Երեկ հայտնի դարձավ, որ Meta-ն կդադարեցնի օգտագործել Երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը, որն օգնում է հակազդել Ֆեյսբուքում, Ինստագրամում և Թրեդսում տարածվող ապատեղեկատվությանը։
Ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը տեսաուղերձով հայտնել էր, որ այդ պարտականությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կկատարեն օգտատերերը՝ նշումներ ավելացնելու համար այն գրառումներին, որոնք կարող են կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվություն պարունակել:
«Մենք վերադառնում ենք մեր արմատներին, որպեսզի կենտրոնանանք սխալների նվազեցման, մեր կանոնների պարզեցման և հարթակներում արտահայտվելու ազատության վերականգնման վրա։ Ավելի կոնկրետ՝ մենք կազատվենք փաստերի ստուգիչներից և դրանք կփոխարինենք X հարթակում օգտագործվող համայնքային նշաններով»,- հայտնել էր Ցուկերբերգը։
Որոշումն ազդում է Հայաստանում Meta-ի հետ համագործակցող ՍիվիլՆեթի վրա ևս՝ որպես Հայաստանում Meta-ի Երրորդ կողմի փաստերի ստուգման գործընկեր։
Media.am-ի հետ զրույցում ՍիվիլՆեթի Փաստերի ստուգման ստորաբաժանման ղեկավար Անի Գրիգորյանը հայտնեց, որ նամակ են ստացել վերանայումների մասով, որտեղից պարզ է դառնում, որ ծրագիրը կդադարեցվի աստիճանաբար՝ նախ ԱՄՆ-ում, ապա այլ տարածաշրջաններում։
«ՍիվիլՆեթի համագործակցությունը Meta-ի հետ ամրագրված է պայմանագրով, որը գործում է մինչև 2026 թվականի հունվարը։ Մինչ այդ մենք մեր գործունեությունը կշարունակենք, ինչից հետո պարզ կդառնա, թե մեր տարածաշրջանի հետ կապված Meta-ը ինչ որոշում կընդունի»,- ասաց Գրիգորյանը։
Ըստ նրա՝ Հայաստանում Ֆեյսբուքն ու Ինստագրամը լայն տարածում ունեն և շատ դեպքերում հենց այդ հարթակներից է սկսվում ապատեղեկատվության տարածումը։ Meta-ի հետ փաստեր ստուգող խմբագրությունների համագործակցությունը նպատակ ուներ սոցիալական այդ ցանցերի օգտատերերին օգնել դիմագրավել ապատեղեկատվական գրոհներին։
«Այս որոշումը բացատրվում էր նրանով, որ փաստեր ստուգողների աշխատանքի արդյունքում բազմաթիվ գրառումներ, հրապարակումներ ջնջվել են Meta-ից։ Խոսքը մասնավորապես քաղաքական բովանդակության մասին էր։ Բայց ուզում եմ ասել, որ դա այդպես չէ, փաստեր ստուգողները գրառումներ հեռացնելու մեխանիզմի հետ կապ չունեն։ Մենք պիտակավորում ենք գրառումը, որի հետևանքով կարող են լինել սահմանափակումներ, բայց հեռացնել չենք կարողանում։ Բացի այդ, կա հստակ կանոն, որ մենք քաղաքական գործիչների կողմից արված որևէ հայտարարություն կամ պնդում հեռացնել չենք կարող։ Սա գլխավոր կանոններից մեկն է, որով բոլոր փաստեր ստուգողներն առաջնորդվում են։ Պնդումը, թե փաստեր ստուգողների պատճառով քաղաքական բանավեճը տուժել է, ուղղակի անհեթեթ է»,- պատմեց Անի Գրիգորյանը։
ՍիվիլՆեթի Փաստերի ստուգման ստորաբաժանման ղեկավարի կարծիքով՝ Meta-ի սոցիալական ցանցերում այս փոփոխություններըկարող են կապ ունենալ ԱՄՆ նոր՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության հետ։
Միջազգային մի քանի լրատվամիջոցներ գրում են, որ Ցուկերբերգի որոշումն իսկապես քաղաքական ենթատեքստ ունի։ Նյու Յորք Թայմսն, օրինակ, հիշեցնում է Meta-ի նորանշանակ գլոբալ քաղաքականության ղեկավար Ջոել Կապլանի ելույթը «Fox & Friends» հաղորդման ժամանակ, որտեղ Կապլանը հայտարարել էր, որ փաստերի ստուգման ծրագրում «չափազանց շատ քաղաքական կողմնակալություն կա»:
Ֆայնենշըլ Թայմսը նշում է, որ Meta-ն 1 մլն դոլար էր նվիրաբերել Դոնալդ Թրամփի երդմնակալության հիմնադրամին, ինչն առաջին դեպքն է, երբ Ֆեյսբուքի սեփականատերը նվիրատվություն է կատարել երդմնակալության հիմնադրամին այն դեպքում, երբ ԱՄՆ ընտրված նախագահը նախկինում պլատֆորմին մեղադրել էր աջակողմյան ձայները գրաքննելու մեջ և սպառնացել բանտարկել նրա գործադիր տնօրենին:
Անի Գրիգորյանն ասաց, որ առաջարկվող փոփոխությունը՝ X-ի (նախկին Թվիթեր) օրինակով համայնքային նշանների համակարգը կիրառել օգտատերերի կողմից, իր գնահատմամբ վտանգավոր երևույթ է, քանի որ օգտատերերի կարծիքների հիման վրա է որոշվելու՝ տեղեկատվությունը ճիշտ է, թե սխալ։ Իսկ դրա արդյունքում «կարող է սկսվել ֆեյքերի պայքար» և ունենալու է ավելի վատ հետևանքներ։
«Փաստեր ստուգողները հիմքերով, ապացույցներով են առաջնորդվում։ Եվ եթե գրառման հեղինակը մեզ փաստեր է ներկայացնում, մենք փոխում ենք պիտակը, վերանայում ենք մեր մոտեցումը։ Իսկ եթե օգտատերերը զբաղվեն այդ գործով, պարզ է, որ նրանք չեն առաջնորդվի նման մեխանիզմներով»,- շեշտեց նա։
Կարծիքը, թե սոցհարթակներում վերականգնվելու է խոսքի ազատությունը, Անի Գրիգորյանի կարծիքով, թյուր է՝ «հաղթելու է նա, ով շատ ֆեյք ունի»։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: