Երեկ ՝ հունիսի 12-ին՝ Ազգային ժողովում, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, միջադեպ էր տեղի ունեցել անվտանգության աշխատակիցների և լրագրողների միջև։ ԱԺ անվտանգության աշխատակիցները փորձել էին լրագրողներին ուժով դուրս բերել վերջիններիս համար նախատեսված օթյակից։
Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում իրավիճակը Ազգային ժողովում լարվել էր, պատգամավորները սկսել էին փոխադարձ վիրավորանքներ հնչեցնել միմյանց հասցեին և քաշքշել իրար։ ԱԺ նախագահը հայտարարել էր ընդմիջում, ինչի հետևանքով էլ անջատվել էր ուղիղ հեռարձակումը։
Ժողովուրդ օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը պատմում է, որ հենց այդ ժամանակ լրագրողներին հատկացված օթյակ են մտել անվտանգության աշխատակիցները և առանց որևէ բացատրության, առանց որևէ հիմնավորման սկսել են ուժ կիրառելով դուրս բերել լրագրողներին իրենց մասնագիտական գործունեության համար նախատեսված վայրից։
«Անվտանգության աշխատակիցներին հաջողվեց օթյակի դռներին մոտ գտնվող իմ գործընկերներին՝ 24 news-ի, 5-րդ ալիքի լրագրողներին, քաշքշելով, ձեռքերը ոլորելով, դուրս հանել օթյակից։ Այդ ընթացքում ես և՛ նկարահանում էի նրանց գործողությունները և՛ հորդորում էի չխոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությանը և չսահմանափակել մեր իրավունքները, մասնավորապես, որ մենք գտնվում էինք հենց մեզ համար նախատեսված աշխատանքային տարածքում։
Ես անընդհատ կրկնում էի, որ ԱԺ-ն հանրային վայր է, տվյալ օթյակը օրենքով նախատեսված է լրագրողների համար և մենք պետք է ցույց տանք հանրությանը թե ինչ է Աժ-ում կատարվում»,- ասում է Քնար Մանուկյանը։
Լրագրողը պատմում է, որ կատարվածը ո՛չ իրավաչափ էր, ո՛չ էլ օրինաչափ։ Ասում է նախկինում էլ եղել են դեպքեր, երբ ընդմիջումների ժամանակ մնացել է նույն օթյակում և առանց որևէ խոչընդոտի շարունակել նկարահանել դահլիճում կատարվողը։
Տեղի ունեցածը լրագրողների մասնագիտական գործունեության սահմանափակում է համարում նաև Երևանի մամուլի ակումբի մեդիափորձագետ Հակոբ Կարապետյանը։ Նա ասում է, որ ՀՀ օրենսդրությամբ և միջազգային իրավունքի նորմերով լրագրողների մասնագիտական գործունեությունը սահմանափակել հնարավոր է միայն շատ կոնկրետ դեպքերում, որոնք էլ պետք է հիմնավորված ներկայացվեն հանրությանը։ Այս դեպքում նման հիմնավորում չկա։
«Կարող ենք ենթադրել, որ երբ ընդմիջում է հայտարարվել Ազգային ժողովում և անջատվել է ուղիղ, կենտրոնակական հեռարձակումը, լրագրողներին իրենց աշխատանքային օթյակից դուրս հրավիրելու միջոցով փորձ է արվել փակել այդ խողովակը ևս, և այդ կերպ դահլիճում տեղի ունեցողը ծածուկ պահել հանրությունից, ինչը շատ խնդրահարույց է։ Ցանկացած պարագայում հանրությունը պետք է հնարավորություն ունենա տեղյալ լինել, թե ինչ է կատարվում։ Նաև պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես է տվյալ գործողությունը կատարվում։
«Դուրս եկեք այստեղից արագ, արագ»․ ի՞նչ է սա նշանակում, այսպիսի խոսույթը վաղուց պետք է վերացած լիներ, ցավոք, վերջին տարիներին, մասնավորապես Ազգային ժողովում մենք հաճախ ենք տեսնում լրագրողների գործունեության սահմանափակումներ, այդ թվում նաև համազգեստավոր ծառայողների մասնակցությամբ»,- ասում է մեդիափորձագետը։
Լրագրողներին իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար հատկացված օթյակից դուրս հանելու փորձերը Ազգային ժողովում կարծես ավանդույթի ուժ են ստացել։ Ամեն անգամ, երբ իրավիճակը նիստերի դահլիճում լարվում է, պատմությունը քայլերի ճիշտ հաջորդականությամբ կրկնվում է։ Նույն էր պատկերը նաև տարիներ առաջ, օրինակ՝ 2021-ի օգոստոսի 25-ի, օգոստոսի 11-ի նիստերի ժամանակ։
Իշխանության ոչ իրավաչափ այս գործելավոճին անդրադառնալով՝ լրագրողական իրավապաշտպան կազմակերպությունները 3 տարի առաջ էլ իրենց մտահոգություններն էին հայտնել ու նշել, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների ու օպերատորների նկատմամբ իրականացվող այդ գործողությունները ապօրինություններ են՝ ուղղված խոսքի ազատության և հասարակության տեղեկացված լինելու իրավունքի դեմ։
2021-ի օգոստոսի 11-ին լրագրողական կազմակերպությունների կողմից արված հայտարարության մեջ էլ ասվում է․
- Արձանագրում ենք, որ Ազգային ժողովի խոսնակն ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները․ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքը չի նախատեսում այդպիսի գործառույթ։ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն և պետք է տեղեկանան, թե ինչ է կատարվում խորհրդարանում և ինչ վարքագիծ է դրսևորում յուրաքանչյուր պատգամավոր, անկախ նրանից՝ դա դրական, թե բացասական գնահատականների կարժանանա։
- Պահանջում ենք բացառել ԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման և անհիմն սահմանափակումներ կիրառելու որևէ քայլ։
3 տարի անց իրավիճակն ու պահանջները գրեթե չեն փոխվել։ Լրագրողական կազմակերպություններն այսօր էլ իրենց մտահոգությունն են հայտնել Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի վերաբերյալ և նշել, որ այս գործելաոճը խորհրդարանում դարձել է արատավոր ավանդույթ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: