Սպորտային թեմաների մասին գրելիս կարևոր է սիրել ու լավատեղյակ լինել գոնե մի քանի մարզաձևերից։ Գոհարը և Հասմիկը նեղ մասնագիտացում ընտրել են դեռ ուսանողական տարիներից։ Արդեն տասը տարի է աշխատում են Sport Mediamax-ում։
Նրանց համար հատկապես աննկարագրելի փորձ է եղել Ռիոյի ու Տոկիոյի Օլիմպիական խաղերին ներկա լինելն ու լուսաբանելը։ Հետաքրքիր է եղել հետևել ինչպես են աշխատում աշխարհի լավագույն լրատվամիջոցները, դա օգնել է արագ մտնել ռիթմի մեջ, նոր գիտելիքներ ու որակներ ձեռք բերել։
Անկեղծանում են՝ նման խոշոր միջոցառումները շատ բան են սովորեցնում և պարտադիր են սպորտային լրագրողների աճի համար։
Հասմիկ Բաբայան
Սպորտային լրագրությունը սպորտի պես է՝ անընդհատ ռիթմի, շարժման ու արագության մեջ: Պետք է անընդհատ հետևել աշխարհի ու երկրի ներսում տեղի ունեցող իրադարձություններին ու կարողանալ գործել շատ դինամիկ։ Մերօրյա սպորտային լրագրությունը դարձել է գերարագ:
Իրադարձությունը դեռ չավարտված ընթերցողներին պետք է հաղորդես տեղեկություններ: Ժամանակի հետ, իհարկե, միտքդ դառնում է ավելի ճկուն, կարողանում ես մի աչքով հետևել ֆուտբոլային դաշտին կամ ըմբշամարտի գորգին, մյուսով էլ՝ համակարգչով աշխատել։
Քանի որ սպորտային լրագրության մակարդակն ու գեղեցկությունն անմիջապես կախված է սպորտի որակից, զարգացվածությունից, լավ ենթակառուցվածքներից ու գեղեցիկ դահլիճներից, այդ ամենն անմիջապես ազդում է նաև մեր աշխատանքի վրա:
Կան շատ գեղեցիկ ու աշխարհում արագ զարգացող մարզաձևեր, որոնք մեզ մոտ շատ վատ վիճակում են կամ թույլ, արդյունքում դրանք մեծ հաշվով դուրս են մնում մեր տեսադաշտից, որքան էլ փորձում ենք բոլորին ուշադրություն դարձնել:
Մեզ մոտ դեռ մի քանի հիմնական հենակետային մարզաձևերն են միջազգային ասպարեզում մեդալներ ապահովում։ Ցավալի է, որ վատ վիճակում են թիմային մարզաձևերը:
Այդ ամենը չի կարող չազդել նաև սպորտային լրագրության որակի վրա, այն չի կարող մի քանի աստիճան բարձր լինել, քան բուն սպորտն է: Չափից շատ փոխկապակցված են իրար հետ, թեև հասկանում ենք, որ մենք էլ կարող ենք օգնել այն հետաքրքիր ու ճանաչելի դարձնել:
Երբ նոր էինք ավարտել համալսարանն ու առաջին քայլերն էինք անում, իհարկե, շատ էինք տեսնում զարմացած հայացքներ: Մոտ տասը տարի առաջ սպորտային լրագրության դաշտում կանայք քիչ էին։
Սակայն ժամանակի ընթացքում կարողանում ես գտնել քո տեղը, անել այնպես, որ ճանաչեն քեզ, կարդան քո հրապարակումները, մարզաշխարհի ներկայացուցիչների հետ փոխադարձ վստահության դաշտ ձևավորել:
Մենք վաղուց Mediamax Sport-ում մատուցում ենք այն, ինչ գուցե շատերը չեն անում: Մեզ մոտ հնարավորինս քիչ են թարգմանված միջազգային լուրերը, փորձում ենք ինքներս ստեղծել հետաքրքիր ու բովանդակալից հրապարակումներ: Մեզ հաճախ են գրում, թե որքան են հավանում մեր մատուցման ձևը, կամ սոցկայքերում էջերի վարումը: Եթե լավ արտադրանք ես տալիս, այն անտարբեր չի թողնում:
Սպորտն աշխուժացնելու ու զարգացնելու համար միանշանակ ավելի շատ միջոցներ են պետք, հովանավորներ, լավ սպորտային կառույցներ, երեխաների շրջանում հետաքրքրվածության առաջացում: Պետք է սկսել դպրոցներից, ապա աստիճանաբար զարգացնել ուսանողական սպորտը: Չեմ ասում, թե չկա, բայց սպորտային առումով երբեք վերին շեմ չի լինում, այն նորանոր ֆիզիկական հնարավորությունների ընդլայնման հետ է կապված ու պետք է սահմաններն ընդարձակել ամեն օր:
Գոհար Նալբանդյան
Իրականում նյութերի կառուցվածքի կամ մոտեցման առումով սպորտային լրագրությունը ոչնչով չի տարբերվում այլ ոլորտի լրագրությունից:
Առանձնահատկությունն այն է, որ մարզական լրագրողը պարտավոր է տիրապետել մարզաձևերի կանոններին, մոտեցումներին, իմանա ամեն ինչ կոնկրետ սպորտաձևի մասին: Հակառակ դեպքում հնարավոր չէ որակյալ ու ճշգրիտ լուսաբանում ապահովել:
Հայաստանում ֆեդերացիաների մեծամասնությունը անմիջական կապ չունի լրատվամիջոցների հետ, չունեն մամուլի պատասխանատուներ, հաղորդագրություններ չեն ուղարկում կամ հանդիպումներ կազմակերպում լրագրողների հետ: Չնայած արդարության համար կնշեմ, որ վերջին շրջանում ակտիվացում կա որոշ մարզաձևերի կողմից (բռնցքամարտ, ըմբշամարտ, մարմնամարզություն, բասկետբոլ): Ֆուտբոլի ֆեդերացիային առանձին կնշեմ, որովհետև վերջինս, երևի թե միակն է, որ երկար տարիներ է մամուլի առանձին բաժին ունի և ակտիվ գործունեություն է ծավալում:
Իմ կարիերայի սկզբում բավական շատ էին տղամարդ լրագրողները, իսկ հիմա կանանց թիվն անհամեմատ աճել է: Սկզբնական շրջանում կնոջ ներկայությունն առաջնությունների կամ էլ մարզման ժամանակ տարօրինակ էր ոչ միայն սպորտի ներկայացուցիչների, այլ նաև հենց տղամարդ լրագրողների համար:
Փոխվում է այն մտածելակերպը, թե սպորտ գրել կարող է ցանկացած լրագրող: Դա բոլորովին այդպես չէ: Այս ոլորտը լուսաբանելու համար, հավատացեք շատ հմտություններ ու գիտելիքներ են պետք:
Ցավոք, վիճակն այդքան էլ ինձ չի գոհացնում: Սպորտային կայքերն ավելացել են, սակայն դրանք մեծամասամբ լուսաբանում են ոչ հայկական սպորտը, տասը լուրից հազիվ մեկ-երկուսն են հայ մարզիկների մասին: Արտասահմանյան կայքերից արված թարգմանությունները ես լրագրություն չեմ համարում:
Նույնը նաև հոդվածների կամ վերլուծությունների մասին կարող եմ ասել: Այս տեսանկյունից տեղացի սպորտային լրագրողները հսկայական գործ ունեն անելու:
Միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ հանրային պահանջարկը լրագրողներն են ստեղծում: Եթե տալիս ենք անգրագետ հայերենով, ցածր մակարդակի նյութեր, բավարարվում միայն լուրերով, հետևաբար նման որակի ընթերցող էլ ունենալու ենք:
Sport Mediamax-ի համար առաջին տեղում հայկական սպորտն է (ոչ միայն հաղթանակներն ու մեդալները, այլ նաև խնդիրները, բացթողումները, հեռանկարները)։ Մեզ համար կարևոր է և՛ վերլուծությունը, և՛ բազմակողմանի մատուցված հոդվածը:
Շատ հպարտ եմ, որ մենք ունենք այդ կոնտենտը և, հետևաբար, լավ ընթերցողը: Միգուցե, նրանք հազարների չեն հասնում, բայց մարդիկ են, ովքեր ունեն բարձր կրթական մակարդակ:
Եթե գրենք բարձրակարգ նյութեր, սկզբում կկարդա 5 հոգի, հետո, համոզված եմ, այդ թիվը կաճի: Բայց սա պետք է անի ոչ թե 1-2 լրատվամիջոց, այլ բոլորը: Այստեղ արդեն առաջ կգա մրցակցություն, իսկ ընթերցողների ընդհանուր մակարդակը կբարձրանա:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: