2023.07.12,

Նյուսրում

Արցախում հարձակման ենթարկված լրագրողը իրավական լուծում է ակնկալում

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Սիվիլնեթի արցախյան թղթակից Հայկ Ղազարյանը հաղորդում է ներկայացրել Արցախի դատախազություն՝ իրեն առևանգելու փորձի և մարմնական վնասվածքներ հասցնելու մասին։ 

Հուլիսի 11-ին Ստեփանակերտում հարձակվել էին լրագրողի վրա ու փորձել առևանգել նրան։ Հայկը պատմում է, որ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտում՝  Սիվիլնեթի գրասենյակից մի փոքր հեռու, քաղաքացիական հագուստով մարդիկ իրեն բռնել են, մտցրել դալանը, փորձել առևանգել։ Լրագրողը հարված է ստացել քթին, մարմնի վրա բռնության հետքեր կան։ 

Ֆեյսբուքյան իր տեսաուղերձում Հայկը պնդում է, որ ճանաչել է քաղաքացիական հագուստով անձանցից երկուսին և, որ նրանք Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի աշխատակիցներն են եղել։

«Չգիտեմ։ Ինչի՞ց են որոշել, որ կարելի է այսպես անել։ Փորձում են վախեցնել, որ ի՞նչ։ Որ ի՞նչ։ Որ Ղարաբաղում ցեղասպանությունից հինգ է պակաս, իրենք մարդ են վախեցնում հա՞»,- ուղիղ եթերում ասել է լրագրողը։

Լրագրողի հետ առաջին միջադեպը տեղի էր ունեցել հուլիսի 9-ին, երբ Արցախի ԱԱԾ-ի և Դատախազության առջև տեղի ունեցող բողոքի ակցիան լուսաբանելու ժամանակ մի ոստիկան Հայկ Ղազարյանից խլել էր հեռախոսը, որով նա տեսալուսանկարահանում էր ակցիան։ Ըստ լրագրողի՝ հեռախոսը խլողը Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ, գնդապետ Արայիկ Գասպարյանն է եղել։ 

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ Հայկին ոստիկանական բաժանմունքում վերադարձրել էին հեռախոսը, սակայն ցույցի բոլոր տեսագրություններն արդեն ջնջված էին եղել։ 

Ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվելուց հետո, Հայկը հանդես էր եկել ֆեյսբուքյան տեսաուղերձով, որտեղ հստակ քննադատել էր ոստիակնների աշխատանքը և միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ պահանջել ոստիկանությունից և ներքին գործերի նախարարից։ 

«Ես դիմում եմ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին։ Պրն․ նախարար, գործ անելը միայն ֆեյսբուքում նկարներ հրապարակելով չի, որ դուք սիրուն նստեք, նկարվեք։ Սովորեցրե՛ք Ձեր աշխատակիցներին աշխատել։ Ես էլ ցանկություն չունեմ բարձրաձայնել էս խնդիրը, բայց սա «բեզպրիդել» է, ո՛չ հարցրել է, ո՛չ զգուշացրել է, հեռախոսը վերցրել ու գնացել է, հետո էլ ջնջել է։ Չգիտեմ։ Սովորե՛ք աշխատել»,- ասել էր Հայկը հրապարակած տեսաուղերձում։

Հայկ Ղազարյանը media.am-ի հետ զրույցում ասաց, որ ֆեյսբուքյան տեսաուղերձից հետո իրեն կանչել են Արցախի ԱԱԾ, խստորեն պահանջել են ուղիղ եթերով հրապարակային ներողություն խնդրել ներքին գործերի նախարարության և ԱԱԾ ծառայողներից։

«Ես հրաժարվեցի ներողություն խնդրել, քանի որ չեմ կարծում, որ վիրավորել եմ որևէ մեկին։ Գուցե մի փոքր էմոցիոնալ եմ խոսել, բայց վստահաբար կոռեկտության շեմը չեմ անցել։ Հենց այդ ներողություն չխնդրելու փաստն էլ երևի ավելի զայրացրեց նրանց, ինչն էլ հետագայում դրսևորվեց արդեն առևանգման փորձով»,- պատմում է Հայկը։

Լրագրողն ասում է, որ տարիներ առաջ բռնության դեպքեր ավելի հաճախ էին լինում, սակայն վերջին ժամանակահատվածում, կարծես թե իրավիճակը էականորեն փոխվել էր դեպի լավը։ Դեպքերի նման զարգացումը զարմանալի էր նույնիսկ իր համար։ Ըստ նրա՝ միջադեպի պատճառն անպատժելիության մթնոլորտն է, երբ որոշ դեպքերում պաշտոնյաներին թվում է, որ իրենք իրավասու են անել ինչ ցանկանում են, որ իրենց ամեն ինչ կարելի է, և որ ոչ մի դեպքում, որևէ մեկը չպետք է քննադատի նրանց աշխատանքը։

Սիվիլնեթի արցախյան գրասենյակն աշխատում է արդեն երեք տարի։ Կայքի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը պատմում է, որ այդ տարիների ընթացքում նրանք ճնշումների կամ սահմանափակումների չեն ենթարկվել։ Ըստ խմբագրի՝  կատարվածը լոկալ, միջանձնային խնդիր է, տպավորություն է, որ ոստիկանությունը տղայական հաշվեհարդար է տեսնում Հայկի հետ՝ իրենց չենթարկվելու, իրենց ասածը չանելու համար։ 

«Հին, կարծրատիպային մտածողության, լրագրողի մեջ թշնամի տեսնելու, վատը տեսնելու, բոլոր հարցերը ուժով լուծելու սովորույթի արդյունք էր այս ամենը։ Նույնիսկ հաշվի չեն առնում, թե շրջափակման պայմաններում լրագրողներն ինչ կարևոր գործ են անում և այս ամենի ֆոնին, ոստիկանության նման վարքագիծը մեղմ ասած անհեթեթ է»,- ասում է Սիվիլնեթի գլխավոր խմբագիրը։

Հարությունյանը հույս ունի, որ թե՛ Արցախի նախագահի աշխատակազմում, թե՛ արտաքին գործերի նախարարությունում հստակ հասկանում են, որ միջադեպը կարող է էականորեն վնասել երկրի միջազգային հեղինակությանը։ Խմբագրությունում սպասում են, որ մեղավորներն անպատիժ չեն մնա, կլինեն հստակ արձագանքներ ու պաշտոնանկություններ։

Հայկին Արցախի ԱԱԾ հրավիրելուց և սպառնալուց հետո, Սիվիլնեթը հանդես էր եկել հայատարարությամբ և հորդորել Արցախի ուժային կառույցներին չխոչընդոտել իրենց լրագրողի գործունեությանը։ Հենց այս հայտարարությունից հետո էլ տեղի էր ունեցել առևանգման փորձը։ 

Դեպքի առնչությամբ քննարկման ընթացակարգ է սկսել Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը  դատապարտել է լրագրողի նկատմամբ կիրառված բռնությունը՝ պահանջելով իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր գործողությունները դեպքի մանրամասները բացահայտելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *