Կարո՞ղ է արդյոք մեդիան կախված չլինել քաղաքական ուժերից կամ ֆիզիկական անձանցից: Սա հարց է, որը տարիներ շարունակ քննարկվում է հատկապես Հայաստանի պես փոքր երկրներում, որտեղ լրատվամիջոցները սովոր են մասնավոր ներդրումների հաշվին գործունեություն ծավալել և շատ դեպքերում տեղյակ չեն, թե ֆինանսավորման ինչ աղբյուրներ կան՝ անկախությունը քիչ թե շատ պահելու համար:
«Արդի» կրթական ակադեմիայի ձեռներեցության ծրագրի ղեկավար, բիզնես խորհրդատու Ծովինար Բաբայանի հետ զրուցել ենք ֆինանսավորման աղբյուրների մասին, որոնք հետաքրքրված են մեդիայով ու միջազգային շատ լրատվամիջոցների համար գումարային հոսք են ապահովում:
Մինչ այդ, Ծովինար Բաբայանը խորհուրդ է տալիս հայաստանյան լրատվամիջոցներին վերանայել իրենց գործունեության ոճն ու փոխել վերաբերմունքը մեդիա կոնտենտ ստեղծող ընկերությունների նկատմամբ. մեդիան դիտարկել ոչ թե նեղ, այլ ավելի լայն գործունեություն ծավալող ընկերություն:
«Տեսեք, աշխարհի շատ երկրներում, օրինակ Մեծ Բրիտանիայում, որտեղ լրատվամիջոցները լուրջ դերակատարություն ունեն, կայացած են, մեդիան ընկալվում է որպես ստեղծարար ոլորտի մասնիկ: ՄԱԿ-ի սահմանմամբ` ստեղծարար ոլորտի մեջ են մտնում մեդիան, գովազդը, ֆիլմերը, հրատարակչությունները, ՏՏ մի մասը, երաժշտությունը, ճարտարապետությունը, դիզայնը և այլն:
Նրանք, ովքեր ֆինանսավորում են բրիտանական լրատվամիջոցներին, ֆինանսավորում են նաև ֆիլմարտադրողին կամ օնլայն խաղեր ստեղծողներին: Այսինքն՝ մեդիայի ստեղծած կոնտենտը և օրինակ ֆիլմարտադրողի ստեղծած կոնտենտը հավասարեցված են, երկուսն էլ ստեղծարար են: Եթե հայաստանյան լրատվամիջոցներն իրենց դիրքավորեն ոչ թե որպես բացառապես լուրեր տվող հարթակ, այլ՝ ստեղծարար, ստեղծագործ ընկերություն, կընդլայնվի նրանց հնարավոր ֆինանսավորմամբ զբաղվող կազմակերպությունների ցանկը»,- նշում է նա:
Բացի այդ, ըստ նրա, միջազգային մեդիան սերտ աշխատում է տեխնոլոգիական ոլորտի հետ, ինչը հնարավորություն է տալիս ֆինանսական հոսքեր ներգրավվել նաև ՏՏ-ից:
Ծովինար Բաբայանի խոսքով՝ ներդրումներ կատարող անձինք կամ ընկերությունները, մասնավորապես օրինակ Եվրոպայում, վաղուց հասկացել են, որ ստեղծարար ոլորտը կարող է լինել նույնիսկ ավելի պակաս ռիսկային, քան՝ տեխնոլոգիական ոլորտը, քանի որ շատ հաճախ ավելի կայուն է տնտեսական անկումների ժամանակահատվածում, ուստի մեծացրել են իրենց բյուջեն այս ոլորտների համար:
Եվ այսպես, ովքեր կարող են դառնալ մեդիա ֆինանսավորողներ՝ ըստ Ծովինար Բաբայանի։
1. Ազգային և օտարերկրյա կառավարությունները
Քանի որ ազգային պետական աջակցությունը հայաստանյան մեդիայի համար քիչ թե շատ հայտնի է, Ծովինար Բաբայանն առաջարկեց դիտարկել օտարերկրյա կառավարությունների կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են մեդիայի զարգացմանը: Նա նշեց, որ ԱՄՆ-ը, ԵՄ երկրները շահագրգռված են երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման գործում ներգրավել մեդիային, ուստի բյուջե են հատկացնում մեդիա նախագծերի և կայուն զարգացման հեռանկար ունեցող մեդիա բիզնեսների ֆինանսավորման համար:
2. Դրամաշնորհներ և մրցույթներ
Մեդիային վերաբերող դրամաշնորհներն ու մրցույթները, այդ թվում միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող, մեկ այլ աղբյուր են մեդիայի ֆինանսավորման համար։
3. Մասնավոր և բարեգործական հիմնադրամներ
Մասնավոր հիմնադրամները որպես կանոն կապված են որևէ ընտանիքի ազգանվան հետ: Փորձագետի խոսքով՝ նրանք գաղափարակիցներ են փնտրում, ունեն իրենց կանոնադրական նպատակներն ու արժեհամակարգը ու ֆինանսավորում են նրանց, ովքեր կիսում են իրենց նպատակները՝ «թիմակից են»:
4. Քրաութֆանդինգ
Ծովինար Բաբայանի կանխատեսմամբ՝ ցանցային ներդրումները և ֆոնդահայթհայթումը ֆինանսներ ներգրավվելու ապագայի ամենատարածված մեթոդներից է լինելու, ուստի պետք է սովորել դրա նրբություններին: Բաբայանն ասաց, որ քրաութֆանդինգ են համարվում նաև քրաութինվեսթինգը ու քրաութսորսինգը: Մեկը՝ նվիրատվություններն են, մյուսը, երբ ներդրողը դառնում է բաժնետեր, երրորդ տեսակը, երբ բաժանորդը քեզ ոչ թե վճարում, այլև՝ կոնտենտ է տալիս քեզ:
5. Կորպորատիվ գործընկերություն
Ստեղծարար կազմակերպություններին, այդ թվում՝ մեդիային, կորպորատիվ աջակցության առումով կա չօգտագործված ներուժ, մասնավորապես՝ ավելի շատ ընկերությունների համոզելու՝ հովանավորելու տեղական և մարզային մեդիա նախագծերը և բիզնեսները:
Մեդիա բիզնեսի կորպորատիվ հովանավորները հաճախ բարեգործությունից դուրս կարևոր նպատակներ ունեն, երբ նրանք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում: Կորպորատիվ հովանավորության բիզնես շահը ներառում են տվյալ մասնավոր բիզնեսի համար մարքեթինգը, բիզնեսի զարգացումը, հասարակայնության հետ կապերը և կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ):
6. Մասնավոր կապիտալ
Սա հայաստանյան մեդիայում ամենատարածված ֆինանսավորման աղբյուրն է, երբ որևէ անհատ միջոցներ է տրամադրում լրատվամիջոցին կամ ինքն է ստեղծում իր լրատվամիջոցը: Ծովինար Բաբայանն ասում է, որ սա միանշանակ ընդունելի մեթոդ է, բայց բոլորս գիտենք, թե ինչ հետևանքներ է ունենում մեդիա դաշտի համար և ինչպես է վնասում անկախությանը:
Բաբայանն ասաց, որ աշխարհում կան մասնավոր կապիտալը մեդիայում ներգրավելու այլ միջոցներ, որոնք չեն վնասում լրատվամիջոցի անկախությանը: Խոսքը՝ բիզնես-հրեշտակների մասին է: Բիզնես-հրեշտակները մարդիկ են, ովքեր ունեն ազատ կապիտալ և փնտրում են հարթակներ՝ ներդնելու իրենց միջոցները: Ծովինար Բաբայանի խոսքով՝ այս մարդիկ հնարավորություն են տալիս սկսել բիզնեսը զրոյից, գոնե ստարտային փուլում խոստումնալից մեդիա բիզնես հիմնադրելու համար միջոցներ են տրամադրում:
Փորձագետի փոխանցմամբ՝ Հայաստանում կա 100-150 բիզնես-հրեշտակ, ովքեր այժմ ֆինանսավորում են հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիական ստարտափներին և աստիճանաբար նաև հետաքրքրվում են ստեղծարար ոլորտով: Ըստ նրա՝ եթե մեդիան ներկայացնի բիզնես ծրագիր, որտեղ ինքն իրեն դիտարկում է որպես ստեղծարար հարթակ, ինչի մասին խոսվեց սկզբում, ապա այս մարդիկ առնվազն կդիտարկեն ֆինանսավորման հայտը:
Հայաստանում բիզնես հրեշտակների ամենաերկար գործող խումբը BANA-ն է, ունեն շուրջ 25 ներդրում: Բիզնես-հրեշտակների խմբեր են Science and Technology Angels Network-ը, Angel Investor Club of Armenia-ը, Hero House-ը:
7. Վենչուրային ֆոնդեր
Սրանք ֆինանսական կազմակերպություններ են, որոնք ունեն մասնագիտական կառավարում: Իրենք ավելի մեծ միջոցներ ունեն՝ ի տարբերություն բիզնես-հրեշտակների և արևմուտքում մեդիա բիզնեսների մեջ ներդրումներ անելու փորձ ունեն:
Ըստ նրա՝ Լատինական Ամերիկայում, Արևելյան Եվրոպայում ևս կա փորձ վենչուրային ֆոնդերից ֆինանսավորել մեդիան: Ծովինար Բաբայանն ասում է, որ ներդրողը դառնում է մեդիա բիզնեսի բաժնետեր, բայց ոչ մի կերպ չի խառնվում բովանդակության ստեղծմանը, պարզապես սպասում է, թե երբ է մեդիա բզինեսը կամ դառնալու շահութաբեր և/կամ վաճառում է իր մասնաբաժինը, երբ բիզնեսը բավարար բարձր արժեք է ունենում։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: