«Տևական խաղաղություն Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է»․ ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ընթացքում։ Նա նաև ներկայացրել է մեր բաժին անելիքը՝ այդ խաղաղությունը ապահովելու գործում։ Մեր բաժինը, սակայն, խաղաղության հասնելու համար բավարար չէ, հատկապես որ խիստ տարբեր են մեր ու Ադրբեջանի ձգտումները՝ խաղաղությունը պայմանագրով ամրագրելու ճանապարհին։ Հայաստանի իշխանությունը՝ վարչապետ ու ԱԳ նախարար, ասում են՝ պատրաստ ենք մոտ ժամանակներս ստորագրել խաղաղության պայմանագիրը, մինչդեռ Ադրբեջանը, ակնհայտորեն, չի շտապում։
Ինչո՞ւ․ պատճառը պարզ երևում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների անվանումներում․ մերը կոչվում է «պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով» հանձնաժողով, իսկ նրանցը միայն «պետական սահմանազատման» հանձնաժողով։ Որևէ պայմանագրով սահմանային անվտանգություն ապահովելու խնդիր Ադրբեջանը չունի, մենք՝ ունենք, թեպետ գիտենք, որ խաղաղության ապահովման ամենալավ երաշխիքը պայմանագիրը չէ, կամ՝ միայն պայմանագիրը չէ։
Ինչի մասին է Կանոնակարգը
Սեպտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը հրապարակեց Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համագործակցության կանոնակարգը, որն ստորագրվել էր օգոստոսի 30-ին։ Սեպտեմբերի 5-ի նիստում Հայաստանի գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգի վավերացմանը՝ առանց քննարկման․ նախագիծը չքննարկվող հարցերի ցանկում էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատեհ չէ ՍԴ ուղարկելուց առաջ ընդլայնված քննարկում կազմակերպելը։ Կառավարության հավանությունն ստանալուց հետո Կանոնակարգի նախագիծը ուղարկվել է Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանում հարցի քննարկման ժամանակ, որպես կառավարության ներկայացուցիչ, հանդես կգա ՀՀ սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխարչապետ Մհեր Գրիգորյանը։ ՍԴ-ի որոշումից հետո հարցը կգնա Ազգային ժողով՝ վավերացման։
Ըստ Կանոնակարգի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվելու է 1991 թվականին ընդունված Ալմա-Աթայի հռչակագրով, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անքակտելիությունը։ Սա, սակայն, վերջնական համաձայնություն չէ և կարող է փոփոխվել՝ կախված խաղաղության համաձայնագրի բովանդակությունից։
«Եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերութուննների հաստատման մասին համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին», – նշված է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման Կանոնակարգում։
2024թ. մայիսի 15-ին Հանձնաժողովների 9-րդ հանդիպման արդյունքում Հանձնաժողովների միջև ստորագրված արձանագրության համաձայն՝ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979թ., Կողմերը համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրիմլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը:
Հայաստան-Ադրբեջան սահմանի որ հատվածն է առաջինը Կանոնակարգով սահմանազատվելու, հայտնի չէ։
Ինչ գիտենք խաղաղության պայմանագրի մասին
Հայաստանն ու Ադրբեջանը խմբագրումների նպատակով խաղաղության պայմանագրի մշակվող տարբերակը 11 անգամ փոխանցել են միմյանց, ու ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փաստաթուղթը 80 տոկոսով համաձայնեցված է։ Առավել կոնկրետ՝ «13 հոդվածներ և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս 3 հոդվածներ, որոնք բաղկացած են հիմնականում 2 նախադասությունից, մասնակի համաձայնեցված են, եթե ավելի առարկայական լինեմ, այդ հոդվածների նախադասություններից 1-ը համաձայնեցված է, մյուսը՝ համաձայնեցված չէ»,-ասել էր վարչապետը սեպտեմբերի 10-ին՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ընթացքում։
Խաղաղության պայմանագրի բովանդակությունից շատ բան հայտնի չէ, կամ գիտենք ընդամենը այն, ինչը տարբեր առիթներով ասել են իշխանությունները, այն է՝ վարչապետն ու ԱԳՆ-ն։
Այսպես, փետրվարի 7-ին Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծեց շուրջ երկու տարի քննարկվող խաղաղության պայմանագրի կետերից մեկը։ Նա ասաց՝ համաձայնեցված է, որ «կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար»։
Դարձյալ ըստ վարչապետի՝ համաձայնագրի չհամաձայնեցված կետերից մեկը պայմանագրի նախագծում ընդգրկվել է վերջերս՝ Ադրբեջանի առաջարկով․ ինչի մասին է խոսքը, հայտնի չէ։
5 ամիս անց՝ օգոստոսի 24-ին տեղեկություն հայտնեց Արտգործնախարարությունը՝ նշելով ոչ թե պայմանագրում ընդգրկված, այլ չընդգրկված մեկ հարց։ ԱԳՆ մամլո խոսնակ Անի Բադալյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ
Երևանի ու Բաքվի փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը:
Հայտնի է նաև, որ պայմանագրի նախագծում չկա գերիների վերադարձի հարց։ Սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում խոսելով այս մասին՝ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ կասկած հայտնեց՝ արդյո՞ք պայմանագրում հարցի հիշատակումն է հետ վերադարձնելու գերիներին։ Նրա դիտարկմամբ՝ հիշատակումը պարտադիր չէ, բայց պայմանագիրը կարող է օգնել, որ գերիները վերադառնան, եթե անգամ դրանում գերիների մասին խոսք չլինի։
ՀՀ իշխանությունը դեմ չէ, որ պայմանագիրը, թեկուզ չհամաձայնեցված հոդվածներով, ստորագրվի։ Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է սեպտեմբերի 18-ին։ ՀՀ վարչապետը համոզված է, որ այս պահին համաձայնեցված հարցերով պայմանագրի կնքումը չհամաձայնեցված հարցերի քննարկման համար մթնոլորտ, միջավայր կստեղծի։
Ուշագրավ է, որ ընդամենը մեկ տարի առաջ՝ 2023-ի մարտի 14-ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը համոզմունք էր հայտնել, թե քանի դեռ համաձայնեցված չեն պայմանագրի բոլոր կետերը, ուրեմն, համաձայնեցված չէ ոչինչ։ «Միայն մեկ պարբերության քննարկումը ճիշտ չէ, որովհետև պայմանագիրը չի կարող միայն մի պարբերությունից բաղկացած լինել»,- ասել էր նա։
Ավելի վաղ՝ հուլիսի 2-ին, նոր ձևաչափով խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին խոսել էր Ալիևը։ Կանադայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նա ասել էր․ «Խաղաղության պայմանագրի տեքստի կամ առնվազն դրա հիմնական սկզբունքների վրա աշխատանքը հնարավոր կլինի ավարտել մի քանի ամսվա ընթացքում: Կարծում եմ՝ դա կարող է լինել հնարավոր տարբերակներից մեկը՝ հասնել հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության, նախաստորագրել դրանք, այնուհետև աշխատել տեքստի վրա»։
Խաղաղության պայմանագրի հարցում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների այս համակարծությունը, սակայն, չի նշանակում, թե պայմանագիրը կարող է ստորագրվել։ Պայմանագրի ստորագրման համար՝ լինի մասնակի թե ամբողջությամբ, Բաքուն նույն բանն է պահանջում՝ փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: