Տարածված կարծիք կա, որ կարճամետրաժ ֆիլմերը կինոդպրոցների մենաշնորհն են. ուսանողը կինոդպրոցի վկայական ստանալու համար պարտավոր է ֆիլմ հանձնել` սովորաբար կարճամետրաժ:
Բայց կինոյի պատմությունը ցույց է տալիս, որ ժամանակ առ ժամանակ համախմբվում են մի քանի ռեժիսորներ, պրոդյուսերներ եւ նկարահանում ընդհանուր կոնցեպցիայով միմյանց կապված կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ամբողջ աշխարհում էկրանային մեծ հաջողություն են ունենում:
Մեզ մոտ էլ են եղել եւ կան այսպիսի ալմանախների փորձեր: Բայց մերօրյա տեղական փորձին անդրադառնալիս, երեւում է, որ որակական կողմը կաղում է:
Ընդհանրապես կարճամետրաժ ֆիլմերը անձնագրի պես մի բան են: Լավ կարճամետրաժը ճանապարհ է բացում, ցույց է տալիս հեղինակի ստեղծագործական հնարավորությունները, կինոհասկացողությունը: Հաջող կարճամետրաժը դռներ է բացում, ճանապարհներ հարթում, ներդրողներ գտնում:
Սակայն մեր երկրի դեպքում այս ամենը ուտոպիստական ֆանտազիա է: Եթե քեզ հաջողվել է կարճամետրաժից հետո լիամետրաժ նկարահանել, վստահ եղեք, որ դա բնավ կապված չէ նախորդ աշխատանքի որակի եւ հաջողության հետ: Վերջերս մի հարցազրույցում կինոգետ Սուրեն Հասմիկյանը նշել էր, թե` «ստացվում է, որ ով կարողանում է փող ճարել, նա էլ նկարում է»:
Ֆրանսիայում 50-ականների սկզբին կարեւորվեց կարճամետրաժը որպես առանձին կինոժանր, եւ նույնիսկ մանիֆեստ գրվեց: Առանց այդ նախնական պրպտումների, հազիվ թե ծնվեր ֆրանսիական նոր ալիքը:
Եթե համեմատելու լինենք ֆրանսիական նոր ալիքի ներկայացուցիչների` Տրյուֆոյի, Գոդարի, Ռոմերի, Ռիվետի եւ ալյոց նկարահանած կարճամետրաժները, կտեսնենք, որ հետագայում այդ ֆիլմերի հեղինակները ավելի ուժեղ արտահայտվել են իրենց լիամետրաժ դեբյուտներում: Բայց այդ «թույլ» կարճամետրաժներում արդեն նշմարվում են նրանց ապագա լիամետրաժ ֆիլմերի ոճական առանձնահատկությունները:
Պետք է ընդունել, որ հեղինակները իրենց կարճամետրաժ եւ նույնիսկ առաջին, երկրորդ լիամետրաժ ֆիլմերում իրավունք ունեն սայթաքելու, սխալվելու: Իսկ քննադատը չպետք է գերանդին ձեռքին աջ ու ձախ հնձի:
Սա ռեժիսորի փորձաշրջանն է, նրա ստեղծագործական որոնումների, ոճի եւ բովանդակության հավասարակշռությունը գտնելու ժամանակը: Վառ օրինակը Փարաջանովն է, ով մի քանի ֆիլմերից հետո միայն ցնցեց «Մոռացված նախնիների ստվերներով»:
Հայաստանում փոքր թվով մարդիկ են հասկանում կարճամետրաժ ֆիլմի կարեւորությունը եւ, որ ավելի կարեւոր է, նպաստում են այդ տեսակ ֆիլմերի ստեղծմանը:
Ամենառաջին բարդությունը, որ ստեղծում է կարճամետրաժ ֆիլմը (պոտենցիալ ներդրողը հենց սկզբից գիտի) այն է, որ այս ֆիլմը ոչ մի կերպ հնարավոր չի լինելու իրացնել եւ ներդրած գումարների գոնե մի մասը հետ բերել:
2011-ին, երբ կարճամետրաժ ֆիլմի սցենարը ձեռքիս արտադրող ընկերությունից արտադրող ընկերություն էի վազում, տարբեր ազդեցության մարդկանց հետ հանդիպում, առաջին հարցը, որ լսում էի, այն էր, թե «ինչու՞ պետք է ներդրում անեմ ոմն X-ի կարճամետրաժ ֆիլմում, եթե ես դրանից օգուտ չունեմ»:
Թվում է` խելամիտ դիրքորոշում է եւ ֆինանսական միջոցների խնայողություն. գովազդված անունը հանդիսատես է հավաքում: Մեր պոտենցիալ ներդրողները նպատակ չունեն նոր անուններ, նոր մարդկանց, նոր աշխարհայացք հայտնաբերելու, նրանք հետաքրքրված են միայն «fast food» արտադրանքով:
Սա էլ է տարբերակ, բայց քանի որ մեծ ընտրություն անելու շանս չկա, այս տարբերակը դոմինանտ է դառնում եւ դաշտում սկսում է ճաշակ թելադրել: Մոռանում են, որ կարճամետրաժ ֆիլմերը հրաշալի փորձադաշտ են սկսնակ ռեժիսորների համար, ովքեր առանց մեծ պատասխանատվության եւ համեմատաբար փոքրիկ գումարներով կարող են էսքպերիմենտներ անել, համախոների հետ քննարկումների եւ փնտրտուքների միջոցով հետաքրքիր արդյունքների հասնել:
Կարճամետրաժ ֆիլմի համար շատ դժվար է ֆինանսավորում գտնել նաեւ արտաքին աշխարհում: Մի քանի հնարավորություններ կան (օրինակ` Coproductionprize-ը), բայց հիմնականում ոչ մի երկիր ներդրում չի անում օտարազգի ռեժիսորի կարճամետրաժ ֆիլմում:
Ցանկացած նորմալ, զարգացած երկիր հասկանում է, որ կարճամետրաժ ֆինանսավորելը ներդրում է ոչ թե ֆիլմի, այլ ռեժիսորի ստեղծագործական կարողությունները զարգացնելու համար: Եթե այսօր շիվը չջրես, վաղը նրա ստվերում չես կանգնի: Բայց հետագայում, երբ արտասահմանյան կինոֆոնդի համար լիամետրաժ ֆիլմի փաթեթ ես պատրաստում, փաթեթին պարտադիր կցում ես նաեւ նախորդ կարճամետրաժ ֆիլմերդ:
«Ոսկե Ծիրան»-ի շրջանակներում Սուսաննա Հարությունյանի նախաձեռնությամբ մի պլատֆորմ ստեղծվեց` «Հայ-թուրքական կինոպլատֆորմ», ինչը միտում ուներ հայ-թուրքական համատեղ ծրագրերի միջոցով կարճամետրաժներ ստեղծել:
Կարճամետրաժ վավերագրական ֆիլմերով հիմնականում զբաղվում է «Հայկ» կինոստուդիան, իսկ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆինասնսավորում է կարճամետրաժ խաղարկային դեբյուտներ: Սահմանված է կոնկրետ գումար եւ դիմողները կարող են ստանալ այդ ֆինանսական աջակցությունը:
Բայց ուզես, թե չուզես, էլի հարց է ծագում. արդյո՞ք բոլոր կարճամետրաժները կարող են ունենալ միանման բյուջե: Իհարկե` ոչ: Մի ֆիլմը կարող է մեկ միլիոն դրամով ստեղծվել, մյուսը` հինգ-վեց: Փաստորեն, Կինոկենտրոնի աջակցությունը ընդամենը առաջին քայլն է, բայց հիմնականում բոլորը «տեղավորվում» են ստացած գումարի մեջ, քանի որ գիտեն` ուրիշ ոչ ոք ներդրում չի անելու:
Հետո, եթե մի բանի մեջ ներդրում ես անում, ենթադրվում է, որ ներդրողը ֆինանսական պլան ունի եւ գիտի` վաղը ինչպե՞ս եւ ու՞ր է տանելու իր արտադրանքը: Քանի որ հեռանկարներ չկան, ստիպված լողանում են մի գդալ ջրով:
Ինչեւէ, ենթադրենք հաջողվել է որակյալ կարճամետրաժ ֆիլմ նկարահանել: Նախ եւ առաջ, բնականաբար, պետք է որոնել համապատասխան կինոփառատոններ: Կարճամետրաժների համար առաջնակարգ են համարվում Օբերահուզենը ( Internationale Kurzfilmtage Oberhausen), Կլեմոն Ֆերան (Clermont Ferrand International Short Film Festival) եւ այլն:
Նաեւ կարելի է փորձել տեղական փառատոններին մասնակցել: Բնականաբար եղածներից ամենահեղինակավորը «Ոսկե Ծիրան»-ն է, որտեղ 2011-ից ստեղծվեց նաեւ միջազգային կարճամետրաժ ֆիլմերի բաժինը` «Կորիզը»:
Կարճամետրաժները կարող են տեղ գտնել նաեւ «Ոսկե Ծիրանի» «Հայկական համայնապատկեր» ծրագրում: Սակայն մեկ կամ երկու անգամ ֆիլմը ցուցադրելով՝ շատ առաջ չես գնա: Կարճամետրաժների հանրայնացման խնդիրը մնում է օդում կախված:
2006-ին Մելիք Կարապետյանի խորհրդով դիմեցի Կինոմոսկվայի տնօրինությանը, եւ դեկտեմբերի 24-ից 26-ը թույլ տվեցին, որ իմ կարճամետրաժ ֆիլմը` «Աշնան արեւը» օրը երեք անգամ ցուցադրվի հիմնական լիամետրաժ ֆիլմից առաջ: Լուծումը նոր չէր, բայց Սովետի փլուզումից հետո կարծես այդ տարբերակը ոչ ոք չէր կիրառել:
Չեմ կարող ասել, թե ֆիլմը շատ մարդ տեսավ, բայց, որ մենք փորձեցինք ֆիլմը հնարավորինս հասանելի դարձնել, փաստ է: Սա եզակի օրինակ է, բայց եթե մշակված լիներ կինոյի մասին այդքան սպասվող օրենքը, վստահաբար պատկերը կփոխվեր:
Օրենքի միջոցով փոխադարձ պարտավորություններ կստեղծվեին. կինոթատրոնները, հեռուստատեսության եւ արտադրող ընկերությունները վերջապես հնարավորություն կստանային գրագետ եւ օրենքի սահմաններում իրացնել արտադրված արտադրությունը, ինչու չէ, նաեւ փոքրիկ եկամուտներ ունենալ:
Վստահաբար կարելի է ասել, որ առաջին մեկ–երկու կարճամետրաժները կարելի է նույնիսկ առանց բյուջեի նկարահանել, բայց ֆիլմի պատրաստ լինելուց հետո շարունակ նույն հարցն է ծագում` ինչպես հասցնել հանդիսատեսին:
Մեկ պրեմիերան հարց չի լուծում, գուցե եւ ավելացնում է: Կարճամետրաժները կինոլեզվի զարգացման կարեւոր խթանչիներից են, բայց քանի դեռ ֆիլմերը մնում են ռեժիսորների դարակներում, հարցը բաց է մնում:
Դիանա Կարդումյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: