Լրագրող Վահրամ Օրբելյանը Կապանի տարածաշրջանում գործող տպագիր մամուլի ամենափորձառու աշխատողներից է: Արդեն 28 տարի է նա հոդվածներ է գրում տարբեր պարբերականներում՝ 1985թ-ից «Ղափան» շրջանային թերթում, այնուհետեւ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական թերթում, հետո «Սյունյաց երկիր» մարզային թերթում, որտեղ էլ վերջին 10 տարիների ընթացքում աշխատում է որպես լրագրող եւ խմբագրի տեղակալ:
Նրա աշխատելու տարիներն համընկան անցումային ժամանակաշրջանի հետ, երբ լիովին վերափոխվեց ոչ միայն հայաստանցիների կյանքը, այլեւ ժուռնալիստիկայի ընկալումը: 30 տարի առաջ այն բոլորովին այլ էր:
Վահրամ Օրբելյանը հետադարձ հայացք է նետում այն ժամանակների լրագրության էջերի վրա. «…Սկսվեց Ղարաբյան շարժումը, միտինգները եւ այլն: Հայտնվեցինք շատ վատ իրավիճակում, մեզ էլ էին քննադատում, որ որոշ բաներ չէինք լուսաբանում, չէինք անդրադառնում, ադրբեջանցիները դեռ այստեղ էին, չգիտեինք ինչպես լուսաբանել, շատ վատ վիճակ էր…»:
Սովետական դարաշրջանի ժուռնալիստիկայի մասին հիշելիս՝ նա շեշտում է ժուռնալիստիկայի գործնական լինելը: Լրագրողները շատ էին շարժվում, պարտադրված թեմաներով հոդվածներ գրելու համար գյուղեր էին գնում՝ ֆերմաներից, գործարաններից նյութեր բերում եւ գրեթե միշտ ընթացքի մեջ էին:
«Այն ժամանակ Խորհրդային Միություն էր եւ մեզ ստիպում էին նյութեր տպագրել այսպիսի թեմաներով՝ «Անասնապահությունը հարվածային ճակատ», «Խոտհնձի դաշտերում»… Ֆերմաների բրիգադավարների, վարիչների ելույթներն էինք սղագրում: Խորհրդային Միության փլուզումից հետո ոչ միայն նոր կարգեր, անցումային շրջան եկավ, այլեւ՝ որակապես նոր ժուռնալիստիկա, որտեղ պարտադրված թեմաներ ու կապանքներ չկային: Հրապարակայնությունը, բաց խոսքը եւ այլն, մեզ համար դժվար էր սկզբից, հետո կամաց-կամաց հարմարվեցինք», – պատմում է Վահրամ Օրբելյանը:
Որպես սովետական մամուլի դրական կողմ նա նշում է հրապարակումներին արձագանքելու ավանդույթը: Տպագրված ցանկացած սուր հոդված քննարկվում էր Շրջկոմի բյուրոյում ու խնդրին լուծում էր տրվում: Վահրամ Օրբելյանը հիշում է, որ այն տարիներին, օրինակ, բնակիչներից մեկի ջրատաքացուցիչն էր փչացել, վերջինս դիմել էր խմբագրություն, այդ հարցը նույնիսկ բյուրոյում էր քննարկվել եւ ի վերջո, ջրատաքացուցիչը կարգավորվել էր:
Ըստ լրագրողի՝ այսօր այդ դրական հատկանիշը չի պահպանվել, որքան էլ լրագրողը գրի ու խոսի, միեւնույն է անտարբերության է բախվում, չկա նախկին զսպավածությունը եւ պատասխանատուներն այլեւս չեն զգաստանում հրապարակումներից.
«Սովետական Հայստան» թերթում նախարարներից մեկին քննադատեցին, կարծես ամպրոպ լիներ բաց երկնքում, դա աննախադեպ բան էր: Ներկայումս լրագրողն ազատ է համեմատաբար: Ազատությունը՝ այդ թարմ ու անհրաժեշտ հոսանքը, պետք է դրական արդյունք տա: Իսկ եթե իր դրական պտուղները չունի, ո՞ւմ է պետք: Ասում-խոսում են, անցնում-գնում է: Հիմա հին մարդիկ են հանդիպում ինձ, ասում են այսինչ խնդրի մասին գրի, դեռ հույս ունեն, որ գրելով հարցը կլուծվի: Բայց այդ լուծումը չի լինելու…»
Վահրամ Օրբելյանը կարծում է, որ Հայաստանում լրագրողի ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ֆինանսական անկախությունը: Եվ առաջարկում է լրագրողներին ամեն պարագայում լինել համերաշխ.
«Հիմա զարգացել է նոր մեդիան, ակտիվ գործում են սոցիալական կայքերը, որտեղ շատ փնթի նյութեր կան, վիրավորանքներ պարունակող հրապարակումներ եւ այլն: Շատ կարեւոր է լրագրողական համերաշխությունը: Մենք պետք է հարգենք միմյանց, իրար հաջողություններով ուրախանանք, իրար չնախանձենք, իրար ոտքի տակ չփորենք»:
Մերի Սողոմոնյան, Կապան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: