2023.11.18,

Քննադատ

1489. թիվ, մարդ, ֆիլմ ու նաև՝ «մենք»-ի մասնիկ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Երբ երիտասարդ դաշնակահարուհի Շողակաթ Վարդանյանը Հետք մեդիա գործարանում սովորում էր լրագրություն, հաստատ չէր պատկերացնում, որ ֆիլմ է նկարահանելու և այն էլ մի ֆիլմ, որը կդառնա մեծ (անասելի մեծ) հաջողություն հայ վավերագրական կինոյի պատմության մեջ։ Որ կստացվի կորստի ահռելի ցավը մոնտաժել այնպես, որ ցավը զրնգա ու սառած սպասումը ռեզոնանսի մեջ մտնի ուղեղում ոչ մի կերպ չտեղավորվող ու սրտերը տակնուվրա անող իրավիճակի հետ։

Շողակաթի եղբայրը՝ երաժիշտ Սողոմոնը 2020- ի հայ-ադբերաջանական պատերազմ մեկնեց ու այդպես էլ չվերադարձավ։ Ամիսներ շարունակ ընտանիքը որոնում էր նրա մասին ինֆորմացիա՝ հույս տածելով, որ տղան ողջ է։

Օրերը ծորում էին, Շողակաթն իր ծնողների հետ որսում էր ամեն մի լուր ու ամեն հիշատակում՝ ողջերի ու զոհվածների ցանկում։ Գնում էր դիահերձարաններ, անցնում ԴՆԹ թեստերի շարանով, փորձում նեցուկ լինել ծնողներին ու հաշտվել այն մտքի հետ, որ ծայրահեղ եզրագծում հնարավոր է ապրել (կամ գոնե ինքն իրեն համոզում էր, որ հնարավոր է)։ Եվ այդ բոլոր օրերի ընթացքում նա նկարահանում էր։

Ինչպես ինքն է ասում՝ նկարահանում էի, քանի որ այլ բան անել չէի կարող։

Նա սափրեց իր գեղեցիկ գանգուր մազերը, մտավ սառած ռեժիմի մեջ ու վավերագրեց իր ընտանիքի հետ կատարվող ամեն մի դրվագ։ Արդյունքում ստացավ կիլոմետրերով հում նյութ ու ենթագիտակցական զգացում, որ եթե չկարողանա պատմել իր ու իր ընտանիքի մասին, չի կարողանա շնչել։

Ֆիլմի գաղափարը խմորվեց հենց սկզբից, բայց պահանջվեց երեք տարի մինչ ֆիլմն ուրվագծվեց ու ստացավ վերջնական մոնտաժային տեսքը։ Իրականում, Շողակաթի նկարահանած նյութից կարելի էր միանգամից մի քանի ֆիլմեր հավաքել ու բոլորն էլ կլինեին շատ տարբեր։

Բարեբախտաբար հայ կինոյի համար Շողակաթ Վարդանյանը չշտապեց, թեև հասկանում էր, որ պատմելով միայն կարելի է ցավը գոնե մի քիչ մեղմել։ Որ ավարտելը ավելի բարդ է, քան սկսելը։

Ընդ որում՝ նա նկարահանում էր բացառապես հեռախոսով, ինչը հուժկու փաստարկ է, որ լավ արդյունքի համար կարևոր է ոչ թե ինչով ես նկարում, այլ ինչպես։

Իսկ Շողակաթը նկարում էր զարմանալի հասուն ու հստակ մոտեցմամբ՝ թե՛ տեխնիկապես, թե՛ դրամատուրգիայի պահանջերից ելնելով։ Նա որսում էր նաև իր ընտանիքի այն փխրուն երջանիկ պահերը, երբ թվում է, որ հրաշքը հնարավոր է։ Որ փոքր մոլորված ճնճղուկին ազատելու նման, կարող է օրերից մի օր Սողոմոնը հետ գա։ Որ աղետը կանխազգող ծնողները անվերջ հետևելով լրահոսին, մեծ ցավի մեջ էին ընկղմվում, որ անձնական ցավը մի քանի վայրկյան թուլանա։

Միայն պատկերացրեք, թե ինչ է զգում ընտանիքը, երբ գրեթե երկու տարի ապրում է անորոշության մեջ՝ մահվան բոթի ու օրեցօր ավելի մարող հրաշքի հույսով։

Հրաշք տեղի չունեցավ, Սողոմոնը դարձավ թիվ (նրա մասունքների համարն էլ դարձավ ֆիլմի վերնագիր), և Շողակաթը սկսեց իր ֆիլմի ֆորման որոնելու ճանապարհը։

Շատ մարդիկ են նրան աջակցել, ու թերևս մեծ դեր խաղացին կինոռեժիսոր Դավիթ Ստեփանյանն ու ռուսաստանցի վավերագրող Մարինա Ռազբեժկինան, որի դպրոցը անցնելով Շողակաթ Վարդանյանը մոնտաժեց արդեն ֆիլմի վերջնական տարբերակը։ Եվ առաջին իսկ փառատոնային հայտնությամբ ստացավ գլխավոր մրցանակների մի փունջ։

Դա ամենալուրջ դոկումենտալ փառատոններից մեկն է՝  IDFA-ը, Ամստերդամի միջազգային վավերագրական կինոփառատոնը, որի հեղինակությունն ու սկզբունքները խարսխված են մարդասիրական ուղերձների ու մարդու ազատությունների արժևորման վրա։

Շողակաթ Վարդանյանի «1489» դեբյուտը  IDFA-ում արժանացավ է միանգամից երկու կարևոր մրցանակների՝ համարվեց լավագույն ֆիլմ և ստացավ կինոքննադատների FIPRESCI ժյուրիի մրցանակը։

Տեսեք, թե ինչպես է փառատոնը բնութագրում ֆիլմը (իսկ այդ ձևակերպումները ոչ պակաս արվեստային-քաղաքական արժեք են, քան բուն ֆիլմերը).

«Ֆիլմը ներգործում է որպես ներս թափանցող լույս՝ տեսանելի  դարձնելով թաքնված վշտի ահռելի ներքին լանդշաֆտը, անտանելի բացակայությունից ստեղծելով իրական ներկայություն։ Կինոն որպես գոյատևման գործիք, թույլ է տալիս նայել դեպի այն, ինչը նախընտրում ենք չտեսնել։ Եվ վերջապես, սա անմոռանալի կինոյի օրինակ է՝ որպես սիրո ակտի»։

Անտանելի բացակայությունը դառնում է սեր։ Եվ դա լավագույնն է, ինչ կարող է անել արվեստը։

Շողակաթ Վարդանյանի ֆիլմում այնքան սեր կա, որ նույնիսկ վախենալու է։ Ինչպես է հաջողվել նրան գտնել այդ հնչերանգը (վախի ու սիրո բալանսը), միայն ինքը գիտե։ Շատ մեծ ջանքերով, իհարկե։

Եվ մենք նրան շնորհակալ ենք նաև, որ չի շտապել, փնտրել է, ականջ դրել, համառել ու համբերել մինչ այն պահը, երբ ֆիլմն արդեն որպես հասունացած սիրո ակտ դուրս է եկել միջազգային հարթակներ։

Շողակաթն իրականում շատ ամուր մարդ է և ֆիլմի մոնտաժման ողջ ընթացքում շատ լավ զգացել է, թե ինչ չի ուզում անել, որտեղ են կարմիր գծերն ու որտեղ պետք է լինի լռությունը, այլ ոչ թե հույզերի խտացումը։

1489 ֆիլմի պաստառը IDFA-ում

Փառատոնային այս հաղթանակը շատ մեծ արժեք է այն ոլորտում, որը սովոր ենք կոչել տեղեկատվական փափուկ ներգործություն։ Այդ հաղթանակն ավելի է, քան ցանկացած ճակատային մեդիա նյութ կամ քաղաքական հայտարարություն։

Սա մաշկով վերապրած պատմություն է։ Եվ անցել է խորհելու, ճիշտ ռիթմն ու կադրերը ընտրելու ու ի վերջո, «մենք»-ի ու  «ես»-ի ներքին երկխոսություն կառուցելու բարդ փուլերով։

Հետաքրքիր է, որ անցյալ տարվա ամռանը «Ոսկե ծիրանի» ժյուրիի կազմում աշխատած IDFA-ի գեղարվեստական տնօրեն, ծագումով սիրիացի Օրվա Նիրաբիան, արդեն ծանոթացել էր հայաստանյան կինոյի լանդշաֆտին։ Եվ նաև պրոֆեսիոնալ կինոգործիչների ու փառատոնների շփումների շնորհիվ է, որ հիմա ունենք ֆիլմ, որի մասին աշխարհը խոսում է։ Եվ դա մեր մասին ֆիլմ է։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *