Տվյալների, հատկապես անձնական տվյալների արտահոսքն այսօր խնդիր է ամբողջ աշխարհի համար։ Նույնիսկ ամենահայտնի ու ամենապաշտպանված հարթակները պարբերաբար դառնում են հաքերային հարձակումների կամ այդ հարթակները սպասարկողների անզգուշության զոհ, ինչն էլ հանգեցնում է բազմաթիվ անձանց անձնական և շատ զգայուն տվյալների արտահոսքի։
Հայաստանը բացառություն չէ։ Բայց կան նրբություններ։
Նրբություն #1. Հայաստանի դեպքում արտահոսքերը «կրկնապատիկ» են։ Մեր տվյալները բոլորի համար հասանելի են դառնում ինչպես միջազգային, այնպես էլ հայաստանյան հարթակներից արտահոսքերի ժամանակ։
Նրբություն #2. Մենք այս ոլորտում ունենք որոշակի օրենդրություն, հատկապես կարելի է նշել «Անձնական տվյալների պաշտպանության» մասին օրենքը։ Սակայն չունենք հստակ իրավական միջավայր, վերահսկում։ Ունենք համապատասխան գործակալություն, որը չունի ներկա իրավիճակին համապատասխան հնարավորություններ։ Բացի դրանից, օրենքը անբարեխիղճ ընկերությունների համար չնչին պատժամիջոցներ է սահմանում։
Նրբություն #3. Նույնիսկ ամենահեղինակավոր ու պաշտպանված միջազգային հարթակներից գրանցվում են արտահոսքեր։ Սակայն, ի տարբերություն Հայաստանի,այս ոլորտում զարգացած երկներում տվյալների արտահոսքերի դեպքում այդ մասին հանրային ծանուցումը պարտադիր է։ Հայաստանի պատմության մեջ նույնիսկ մեկ ձեռքի մատները ավելին քան հերիք են նշելու այն դեպքերը, երբ հայաստանյան ընկերությունը հանրային ծանուցում է իրականացրել կամ գոնե իր օգտատերերին տեղեկացրել է իրենց իսկ տվյալների արտահոսքերի մասին։ Իսկ արտահոսքերի դեպքերը քանակով աննկարագրելի անգամ ավելի շատ են, քան նույնիսկ կարող է պատկերացնել ամենախիզախ ընթերցողը։ Կարճ ասած, Հայաստանում լինում են ահռելի քանակի, անթույլատրելի քանակի տվյալների արտահոսքեր, իսկ մարդիկ, որոնք դրանց պատճառով դառնում են խոցելի, ոչ մի կերպ չեն տեղեկացվում դրանց մասին։
Նրբություն #4. Շարունակելով երրորդ կետը, Հայաստանում գրեթե երբեք ոչ ոք պատասխանատվություն չի կրում տվյալների զանգվածային արտահոսքերի համար։
Որպեսզի ընդհանուր պատկերը պարզ լինի, բերենք մի քանի օրինակ վերջին տարիներից։
2020 թվականի ամռանը ադրբեջանական հաքերները հրապարակեցին կորոնավիրուսով հիվանդների և կոնտակտավորների հազարավոր տվյալներ՝ ստանալով դրանք զանազան էլեկտրոնային փոստեր կոտրելով, որոնց միջոցով բժշկական հաստատությունների կամ ՏԻՄ մարմինների ներկայացուցիչները ազատորեն փոխանակվում էին այս տվյալներով։
2020թ․-ի պատերազմի ընթացքում տեղի ունեցան աննկարագրելի մասշտաբի տվյալների արտահոսքեր, հատկապես՝ պետական սերվերներից։ Մենք այդպես էլ չենք տեղեկացվել, թե ինչն է, որտեղից և ինչ ծավալներով արտահոսել, ով է պատասխանատու եղել, ինչ դասեր են քաղվել։ Պետական մարմինները լռում են մինչև օրս։ Կարծես ոչինչ չի կատարվել։ Հետագայում, բավականին շատ անգամ արտահոսել են տվյալներ տարբեր մասնավոր ընկերություններից։ Այդ տվյալները հիմնականում ներառել են մարդկանց հասցեները, հեռախոսահամարները, անձնագրային տվյալները։
Նաև հարկ է նշել, որ ադրբեջանական և թուրքական հաքերային խմբավորումները մեծ միջազգային արտահոսքերի դեպքում ընդհանուր տվյալների բազայից զտում և հանում են զուտ հայաստանյան օգտատերերի տվյալները և հրապարակում այդ տեսքով՝ ավելի թիրախային խոցելի դարձնելով հայաստանցիներին։
Կան ավելի վտանգավոր դեպքեր, երբ արտահոսում են մարդկանց անձնագրերի լուսանկարները, կամ նույնիսկ մարդկանց սելֆիները անձնագրերի հետ միասին։ Նման տվյալները կարող են թույլ տալ մարդու անունից զանազան գործողություններ անել ցանցում՝ կեղծելով անձը։ Ընդհուպ մինչև վարկ վերցնելը կամ կիբեռհանցագործություն կատարել զոհի անունից։ Միայն վերջերս ադրբեջանական մի հաքերային թիմ հրապարակեց նման մի քանի հազար հայաստանցու անձնագրային լուսանկարներ։
Եվ, վերադառնելով արդեն նշվածին, նման դեպքերում ոչ միայն չկան պատասխանատուներ, այլ հազարավոր մարդիկ հենց այս պահին գտնվում են խոցելի վիճակում, բայց չկա մեկը իրենց տեղեկացնի, չկա պատասխանատու, չկա տիրություն անող (ու սա ավելի վտանգավոր է)։
Նման անպատասխանատու և անհոգ վիճակում նիրհած հասարակությունը օրեցօր դառնում է ավելի ու ավելի խոցելի։ Այս ամենի հիմնական պատասխանատուն պետությունն է, որը պետք է լինի համակարգողը, պարտադրողը և նույնիսկ պատժողը։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: