2022.09.13,

Քննադատ

Դանդաղաշարժությունը, փառասիրությունը և ցանցերը ռազմական իրավիճակում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Սահմանային ռազմական գործողությունները միշտ բերում են տեղեկատվական քաոսի։ Առավելևս, երբ ծանր իրավիճակը շատերի համար անսպասելիորեն սկսվում է զարգանալ գիշերվա կեսին, երբ մարդն ավելի հեշտ է ահաբեկվում, տրվում զգացմունքների, ընկնում անորոշության ճանկերը։  

Իհարկե, կարևոր է, որ օպերատիվորեն տեղ հասնի պաշտոնական տեղեկատվությունը։ Հակառակ դեպքում մարդիկ ինքնուրույն են տեղեկություն արտադրում, որոնում և տարածում։ Իսկ հասարակ քաղաքացին չի կարող համոզված լինել, որ ամեն ինչ ճիշտ է անում։  

Եվ եթե դիտարկենք սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սկսած մարտական գործողությունները, ապա կարող ենք տեսնել որ, ըստ ՊՆ-ի, հարձակումը Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի և հայկական ռազմական դիրքերի վրա սկսվել է 00։05-ին։ ՊՆ խոսնակը առաջին հաղորդագրությունը տարածել է Ֆեյսբուքում ուղիղ ժամը մեկին, 55 րոպե անց։ Թվիթերում ՊՆ-ն հայտարարություն արել է 1:33-ին։  

Համոզված եմ, որ ՊՆ տեղեկատվական հատվածն ունի բազմաթիվ բացատրություններ, որոնք օբյեկտիվ են, թե ինչու է մեկ ժամ ուշ հայտարարություն արել։  

Բայց, մենք ապրում ենք սոցցանցերի ժամանակ, շատ պարզ ու տրիվիալ միտք է, որ նույնիսկ ամոթ է գրել, էնքան պրիմիտիվ է հնչում։ Եվ մեկ ժամվա ընթացքում, հասկանալիորեն, բոլոր սոցցանցերը լցվում են ռազմական գործողությունների մոտ գտնվող մարդկանց գրառումներով և տեսանյութերով։  

Ինչին հաջորդում է խուճապային, դեպրեսիվ և այլ բացասական զգացմունքներով լի տեղեկատվական ալիք՝ մնացած բոլորի կողմից, որոնք սահմանին մոտ չեն, բայց արթուն են։  

Երևի թե հարկավոր է ավելի օպերատիվ տեղեկատվական գործողությունների պլան կազմել։ Առավելևս, այս դեպքում արդեն պարզ էր, որ օրեր շարունակ Ադրբեջանի հայտարարությունները «հայկական սադրանքների» մասին հող էին նախապատրաստում նման գործողությունների համար։  

Այսօր մեկ ժամի վատնումը, երբ գրեթե ողջ սահմանով մեկ ծանր հրետանի է գործում, մեծ շռայլություն է։  

Մյուս խնդիրը փառասիրությունն է։ Ի՞նչ ՏիկՏոկ կամ Տելեգրամ առանց մարդկանց, որոնք ամեն մի ծանր իրավիճակ փորձում են օգտագործել հայտնի դառնալու համար։ Ու սկսում են աջ ու ձախ լցնել տեղեկատվություն, այն մտքով, որ բոլորից առաջ ընկնեն ու շատ տարածումներ ստանան։  

ՏիկՏոկի դեպքում կա ևս մեկ, քիչ տեսանելի խնդիր, որը ինչ-որ չափով վերաբերում է նաև այլ սոցցանցերին (բացառությամբ Տելեգրամի)։ Դա հարթակներում գործող ալգորիթմներն են, որոնք ամեն մարդու համար որոշում են, թե ինչ պետք է նա դիտի այս կամ այն պահին։  

Եվ, օրինակ, հիմա ջրի երես են եկել հին տեսանյութեր, նույնիսկ Սուրմալուի պայթյունի տեսանյութերն են սկսել ակտիվորեն պտտվել մարդկանց լրահոսում։  

Ընդ որում՝ շատ դեպքերում տեսանյութերը վերնագրված էլ չեն, ինչի պատճառով շատերը վերագրում են դրանք հենց այս պահին կատարվող իրավիճակին։ Ինչը աճեցնում է խուճապ։ Շատերը մեկնաբանություններում փորձում են բացատրել, որ սա հին տեսանյութ է։ Բայց ամեն մի նոր մեկնաբանություն ավելացնում է տեսանյութի ցուցադրումները և ամենը ավելի է խորանում։  

Սրան ավելանում են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից իրականացվող գործողությունները, երբ արդեն միտումնավոր են ցանց նետվում հին տեսանյութեր Արցախյան պատերազմից, որպեսզի խորացվի խուճապը։ Դա կրկին արվում է հիմնականում ՏիկՏոկի և Տելեգրամի միջոցով։  

Եվ իհարկե, հենց բուն Տելեգրամում կան գործող բազմաթիվ ալիքներ, որոնք արդեն ամիսներ շարունակ աշխատում են հայկական թեմաներով, մի մասն ակնհայտ հայկական վերնագրեր ունեն։  

Մենք պետք է շատ հստակ գիտակցենք․ այդ տելեգրամյան ադմինների մի մասը, չնայած, որ կրում են հայկական ազգանուններ ու գրում են Հայաստանի մասին, իրականացնում են այլ երկրի, կամ ասենք այսպես՝ այլ երկրի քաղաքական շրջանակների տեղակատվական քաղաքականությունը։  

Պարզապես ողջամիտ և ուշադիր մարդը հինգ րոպեում կարող է հստակ հասկանալ, թե որ ալիքները հայկական դրոշի տակ այլ երկրի շահերից բխող տեղեկատվական գործողություններ են իրականցնում։ Սա իսկապես դժվար գործ չէ, միայն թե ցանկություն լինի հետևելու օբյեկտիվ և վստահելի ալիքներին, այլ ոչ թե նրանց, որոնք հետաքրքիր կամ ցանկալի տեսակետ են տարածում։  

Ի՞նչ անի այս պարագայում հասարակ քաղաքացին։ Մի քանի պարզ բան․  

ա․  Անհայտ աղբյուրներում տեսածը չհամարել փաստ, մինչև չստացվի ստուգել։  

բ․  Եթե բարդ է, հետաքրքրությունից ելնելով կատարել ա) կետը, պարզապես խիստ սահմանափակել աղբյուրների քանակը և հետևել գ) կետին։ 

գ․ Գտնել մի քանի վստահելի աղբյուր և հետևել հիմնականում դրանց։ Ո՞նց որոշել, թե որքանով է աղբյուրը վստահելի։ Կան մի քանի չափանիշներ, որոնք կհեշտացնի գործը՝ խմբագիրները և լրագրողները հայտնի են, նրանք հազվադեպ են սխալվում, իսկ սխալվելու դեպքում հերքումը կամ ճշտումը հրապարակում են։ Առնվազն, նման աղբյուրները թույլ կտան ստուգել այն տեղեկատվությունը, որը գալիս է անհասկանալի աղբյուրներից։  

դ․ Նույնիսկ գ) կետին հետևելիս՝ վերստուգել տեղեկատվությունը մի քանի վստահելի աղբյուրի միջոցով։   

ե․ Հաշվի առնելով սոցցանցերի ալգորիթմների աշխատանքը, միշտ ուշադիր ստուգել տեղեկատվության աղբյուրը, հրապարակման ժամանակը։ 

զ․ Միայն ստուգված տեղեկատվություն տարածել սոցցանցերում, քանի որ հակառակ դեպքում, դուք ինքներդ դառնում եք այն ապատեղեկատվության աղբյուր, որի դեմ բոլորս փորձում ենք պայքարել։ 

Սամվել Մարտիրոսյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *