Վերջին տարիներին հանրության վարքը՝ մեդիա կոնտենտը սպառելու հարցում, փոխվել է։
Դրան նպաստել են մի շարք գործոններ՝ 2018 թվականի հեղափոխությունը, 2020 թվականի 44-օրյա պատերազմը, հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար բռնկվող սրացումները, Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանումը։
Մինչ այս խոշոր իրադարձությունները մարդիկ տեղեկատվական պրոդուկտը սպառելու այլ վարք էին դրսևորում, տեղեկատվության ընտրության այլ մեթոդներով էին առաջնորդվում, տեղեկատվությունը հեռարձակողի նկատմամբ այլ վերաբերմունք ունեին։
«Սոցիոսկոպ» ՀԿ հետազոտող Մարիամ Խալաթյանն ասում է, որ այս գործընթացը միանգամայն բնական է, քանի որ հանրային ընկալումները տրանսֆորմացիայի են ենթարկվում բեկումնային իրադարձություններից հետո։
Նա նշում է, որ վերոթվարկյալ իրադարձությունները ավանդական մեդիա միջոցներին բաժանեցին երկու պայմանական խմբերի, ինչի հետևանքով մարդիկ դարձան այս կամ այն խմբի գաղափարակիցն ու տրամադրած տեղեկատվության սպառողը ու մեդիա դաշտում այլընտրանքային կարծիքները լուսանցք մղվեցին։
«Մեր բոլոր հետազոտությունները վկայում են, որ մարդիկ տեղեկատվության պակաս այսօր չունեն։ Ինֆորմացիոն մեծ հոսքից, յուրաքանչյուրը, իր մեդիագրագիտության սահմաններում, ընտրում է իրեն հարմար, շատ դեպքերում իրեն հաճելի տեղեկատվությունը՝ պայմանավորված սեփական շահերով, քաղաքական հետաքրքրություններով, ու դառնում դրա սպառողը»,- նշում է Խալաթյանը։
Սոցիոլոգն ասում է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո իրենց իրականացրած հետազոտությունները ցույց էին տալիս, որ մարդիկ ավելի շատ հետևում էին քաղաքական որոշ դեմքերի ֆեյսբուքյան էջերին, տեղեկատվությունը ստանում էին այդ անհատներից, և ոչ ավանդական մեդիա միջոցներից։
Սակայն, այս միտումը նվազեց 2020 թվականի պատերազմից հետո և մեդիայի հանդեպը վստահությունը պակասեց։
«Մարդիկ սկսեցին չվստահել մեդիային 44-օրյա պատերազմից հետո, որովհետև «Հաղթելու ենք» կարգախոսը, որը շահարկվում էր և որի ֆոնին լռեցվում էր այլակարծությունը, պարզվեց կեղծ է։ Մարդիկ իրենց խաբված ու խոցելի էին զգում։ Այս քարոզչության հետևում ակտիվ գործում էին սոցիալական ցանցերը, առցանց լրատվականները, դրա համար անվստահությունն իրենց նկատմամբ խորացավ ու մեծացավ վստահությունը հեռուստատեսության նկատմամբ։ Մարդիկ հեռուստատեսությունը սկսեցին ընկալել որպես պաշտոնական լրահոս հեռարձակող, որն ավելի զգույշ էր իր ձևակերպումներում և աստիճանաբար դարձավ ավելի վստահելի, քան համացանցը»,- նշում է Մարիամ Խալաթյանը։
Ըստ նրա՝ 44-օրյա պատերազմից հետո նկատելի էր մարդկանց իրար մեջտեղեկատվության շրջանառության միտում․ «Մարդիկ հակված են տեղեկատվության ավելի վստահելի աղբյուր համարել իրենց բարեկամին, ծանոթին կամ հարազատին։ Պատերազմական գործողությունների ժանամանակ, հատկապես, մարդիկ զանգում էին սահմանամերձ համայնքներում բնակվող իրենց մտերիմներին ու իրենցից էին ինֆորմացիա ստանում»։
Սոցիոլոգն ասում է, որ մեդիայի նկատմամբ քննադատությունը պարբերաբար սրվում է, որովհետև մարդիկ աստիճանաբար դառնում են մեդիագրագետ, առնվազն մտածում են այդ մասին ու փորձում են ֆիլտրել ստացված տեղեկատվությունը, համեմատել աղբյուրները, վերլուծել։ Խալաթյանի խոսքով, իրենց հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել նաև, որ որոշ դեպքերում երիտասարդները սկսել են հետևել նաև ադրբեջանական աղբյուրներին, որպեսզի այդ տեսակետին էլ ծանոթ լինեին։
«Հանրության մտահորիզոնը մեծանում է, մարդիկ լավ հասկանում են, թե քաղաքական ինչ շահեր է հետապնդում մեդիան, որ կայքը ում է պատկանում, որ հեռուստաալիքի հետևում ով է կանգնած։ Դրա համար քիչ թե շատ ամբողջական պատկեր ունենալու համար կարդում են տարբեր աղբյուրներ, այդ թվում՝ ոչ հայկական, որպեսզի փորձեն վերլուծել ու հասկանալ իրավիճակը»,- նշում է Մարիամ Խալաթյանը։
Նա նկատում է, որ խնդրահարույց է նաև մեդիայի աշխատանքը, լրատվամիջոցները ձայն չեն տալիս բոլորին, դրա համար մարդիկ ստիպված են լինում այլընտրանքային կարծիք ստանալու համար դիմել այլ աղբյուրների։
«Վերջերս խաղաղության, պատերազմի, ապագայի հարցերի շուրջ մեդիա դիսկուրսի վերլուծություն էինք իրականացրել։ Երկու լրատվամիջոցի հաղորդումներ էինք դիտարկել՝ «Սիվիլնեթի» Արշալույս Մղդեսյանի և «Ազատության» Կառլեն Ասլանյանի հարցազրույցները։ Ու եկանք այն եզրահանգման, որ մարգինալ ու առանձնացվող տեսակետներ այդ հաղորդումներում չէին հնչում։ Հարցազրույցներին հրավիրված էին նույն մարդիկ՝ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներ, փորձագետներ, որոնք հաճախ քաղաքական երկու բևեռների տիրապետող դիսկուրսներն էին գեներացնում։ Ստացվում է, որ մեդիան գեներացնում էր քաղաքական դաշտի միանման նարատիվներ՝ իշխանական թևից, ընդդիմադիր թևից, բայց այլընտրանքային կարծիքներ ներկայացված չեն»,- մանրամասնում է սոցիոլոգը։
Ամփոփելով, Մարիամ Խալաթյանը նշում է, որ տեղեկատվությունն ընտրելիս մարդիկ առաջնորդվում են հետևյալ սկզբունքներով՝
- Ի՞նչ քաղաքական շահ է հետապնդում տեղեկատվություն տարածող հարթակը
- Նախկինում ինչպիսի՞ փորձառություն է եղել տվյալ մեդիայից օգտվելիս
- Որքանո՞վ է տրամադրվող տեղեկատվությունը համապատասխանում իրենց պատկերացումներին և քաղաքական հայացքներին։
Կլինիկական հոգեբան Սիրանուշ Գրիգորյանը ևս համակարծիք է, որ մարդիկ փոխել են տեղեկատվությունը սպառելու իրենց վարքը, բայց դա արել են անգիտակցորեն։ Ըստ նրա՝ վերջին տարիների ընթացքում բազմաթիվ գործոններ են եղել, որոնք փոխել են տեղեկատվության ընտրության նկատմամբ հանրության վարքը, բայց մնացել են աննկատ։
«Վարքը փոխվեց սոցիալական ցանցերի ակտիվացմամբ։ Մասնավորապես Ֆեյսբուքում շատ են խտացնում գույները, տեղեկատվությունը մատուցվում է առաջին հերթին հուզական երանգներով ու մարդիկ դա գնում են։ Այդ կայքերը այդ քայլին են գնում դիտումների համար, որպեսզի գումար աշխատեն, իսկ մարդիկ դառնում են դրա զոհը։ Դրա վառ ապացույցն այն է, որ էմոցիոնալ, զգայուն վերնագրերով հրապարակումներն ամենադիտվածն են։ Քոփի-փասթով զբաղվող լրատվականները, որոնք չեն հետևում էթիկայի նորմերին, այս տարիների ընթացքում ձևավորել են զգայուն հոգեբանություն ունեցող մի լսարան, որը նման տեղեկատվություն է սպառում ու չի էլ գիտակցում, որ էմոցիաների տակ շատ հաճախ ապատեղեկատվություն է։ Սա իհարկե մեծ աղետ է»,- նշում է հոգեբանը։
Ըստ նրա՝ նման տեղեկատվություն սպառող մարդիկ խոցելի են, նրանք ունեն վախի, տագնապի զգացում, խուճապի մեջ են, պարբերաբար տրամադրության անկումներ են ունենում, որովհետև կորցնում են իրականության զգացումը։
«Պատերազմից հետո շատ են հրապարակումներն այն մասին, որ հիմա հերթը կհասնի Հայաստանին, որ շուտով հանձնվելու է Սյունիքը և այլն։ Սրանք հուզական կարծիքներ են, փաստազուրկ, չունեն որևէ հիմնավորում, բայց նման մտքերը պարբերաբար շրջանառելը չի կարող չազդել մարդկանց հոգեբանության ու տրամադրության վրա։ Գալիս է պահ, որ մարդիկ այսչափ հույզեր ստանալուց հետո հիասթափվում են, երբեմն զայրանում են, որ անկարող են, սկսում են փնտրել դավաճաններ ու մեղավորներ, իսկ շատ լրատվամիջոցներ հրահրում են նման տեսակետների տարածումը»,- մանրամասնում է Ս․ Գրիգորյանը։
Միաժամանակ, նա նշում է, որ պատերազմը՝ որպես իրողություն, հանրության համար լուրջ մարտահրավեր է, տրավմատիկ է ու ժամանակ է պետք, որ մարդիկ «կազդուրվեն»։ Դրանից հետո, ըստ հոգեբանի, կձևավորվի տեղեկատվություն սպառելու նոր վարք։
«Շատ հավանական է, որ այսչափ ծավալի տեղեկատվություն սպառելու հետևանքով ձևավորվի տեղեկատվությունը մերժելու վարք։ Մարդիկ չուզեն էլ կարդան, չնայեն ու դա կլինի որոշակի պաշտպանողական ռեակցիա»,- հավելում է Սիրանուշ Գրիգորյանը։
Հոգեբանը խորհուրդ է տալիս ժամանակ առ ժամանակ տեղեկատվական դետոքս անցկացնել և չհետևել լրահոսին։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: