2024.01.31,

Նյուսրում

Համադրելով վիրտուալն ու իրականը․ անվտանգության դասընթացներ լրագրողների համար 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Վիրտուալ իրականության պայմաններում հայտնվել արտակարգ իրավիճակում, ճգնաժամի ընթացքում հետևել սեփական հույզերին, կատարել ռիսկերի գնահատում ու լուսաբանել այն՝ չմոռանալով անվտանգության կանոնների մասին։  

Ճգնաժամային իրավիճակներում աշխատող լրագրողների հմտությունները զարգացնելու համար՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» (ՄՆԿ) կազմակերպել էր լրագրողների անվտանգության վերապատրաստման դասընթաց։ Արդյունքում դասընթացի մասնակից լրագրողները դարձան դասընթացավարներ, որոնք վերապատրաստումներ են անցկացնում թե՛ իրենց խմբագրություններում, թե՛ լրագրողական տարբեր խմբերում։  

«Լրագրողների անվտանգության թեմայով կանոնավոր և շարունակական վերապատրաստման անհրաժեշտության մասին սկսեցինք մտածել 2020-ի պատերազմից հետո։ Պատերազմի լուսաբանումը լրատվամիջոցներն ու առանձին լրագրողներն իրականացրեցին՝ ելնելով իրենց ֆիզիկական և հոգեբանական կարողություններից։ Ակնհայտ էր, որ լրագրողական համայնքը թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, թե՛ ռիսկերը գնահատելու տեսանկյունից կարիք ուներ սովորել՝ ինչպե՞ս պատրաստ լինել արտակարգ իրավիճակներում աշխատելուն»,- ասում է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» ուսուցման բաժնի ղեկավար Նարինե Սաֆարյանը:  

Ուսումնասիրելով միջազգային փորձը, հարցումների միջոցով հասկանալով խմբագրությունների կարիքներն ու խնդիրները՝ կազմվեց լրագրող- թրեյներների վերապատրաստման ծրագիրը։ Որպեսզի մասնակիցները սեփական փորձով կարողանային սովորել ու ձեռք բերել ճգնաժամային իրավիճակում աշխատելու հմտություններ՝ դասընթացավարները դիմել էին VR սարքերի օգնությանը։  

«Դասընթացի ժամանակ մասնակիցները VR սարքերի միջոցով 2 արտակարգ իրավիճակում էին հայտնվում։ Առաջինը վերաբերում էր բողոքի ցույցի ժամանակ լրագրողների աշխատանքին։ Այս էպիզոդում մասնակիցը ոչինչ չէր անում, միայն հետևում էր իր շուրջ կատարվող դեպքերի զարգացումներին։ Սա ինքնաճանաչման, տվյալ իրավիճակում իր արձագանքը հասկանալու հնարավորություն էր ստեղծում և թույլ էր տալիս ռիսկերի գնահատում կատարել։ Երկրորդը թվային անվտանգության մասին էր»,- պատմում է Նարինեն։ 

Մասնակիցները լրագրողների անվտանգության դասընթացի ժամանակ

Վիրտուալ իրականությունում լրագրողների անվտանգության թեմայով մոդուլների ու սարքերի կիրառման հարցում ՄՆԿ-ն համագործակցել է միջազգային ճանաչված Head Set կազմակերպության հետ։  

Հենց Heda Set-ի ներկայացուցիչներն էլ Հայաստանում 15 հոգուց կազմված լրագրողների խմբի հիմնական դասընթացավարներն էին։ Խումբը քառօրյա դասընթացի ընթացքում բավականին մանրամասն ուսումնասիրել է նաև առաջին բուժօգնության հմտություններն ու կանոնները։  

Ինֆոքոմ կայքի լրագրող Հայարփի Բաղդասարյանը պատմում է, որ դասընթացի ընթացքում VR իրականությունից ռեալ իրականություն անցումը շատ հետաքրքիր էր ստացվում և վերածվում էր ռեակցիաների մարզման։ 

«Հիշում եմ, որ բողոքի ցույցի տեսանյութում մենք ունեինք գործընկեր՝ վիրտուալ օպերատոր, որին ցուցարարները հարվածներ էին հասցրել, շատ լարված, էմոցիոնալ իրավիճակ էր։ Հետո, երբ այդ էպիզոդն ավարտվեց ու հանեցի VR ակնոցը, տեսա, որ կողքիս վիրավոր մարդ է ընկած։ Հենց այդ էմոցիոնալ վիճակում էլ ես պետք է կարողանայի նրան առաջին բուժօգնություն ցուցաբերել»,- պատմում է Հայարփին։  

Առաջին բուժօգնության շատ պրակտիկ, իրականությանը շատ մոտ դեպքերի հետ աշխատանքը Հայարփիի կարծիքով ձևավորում է ֆիզիկական և ենթագիտակցական հիշողություն, ինչը թույլ է տալիս իրականում նման իրավիճակներում ավելի ճիշտ ու արագ կողմնորոշվել։ 

Հայարփի Բաղդասարյանը վերատրաստում անցկացնելիս

Հայարփին, որպես իր վերապատրաստման դասընթացի թեմա, ընտրել է պատերազմական իրավիճակում լրագրողների անվտանգության խնդիրը։ Դասընթացն առաջին անգամ անցկացրել է նախ իրենց խմբագրությունում։ Մշակել է գործողությունների պլան, թե նման իրավիճակում ինչպե՞ս պետք է աշխատի Ինֆոքոմը։  

«Նախկինում, պատերազմական գործողություն կամ սահմանային լարված իրավիճակներ լուսաբանելիս, մեր խմբագրությունում մենք իմպուլսիվ որոշումներ ենք կայացնել։ Հիմա իմ նպատակն է, որ ունենանք նախնական մշակված նախագիծ, որտեղ նշված կլինի, թե ինչպես ենք պլանավորում կոնֆլիկտի վայր գնալ, ինչպե՞ս ենք ընտրում, թե աշխատակիցներից ով է և՛ ֆիզիկապես և՛ հոգեպես պատրաստ կոնֆլիկտի գոտում աշխատելուն, ինչպե՞ս ենք կողմնորոշվելու տեղանքում և որ ամենակարևորն է, վիրավորումների ժամանակ ինչպե՞ս ենք առաջին բուժօգնությունը կազմակերպելու»,- ասում է Հայարփին։  

Ռազմական գործողություների լուսաբանմանն է անդրադարձել նաև լրագրող  Գևորգ Թոսունյանը։ ՍիվիլՆեթի լրագրողը, որը հիմա նաև դասընթացավար է, նախկինում ուներ ռազմական գործողություններ լուսաբանելու փորձառություն։ Նա աշխատել էր 44-օրյա պատերազմի ժամանակ։  

Գևորգը պատմում է, որ վերապատրաստման ամբողջ ընթացքում զուգահեռներ է անցկացրել 44-օրյայի լուսաբանման ժամանակ իր կատարած գործողությունների հետ ու գտել մի շարք սխալներ, որոնք կարող էին անդառնալի հետևանքներ ունենալ։  

Իր նախագծի առաջին փորձարկումը Գևորգն էլ իրականացրել է իրենց խմբագրությունում։ 

Գևորգ Թոսունյանը վերապատրաստում անցկացնելիս։ Լուսանկարը տրամադրել է Գևորգ Թոսունյանը։

«Թրեյնինգների շարունակականությունը չափազանց կարևոր է։ Գործընկերներս բավականին ոգևորված էին։ Իմ նախագիծն ունեցել է հետաքննական և կողմնորոշիչ կոմպոնենտ։ Ծանոթացրել եմ քարտեզներից օգտվելու հմտություններին, ներկայացրել եմ նրբություններ, թե ռազմական գործողությունների ժամանակ աշխատելու համար ինչպիսի վայրեր ընտրել, որոնք չլինեն հակառակորդի թիրախում։ Առանձին ենթավերնագրով անդրադարձել եմ պատերազմական ձայներին։ Ես այն վերնագրել էի ծանոթ աղմուկ ու նշել, որ նախքան ռազմական գործողությունների վայր մեկնելը, շատ կարևոր է ծանոթ լինել ԱԹՍ-ի, հրետանու ձայներին, որ դրանք ավելորդ խուճապ չառաջացնեն»,- պատմում է Գևորգը։ 

Ի տարբերություն իր գործընկերների՝ Factor.am-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանը որոշել է անդրադառնալ բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների անվտանգությանն առնչվող խնդիրներին։ Նախքան լրագրողների անվտանգության դասընթացին մասնակցելը, նա լուսաբանել է բազմաթիվ ներքաղաքական զանգվածային ցույցեր ու բողոքի ակցիաներ։  

Խոստովանում է՝ եղել են դեպքեր, երբ ավելի հետաքրքիր կադրեր ու հարցազրույցներ ունենալու համար, երբեմն հայտնվել է բողոքի ակցիայի հենց կիզակետում՝ ստորադասելով իր իսկ անվտանգությունը։ Թրեյնինգի իր անհատական ծրագիրը կազմելիս՝ Նարեկը կիրառել է ինչպես վերապատրաստման ընթացքում ստացած գիտելիքները, այնպես էլ իրենց խմբագրության սահմանած անվտանգության քաղաքականության կանոնները։

Նարեկ Կիրակոսյանը վերապատրաստում անցկացնելիս։ Լուսանկարը տրամադրել է Նարեկ Կիրակոսյանը։

«Թրեյնինգի ժամանակ ներկայացրել եմ, թե նկարահանող խումբը ինչպես պետք է ապահովի իր անվտանգությունը զանգվածային լարված իրադարձություններ լուսաբանելիս։ Օրինակ՝ ինչպե՞ս ընտրել անվտանգ վայր, ինչո՞ւ է կարևոր անընդհատ խմբագրության հետ կապի մեջ լինելը, քննարկել ենք, թե լրագրողն ինքնուրույն ի՞նչ որոշումներ կարող է կայացնել դեպքի վայրում, եթե չի կարողանում կապ հաստատել խմբագրության հետ։ Միասին դիպել ենք ու քննարկել նախկինում իմ պատրաստած տեսանյութը, որտեղ ես հայտնվել եմ ոստիկանների ու ցուցարարների մեջտեղում։ Գործընկերներիս հետ փորձարկել ենք նաև բողոքի ակցիային վերաբերող VR էպիզոդը»,- ասում է Նարեկը։  

Մինչև լրագրող- թրեյներները փորձարկում են իրենց կազմած դասընթացները, ՄՆԿ-ում աշխատում են այս բոլոր նախագծերը հավաքելու, միավորելու և մեկ ամբողջական դասընթաց դարձնելու ուղղությամբ։ Այն լինելու է լիարժեք ուսումնական ծրագիր՝ մշակված մեթոդաբանությամբ, անհրաժեշտ ուսումնական նյութերով, որ հետագայում խմբագրությունները ցանկության դեպքում կարողանան վերցնել ու ազատ օգտագործեն այն։  

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *