Նախորդ հոդվածում մենք ամփոփեցինք թվային, կիբեռանվտանգությանը վերաբերող խնդիրները, որոնց հանդիպել էր Հայաստանը 2024 թվականին։
Հիմա փորձենք ավելի լայն իմաստով դիտարկել հնարավոր վտանգները, որոնց կհանդիպի Հայաստանը 2025 թվականին։
Հասկանալի է, որ չկա մի սպառնալիք, որը չի փոխանցվի հաջորդ տարի, սակայն որոշ ոլորտներում մեզ սպասում են ավելի լուրջ ցնցումներ։
Նախընտրական պայքարի մեկնարկ
Հաշվի առնելով 2026 թվականի ընտրությունները՝ տարվա երկրորդ հատվածում սպասվում է տեղեկատվական լուրջ փոթորիկ։ Քաղաքական պայքարի միակ մեթոդը, որ այսօր մնացել է Հայաստանում՝ տեղեկատվականն է․ ավանդական մեդիայի և սոցիալական ցանցերի միջոցով։ Քաղաքական ուժերը, ամենայն հավանականությամբ, լրջագույն մարդկային և ֆինանսական ներդրումներ կանեն իրենց օրակարգը առաջխաղացնելու բոլոր հնարավոր մեդիա ալիքներով։ Սա նշանակում է մի քանի բան.
- Կստեղծվեն նոր լրատվամիջոցներ՝ հաճախ անհայտ ծագման։
- Լրագրության որակը հերթական անգամ մեծ անկում կապրի։
- Ատելության խոսքը և ապատեղեկատվությունը կդառնան հիմնական գործիքակազմներից մեկը և կհեղեղեն սոցցանցերը։
- Մեծ քանակի կեղծ օգտատերեր, էջեր կներգրավվեն, «ֆեյքաբուծարանները» կընդգրկվեն մեդիապայքարի մեջ։
- Այս անգամ քաղաքական քարոզչության մեջ, և գուցե նույնիսկ, որպես կուսակցական կազմի մի մաս, ակտիվ կօգտագործվեն ինֆլյուենսերները
Միջազգային հիբրիդային սպառնալիքներ
Ադրբեջանը և Թուրքիան կակտիվացնեն իրենց հիբրիդային գործողությունները Հայաստանի դեմ՝ հաշվի առնելով արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը մեծ տարածաշրջանում։
Կախված Ուկրաինայում պատերազմից՝ հնարավոր է կտրուկ ակտիվանան Հայաստանի դեմ ուղղված հիբրիդային հարձակումները Ռուսաստանի կողմից։
Ամեն դեպքւոմ, իրավիճակը վատթարանալու է նաև այն պատճառով, որ Հայաստանը չունի տվյալ պահին համապատասխան մշակված հայեցակարգ և ինստիտուտներ հիբրիդային սպառնալիլքներին լիարժեք դիմակայելու համար։
Միջազգային Կիբեռկրիմինալի ակտիվացումը
Արդեն իսկ Հայաստանը հայտնվել է զանազան միջազգային կիբերհանցավոր խմբերի թիրախում, որի շուրջ ակնհայտ է մի քանի միտում.
- Հարձակումների իրականացումը գնալով ավելի տեղայնացվում է՝ և՛ լեզվի, և՛ մասնավոր բովանդակության տեսանկյունից։ Թիրախավորվում են տեղական բանկերը և այլ ֆինանսական հաստատությունները, պետական կառույցները։
- Ամենայն հավանականությամբ, միջազգային խմբերը ակտիվորեն ներգրավում են հայաստանցիներին, որպեսզի առավել թիրախային իրականացնեն զեղծարարությունները։
- Մոտ ժամանակներում պետական և բանկային տիրույթում և՛ քանակապես, և՛ որակապես նոր թափ է ստանալու թվայնացումը, ինչն էլ իր հերթին կիբեռհարձակումների հնարավորությունների ավելի մեծ ծավալ է բերելու։
Արհեստական բանականության ազդեցությունը
ԱԲ-ն արդեն ակտիվորեն մտնում է հայաստանյան մեդիա տիրույթ։ Լրատվականներից շատերն իրենց աշխատանքում սկսում են օգտագործել զանազան գործիքներ։
Չարամիտ գործողությունների համար ԱԲ-ն նույնպես դարձել է հիանալի գործիք։ Եվ, միանշանակ, բոլոր վերոնշված սպառնալիքները իրականացվելու են նաև ԱԲ-ի միջոցով։
Սակայն հարկ է նշել նաև մի հնարավոր բացասական զարգացում։ Այն է, որ բազմաթիվ լրատվականներ կսկսեն չարաշահել ԱԲ-ի կիրառումը՝ բովանդակությունը ստեղծելով նման գործիքներով, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ ակամա ապատեղեկատվական հոսքերի ձևավորմանը, թե՛ բովանդակության որակի անկմանը։
Այս ամենը փաստում է, որ բոլորիս սպասվում է «ուրախ» 2025 թվական։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: