2013.09.23,

Քննադատ

«Որբ» լրատվականների ժամանակները

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Արդեն շատ է խոսվել այն մասին, որ լրատվամիջոցների եւ դրանց նման այլ աղբյուրների (բլոգների, սոցցանցերի եւ այլն) սահմանները գնալով լղոզվում են: Այս ամենի մասին կարելի է խոսել տարբեր տեսանկյուններից:

Նորմալ լրատվամիջոցը տարբերվում է բամբասանքներ տարածող կայքից նրանով, որ ունի հասցե, հետադարձ կապի ու աշխատակազմի մասին տվյալներ: Եվ ամենակարեւորը՝ գոյություն ունեն անձինք, որոնք պատասխանատվություն են կրում իրենց տրամադրած տեղեկատվության համար:

Խոսքն այն մասին է, որ առնվազն խմբագրի անունը պետք է հայտնի լինի, եւ վատ չի լինի, որ նյութերը ստորագրված լինեն իրականում գոյություն ունեցող լրագրողների կողմից: (Չեմ բացառում, որ այս պայմանները կարող են չկատարվել ընդհատակյա ԶԼՄ-ի դեպքում, սակայն Հայաստանում տվյալ պահին մարդավարի ընդհատակ, որը չի հանդիսանում որեւէ քաղաքական ուժի դուստր ձեռնարկություն կարծես թե չկա):

Հայաստանյան ցանցային մամուլն այս տեսանկյունից շատ բազմազան է: Կան կայքեր, որոնք նույնիսկ «Մեր մասին» բաժին չունեն: Կան կայքեր, որոնք ունեն այս բաժինը, բայց այստեղ միայն պաթոսային գրառումներ են արված. «նորաստեղծ, բայց հավակնոտ…», «ազատ հարթակ է յուրաքանչյուր քաղաքացու համար՝ անկախ տարիքից, սեռից, քաղաքական ու կրոնական կողմնորոշումից», կամ «… նպատակը ՀՀ-ում քաղաքացիական հասարակության եւ ազատ խոսքի կայացումն է»: 

Հաճախ, որպես հրապարակող, ներկայացված է ինչ-որ ՍՊԸ, անուն-ազգանունները բացակայում են: Հաճախ կարելի է ենթադրել, որ ցանցային լրատվականը չունի քաղաքային հասցե. լրագրողները կարող են տնից աշխատել: Իհարկե, ոչ ոք չի արգելում նման աշխատաոճը, սակայն երբ բացակայում են հետադարձ կապի տվյալները (անգամ հեռախոսահամարներ չեն նշվում), լրատվամիջոցի աշխատանքը կարող է խնդիրներ առաջացնել:

Ուսումնասիրենք Circle.am-ի «Լուրեր եւ լրատվամիջոցներ» բաժնում զետեղված կայքերի մասին տեղեկատվությունը: Առաջին 50 կայքերի մեծ մասը կամ թերի տվյալներ է տրամադրում, կամ գրեթե չի տրամադրում:

Այն կայքերը, որոնք ընթերցողին մատչելի ձեւով հա՛մ տրամադրում են հետադարձ կապի տվյալները, հա՛մ ներկայացնում են խմբագրակազմը, շատ չեն (հաշվի են առնվել Հայաստանում գործող ԶԼՄ-ները, օրինակ, «Երկրամաս» թերթը նույնպես կարող էր այդ ցանկում լինել, սակայն խմբագրությունը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում):

Թվարկենք դրանք. News.am, 168.am, «Առավոտ», eMedia.am (այստեղ խմբագիրները ներկայացված են «Հեղինակներ» բաժնում), Armenia Today, Civilnet, «Հետք», Новости-Армения, ArmeniaNow, «Голос Армении» (Circle.am-ում չընդգրկված ռեյթինգային կայքերից կարելի է նաեւ նշել, օրինակ, «Մեդիամաքս»-ը եւ «Ազատություն»-ը):

Փաստացի, լրատվական կայքերի միայն 20%-ն է ներկայանում ընթերցողներին այնպես, ինչպես կարելի է նորմալ համարել:

Հասկանալի է, որ Հայաստանը փոքր երկիր է, շատ խմբագիրներ իմ եւ շատերի լավ ընկերներն են: Բոլորս էլ գիտենք, թե ինչ հարգված լրագրողներ են աշխատում, օրինակ, «Հայկական ժամանակ»-ում, բայց ամեն դեպքում, նրանց մասին տեղեկություն փոխանցելն ավելի ճիշտ է, քան չփոխանցելը:

Ամեն դեպքում, երբ «նորմալ» լրատվականները հարկ չեն համարում իրենց տվյալները լիարժեք ներկայացնել, յուրահատուկ լղոզված մթնոլորտ է ձեւավորվում ողջ դաշտում, ինչն էլ հնարավոր է դարձնում «որբ» կայքերի առաջացումը եւ բարգավաճումը: Դա էլ իր հերթին նվազեցնում է հասարակության վստահությունը լրատվամիջոցների եւ լրագրողների հանդեպ:

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *