Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ անցյալ տարի Մոսկվայում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին, և չի կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցի։
«Ես չեմ էլ հիշում էդպիսի պրակտիկա, որ ՀՀ որևէ ղեկավար ամեն տարի մասնակցել է մայիսի 9-ի միջոցառմանը, կամ որևէ երկրի։ Չե՞ք կարծում, որ մի քիչ տարօրինակ կլինի, որ ասենք ամեն տարի ՀՀ ղեկավարը մասնակցի մայիսի 9-ի շքերթին»,- ասել է Փաշինյանը՝ արձագանքելով մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին չմասնակցելու վերաբերյալ հարցին։
«Ստուգված է»-ն ուսումնասիրել է, թե Հայաստանի նախկին ղեկավարներից ովքեր և քանի անգամ են մասնակցել Մոսկվայում կայացած մայիսյան զորահանդեսներին։
Լևոն Տեր-Պետրոսյան (1991-1998, փետրվար)
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցել է 1995թ․-ի ռազմական շքերթին Կարմիր հրապարակում, որը նվիրված էր Նացիստական Գերմանիայի դեմ՝ դաշնակիցների տարած հաղթանակի 50-րդ տարելիցին։ Սա առաջին ռազմական շքերթն էր Խորհրդային միության փլուզումից հետո։ Միջոցառմանը մասնակցում էին 56 պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Գերմանիա և այլն։
Հաջորդ տարի, ըստ «Ազգ» օրաթերթի՝ 1996թ․ մայիսի 14-ի համարի, Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է հաղթանակի օրը Հայաստանում․ Երևանում գտնվող ՌԴ ԱԳՆ Եվգենի Պրիմակովի հետ այցել է «Հաղթանակ» զբոսայգի և ծաղիկներ դրել Անհայտ զինվորի շիրիմին։
1997 թվականի վերաբերյալ որևէ տեղեկություն մեզ չհաջողվեց գտնել բաց աղբյուրներում, սակայն այդ տարվա Մոսկվայի ռազմական շքերթի տեսագրությունը և հայկական մամուլում նախագահի՝ Մոսկվայում գտնվելու մասին հաղորդագրության բացակայությունը հուշում են, որ նա, ենթադրաբար, այնտեղ չի գտնվել։
Ռոբերտ Քոչարյան (1998-2008)
Ըստ «Ազգ» օրաթերթի՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ մայիսի 9-ին մեկնել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ Շուշիի ազատագրման 6-րդ տարվան նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար։
1999թ․-ին Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է տոնակատարություններին «Հաղթանակ» զբոսայգում։
2000թ․-ին որևէ երկրի ղեկավար չէր հրավիրվել մասնակցելու տոնական միջոցառումներին Մոսկվայում։
2001թ․-ի մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու Հայաստանին նվիրված համաժողովին։
2002թ․-ի վերաբերյալ նույնպես մեզ չհաջողվեց որևէ տվյալ գտնել գործող նախագահի՝ միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ։
2003, 2004 և 2007 թվականների մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը գտնվել է Ստեփանակերտում՝ մասնակցելով մայիսյան տոնական միջոցառումներին։
2005թ․-ի այդ օրը Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում էր՝ մասնակցելու 1945թ․ հաղթանակի 60-ամյակի միջոցառումներին։
2006թ․-ին երկրորդ նախագահը չի մեկնել Մոսկվա, նա այցելել է «Հաղթանակ» զբոսայգի։
Սերժ Սարգսյան (2008- 2018, ապրիլ)
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին գլխավորապես գտնվել է Արցախում՝ մասնակցելով Շուշիի ազատագրման տարեդարձին (2008, 2009, 2011, 2012, 2013, 2014, 2017)։
2010 և 2015 թվականներին Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 65-րդ և 70-րդ տարեդարձին։
2016-ին Սերժ Սարգսյանը մայիսի 9-ը անցկացրել է Երևանում՝ այցելելով Եռաբլուր և «Հաղթանակ» զբոսայգի։
Նիկոլ Փաշինյան (2018-…)
Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման առաջին տարիներին (մինչև 2020թ․ պատերազմը) մայիսի 9-ը անցկացրել է Արցախում՝ մասնակցելով տոնական միջոցառումներին ( 2018, 2019, 2020):
2021 թվականին վարչապետը այցելել է Եռաբլուր, ««Հաղթանակ» զբոսայգի և Գեղաքունիքի մարզ։ Հաջորդող տարում Փաշինյանը մայիսի 9-ին գտնվել է Երևանում՝ այցելելով Եռաբլուր և «Հաղթանակ» զբոսայգի։
Միակ տարին, երբ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է տոնական միջոցառումներին և ռազմական շքերթին, 2023 թվականն է։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե ՀՀ ղեկավարները ամեն տարի չէ, որ մասնակցել են մայիսի 9-ին Մոսկվայում տեղի ունեցող միջոցառումներին, ճիշտ է։ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը մայիսի 9-ին գտնվել են Մոսկվայում մեկական անգամ, ՍերԺ Սարգսյանը՝ երկու անգամ, իսկ ինքը Փաշինյանը՝ մեկ։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: