություն պարունակող պատումների նկատմամբ։

Ծրագիրը շեշտադրում է սոցիալ-տնտեսական խնդիրների  լուսաբանումը, ինչպես նաև դրանց ազդեցությունն ու առնչությունը մարդու իրավունքներին ՝ առաջարկելով հետևյալ թեմատիկ շրջանակը․

  • Արցախից տեղահանված բնակչության խնդիրներն ու դժվարությունները; նրանց իրավունքների պաշտպանությունը, սոցիալական աջակցության ծրագրերն ու իրականացման մեխանիզմները;
  • Սահմանային համայնքների բնակչության անվտանգային խնդիրները, այդ թվում ապաստարանների, անվտանգ տարածքների ստեղծումն ու պաշտպանական մեխանիզմները, ենթակառուցվածքային ներդրումներն ու հնարավոր ազդեցությունները;
  • Խոցելի խմբերի խնդիրների լուսաբանումը, օրինակ՝ խտրականության դրսևորումներ, աշխատանքի հասանելիություն, սոցիալական ապահովում և այլն;
  • Բնակավայրերի անհամաչափ զարգացումն ու դրանից բխող ժողովրդագրական հետևանքները; քաղաքային և գյուղական համայնքների խնդիրները; համայնքային ծրագրերն ու սոցիալական ծառայությունների հասանելիությունը;
  • Կրթության ոլորտի բարեփոխումները, կրթական անհավասարության պատճառներն ու հետևանքները, կրթական հաստատություններում կառավարման խնդիրներն ու կրթության զարգացման պետական ծրագրերը;
  • Հանրային առողջությունն ու պարենային անվտանգությունը;
  • Շրջակա միջավայրի, այդ թվում կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացող խնդիրներն ու բացթողումները, բնապահպանական ճգնաժամերն ու հաղթահարման արգելքները, դրանց ազդեցությունը հանրության և համայնքների զարգացման վրա, նպատակային ֆինանսավորումը։

Ուշադրություն․ Դիմորդները կարող են ներկայացնել և հիմնավորել այլ թեմաներ մրցույթի համատեքստում։

Յուրաքանչյուր նախագիծ պետք է ներառի առնվազն երեք (3) բաղադրիչ, որոնք կարող են լինել առանձին նյութեր կամ շարքի մասեր։ Բաղադրիչների քանակը պետք է համապատասխանի առաջարկվող ծրագրի առանձնահատկությանը, օգտագործվող մեթոդներին և գործիքներին, բյուջեին։     

Առաջարկվող նախագծերը կարող են իրականացվել ցանկացած ձևաչափով, մասնավորապես՝

  • մուլտիմեդիա պատմություն, լոնգրիդ, ներառյալ տեսալսողական նյութեր, ինֆոգրաֆիկներ, հարցախաղեր, ինտերակտիվ, այլ մուլտիմեդիա տարրեր։
  • թվային պատմություններ սոցիալական հարթակների համար (Digital stories),
  • փոդքասթեր,
  • ֆիլմեր, տեսանյութեր․

Ուշադրություն․Դիմորդները կարող են առաջարկել այլ ձևաչափեր և ժանրեր, որոնք բավականաչափ հիմնավորված են ներկայացվող նախագծերի համար՝ հաշվի առնելով թեմաներն ու լսարանը։ 

Մրցույթին կարող են դիմել Հայաստանում գրանցված առցանց լրատվամիջոցները։

Դիմորդները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին․

  • առնվազն 3 տարվա գործունեություն,
  • առցանց ներկայություն՝ գործող կայք, ներգրավվածություն սոցցանցերում;
  • մասնագիտական թիմի պատրաստվածություն, էթիկական սկզբունքների/ներքին խմբագրական կանոնակարգերի/ մեխանիզմների առկայություն, և/կամ մասնակցություն ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնություններին։    

Մրցույթի արդյունքում ընտրվելու է 5 գործընկեր, որից առնվազն 2`մարզային։ 

Ուշադրություն։ Ընտրության ընթացքում նախապատվություն կտրվի այն լրատվամիջոցներին, որոնք ենթադրամաշնորհներ չեն ստացել այս ծրագրի նախորդ փուլերում։

Ընտրության չափանիշներ և արդյունքներ

Մրցույթին ներկայացված հայտերը գնահատելու և ընտրելու նպատակով ՄՆԿ-ն ձևավորելու է անկախ ընտրական հանձնաժողով։ Մասնակցության հայտերը կգնահատվեն ըստ ծրագրի նկարագրության, տեխնիկական, ստեղծագործական չափանիշների և առաջարկվող բյուջեի։

Հաշվի կառնվեն՝

  • հայտի համապատասխանությունը, ներկայացված տեղեկությունների ամբողջականությունը, գործողությունների տրամաբանությունը, իրագործելիությունն ու ռիսկերի գնահատումը;
  • ծրագրի բովանդակությունը, թեմաների արդիականությունը, պատմությունների գաղափարներն ու ստեղծագործական մոտեցումը, կառուցվածքը, ժանրը, ձևաչափը, հերոսների/փորձագետների ընտրությունը, օգտագործվող բաղադրիչները, նյութերի քանակը;
  • համապատասխան մասնագետների ներգրավվածությունը նախագծի իրականացման համար, այլ բաղադրիչների/ռեսուրսների առկայություն;
  • առաջարկվող ֆինանսական միջոցների և ժամկետների համապատասխանությունը ծրագրի բյուջեին և գործողություններին:

Մրցույթի չափանիշներին համապատասխանելուց բացի՝ գնահատող հանձնաժողովը դիտարկելու է նաև լրատվամիջոցի խմբագրական անկախությունը, լրագրողական էթիկական չափանիշներին հետամուտ լինելը, ինչպես նաև ծրագրի թիմի հետ համագործակցության,  փորձագետների հետ աշխատելու պատրաստակամությունը։

ՄՆԿ-ն ընտրական հանձնաժողովի հանձնարարությամբ կարող է առաջարկել դիմորդներին փոփոխություններ կատարել հայտերում, բյուջեում․ լրատվամիջոցի ներկայացուցիչը կարող է հրավիրվել լրացուցիչ հարցազրույցի։

Ծրագրի իրականացման ընթացքում ընտրված լրատվամիջոցներին կաջակցեն խորհրդատուներ և մենթորներ, որոնք կընտրվեն ՄՆԿ-ի և դրամաշնորհառուի հետ համատեղ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով ծրագրի թեման, ձևաչափը և այլ յուրահատկություները։

Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն

Դրամաշնորհային ծրագրերի իրականացման ժամկետը մինչև 5 ամիս է։ Յուրաքանչյուր ծրագրի բյուջեն չի կարող գերազանցել  2,900,000 ՀՀ դրամը։

Մրցույթին դիմելու կարգը

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. 

  1. լրացված հայտադիմում,
  2. լրացված հարցաթերթիկ,
  3. ծրագրի մանրամասն բյուջե,
  4. լրատվամիջոցի/կազմակերպության գրանցման վկայականի պատճեն։

 Ուշադրություն։ Պահանջվող փաստաթղթերը կարող եք ներբեռնել հղմամբ։

Վերջնաժամկետ

Հայտի ամբողջական լրացված փաթեթը խնդրում ենք ուղարկել ծրագրի համակարգող Մարիամ Գրիգորյանին հետևյալ էլ․հասցեով` [email protected] ։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2025 թվականի փետրվարի 10-ը:  

Ուշադրություն․ Յուրաքանչյուր դիմորդ կարող է ներկայացնել միայն մեկ (1) հայտ: 

Տեղեկատվական հանդիպում

«Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում կկազմակերպվի տեղեկատվական առցանց հանդիպում։ Հանդիպմանը միանալու համար խնդրում ենք նախապես գրանցվել մինչև հունվարի 24-ը։ Հանդիպման օրվա և ժամի վերաբերյալ մասնակիցներին կուղարկվի անհրաժեշտ տեղեկատվությունը։                         

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ծրագրի պատասխանատուին՝ նամակ գրելով վերոնշյալ էլ․հասցեին կամ զանգահարելով 095 58 36 09 հեռախոսահամարով։

                                                              ***

«Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» (Expanding Production of Independent Content-EPIC) ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ինտերնյուս ամերիկյան կազմակերպության հետ համատեղ։ Ծրագիրն իրականացվում է Լեհաստանում, Հայաստանում, Հունգարիայում, Ռումինիայում, Սլովենիայում, Վրաստանում  և Ուկրաինայում։

internews-mic


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *