2023.09.27,

Տեսակետ

«Թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում կան լրատվամիջոցներ, որոնք քաղաքական շահ են սպասարկում»

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Արցախի դեմ ադրբեջանական վերջին հարձակումից հետո, էլ ավելի սրվեցին Հայաստանի ու Ռուսաստանի արդեն իսկ լարված հարաբերությունները: Քաղաքական ամենաբարձր ատյաններից հնչող փոխադարձ մեղադրանքներն իրենց հայելային արտացոլում են ստանում երկու երկրների մեդիատիրույթում: Մեդիահարթակներն օգտագործվում են թե՛ հարձակվելու և թե՛ պաշտպանվելու համար: Ռուսական մամուլում, հեռուստաընկերություններում, բարձր դիտողականություն ունեցող թոք շուների ժամանակ հակահայկական քարոզչությունը վերջին օրերին ավելի է սաստկացել: Նույն երևույթը, մասշտաբներով մի քանի անգամ փոքրացված, երբեմն նկատվում է հայկական որոշ լրատվամիջոցներում: Երկու երկրների մեդիադաշտում տեղի ունեցող երևույթները քննարկել ենք «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանի հետ: 

Պրն. Թադևոսյան, վերջին օրերին հայկական ու ռուսական լրատվամիջոցները, կարծես մտել են փոխադարձ անհանդուրժողականության նոր փուլ: Նախկինում եղած բացասական տրամադրությունները բազմապատկվել են, արդյո՞ք սա կարելի է անվանել տեղեկատվական պատերազմ:

Միգուցե, կարելի է տեղեկատվական պատերազմ անվանել, բայց ես կխուսափեի նման որոկում տալ։ 

Ռուսական մամուլում հակահայկական տրամադրությունների սկզբնաղբյուրը Ռուսաստանի ղեկավարությունն է, այն ինչ մենք տեսնում, կարդում ու լսում ենք  ռուսական մամուլի միջոցով, գալիս է ամենաբարձր պետական կառույցներից: 

Մեդիան դա պարզապես ներկայացնում է, վերաշարադրում է: Եվ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ այսօր Ռուսաստանում, գրեթե բոլոր մեդիաները այս կամ այն չափով վերահսկվում են իշխանությունների կողմից և անկախ լրատվամիջոց, կարծես թե չի մնացել, ապա այս պատկերն առավել քան հասկանալի է դառնում: Եվ բնականաբար, նրանք ներկայացնում են այն տեսակետը, որը պաշտոնական Մոսկվան է հայտարարում:

Ռուսաստանում Հայաստանի դեմ, կարելի է ասել, ուղղորդված արշավ էր սկսվել նաև սոցիալական հարթակներում, շատ ռուս օգտատերեր, այդ թվում մեդիադեմքեր բացասական երանգավորմամբ, երբեմն էլ ատելություն գեներացնող հրապարակումներ արեցին: Փորձեր էին արվում անգամ միջամտել Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: Այս երևույթն ինչպե՞ս կմեկնաբանեք: 

Այո, նման դեպքեր էլ եղան: Մենք գիտենք, որ Ռուսաստանում այսօր շատ մեդիադեմքեր,  քաղաքական վերլուծաբաններ, որոնք մեծ լսարան ունեն, սպասարկում են այն օրակարգը, որը Ռուսաստանի իշխանությունն է ներկայացնում: Այս երևույթը նորություն չէ և միայն Հայաստանի դեմ չէ ուղղված: Սոցիալական հարթակներում մարդիկ փորձում են տարածել իրենց իշխանությունների դիրքորոշումները՝ ոմանք քողարկված, ոմանք էլ շատ բացահայտ: Սա, իհարկե անընդունելի է, բայց և զարմանալի չէ ինձ համար:

Հայկական լրատվամիջոցներն ինչպե՞ս են արձագանքում այս երևույթին: 

Կարծում եմ, որոշ չափով նույն երևույթը նկատելի է նաև մեզ մոտ:Հայկական որոշ լրատվամիջոցների կողմից ևս հակառուսական քարոզչություն է իրականացվում, իհարկե ոչ նույն ծավալով, հաշվի առնելով և՛ մեր երկրի չափերը և՛ առկա հնարավորությունները: 

Մենք տեսնում ենք, որ այն լրատվամիջոցները, որոնք ուղիղ կամ անուղղակի կապվում են իշխանությունների հետ, իրենք էլ իրենց հերթին հակառուսական տրամադրություններ են տարածում: Դրա համար էլ ստեղծվում է այն տպավորությունը, որ այս երկու երկրների մեդիաները, կարծես թե պատերազմում են միմյանց հետ, թեպետ նորից եմ կրկնում, որ այս դեպքում ես այդ եզրույթը չէի օգտագործի: 

Ի՞նչն է պատճառը, որ քաղաքական անհամաձայնությունները, տարակարծություները ուղիղ կերպով արտացոլվում են լրատվամիջոցներում  և դառնում են մեդիաօրակարգ թելադրող:

Թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում կան լրատվամիջոցներ, որոնք հստակ կերպով քաղաքական շահ են սպասարկում: Այդ լրատվամիջոցները զբաղվում են միայն դրանով: Թե՛ արտաքին քաղաքականությանը, թե՛ ներքին քաղաքականությանը վերաբերող բոլոր հարցերի դեպքում նրանց դիրքորոշումը բխում է սպասարկվող  քաղաքական շահից: 

Բնականաբար սա շատ ցավալի է: Շատ սխալ է, երբ լրատվամիջոցները սպասարկում են որևէ քաղաքական օրակարգ, բայց կարծում եմ, որ այսօր այս երևույթը երկու երկրում էլ, գրեթե անխուսափելի է:

Դուք էլ նշեցիք, որ որոշ հայկական լրատվամիջոցների կողմից, երբեմ հակառուսական տրամադրություններ են գեներացվում ու տարածվում,  արդյո՞ք սա նոր ռիսկեր չի առաջացնում Հայաստանի և Ռուսաստանի գերլարված հարաբերությունները էլ ավելի փակուղի մտցնելու առումով: 

Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Այդ հարցին պիտի պատասխան տան այն լրատվամիջոցները, որոնք իրականացնում են այդ հակաքարոզչությունը: 

Միայն կարող եմ ասել, որ Mediamax.am-ում մենք փորձում ենք հավասարակշռված ինֆորմացիա հաղորդել մեր ընթերցողներին: Պարբերաբար ներկայացնում ենք, թե՛ ռուս փորձագետների, թե՛ արևմտյան փորձագետների տեսակետները։ Եվ որևէ մեկնաբանությամբ դրանք չենք ուղղորդում: Ընթերցողն իրավունք ունի ծանոթանալ բոլոր տեսակետների հետ և իր սեփական հետևություններն անել։ 

Եթե հակառուսական քրոզչության օրինակով փորձենք վերլուծել հայկական լրատվական դաշտը, ի՞նչ պատկեր կստանանք: Դաշտում գերակշռում է  անաչառ, հավասարակշռված մեդիաբովանդակությունը, թե հակառակը

Ցավոք, մեկ կամ երկու ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, այն լրատվամիջոցների անունները, որոնք իրապես անկախ են և հավասարակշռված, անաչառ աշխատանք են իրականացնում, որոնք փորձում են խոսքը տրամադրել օրինակ և՛ պայմանական ռուսամետներին և՛ պայմանական արևմտամետներին: 

Մամուլը պետք է զերծ մնա սեփական դատողություններից, դա կարելի է անել սյունակներում: Օրինակ սյունակագիրը կարող է իր անձնական կարծիքը ներկայացնել, բայց խոսքի իրավունք պետք է ունենան երկու թևերի ներկայացուցիչներն էլ հավասարաչափ: 

Կամ եթե լրատվամիջոցը, օրինակ հարցազրույց է իրականացնում պայմանական պռոռուսական կողմնորոշում ունեցող փորձագետի հետ, ոչ թե պետք է զուտ նրա թեզերը վերաշարադրի և տարածի, այլ պետք է փորձի հասկանալ, թե որքանով են այդ թեզերը իրատեսական, նպաստավոր կամ վտանգավոր չե՞ն արդյոք:

Այսինքն, լրատվամիջոցը, որևէ դեպքում չպետք է դառնա պռոպագանդայի գործիք, անկախ նրանից, թե որ ուղղությամբ է այդ պռոպագանդան իրականացվում։

Հարցազրույցը՝ Մարիաննա Դանիելյանի

 

 

  

 

  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *