2024.01.18,

Նյուսրում

Ֆոտոլուրը կդիմի դատարան, եթե իր հեղինակած լուսանկարների ապօրինի օգտագործումը շարունակվի

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

«Ֆոտոլուր» լրատվական գործակալությունն արձանագրել ու հավաքել է ապացույցներ, որ հայկական բազմաթիվ լրատվամիջոցներ հեղինակային իրավունքի խախտմամբ, առանց թույլտվության օգտագործել են գործակալության լուսանկարները։  

«Ֆոտոլուր»-ը դիմում բողոք է ուղարկրել Տեղեկատվական վեճերի խուրհուրդ, որտեղ ներկայացրել էհեղինակային իրավունքի խախտումների շուրջ 40 ակտիվ հղում։ Դրանցում երևում է, որ օրինակ armday.am, freenews.am, analitik.am, hayeli.am, noyantapan.am, civic.am, mediahub.am և այլ կայքերը՝ չհանդիսանալով «Ֆոտոլուր»-ի բաժանորդ, օգտագործել են գործակալության նկարները։  

«Ֆոտոլուր»-ի տնօրեն Մելիք Բաղդասարյանը պատմում է, որ գործակալությանը բաժանորդագրված լրատվամիջոցները շուրջ 15- են, իսկ առանց թույլտվության ու առանց վճարելու՝ «Ֆոտոլուր»-ի նկարներն օգտագործողները՝ շատ ավելի շատ:  

«Ես չեմ վախենա ասել, որ նկարների գողությունն այսօր ամեն քայլափոխի է տեղի ունենում: Ով, երբ, ինչ նկար ուզում է վերցնում է ու օգտագործում: Հեղինակային իրավունքի պահպանությունն այսօր զրոյական մակարդակում է գտնվում։ Մեր նկարները, երբեմն մեր բաժանորդների մոտից էլ են գողանում։ ՏՎԽ ներկայացրած դիմումում լրատվամիջոցների մի խմբի անուններն ենք միայն նշել»,- ասում է գործակալության տնօրենը:  

Խմբագրություններին ուղարկված նախազգուշական նամակները, նրանց հետ քննարկումները խնդիրը չեն լուծել: «Ֆոտոլուր»- ն օրինակ պատասխան գրություն է ստացել Hayeli.am-ից, որտեղ ասվում է, որ լուսանկարները կայքը վերցրել է Google-ից և այդ ժամանակ լուսանկարում «Ֆոտոլուր» գործակալության լոգոն արդեն կտրված է եղել: 

«Իրենց պատասխանում գրել են, որ անճշտությունը կապված է Google-ի հետ, իսկ իրենց միակ սխալն առանց լոգո լուսանկարը կայքում տեղադրելն է եղել: Ինձ առաջարկել են խնդիրը պարզաբանել Google-ի հետ ու ներողություն են խնդրել թյուրիմացության համար»,- ասում է Մելիք Բաղդասարյանը և ավելացնում, որ գրությունից հետո էլ ոչինչ չի փոխվել։  

Ուսումնասիրելով ներկայացված փաստերը՝ ՏՎԽ-ն հայտնել է իր մասնագիտական կարծիքը, որտեղ հստակ նշել է, որ ներկայացված դեպքերում խախտվել են «Ֆոտոլուր»-ի ինչպես գույքային (ապահովում է հեղինակի նյութական շահերը), այնպես էլ ոչ գույքային( ստեղծագործության հեղինակ ճանաչված լինելու) հեղինակային իրավունքները։  

«Ելնելով խախտումների բնույթից ու ծավալից, «Ֆոտոլուր» գործակալությունը իրավունք ունի դիմել դատական պաշտպանության՝ քաղաքացիական դատարանից հայցելով ինչպես գույքային վնասների փոխհատուցում, այնպես էլ լուսանկարները հրապարակելու ժամանակավոր արգելանք (դատական քննության ընթացքում) և մշտական արգելք (դատական վերջնական որոշման հիման վրա)՝ որպես իրավական պաշտպանության միջոցներ։  

Եթե հեղինակային իրավունքի խախտումը պատճառել է 500 հազար դրամից ավելի վնաս, դա կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Ընդ որում, 2022 թվականին ընդունված նոր Քրեական օրենսգրքի համաձայն՝ քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել նաև կազմակերպությունները»,- նշված է ՏՎԽ եզրակացության մեջ։ 

ՏՎԽ անդամ Աշոտ Մելիքյանի կարծիքով հեղինակային իրավունքի խախտումները հայկական լրատվական դաշտում շատ-շատ են։ ՏՎԽ-ի այս կարծիքը վերաբերում է մեկ դեպքի, բայց այն պետք է համարել նախադեպային ու ընդունել որպես սթափեցնող հայտարարություն ամբողջ լրատվական դաշտի համար։  

«Խորհուրդը հայտարարել է, որ պատրաստ է դառնալ միջնորդ և առաջարկել վեճը լուծել արտադատական ճանապարհով ՝ գործակալությանը որոշակի փոխհատուցումներ վճարելով և պայմանագրային հիմունքներով համագործակցելու միջոցով։ Սակայն, եթե էթիկական և բարոյական մեխանիզմներն արդյունք չտան, ուրեմն նմանատիպ խնդիրներն արդեն իրավական հարթությունում պետք է դիտարկել»,- ասում է Մելիքյանը։  

Հեղինակային իրավունքի խախտման բազմաթիվ դեպքերի առկայությունը նա պայմանվորում է պատասխանատու մեդիաների քիչ լինելու հանգամանքով։ Առաջարկում է, մասնագիտական էթիկայի կանոնները վկայակոչելով, զարգացնել ամոթի ինստիտուտը, և կատարելագործել ու բարեփոխել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը։ 

«Այժմ պատրաստվում է մեդիա օրենսդրության բարեփոխումների հայեցակարգ, որում հեղինակային իրավունքին վերաբերող օրենսդրական կարգավորումները նույնպես ներգրավվելու են։ Բացի այդ կարծում եմ, որ խնդրի լուծմանը կնպաստի նաև ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի կայացումը։ Երբ լրատվամիջոցները, իրենց համար ընդունեն լրագրողական էթիկայի նորմեր և ստեղծեն ինքնակարգավորման մարմին, սա ևս կլինի զսպող մեխանիզմ գրագողության դեմ։ Չկա էթիկայի այնպիսի վարքականոն, որտեղ նման վարքագիծը ընդունելի կհամարվի»,- ասում է ՏՎԽ անդամը։ 

Որ այս բարեփոխումները կնպաստեն ոլորտի առողջացմանն ու խնդրի լուծմանը «Ֆոտոլուր»-ում այնքան էլ վստահ չեն։ Մինչև այդ նրանք քսանից ավելի լրատվական կազմակերպությունների դեմ դատական գործ են նախապատրաստում։ 

Մարիաննա  Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *