2024.10.23,

Նյուսրում

Շրջիկ մեդիա թանգարանը ներկայացնում է Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման դրվագները 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

«Լրատուն» մեդիա թանգարանի հինգերորդ նախագիծը՝ «Հակամարտության լրագրության դրվագներ» թարմացված ցուցահանդեսն այս անգամ Իջևանում է։ 

Ցուցադրության տասն օրերի ընթացքում այցելուները կարող են ներկայացված  բովանդակության միջոցով տեսնել ու ծանոթանալ, թե ինչպես են մամուլը, հեռուստատեսությունը,  վավերագրողները դեռևս 1988 -ից սկսած լուսաբանել Ղարաբաղյան հակամարտությունը։ 

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի (ՄՆԿ) Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյան ասում է, որ «Հակամարտության լրագրության դրվագներ»-ն առաջին անգամ ցուցադրվել է 2023-ի հունվարին։ Սակայն Արցախի բլոկադայից ու 2023-ի մեկօրյա պատերազմից հետո կարիք կար ցուցադրությունը թարմացնելու և հարստացնելու։     

«ՄՆԿ-ն իր գործունեության ընթացքում մշտապես կարևորել է հակամարտության լուսաբանումը։ Մենք հակամարտության մասին պատմել ենք մեր ստեղծած ֆիլմերի, հեռուստահաղորդումների, հեռուստակամուրջների ու վավերագրությունների միջոցով։ Կարծում եմ մեր հասարակությունը հակամարտությունը վերլուծելու, անալիզի ենթարկելու կարիք շատ ունի և այս ցուցադրության  ժամանակ ներկայացված նյութերը տալիս են դրա առիթն ու հնարավորությունը»,- ասում է Գեղամ Վարդանյանը։  

Ցուցադրության ընթացքում այցելուները հպէկրանների միջոցով ՄՆԿ արտադրանքից բացի, կարող են դիտել արխիվային տեսանյութեր, տարբեր տարիների փաստավավերագրական լուսանկարներ, տարբեր լրատվամիջոցների հեղինակած մուլտիմեդիա նախագծեր, որոնցից յուրաքանչյուրը պատմում է հակամարտության տարբեր ժամանակաշրջանի մասին։ 

Իջևանյան ցուցադրության մաս են արցախցի լուսանկարիչ Հայկ Հարությունյանի աշխատանքները։ 22-ամյա Հայկը պատմում է, որ  Արցախի բլոկադայի ժամանակ սիրողական լուսանկարչությունը վերածվեց մասնագիտության, քանի որ պետք էր թե՛ Հայաստանին, թե՛ աշխարհին պատմել կատարվողի մասին։ 

« 2020-ից հետո, երբ մենք առավոտյան արթնանում էինք առանց կրակոցի ձայներ լսելու, շունչ էինք քաշում՝ մտածելով, որ այդ օրը պատերազմ չի լինի։ Մեկօրյա պատերազմի օրն էլ էր կարծես թե խաղաղ սկսվել, բայց երբ կեսօրին հնչեցին առաջին պայթյունի ձայները, ես վերցրեցի տեսախցիկն ու դուրս վազեցի։ 3 օր առանց հանգստանալու, գիշեր-ցերեկ նկարում էի, տարբեր միջազգային լրատվականների էի ուղարկում, ինչը շատ դժվար էր, որովհետև կապ չկար։ Քաղաքի ինչ -որ մի հատվածում ստիպված էիր ձեռքդ մի դիրքում պահել, որ նկարն ուղարկվեր։ Ամենածանրը սեփական ցավը ներկայացնելն է, երբ և՛ լուսանկարիչ ես և՛ լրագրող և՛ մարդ, որը պետք է օգնի իր ընտանիքին»,- ասում է Հայկ Հարությունյանը։

Հայկ Հարությունյանը՝ «Լրատուն» մեդիա թանգարանում 

Լրատան հավաքչական մեծ ու ծավալուն աշխատանքը զարմացրել էր արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանին։ Հինգերոդ ալիքով եթեր հեռարձակված նրա «Ականատեսը» նախագիծը ևս ցուցադրվող նյութերի շարքում է։ 

«Այսքան նյութեր համատեղել և հավաքել մեկ տեղում ահռելի աշխատանք է։ Երբ ես անում էի «Ականատեսը» նախագիծը, ես անընդհատ օգտագործում էի  արխիվային նյութեր և դրանք շատ մեծ դժվարությամբ էի գտնում։ Ունենալ այսպիսի արխիվ ձեռքի տակ, այսպիսի ոսկե հավաքածու, մեծ նվեր է լրագրողական համայնքին»,- ասում է Ծովինարը։ 

ՄՆԿ «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական»  ծրագրի ղեկավար Մանե Գրիգորյանն էլ  անդրադառնալով ցուցադրության ծրագրին նշում է, որ առաջիկա տասն օրերի  ընթացքում լինելու են նաև տարբեր հանդիպումներ աշակերտների, ուսանողների, հասարակության տարբեր հատվածների ներկայացուցիչների հետ։ 

«Շրջիկ մեդիա թանգարանում կլինեն նաև ներքին ցուցադրություններ։ Մենք այս օրերին իջևանյան մեր այցելուների համար կցուցադրենք Լևոն Քալանթարի՝ «Շրջանի մասերը» և արցախցի լրագրող Մարիամ Սարգսյանի՝ «Վերջին Արցախցիները» ֆիլմը, որը ևս ստեղծվել է ՄՆԿ աջակցությամբ և  ֆիլմը»,- ասում է Մանե Գրիգորյանը։    

Մեդիա թանգարանի շրջանակում «Վերջին Արցախցիները ֆիլմի ցուցադրությունից հետո դահլիճում մի  պահ լռություն էր։ Ֆիլմի հեղինակ արցախցի լրագրող Մարիամ Սարգսյանն ասում է, որ հիմնականում միշտ այդպես է լինում։ Հետո լռությանը հաջորդում են գրկախառնությունները և հասկանում է, որ հիմնական մեսիջը տեղ է հասել։  

Մարիամ Սարգսյանը՝ «Լրատուն» մեդիա թանգարանում

«Միշտ մտածում եմ, թե ինչ լավ է, որ նկարեցինք այս ֆիլմը, ինչ լավ է, որ վավերագրեցինք այդ 4 պատմությունը։ Բնական  է, որ միայն այդ չորս կանայք չեն անցել այդ ամենի միջով, նրանք բոլորի մասին են պատմում։ Հիշում եմ, որ երբ նախապատրաստական շրջանում փնտրում էի մայրիկների, շատերը հրաժարվում էին։ Հասկանալի է, դեռ շատ քիչ ժամանակ էր անցել, նրանք դեռ պատրաստ չէին խոսելու, բայց ֆիլմը դիտելուց հետո շատերն են գրում, որ անհրաժեշտության դեպքում պատրաստեն խոսելու ու պատմելու»,- ասում է Մարիամ Սարգսյանը։   

Տասը տարվա պատմություն ունեցող շրջիկ մեդիա թանգարանն իր ցուցադրությունների ընթացքում միջավայր է ստեղծում  խոսելու մեդիայի, լրագրողների դերի ու աշխատանքի մասին։  

«Լրատան» հինգ ցուցադրություններն էլ շուտով  ամբողջությամբ հասանելի կլինեն նաև  օնլայն տիրույթում՝ վերազինվող lratun.am կայքում։     «Լրատան» ցուցահանդեսները տարբեր տարիների ներկայացվել են Երևանում,  Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում, Գորիսում, Կապանում։  Այս տարի Իջևանում անցկացվող ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 31-ը Իջևանի Լոֆթում։   

                                                                                         Լուսանկարները՝ Գևորգ Մկրտչյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *