Լրագրողական համայնքը ակտիվորեն քննարկում է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողության ժամանակ լրագրողների մուտքը քաղաքապետարան արգելելու որոշումը։
Ըստ պաշտոնական բացատրության՝ լրագրողների մուտքի արգելքը պայմանավորված էր տարածքի սահմանափակ լինելով։ Նախապես հայտարարված էր, որ մեդիա ներկայացուցիչները ինագուրացիայի արարողությունը կարող են հետևել ուղիղ հեռարձակմամբ և ոչ անձամբ։
Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարել են, որ այս քայլով քաղաքապետարանը խախտել է ոչ միայն լրագրողների՝ ազատորեն տեղեկություններ ստանալու և տարածելու, այլև հանրության տեղեկացված լինելու իրավունքը։
Ավելին, առաջարկը՝ օգտվել պաշտոնական հեռարձակումից, որակել են «առնվազն վիրավորական մասնագիտական գործունեության տեսանկյունից», քանի որ դա խիստ սահմանափակում է տվյալ միջոցառումը մանրամասնությամբ լուսաբանելու հնարավորությունը։
Ֆակտորի լրագրող Արփի Հակոբյանն ասում է, որ իրենք այսպիսով զրկվեցին ոչ միայն բուն միջոցառումը լուսաբանելուց, այլև՝ միջոցառմանը ներկա պաշտոնյաների հետ ուղիղ շփման հնարավորությունից:
«Շատ պաշտոնյաներ չեն հրավիրում մամուլի ասուլիսներ, չեն պատասխանում լրագրողների հարցերին և մենք ուղղակի հնարավորություն չենք ունենում հարցեր ուղղել նրանց: Երդմնակալության արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, ինչպես օրինակ Նիկոլ Փաշինյանը, որին մենք կարող էինք հարցեր տալ։ Բացի այդ, երբ տեղում ես հետևում իրադարձությանը, տեսնում ես այնպիսի դրվագներ, որոնք դուրս են մնում պաշտոնական հեռարձակումից և դրանք պակաս կարևոր չեն: Կարծում եմ, որ ուղիղ հեռարձակումը ոչ մի կերպ չի կարող «փոխարինել» լրագրողին»,- ասում է նա:
Արփի Հակոբյանի խոսքով՝ քաղաքապետարանը արգելելու փոխարեն կարող էր լրագրողների աշխատանքի կարգ սահմանել, որևէ տեղ առանձնացնել, որպեսզի մեդիան այդտեղից հետևեր իրադարձությանը։
Սիվիլնեթի լրագրող Գևորգ Թոսունյանն էլ ասում է, որ նման արարողակարգային միջացումներին մեծ ուշադրություն դարձնել պետք չէ։ Ըստ նրա՝ քաղաքապետի երդմնակալությունն ամենևին հանրային նշանակություն չուներ և որ լրագրողներն ավելի շատ «խանգարելու» էին միմյանց աշխատանքին, քան՝ լուսաբանելու էին այն։
Թոսունյանը խմբակային ճեպազրույցների կողմնակիցը չէ։ Ասում է, որ երբ տասնյակ լրագրողներ հավաքվում են մեկ պաշտոնյայի շուրջ, ոչ հարցեր են հնչում, ոչ պատասխաններ։ «Նման ճեպազրույցները վերածվում են խոսքի, մտքի, լրագրողական սոլիդարության խմբակային բռնաբարության։ Իրար հերթ չտալով հարցեր են սկսում տալ, երբեմն էլ իրար հետ վիճում։ Նախ և առաջ պետք է այդ մշակույթը փոխել, որպեսզի հետո չբողոքեն, թե ինչու են պաշտոնյաները խուսափում լրագրողներից»,- կարծում է Գևորգ Թոսունյանը։
«SPRING PR» ընկերության համահիմնադիր Նոնա Մելքոնյանն ասում է, որ քաղաքապետի երդմնակալության արարողությունը բավական լուրջ քաղաքական իրադարձություն է, ուստի լրագրողների ներկայությունն այդ միջոցառմանը ապահովում է հանրային ավելի մեծ հետաքրքրություն տվյալ միջոցառման նկատմամբ և պիտի շահեկան դիտարկվի առաջին հերթին կազմակերպող կողմի համար։
Ըստ նրա՝ քաղաքապետարանը կարող էր թափանցիկության շղարշ ապահովելու նպատակով լրագրողների համար սենյակ կահավորել։
«Դեմոկրատական հասարակարգը ենթադրում է, որ պետական կառույցները պետք է գործեն բաց ու թափանցիկ։ Սա ենթադրում է, որ նմանատիպ միջոցառումներին պետք է ապահովվի լրատվամիջոցների ներկայությունը։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ միջոցառման ձևաչափը ինչ-ինչ պատճառներով համարվում է փակ և արգելվում է լրագրողների մուտքը։ Սա ձևաչափի ընտրության հարց է, որը ևս կիրառելի է ողջ աշխարհում»,- ասում է Նոնա Մելքոնյանը։
Նա նկատում է, որ որպես նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը սկսեց իր աշխատանքը լրագրողական դժգոհությամբ, ինչը, բնականաբար, բացասաբար կազդի մեդիայի հետ բարենպաստ հարաբերություններ ստեղծելու վրա։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: