Վրաստանում գործում է 69 հայկական եկեղեցի, որոնցից երկուսը՝ մայրաքաղաք Թբիլիսիում։ Այս մասին «Ստուգված է»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ասել է Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը։ Վրաստանի մայրաքաղաքով շրջելիս՝ կարելի է հանդիպել նաև չգործող՝ խոնարհված եկեղեցիների, որոնցից շատերը տասնամյակներ շարունակ կռվախնձոր են Վրաց ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիների միջև։ Երկու երկրների հոգևոր կենտրոնները չեն կարողանում համաձայնության գալ՝ ի վերջո ո՞ւմ են պատկանում այդ եկեղեցիները։
Մի կողմ թողնելով եկեղեցիների ծագումնաբանության հարցը՝ մենք կպատմենք, թե որոնք են այդ եկեղեցիները և թե ինչ վիճակում են հայտնվել՝ երկու երկրների անհամաձայնությունների պատճառով։
Ըստ Վիրահայոց թեմի՝ վիճաբանության առարկա են 6 եկեղեցիներ՝ Թբիլիսիի Երևանցոց Սուրբ Մինասը, Մուղնու Սուրբ Գևորգը (Մուղնու Մեծ), Շամխորեցոնց Կարմիր Ավետարանը, Սուրբ Նշանը (Սուրբ Նիկողայոս), Նորաշեն Սուրբ Աստվածածինը, ինչպես նաև Ախալցխայի Սուրբ Նշանը (Ս.Վարդանանց)։
Սուրբ Մինաս
Սուրբ Մինասը գտնվում է Գելատի 13 հասցեում՝ Թբիլիսիի Հավլաբար հայաբնակ թաղամասում՝ գործող Սուրբ Էջմիածին եկեղեցու հարևանությամբ։ Հայ և վրաց աղբյուրները համակարծիք են եկեղեցու հիմնադրման տարեթվի առիթով. հիշատակվում է 1790 թվականը։ Ժամանակին եկեղեցին ընդգրկել է փողոցի ողջ երկայնքը։ Ներկայումս փայտյա ծածկը ամբողջությամբ փլված է: Արևելյան և արևմտյան ճակատամասերը ֆրոնտոններ չունեն:
Armenianchurch.ge-ն գրում է, որ բոլշևիկների վարած հակակրոնական քաղաքականության հետևանքով 1924 թվականին Թիֆլիսի կենտգործկոմի որոշմամբ Սրբ. Մինաս եկեղեցին հատկացվեց Հավլաբարի շրջկոմին` այնտեղ շրջանային ակումբ բացելու նպատակով: Հետագայում եկեղեցու շենքը գործածվեց որպես կարի արտադրամաս, իսկ 1990-ական թվականների կեսերից այն ամայի էր: ԽՍՀՄ փլուզումից հետո Երևանցոց Սրբ. Մինասը վիճելի եկեղեցիների թվին է դասվել:
2007 թվականին Սրբ. Մինասին տրվեց պատմական հուշարձանի կարգավիճակ, սակայն դա չնպաստեց եկեղեցու պահպանման գործին: 2014թ-ին անձրևների պատճառով քանդվեց եկեղեցու տանիքը, որը վերանորոգելու փոխարեն քաղաքապետարանը ամբողջությամբ եկեղեցին ազատեց տանիքից։ 2019 թվականի հրդեհից հետո եկեղեցին մոտ է հիմնովին ոչնչանալուն։
Եկեղեցու բակում բնակվում են հարկադիր վերաբնակներ։ Վրացական Human rights կազմակերպության հետ զրույցում վերջիններս պատմել էին, որ տարածքը նրանց հատկացրել է կառավարությունը: Նրանցից մեկը նույնիսկ սեփականաշնորհել է եկեղեցու նկուղը։ Բնակիչները ասել էին, որ իրենք դեմ չեն հեռանալ եկեղեցու տարածքից, եթե պետությունը այլընտրանք առաջարկի։
2013 թվականին Վիրահայոց թեմը դիմել էր Գլխավոր դատախազությանը, որպեսզի կառույցն ուսումնասիրի տաճարի և հարակից տարածքի սեփականաշնորհման օրինականությունը: Որոշ ժամանակ անց, սակայն, գործը կարճվել էր։ 2014-ին Վիրահայոց թեմը դիմել էր հանրային պաշտպանին՝ խնդրանքով ուսումնասիրել Սուրբ Մինասի հարակից տարածքի օտարման օրինականությունը։ 2016-ին Վրաց պատրիարքարանի քարտուղար Հայր Միքայել Բոտկովելին Human rights-ին ասել էր, որ հայկական թեմն անիրատեսական պնդումներ ունի եկեղեցիների վերաբերյալ։
«Մեր պատմական խնդիրների արմատները ընկած են այն ժամանակաշրջանում, երբ հայերը Թբիլիսիում տաճարներ էին գնում։ Ինչպե՞ս կարող է Վրաստանում ավելի քան 600 եկեղեցի հայկական լինել։ Նրանք վստահեցնում են, որ այդքան շատ եկեղեցիներ ունեն, և այդ պատճառով նրանց հետ շատ դժվար է երկխոսել։ Նրանք շատ անիրատեսական պնդումներ ունեն»,- ասել էր խոսնակը։
«Ստուգված է»-ի այցը եկեղեցու տարածք ցույց տվեց, որ իրավիճակը չի փոխվել։ Այժմ էլ եկեղեցին կիսափուլ վիճակում է, տարածքը լի է աղբով և կան մասնավոր շինություններ։ Բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ տեղահանվել է Աբխազիայից և բնակվելու այլ տեղ չունի։
«Թեմը ի զորու չէ հարկադիր վերաբնակներին հանել եկեղեցու տարածքից, նրանց տեղավորել է վրացական իշխանությունը: Իհարկե, մենք դրանով չենք բավարարվում և ամեն անգամ բարձրաձայնում ենք եկեղեցու բակը բնակելի տարածք դարձնելու մասին: Ցավոք, Թեմը ի վիճակի չէ այդտեղ բնակվող ընտանիքներին հանել եկեղեցու տարածքից և այլ տեղ վերաբնակեցնել: Մենք այդքան ո՛չ իշխանություն, և ո՛չ էլ հնարավորություն ունենք»,- «Ստուգված է»-ի հարցմանն ի պատասխան գրել էր Վիրահայոց թեմի առաջնորդը:
Մուղնու Սուրբ Գևորգը
Մուսնու Սբ Գևորգը գտնվում է Թբիլիսիի ամենազբոսաշրջային Սոլոլակի թաղամասում՝ Ակոսպիրելի 8 հասցեում։
Եկեղեցու հիմնադրման տարեթվի հետ կապված շրջանառվող տեսակետները բազմաթիվ են: Ըստ վրացական պաշտոնական աղբյուրների՝ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1751 թվականին, մինչդեռ հայկական կողմը հիշատակում է 1356 կամ 1537 տարեթվերը։
Ըստ Վիրահայոց թեմի՝ խորհրդային շրջանում Սուրբ Գևորգը վերածվել է պահեստի: Տարիների ընթացքում շինությունը մատնվել է անուշադրության և քայքայվել։ 1990-ական թվականներին այն ճանաչվել է վթարային և վերջնականապես փակվել։
Եկեղեցին մշակութային ժառանգության կարգավիճակ է ստացել 2007 թվականին, չնայած դրան, գտնվում է անմխիթար վիճակում։ 2009 թվականին փլուզվել է քանդված շենքի գմբեթը և պատերի մեծ մասը։ Այն գտնվում է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության հաշվեկշռում։ Կառույցը, սակայն, քայլեր չի ձեռնարկում եկեղեցին վերականգնելու ուղղությամբ։ Մուտքի դռների արանքում տեղադրվել է ցանց, որպեսզի մարդիկ ներս չմտնեն, բայց նույնիսկ այդ կանոնը չի պահպանվում։ Եկեղեցու ներսում բնակություն են հաստատել թափառական կատուները, տեղի բնակիչները և զբոսաշրջիկները հաճախ հաղթահարում են այդ ցանցերը և կերակրում կենդանիներին։
Շամքորեցոց (Շամխորեցոնց) Կարմիր ավետարան
Շամքորեցոց Սրբ. Աստվածածինը, հայտնի նաև Կարմիր ավետարան անունով, գտնվում է Հավլաբարում՝ Փերիսցվալեբա 21 հասցեում։ Կարմիր ավետարանը եկեղեցու ժողովրդական անվանումն է, որը կառույցը ստացել է խորանում պահվող կարմիր ավետարանի և կարմիր տուֆից պատրաստված լինելու համար։
Եկեղեցու հիմնադրման վերաբերյալ տվյալները տարբեր են։ Վիրահայոց թեմը հիշատակում է 1735 թվականը, Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությունը՝ 1840-ականները։ Ըստ վերջինիս՝ այն կառուցել են Շամքորիից (Ադրբեջան) աքսորված հայերը։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո, ինչպես Թբիլիսիի մյուս հայկական եկեղեցիները, Շամքորեցոցը ևս փակվեց: Այդ տարիներին շենքը գործածվել է տարբեր նպատակներով. այն վերածվել է հացի գործարանի, ապա՝ պահեստի: 1980-ական թվականներին ծառայել է որպես վրաց նկարիչների արվեստանոց: 1989 թ. ապրիլին եկեղեցին մեծապես ավերվել է՝ ենթադրաբար երկրաշարժի հետևանքով (թեև Վիրահայոց թեմն այստեղ դիտավորություն է տեսնում)։
Շամքորեցոցը խորհրդային տարիներին Թբիլիսիի ամենամեծ եկեղեցին էր (հիշատակվում է 40մ բարձրությունը)։ Այժմ մեծ է եկեղեցու կործանման վտանգը, որին նպաստել են նաև 2002 և 2012 թվականների հրդեհները։ Դրանց արդյուքնում փլուզել է պատերից մեկը, որը կառավարությունը հրաժարվել է վերականգնել: 2013 թվականին Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությունը մրցույթ էր հայտարարել, որը հաղթել էր «Art building» ՍՊԸ-ն։ Նախագծով ընկերությունը պետք է եկեղեցու պահպանման աշխատանքներ կատարեր՝ հետագա անկումը կանխելու համար, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով նախագիծն այդպես էլ կյանքի չկոչվեց։
2009-ից սկսած տարբեր տարիների Վիրահայոց թեմը դիմել է իշխանություններին՝ եկեղեցին վերադարձնելու հարցով, սակայն փորձերը արդյունք չեն տվել։ Այժմ պահպանվել է եկեղեցու միայն արևելյան պատը։
2016 թվականին Կարմիր Ավետարան եկեղեցուն կից եռահարկ տան շինարարություն սկսվեց։ Շինարարական աշխատանքներն իրականացվեցին ծանր տեխնիկայի օգնությամբ, արդյունքում առաջացած տեղաշարժերը սպառնում էին տաճարի կայունությանը։
«Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը» (TDI), որը զբաղվում է Վրաստանում ազգային և կրոնական փորքամասնությունների իրավունքներով, համարում է, որ շինարարության թույլտվությունը տրվել է օրենքի կոպիտ խախտումով.
«2007թ-ից եկեղեցուն տրվել է մշակութային ժառանգության անշարժ հուշարձանի կարգավիճակ…. Տաճարի պատին կից (մոտ 4-5 մետր) շինարարություն է սկսվել, որը կոպտորեն անտեսում է մշակութային ժառանգության վերաբերյալ սահմանված նորմերը»,- նշված է կազմակերպության զեկույցում։
Թբիլիսիի քաղաքապետարանի՝ TDI-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը հուշարձանին հասցված վնասի վերաբերյալ կոնկրետ ապացույցներ չի ներկայացրել։ Այդ պատճառով էլ շինարարությունը կասեցնելու որոշում չի կայացվել։
«2016 թ. դեկտեմբերից եկեղեցու հարևանությամբ սկսվել են շինարարական աշխատանքներ, փորվել է բազմաբնակարան մեծ շենքի հիմք, որն էլ վթարային իրավիճակ է ստեղծել եկեղեցու հետագա պահպանությանը: Չնայած թեմի բազմաթիվ ահազանգող նամակներին, հարցին լուծում չի տրվել: Կա նաև մի նրբություն, եկեղեցուն շատ մոտ տարածքում իր ժամանակին գործել է մանկապարտեզ, թեև դա նույնպես եղել է անօրինական: Շահագրգռված կողմերը այն ժամանակ ասելիս են եղել, որ դա հանդիսացել է կարմիր գիծ եկեղեցու տարածքի և հարակից տարածության միջև: Եվ այդ պնդումների հիման վրա իրականացրել են շինարարական աշխատանքները: Դա նույնպես օրենքի խախտում է»,- մեր հարցմանն ի պատասխան ասել է Վիրահայոց թեմի առաջնորդը:
Կարևոր է, որ Շամխորեցոցը գտնվում է Վրաստանի հաշվեկշռում, Վիրահայոց թեմը չունի օրինական լծակներ՝ պահանջելու եկեղեցու պաշտպանությունը։ Վրաստանի օրենսդրությունը թույլ է տալիս բողոքարկել ակտը միայն այն դեպքում, երբ կա շինթույլտվությամբ պատճառված վնասը կանխելու օրինական շահ։
Սուրբ Նշան
Սուրբ նշանը Թբիլիսիի ամենահին եկեղեցիներից է։ Վրացական աղբյուրներով կառուցվել է 1703-1720 թթ.։ Վիրահայոց թեմը հիմնադրման տարեթիվ է նշում 1624-ը։ Գտնվում է Թբիլիսիի կենտրոնում՝ Սուլթանիշանի 6 հասցեում։
Եկեղեցուն կից եղել է նաև գերեզմանոց։ 1970-ական թվականներին հյուսիսային հատվածում գտնվող տապանաքարերի մեծ մասն ասֆալտապատվել է: Տեսանելի են մնացել միայն սակավաթիվ տապանաքարեր, որոնք փոքր-ինչ բարձր են մյուսներից։
1928 թ., Թբիլիսիի մի շարք եկեղեցիների հետ մեկտեղ, փակվեց նաև Սրբ. Նշանը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եկեղեցին ծառայել է որպես մակարոնի և վերմիշելի պահեստ: 1980-ական թվականների սկզբներին վերածվել է գրքերի պահոցի։ Սրբ. Նշանին մեծ վնաս են հասցրել նաև հրդեհները։ Եկեղեցում որոշ ժամանակ գործել է նաև շների կացարան։
Տարիների ընթացքում եկեղեցուն կից մեկը մյուսի ետևից սկսել են կառուցվել բնակելի շինություններ: 2011 թվականին Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությունը մրցույթ է հայտարարել, որը հաղթել էր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը՝ ICOMOS Georgia-ն։ Վերջինս մշակել էր Սրբ. Նշանի ամբողջական վերականգնման նախագիծ, որի հիման վրա հայտարարվել էր վերակառուցման նոր հայտ։ 2012-ին մրցույթը շահել էր «Constructor» ՍՊԸ-ն։ Ընկերությունը կատարել էր շենքի մի հատվածի ամրացման աշխատանքներ, որոնք դադարեցրին ներքին տարածքի հյուսիսային հատվածի փլուզումը։ Շուտով, սակայն, աշխատանքները կասեցվեցին, քանի որ Թբիլիսիի քաղաքապետարանը չկարողացավ վտարել եկեղեցու հարակից տարածքում բնակվող քաղաքացուն։
Նորաշեն Սուրբ Աստվածածին
Սուրբ Նորաշենը, ըստ Վիրահայոց թեմի, կառուցվել է 1467 կամ 1507 թվականին։ Վրացական կողմը նշում է 1796 թվականը։ Եկեղեցին Թբիլիսիի կենտրոնում է՝ Կոտե Ափխազի 41 հասցեում։
Human rights-ի փոխանցմամբ՝ 1925 թվականին խորհրդային իշխանությունները փորձել են քանդել եկեղեցին, սակայն հանդիպել են Թբիլիսիի բնակչության դիմադրությանը։ Ի վերջո շենքը հատկացվել է Վրաստանի գիտությունների ակադեմիայի գրադարանին։
2014թ.-ին Մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությունը հայտարարեց մրցույթ, որը շահեց Engineer Opinion ՍՊԸ-ն։ Ընկերությունը պատրաստել էր Նորաշենի եկեղեցու վերականգնման ամբողջական նախագծային փաստաթղթերը: 2014 թվականի սեպտեմբերին «Աբա խումբ» ՍՊԸ-ն սկսել էր եկեղեցում վերականգնողական աշխատանքները, որոնք իրականացվել են Վրաստանի պատմական հուշարձանների պահպանության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Չնայած տարված աշխատանքներին՝ Սրբ Նորաշենը ևս չգործող եկեղեցի է։ Վիրահայոց թեմի փոխանցմամբ՝ այն և Սրբ. Նշանը պահածոյացված եկեղեցիների թվում են։
«Գործող իշխանությունների շնորհիվ այդ եկեղեցիների տարածքները ցանկապատված են, կատարվել են ամրակայման աշխատանքներ, որոնք ապահովում են եկեղեցիները հետագա փլուզումներից: Մենք աշխատանքներ ենք տանում պահածոյացված եկեղեցիների ցուցակը ընդարձակելու և մյուս խոնարհված, բայց կանգուն եկեղեցիները այդ ցուցակի մեջ նույնպես մտցնելու ուղղությամբ, որը կփրկի այդ կոթողները ավերածություններից: Շարունակում ենք աշխատանքները վիճելի հայոց եկեղեցիները Թեմին վերադարձնելու ուղղությամբ»,- նշված է Վիրահայոց թեմի՝ մեզ ուղղված պատասխան նամակում։
Այսպիսով, Թբիլիսիում կա առնվազն հինգ եկեղեցի, որը հայ և վրաց եկեղեցիները չեն կարողանում «կիսել»։ Երկու եկեղեցիների տարաձայնությունների պատճառով՝ տուժում են մշակութային կոթողները, որոնք, անկախ պատկանելությունից, երկու ժողովուրդների պատմության անբաժան մասն են եղել։ Այդ եկեղեցիներն այժմ խոնարհված են, իսկ որոշները՝ ոչնչացման եզրին։
* Այս հոդվածի համար Flourish հարթակում հրապարակված լուսանկարները media.am-ի սեփականությունն են։ Դրանք կարելի է օգտագործել՝ հղում անելով media.am-ին։
Կարմիր Ավետարանը փլուզվել է քանի, որ բեմն էին ուզում պայթեցնել, երկրաժարժից 3 օր անց,,, երկրաշարժից հարակից տները չքանդվեցին եկեղեցին քանդվեց՞․․․
Հարգելի ընթերցող, շնորհակալ ենք արձագանքի համար։ Նյութում մենք նշել ենք եկեղեցու փլուզման հետ կապված թե՛ Վրաստանի պաշտոնական, թե՛ Հայ առաքելական եկեղեցու տեսակետները։ Մեզ չի հաջողվել դիտավորյալ պայթեցման հետ կապված որևէ փաստ գտնել։ Եթե Դուք ունեք փաստեր, խնդրում ենք տրամադրել դրանք մեզ և մենք կվերանայենք հոդվածը։