Մի քանի օր առաջ տեղեկացա, որ «ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում կատարած ուսումնասիրությամբ պարզել է, որ վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը»:
Շատ երկար, դրամատիզմով լի նախադասություն է։ Կարելի է նույնիսկ ասել, որ սա բացահայտում է։ Բայց կան ավելի խորը և անսպասելի բացահայտումներ․
«Ներպետական օրենսդրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ լայն դիտելիություն ունեցող ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ՀՀ-ում իրավական տեսանկյունից ապահոված չէ, օրենսդրական կարգավորումները բացակայում են և որևէ մարմնի վրա տեղեկատվության անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դրանից բխող միջոցներ ձեռնարկելու իրավասություն դրված չէ»:
Իսկ հիմա, եթե այս ամենը ներկայացնենք մարդկային լեզվով, ապա աշխատանքի վայրը լքող գլխավոր դատախազը կամ էլ նոր գործի անցնող գլխավոր դատախազը (ճիշտն ասած, դժվարանում եմ հասկանալ, թե այս անցումային փուլում որ մեկն է որոշել էսպիսի զուլում բաներ անել՝ գնացողը, թե եկողը) առաջարկում է ինտերնետում գրաքննություն իրականացնել։ Որպես նման մոտեցումների լավագույն օրինակ բերվում է (Sic!) ռուսաստանյան Ռոսկոմնադզորը։
Իսկ հիմա եկեք հասկանանք, թե ինչ է այս ամենը նշանակում։
Անհասկանալի է, թե ինչու է դատախազությունը հիմա հայտնաբերել, որ գոյություն ունի ինտերնետ, որտեղ կարող են, օրինակ, հայհոյել կամ թմրադեղեր վաճառել։ Եվ դատախազությունը առաջարկում է այս ամենի դեմ պայքարել։
Դատախազությունը որպես միջազգային փորձի լավագույն օրինակ ներկայացնում է Ռոսկոմնադզոռը, որի փառավոր օրինակին առաջարկում է հետևել։
Մի փոքր նյուանս էլ նշեմ․ ինձ հայտնի ոչ մի հանրային քննարկում այս առաջարկի շուրջ չի եղել։ Ընդհանրապես, վերջերս կառավարությունում համարում են, որ եթե մի բան տեղադրում են e-draft-ում, դա արդեն հանրային քննարկում է նշանակում։ Ենթադրում եմ, որ այս անգամ էլ ամենը շարժվելու է այս ճանապարհով։ Այսինքն, հանրային քննարկում փաստացի չի լինելու։
Իսկ հիմա պատմեմ, թե ինչ հետևանքներ է այս ամենը ունենալու։
Եթե գնանք Ռուսաստանի ճանապարհով, ապա սկզբից հայտարարվելու է պայքար համացանցում թմրադեղերի, ինքնասպանությունների կոչերի դեմ։ Իսկ հետո մի գեղեցիկ օր մենք հայտնաբերելու ենք, որ պետությունը զբաղվում է արգելափակումներով։ Ընդ որում՝ հիմնականում քաղաքական բնույթի։
Թմրադեղերն արդեն արդիական չեն, քանի որ դրանց դեմ այսպես պայքարել չի լինի ոչ մի կերպ։ Իսկ քաղաքական այլախոհությունը հնարավոր է արգելափակել։ Եվ ամեն մի չարտոնված փռշտոցի համար կայքեր կփակեն։
Հողմաղացների դեմ այս պայքարի անվան տակ դուրս են գրվելու Հայաստանի համար ահռելի գումարներ։ Քանի որ, եթե որոշում ես գործը լավ անել, ապա դա ենթադրում է լուրջ ծախսեր ինտերնետային ենթակառուցվածքների մակարդակով։ Էլ չասեմ, որ ցենզորների սոված բանակ պետք է կերակրենք մեր հարկերի հաշվին։
Ամենամազալուն այն է, որ այս ամենը չի աշխատելու։ Ոչ մի կերպ։
Այնպես, ինչպես չօգնեց ծանր վիրավորանքի քրեականացումը, որը կրկին վերացվեց։
Խրատական վերջաբան․
Հինգերորդ դարն էր։ Քրիստոսից առաջ։ Մեծն Քսերքսեսը հունական արշավանքների ժամանակ խիստ վրդովվել էր, երբ փոթորիկը խափանեց իր պլանները։ Եվ նա հրամայեց մտրակել անպիտան ծովը։ Ու, ասում են, շահինշահի սիրտը հովացավ։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: