2024.12.26,

Տեսակետ

«Կարծում եմ, որ լրագրողների համար ավելի ու ավելի դժվար է դառնում պահպանել էթիկական նորմերը»

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Իռլանդիայի բոլոր հիմնական տպագիր և օնլայն խմբագրությունները միավորող Մամուլի խորհուրդը գործում է 2007թ․-ից։ Մեդիայի ինքնակարգավորման այս նախաձեռնությանը միացել է իռլանդական ավելի քան 150 տպագիր և օնլայն լրատվամիջոց, որոնք աշխատում են Էթիկայի միասնական կանոնագրի սկզբունքներով և տարեկան անդամավճարներ են վճարում։

Իռլանդիայի մամուլի ինքնակարգավորման մեխանիզմում գործում է նաև Մամուլի օմբուդսմենի ինստիտուտը։ Փորձառու լրագրող, տարբեր հասարակական կազմակերպություններում աշխատած Սյուզան Մաքքեյը Իռլանդիայի թվով  երրորդ մամուլի օմբուդսմենն է։ Նրա գրասենյակլը փոքր է՝ մեկ ամբողջական դրույքով ու մեկ կես դյույքով աշխատակից, իսկ աշխատանքի ծավալը՝ մեծ։

Պատմեք Իռլանդիայի մամուլի խորհրդի մասին։ Ո՞րն է ձեր դերը որպես Մամուլի օմբուդսմեն։

Իռլանդիայի Մամուլի խորհուրդը ստեղծվել է, քանի որ տեղի մեդիա համայնքի անդամները մտահոգված էին, որ կառավարությունը կարող է միջամտել և պետական կարգավորում պարտադրել մամուլին: Դա կանխելու համար նրանք որոշեցին ստեղծել ինքնակարգավորվող մարմին, որը, չնայած պետության կողմից ճանաչված է, բայց գործում է անկախ:

Կազմակերպությունը ղեկավարվում է 13 անձանցից բաղկացած խմբի կողմից՝ վեցը մեդիա ոլորտից և յոթը քաղաքացիական հասարակությունից: Այս խումբը պատասխանատու է Մամուլի օմբուդսմենի նշանակման համար: Որպես Մամուլի օմբուդսմեն, իմ դերը հանրության կողմից՝ Խորհրդին անդամակցող խմբագրությունների հրապարակումների վերաբերյալ բողոքները քննելն է: Ես օգտագործում եմ մեր էթիկայի ուղեցույցը՝ «Պրակտիկ կանոնագիրքը»։

Իմ որոշումները հիմնված են այս Կանոնագրքի իմ մեկնաբանության վրա, և անձինք կարող են բողոքարկել իմ որոշումները Մամուլի խորհրդին: Եթե բողոք կա, ապա Մամուլի խորհուրդը կարող է վերանայել գործը: Խորհրդի որոշումից հետո բողոքարկման այլ հնարավորություն չկա:

Եթե հրապարակումը խախտել է Կանոնագրքի սկզբունքներից մեկը, ապա խմբագրությունը,  պետք է հրապարակի իմ կայացրած որոշումը կամ Մամուլի խորհրդի բողոքարկման որոշումը: Դա շատ կարևոր է անդամների միջև վստահության հարցում: Եթե ինչ-որ մեկը հրաժարվում է հրապարակել, ապա նրանք դադարում են լինել համակարգի մաս: Մեր առաջին և հիմնական առավելությունը տպագիր և օնլայն լրատվամիջոցների միջև համերաշխությունն է։ Նրանք  հետևում են էթիկական կանոններին։ Սա շատ կարևոր է հատկապես այն ժամանակ, երբ կան մարդիկ, որոնք իրենց ներկայացնում են որպես լրագրողներ, բայց իրականում քարոզիչներ են:

Բացի այդ, եթե ինչ-որ մեկը դատի է տալիս թերթին՝ ինչ-որ մեկն ասում է, որ դուք զրպարտել եք ինձ, դուք օգտագործել եք իմ լավ անունը, ես ձեզ դատարան կկանչեմ, ապա դա կարող է անմիջապես թերթը կամ հրատարակությունը դնել ծայրահեղ ֆինանսական դժվարությունների մեջ, քանի որ դատական գործընթացը թանկ է:

Զրպարտության թեմայով դատական գործերը հայտնի են իրենց բարձր արժեքով ու այն կարող է բառացիորեն ոչնչացնել թերթը: Նույնիսկ եթե թերթը դատարանում հաղթի, միևնույնն է  դատարանը այնքան ծախսատար է, որ այն կարող է աղետալի լինել: Եթե դուք Մամուլի խորհրդի անդամ եք և ձեր դեմ որոշումների շարան չունեք, դա կարող է հաշվի առնվել դատավորի կողմից: Այնպես, որ Խորհրդին անդամակցելը որոշակի պաշտպանություն է նաև այս հարցում:

Որքանո՞վ մարդիկ գիտեն մամուլի ինքնակարգավորման ձեր նախաձեռնության մասին ու օգտվում են ձեր ծառայություններից։

Իմ կարծիքով Մամուլի խորհուրդը և Մամուլի օմբուդսմենի համակարգը հանրությանը լավ հայտնի չեն: Թեև թերթերը պարտավոր են ներառել փոքր հայտարարություն, որը նշում է իրենց անդամակցությունը Մամուլի խորհրդին, սակայն այն հաճախ շատ փոքր է, որպեսզի շատ ընթերցողներ նկատեն: Տեղական տպագիր թերթերը պետք է տեղեկացնեն իրենց լսարանին, թե ինչպես ներկայացնել բողոքներ, բայց շատ մարդիկ դեռ անտեղյակ են այս համակարգի մասին: Նրանք պետք է հասկանան դա, քանի որ համակարգը կարող է արդյունավետ գործել միայն այն դեպքում, եթե կա հստակ հաղորդակցության հոսք: Մարդիկ կարծում են, որ եթե ինչ-որ բան մեդիայում նրանց անհանգստացնում է, նրանք իրավունք ունեն արտահայտել, որ դա էթիկական տեսակետից խնդրահարույց է: Նրանք պետք է միջամտելու միջոց ունենան:

Սյուզեն Մաքքեյը 2023թ․-ի տարեկան զեկույցի ներկայացման միջոցառմանը։ Լուսանկարը՝ Իռլանդիայի Մամուլի խորհրդի կայքից

Ես այս պաշտոնում ընդամենը երկու տարի է, ինչ աշխատում եմ: Ես պլանավորում եմ գրասենյակը շատ ավելի տեսանելի դարձնել և հետո տեսնել, թե ինչ ազդեցություն դա կունենա: Գուցե բողոքների թիվը չաճի, գուցե աճի։ Փորձենք, կտեսնենք։

Մեկ այլ հարց էլ այն է, որ թերթերը լուրջ են վերաբերվում և փորձում են չխախտել Կանոնագիրքը: Բողոքների հաստատումը համեմատաբար հազվադեպ է պատահում: Արդյունքում կարող է ցինիկ կարծիք լինել, թե համակարգը անարդյունավետ է, քանի որ բողոքները հազվադեպ են հաջողվում: Նրանք կարող են չհասկանալ, որ դա հաճախ պայմանավորված է թերթերի կողմից Կանոնագրքին խստորեն հետևելով: Ես վստահ չեմ, թե ինչպես կրթել մարդկանց այս թեմայով, բայց դա անկասկած իմ աշխատանքի մի մասն է՝ գտնել ուղիներ, որպեսզի նրանք այս թեմայի շուրջ չլինեն ցինիկ: Մամուլի ինդուստրիան իսկապես ձգտում է հետևել էթիկական  սկզբունքներին:

Հետաքրքիր է, որ Մամուլի խորհրդին անդամակցող լրատվամիջոցները շատ բազմազան են: Որոշ շատ լուրջ թերթեր զբաղվում են հանրային և վստահության լրագրությամբ: Եվ կան այնպիսինները, որոնք ավելի շատ ուղղված են զվարճանքին կամ պատմություններին, որոնք անպայման չէ, որ հանրային հետաքրքրության շրջանակներում լինեն: Եվ Կանոնագիրքը գործում է բոլորի համար, քանի որ այն հիմնականում վերաբերում է մարդկանց և նրանց իրավունքների հարգմանը:

Պատմեք ձեզ ուղղված դիմումների քանակի ու դրանց ուղղորդման ու ազդեցության գործընթացի մասին։

2023 թվականին ընդհանուր առմամբ եղել է 305 բողոք: Այնուամենայնիվ, այս բողոքներից 160-ը կիսատ են մնացել, քանի որ դիմումատուները կիսատ են թողել գործընթացը։ Որոշ դեպքերում դիմողները անծանոթ են եղել գործընթացին և իրենց բողոքները ներկայացրել են հրապարակումից հետո պահանջվող երեք ամիսը լրանալուց հետո՝ ուշացումով։ Բացի այդ, եղել են դեպքեր, երբ անձինք բողոքներ են ներկայացրել այն խմբագրությունների հրապարակումների վերաբերյալ, որոնք Մամուլի խորհրդի անդամ չեն:

2023 թվականին ես կայացրել եմ 25 որոշում։ Դրանցից 17-ը չեն հաստատվել, ութը հաստատվել են: Եվ դրանցից մեկը բողոքարկման արդյունքում չեղարկվել է: Եվ երկու դեպքում եղել է այն, ինչ կոչվում է բավարար վերականգնողական գործողություն: Եվ դա նշանակում է, որ մեր հաշտարար միջնորդությունից հետո լրատվամիջոցը համաձայնել է բողոքի հետ:

Իռլանդիայի մամուլի խորհրդի տարեկան զեկույցները

Երբ բողոք է ներկայացվում, առաջին բանը, որ տեղի է ունենում, իմ գրասենյակի գործի կառավարիչը դիմում է թերթին և ասաում՝ այս անձը ասում է, որ դուք հրապարակել եք ինչ-որ բան, որը ճշմարիտ չէ: Դուք ընդունո՞ւմ եք այդ բողոքը: Դուք պատրա՞ստ եք հրապարակել ուղղում, կամ պատրա՞ստ եք թույլ տալ, որ անձը ինքն իր կարծիքը ներկայացնի ձեր թերթում՝  ուղղելով այն: Պատրա՞ստ եք հրապարակել նրանց նամակը: Թերթը կարող է մի շարք միջոցներ ձեռնարկել բողոքը լուծելու համար, առանց այն Մամուլի օմբուդսմենին ներկայացնելու: Երբեմն դա տեղի կունենա: Դա նշանակում է, որ հարցը փակված է:

Այնուամենայնիվ, բողոքատուն կարող է գտնել, որ դա բավարար չէ, և բողոքը կարող է դեռ ինձ մոտ գալ, նույնիսկ այն բանից հետո, երբ թերթն ուղղում է հրապարակել է: Որոշ դեպքերում, եթե թերթը հրապարակել են ինչ-որ բան, որը լուրջ անճշտություն է, ապա միայն ընթերցողի նամակը հրապարակելը բավարար չէ: Թերթը պետք է ամբողջությամբ պատասխանատվություն կրի և հետ վերցնի հոդվածը կամ հրապարակի ուղղում կամ ներողություն: Դա նաև հավասարակշռության հարց է: Այո, հաճախ դա շատ պարզ չէ, բայց ես կարծում եմ, որ այս Կանոնագիրքը, սկզբունքները, այնքան լայն են, որ էթիկական նորմերով աշխատող լրատվամիջոցը դժվար թե համաձայն չլինի այս սկզբունքների հետ:

Ո՞վ կաջակցի կեղծ տեղեկատվություն հրապարակելու իրավունքին: Ո՞վ կպաշտպանի կարծիքների տարածման իրավունքը, որոնք կարող են ատելություն առաջացնել: Ո՞վ կպաշտպանի երեխաների լուսանկարներ հրապարակելու իրավունքը: Ներգրավված սկզբունքները բավականին լայն են: Անձամբ ես կարծում եմ, որ շատ դժվար կլինի ունենալ համակարգ, որտեղ յուրաքանչյուր հրատարակություն հետևում է իր սեփական ուղեցույցներին:

Ես կարծում եմ, որ Մամուլի խորհրդի կողմից բողոքները գնահատելու համար սահմանված Կանոնագիրք ունենալը ընդհանուր առմամբ ավելի արդյունավետ կլինի։ Դա չի նշանակում, որ խմբագրությունները չեն կարող ունենալ իրենց սեփական վարքականոնները: Օրինակ, թաբլոիդ թերթերը հաճախ օգտագործում են շատ ավելի տարբեր տերմինոլոգիա, քան մյուս հրատարակությունները: Թաբլոիդները կարող են օգտագործել արտահայտություններ, ինչպիսիք են «վանդակում նետել հրեշին», երբ խոսում են հայտնի հանցագործների մասին: Փոխարենը պարզապես գրելու, որ ինչ-որ մեկը բանտարկվել է, որոշ հրատարակություններ օգտագործում են ավելի դրամատիկ տերմիններ, ինչպիսիք են «վանդակը նետել»-ն է, որպեսզի նկարագրեն բանտարկությունը: Գաղափարն այն է, որ բանտը կարող է դիտվել որպես վանդակ:

Այնուամենայնիվ, ոչ բոլոր հրատարակությունները ընդունում են այս տեսակի լեզուն։ Որոշները դա համարում են անհարգալից: Իմ գրասենյակում կա ըմբռնում, որ թաբլոիդ լեզուն կարող է ընդունելի լինել, եթե այն չի առաջացնում ատելություն: Այս ոճը տարբերվում է ավելի ավանդական լրատվամիջոցների ոճից:

Կարևոր է նշել, որ ոչ բոլոր հոդվածները պետք է ծառայեն հանրային հետաքրքրությանը: Չնայած ես չեմ ասում, որ նրանք պետք է հակադրվեն հանրային հետաքրքրությանը, որոշ հոդվածներ նախատեսված են զվարճանքի համար, իսկ մյուսները՝ «թեթև» լինելու համար: Եվ ոչ բոլոր հոդվածները պարտավոր են լինել լուրջ: Բայց դուք կարող եք բողոք ներկայացնել նաև մի հոդվածի դեմ, որը լուրջ չէ:

Ո՞ր թեմաներով եք ավելի շատ դիմումներ ստանում։

Կարծում եմ, որ կա աճող խնդիր լրագրության նկատմամբ թշնամանքի հետ կապված՝ հատկապես ծայրահեղ աջ ուժերի կողմից: Իռլանդիայում տարբեր ցույցեր և հանդիպումներ են եղել, որտեղ լրագրողները ենթարկվել են սպառնալիքների: Որոշ մարդիկ կարծես խրախուսում են ագրեսիան այս լրագրողների նկատմամբ: Կարծում եմ, որ մամուլի ազատությունը չի կարող գոյություն ունենալ այն միջավայրում, որտեղ լրագրողները սպառնալիքների են ենթարկվում: Մամուլում չպետք է տեղ լինի այն մարդկանց համար, որոնք աջակցում են նման վարքագծին:

Կարծում եմ, որ ավելի շատ բողոքներ կան ինքնության հարցերի հետ կապված, հատկապես ԼԳԲՏՔ+ համայնքի վերաբերյալ, և Իռլանդիայում տրանսգենդերների իրավունքների թեման ավելի ու ավելի կարևոր է դառնում: Ատելության սկզբունքը հավանաբար այն է, որը պահանջում է ուշադիր մոնիտորինգ: Այնուամենայնիվ, բողոքների մեծ մասը դեռ կենտրոնացած է ճշմարտության և ճշգրտության հարցերի վրա:

Լրագրության ոլորտի առջև ծառացած մարտահրավերներից մեկն այն է, որ շատ լրագրողներ, որոնց ես ճանաչում եմ, պետք է աշխատեն երկու կամ երեք անգամ ավելի շատ, քան նախկինում: Այսօր նրանք ստիպված են միաժամանակ զբաղվել աուդիո արտադրությամբ, վիդեո ստեղծելով,  խմբագրական ու տպագիր աշխատանքով։ Այս ամենը ավելացնում է նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը:

Հիմա լրագրողներն աշխատում են 24-ժամյա ցիկլով, և հաճախ նրանց այնքան ժամանակ չեն տալիս որակյալ բովանդակություն արտադրելու համար, որքան նախկինում էին տալիս: Մարդիկ փորձում են հետևել Կանոնագրքին, մինչդեռ զգալի ճնշման տակ են: Արդյունքում, այսօր լրագրողների համար ավելի ու ավելի դժվար է դառնում պահպանել էթիկական նորմերը։

Հարցազրույցը՝ Գեղամ Վարդանյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *