2022.10.14,

Տեսակետ

«Ամեն ինչ կախված է լույսից»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանում անցկացվեց թատերական պաստառների փառատոն-մրցույթը, որն առաջին անգամ հավաքեց պլակատային արվեստի դաշտում գործող վիզուալ արտիստներին՝ թատրոնի գաղափարի շուրջ։ 

Փառատոնի միջազգային ժյուրիի կազմում էր Ռուսաստանի գրաֆիկական դիզայնի զարգացման ու աջակցման «Ոսկե մեղու» հիմնադրամի ու համանուն բիենալեի նախագահ, պլակատային արվեստի մեծ գիտակ, դիզայներ Սերգեյ Սերովը։ 

Նա պլակատը համարում է թարմ վիզուալ լեզվի լաբորատորիա։ Մանավանդ, որ հիմա շատ բան ուղիղ կապ ունի ոչ միայն էսթետիկայի, այլև էթիկայի հետ։ 

Սերգեյ Սերովը առաջարկում է չմոռանալ լույսի մասին, որը կարևոր է գործոն է ցանկացած ուղերձում։ Եվ պատահական չէ, որ լուսավորելու ու լուսաբանելու արմատները նույնպես լույսն է։ Այսինքն, ընդգծելու արվեստը։ Նրա կարծիքով՝ ժամանակակից պլակատն էլ փորձում է լինել կենդանի ու լուսարձակող, ի հեճուկս, ասենք, բթացնող ու դատարկող պրոպագանդայի։  

Եթե խոսենք ոչ թե զուտ իլյուստրատիվ դերի մասին (թատրոնի, կինոյի կամ որևէ այլ իրադարձության վիզուալ ուղեկցություն), այլ ավելի լայն՝ հասարակական խտացված մտորումների, ապա ինչպե՞ս է փոխվել պլակատային արվեստի դերը։ Պլակատը արագ էլ ներգործում է, քանի որ թվային միջավայրը ինքնին պլակատային է՝ կարճ, դիպուկ ու հիշվող ուղերձների դաշտ։  

Ընդհանրապես կարևոր հարց է, թե ինչը համարել պլակատային արվեստում ժամանակակից և ինչ է տեղի ունեցել մինչ այդ։ 

Մոսկվայում ես կազմակերպում եմ բիենալե, որն այս տարի դարձավ 30 տարեկան։ Իսկ գիտության մեջ 30 տարին հենց այն ժամկետն է, որից հետո ժամանակակիցը վերջանում է և սկսվում է պատմությունը։ Այդ տարիների ընթացքում փոփոխությունները կուտակվում-կուտակվում են ու կարծես չրխկոցով վերափոխում իրականությունը։  

Վերջին 30 տարիները համընկան մեր բիենալեի հոբելյանի ու նոր ժամանակահատվածի հետ, որը նոր է թե՛ տեխնոլոգիական և քաղաքական իմաստով։ 

Պլակատային արվեստում փոփոխություններ եղան թե՛ լեզվում, թե՛ մշակույթում, թե՛ քաղաքականության մեջ։ Եվ այդ ամեն տեղի ունեցավ միաժամանակ։ 

«Ոսկե մեղու»-ն ծնվեց, երբ փլուզվեց երկաթյա վարագույրը, հետո քայլ առ քայլ հասանք թվային հեղափոխությանը` զուգահեռ անցնելով քաղաքական ու բնության նվաճումների վերանայումների միջոցով (Չեռնոբիլ, էկոլոգիական այլ աղետներ)։ Այդ ամենը զուգահեռ գործընթացներ էին, որոնք կարելի է լայն իմաստով կոչել պոստմոդեռն, բայց ամեն դեպքում անցկացվեց մի յուղոտ գիծ, որը անջատեց հին սովետական պլակատը նոր ֆորմաներից։ 

Եվ ամբողջ աշխարհում է այդպես։ Օրինակ, հենց 30 տարի առաջ աշխարհի բոլոր քաղաքները անցան լուսավորության նոր մոդելի։ Քաղաքներում հայտնվեց համատարած երեկոյան լուսավորությունը, այսինքն, նպատակ դրվեց, որ երեկոյան լինի նույնքան լուսավոր, որքան ցերեկն է և այևս ոչ մի թաքնված գաղտնիք չլինի, անգամ անկողնու տակ ծվարած։  

Դա շատ ցայտուն պատկեր է։ Քաղաքներում վերացան տեղային լուսային կետերը (հիշեք մոմով կամ լուսամփոփով լուսավորված պատուհանի պատկերը), եկավ տոտալ լուսավորություն, երբ ցերեկն ու գիշերը այլևս տարբերակելի չէին։

Լույսն է, որ քաղաքների ու մեր բոլորի օբյեկտիվ ընկալումը փոխարինեց սուբյեկտիվով։ Եկավ թույլի ուժը, որը հավելյալ լուսավորման շնորհիվ դարձավ նույնպես ուժեղ։ 

Պլակատը, որը նախկինում ագրեսիվորեն հորդորում էր, ասենք, կամավորագրվել բանակին կամ թռչել Աերոֆլոտի ինքնաթիռներով, իր տեղը զիջեց ավելի շուտ ոչ թե հրամայող ուղերձներին, այլ հրավիրող։ 

Նոր պլակատը ուշադրություն է գրավում ու անգամ կախարդական փոխակերպում է խոստանում լուսավորման շնորհիվ։ 

Մի անեկդոտ կա կինոգործիչների մոտ։ Հանդիպում են երկու լուսավորող, մեկը հարցնում է՝ ամուսնանու՞մ ես, ինչպիսի՞ կին է։ Մյուսը պատասխանում է՝ նայած ինչպես դնես լույսը։ 

Այսինքն, իրոք հարցն այն է, թե ինչպես ես դնում լույսը և ինչն ես դրանով ընդգծում։ 

Այսօրվա խառը ինֆորմացիոն միջավայրում երևի նույնն է։ Ինչ դեպք կլուսաբանես, ում խոսքին ուշադրություն կդարձնես, այն էլ կերևա։ Ինչպե՞ս են փոխվել պլակատների ուղերձները։ 

Նախկինում ուղերձը մենախոսություն էր՝ արագ, հասկանալի, միանշանակ, ագրեսիվ։ Իսկ հիմա հենց շենքերի լուսավորության պես է (ինչպես կդնես լույսը)։ Կարելի է մի հատվածը լուսավորել, կարելի է նաև մյուսը։ Եվ կստացվի, որ նույն շենքը հայտնվում է սուբյեկտիվ ընկալման դաշտում ու արդեն միանշանակ չէ։ 

Մթնոլորտը, որը փոխանցում է պլակատը, ավելի կարևոր է, քան բուն մեսիջը։ Ինչպես ասում են գրականության մարդիկ՝ համատեքստն ավելի կարևոր է, քան տեքստը։  

Այն, ինչը պլակատում միջոց էր (հույզերը, ներկապնակը) գալիս է առաջին պլան և հիմա պլակատում կարող ենք ըմբոշխնել այն վիզուալությունը, որը հեռացել է ժամանակակից արվեստից։ 

Ժամանակակից արվեստն այլևս արհամարհում է վիզուալությունը և որևէ կենցաղային առարկայի հետ (ասենք, մեխի), խաղալով է ստեղծում արվեստ։ Եվ դա է պատճառը, որ արվեստի բառապաշարից արդեն դուրս է մնացել «գեղեցկություն» բառը։  

Իսկ պլակատում ընդհակառակը գեղեցկությունն է դուրս եկել առաջնաբեմ։ Պլակատն է, որ այդ կորսվող վիզուալությունը ինչ-որ չափով պահպանում է, կանգնեցնում։ 

Բացի այն բանից, որ պլակատը փոխանցում է զգացմունքներ, մթնոլորտ ու ուղերձ, այն նաև հագեցնում է մեր հայացքը պլաստիկայով, գեղեցկությամբ։ 

Իսկ որքանո՞վ է հիմա կարևոր պլակատում քաղաքական բաղադրիչը։ 

Եթե խոսենք ժամանակակից պլակատի լեզվի մասին, ապա քաղաքական բաղադրիչը կարևոր չէ։  

Ցանկացած որակյալ, ստեղծագործ պլակատ միշտ դեմ է պատերազմի, բռնության և կոնֆլիկտների։

Այն ինքնին արդեն հանուն խաղաղության է, արարման։ Այսինքն, հանուն կյանքի է, ոչ թե մահվան։ Եվ այդ ձգտումը դեպի լուսավորը նկատվում է գրեթե բոլոր լավ պլակատներում, որոնք ներկայացվել են թե՛ մեր բիենալեում, թե նաև Երևանի փառատոնում։ 

Դա է արժեքավորը որակյալ պլակատում, այլ ոչ թե այն գրառումները, որոնցով մարդիկ դուրս եք գալիս փողոց բողոքի ակցիաների։ Իհարկե, այդ ակցիաները շատ կարևոր են, բայց մենք հիմա խոսում ենք ժամանակակից պլակատի լեզվի մասին։  

Իսկ ուղիղ քաղաքական տեքստերով (լոզունգներով կամ դրոշների գույներով) պաստառները ավելի մոտ են էքստրեմալ գործունեության դաշտին։  

Ինչպես ուղենիշներ ցույց տվող պիկտոգրամները, որոնք չի կարելի շփոթել, օրինակ, եթե նպատակը կանանց ու տղամարդկանց զուգարանների վրա արված դիզայնն է։ Կամ ճանապարհային նշանները, որոնք պետք է հստակ ցույց տան, թե որտեղ թեքվել աջ կամ ձախ։ Դրանք պետք է արագ ու միանշանակորեն ընկալելի լինեն։  

Եվ այո, կարծում եմ, որ հիմա քաղաքական պլակատները, հատկապես առնչվող պատերազմի հետ, հայտնվում են այդ էքստրեմալ տարածքում, որտեղ ապրում են ճանապարհային նշաններն ու դռների վրա գրված հասցեները։ 

Այդտեղից կարո՞ղ են դուրս գալ հիշվող ու որակյալ պլակատներ։ 

Հակապատերազմական պլակատից՝ ոչ։ Ավելի շուտ ընդհանուր ճգնաժամից, որը կարող է հանգուցալուծվել ելքով՝ դեպի այլ մակարդակ։ Վերապրած ողբերգությունը, վերապրած հույզերը կարող են հիմք դառնալ նոր ասելիքի ծնունդին։ 

Իսկ այն պլակատները, որոնցով մարդիկ ակցիաներ են անում, պետք է միայն էքստրեմալ ասելիքի զոնայում, որտեղ կարևոր է «այստեղ և հիմա»-ն։ 

Հուսով ենք, որ կլինի այն, ինչը տեղի ունեցավ Օսվենցիմից հետո։ Իհարկե, հիմա մեր ճգնաժամի ծայրը չի երևում ու անհասկանալի է, թե որքան այն կտևի, բայց վաղ թե ուշ կավարտվի նաև այս մղձավանջը։ Եվ պլակատը կօգտագործի ծայրահեղ ապրումները, լարվածությունը, սարսափելի փորձառությունը։ Մենք էլ հստակ կտեսնենք, որ սա հետպատերազմական պլակատ է։ 

Կարող է նման թռիչք լինել, բայց կարող է նաև չլինել։ Դա միշտ գաղտնիք է։ 

Լավ պլակատը դարերով է ապրու՞մ, թե՞ արագ է մահանում՝ ձուլվելով մշակույթում։

Իհարկե, այն պատկանում է իր ժամանակին։ Կարող ենք, օրինակ, հիանալ ֆրանսիական պլակատով, որը ծնվել է 19-րդ դարում կամ լեհական պլակատային արվեստով, որը ծնվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և հասկանալ, որ այն արդեն պատմություն է։  

Դրանք պատմության էջեր են, և մենք դրանք ընկալում ենք հենց պատմությամբ շրջանակված հայացքով։ Այո, եվրոպացիները դրանք կախում են պատերին որպես գլուխգործոցներ, ձևավորում դրանցով սրճարաններն ու քաղաքապետարանները, բայց դրանք արդեն այլ ներգործության պատկերներ են։ 

Իսկ ի՞նչ է անճաշակությունը։ Ինչպե՞ս է այդ դառնում գերիշխող ընդհանուր վիզուալ աղմուկի պայմաններում։ 

Կարող եմ շատ պարզ բացատրել։ Անճաշակությունը մահացած արվեստն է, որը միշտ երկրորդական է, նմանակող ու հազար անգամ արդեն տեսած-մարսած։ Երբ տեսնում ես, որ թեև այն գոյություն ունի որպես առարկա, բայց իրականում ներառված չէ մշակույթի մեջ։

Ու տեսնելով այն՝ սայթակում ես, հայացքդ կոտրում։ 

Ստեղծագործությունը պետք է լիցք ունենա, և բոլորովին կարևոր չէ, թե ինչ ոճ է, դպրոց, ժանր կամ հեղինակ։ Այդ դեպքում ստեղծագործությունը կբարձրանա մեզ շրջապատող տաղտուկ առօրյայից։ 

Որքանո՞վ է շարունակում գործոն լինել պատերազմող Ռուսաստանում պրոպագանդան։ Տպավորություն է, որ այն այնքան է կտրվել իրականությունից, որ ինքն իր ծաղրն է դարձնել։ 

Ռուսական պրոպագանդան հանցագործ զոմբիացում է։ Կարող եմ ասել, որ այն վաղուց արդեն պրոպագանդա էլ չէ, այլ ամենացածրորակ կրքերի ներարկում։ Ամեն ինչը գոտկատեղից ներքև է, այլանդակ ու նման «գոպնիկների» (հանցագործների շրջանակի) մշակույթին։

Ամենավատ բնազդները, որոնք կան մարդու մեջ, այն արթնացնում է ու հեռարձակում մեդիայով ու հատկապես հեռուստաէկրանով։ 

Այն պարզապես գլխիվայր շրջում է աշխարհը։ Պրոպագանդան դեռ ինչ-որ կերպ տարբերակում է վերևն ու ներքևը, գործում որոշակի սահմաններում, իսկ այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի մեդիա դաշտում, արդեն կարելի է անվանել միայն տոտալ սուտ ու բնակչության տոտալ զոմբիացում։  

Դա արդեն բժշկական երևույթ է, ոչ թե գեղագիտական։ 

Բայց այն արդեն սպառվու՞մ է, թե՞ դեռ ոչ։ 

Դժոխքը չունի հատակ։  

Իհարկե, այդ ներգործությունը անպայման կավարտվի։ Բայց դեռ շարունակում է թունավորել մարդկանց ոգիները, աչքերը, ուղեղները։ 

Ինչու՞ ստացվեց այդքան հեշտ ազդել միլիոնավոր մարդկանց վրա։  

Որովհետև մենք չկարողացանք հեռացնել մեզ սովետական ժամանակահատվածից։ Տեղի չունեցավ հոգեբանական ու մտավոր խզում անցյալի հետ։ 1990-ականներին եղան մի քանի տարի կամ նույնիսկ ամիսներ, երբ մարդիկ իրոք զգացին, որ պետք է բաժանարար գծեր դնել անցյալի առջև։

Բայց հետո ամեն ինչ նորից վերադարձավ սովորական հունի մեջ։  

Եթե տեղի ունենար, ասենք, կոմունիստական կուսակցության դատ կամ արգելք՝ կոմունիստական գործունեության կամ սիմվոլիկայի օգտագործման, երևի 1996-ին էլ կարիք չէր լինի կեղծելու ընտրությունները։ Կամ էլ եթե նախաձեռնեինք սեփականության վերադարձի գործընթացը, չէինք հայտնվի ունեցվածքի վայրենի վերաբաշխման վիճակում։ 

Բայց դա չարվեց, նոր գնացքը տեղավորվեց հին ռելսերի վրա ու ուղեկցվեց այս կործանիչ քարոզչությամբ։ 

Ջրի երեսին առաջինը միշտ հայտնվում է ցածրորակը։ Այդ թվում ամեն մարդու մեջ։ Մարդը կարող է վերածվել գազանի, եթե տաս այդ հնարավորությունը։ 

Եվ նրան տվեցին այդ հնարավորությունը։ Իսկ պրոպագանդան էլ հենվեց մարդու մեջ եղած վատթարագույն հատկությունների վրա։ 

Ռուսաստանից հիմա մեծ փախուստ է, նաև շատ նախագծեր են սառեցվում։ Կվերադառնա՞ գրաքննությունը։ 

Գրաքննությունն արդեն վերադարձել է և աշխատում է ողջ ուժով։ Եվ ավելի վատ՝ վերադարձել է ինքնագրաքննությունը։ 

Բայց չեմ կարծում, որ դա երկար կտևի ու մենք էլ կհայտնվենք պայմանական ԽՍՀՄ-2-ում՝ մի քանի տասնամյակով։ Նույնիսկ չեմ հավատում, որ այս վիճակը կարող է մեկ տարուց ավելի ձգվել, պրոցեսները շատ են արագացել։ 

Բայց այս տարվա «Ոսկե մեղու»-ն անցկացվեց մեծ դժվարությամբ, Տրետիկովյան թանգարանը, որը մեզ տրամադրել էր դահլիճ, վախից դողում էր, որ հանկարծ մի բան չպատահի։ Ռիսկն այն է, որ արվեստը կարող է ծնել ասոցիացիաներ։ Ինձ էլ հարցրին՝ կներեք, իհարկե, բայց միգուցե ցուցահանդեսում կա՞ն պլակատներ, որոնք կարող են անցանկալի ասոցիացիաներ առաջացնել։ Ասացի՝ այո, բոլորն էլ։  

Եվ իրոք այդպես է, քանի որ ամեն բան կախված է, թե ինչպես կդնես լույսը։ 

 

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի 
Լուսանկարները՝ Ռուբեն Մարտիրոսյանի,
Թատերական պաստառների փառատոնի էջից  

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *