2022.06.07,

Նյուսրում

Կովկասյան բարոմետրը ցույց է տալիս, որ ամենացածր վստահությունը մեդիայի հանդեպ է

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) հանրային կարծիքի հետազոտությունը՝ Կովկասյան բարոմետրը, որը անցկացվում է Հայաստանում ու Վրաստանում (2015-ից հետո Ադրբեջանում այլևս հանրային կարծիքը չի ուսումնասիրվում), ցույց է տալիս բավականին մտահոգիչ արդյունքներ հատկապես մեդիայի վերաբերյալ։

Եվ քանի որ այս տարվա հետազոտությունը համեմատում է տարբեր տարիների տվյալները, հետաքրքիր է հետևել, թե ինչպես են փոխվում (կամ չեն փոխվում) հայաստանցիների պատկերացումները կյանքի, պետության, սպասելիքների, ինֆորմացիայի սպառման, ինքնաարտահայտման մասին։

Ո՞րն է ներկա պահին Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը։ 

Այս հարցին 2012-ին ու 2019-ին մեծամասնությունը (45% և 30%) պատասխանել է, որ գործազրկությունը, իսկ 2021-ին արդեն՝ երկրում խաղաղության պակասը (41%)։ Վերջին տարում նոր ու արդիական իմաստ ստացան հասկացություններ, որոնք հասարակությունը կարևորում է։ Դրանք են՝ դելիմիտացիան, դեմարկացիան, պետական սահմանները, 18%-ը դա են համարում առաջնային պետական խնդիրներ։

Մարդկանց 80%-ը վստահ է, որն իրենց նման մարդիկ ներկայիս Հայաստանում իրավունք ունեն ազատ ասելու այն, ինչ մտածում են։ Դա շատ բարձր ցուցանիշ է։

Եվ միևնույն ժամանակ, շատ քիչ մարդիկ են կարծում, որ կարելի է վստահել հանրային խոսքին ու հատկապես զանգվածային մեդիային։

Վստահության սանդղակում ամենացածր դիրքերում են մեդիան ու Ազգային ժողովը։ Լրատվամիջոցներին լիովին վստահում է ընդամենը 1,1%-ը, իսկ ընդհանրապես չի վստահում 55%-ը։

Առավել վստահելի են օմբուդսմենը, բանակն ու Եվրամիությունը։

Անվստահությունը լրատվամիջոցների (ու նաև կրոնի) հանդեպ կտրուկ աճել է վերջին երկու տարում:

Երբ չափվում է վստահության ինդեքսը, առավել ուշագրավ է ոչ միայն այն, թե ինչպես են ընկալվում պետական ու հանրային ինստիտուտները, այլև ինչպես են մարդիկ ընկալում միմյանց։ Հանրային համերաշխության ու թերևս պետական կայուն զարգացման մեկնակետն է մարդուց մարդ (առանց միջնորդների) կառուցվող վստահության կամուրջները։

Հայաստանում մարդկանց մեծամասնությունն արժանի է վստահությա՞ն, թե՞ մարդկանց հետ հարաբերություններում ավելորդ զգուշությունը երբեք չի խանգարի: Այս հարցի պատասխանները ցույց են տալիս ներքին լարում ու սոցիալական խնդիրների սրացում, քանի որ 62%-ը կարծում է, որ շրջապատը վստահության արժանի չէ։

Այս տվյալները կարելի է բացատրել նաև մեդիայի դերով, որը վերջին տարիներին զբաղված է հիմնականում բևեռացված կարծիքների տարածմամբ։ Կամ ավելին՝ բևեռներ ստեղծելով, որ այդպես ավելի լավ վաճառի լսարանին իր արտադրանքը։

Իսկ պետության դերի նկարագրություններից պարզ է դառնում, որ շատերը պետությունը նույնացնում են ընտանիքի հետ (օջախի), իսկ իրենց ներդրումը ընդամենը որպես հնազանդ զավակի։ 

Մարդիկ երեխաների նման են. պետությունը ծնողի նման պետք է հոգ տանի նրանց մասին։ Այդպես է մտածում է 69%-ը, իսկ պետության քայլերը վերահսկելու մտքի հետ համաձայն է ընդամենը 26%-ը։

Սրանք տվյալներ են, որոնք իրականում իրար հետ կապված են։ Եթե պետությունը ընկալվում է որպես ծնող, ապա դրա հետևանքը մարդկանց քննադատական մոտեցման նվազումն է։ Ու սկիզբ են առնում ֆատալիստական տրամաբադրությունները։ Կամ վստահությունը փոխարինվում է հավատով, ավելի իռացիոնալ զգացմունքով։

Վերջիվերջո, Հայաստանում լավ կլինի։ 

2017-ին այսպես էր կարծում 47%-ը, 2019-ին՝ 80%-ը, իսկ 2021-ին՝ 78%-ը։ Այսինքն, նույնիսկ պատերազմից հետո լավատեսությունն ավելի բարձր է, քան եղել է նախկին իշխանությունների ժամանակ։

Եվ եթե խոսքը ավելի նախկին կյանքի մասին է, ապա ստացվում է, գլխավոր ու կարոտալի նախապատվությունը մեծամասնությունը տալիս է Սովետական Միությանը։

Սովետական Միության փլուզումը Հայաստանի համար  բացասական է գնահատում 67%-ը։ Այսինքն, մեծամասնությունը կարծում է, որ Սովետական միությունում ավելի լավ էր, և դա բացատրում է անկախ Հայաստանում տնտեսական վիճակի վատթարացմամբ։

Հանրային կարծիքի հետազոտությունները լավ առիթ են մտորելու, թե ինչպես է ներգործում սոցիալական արդարության գործոնը։ Իրականում մարդիկ սոցիալական արդարության կարիք ունեն։ Անգամ Սովետի կարոտախտն է դրա մասին։  Առնվազն, պատրանքի, որ կար հավասարություն ու քիչ թե շատ համերաշխ (առանց պատերազմի ու լարվածության) կյանք։

Եվ նույն այդ սոցիալական արդարության որոնումները կարելի է տեսնել մեդիային վերաբերող տվյալներում։

Օրինակ, Հայաստանի ներքին իրադարձությունների մասին հիմնական աղբյուրներն են սոցցանցերը (32%-ի համար), ընդհանուր ինտերնետը, բացի սոցցանցերից (14%-ի համար) և հեռուստատեսությունը (46%-ի համար)։

Որքանո՞վ եք համաձայն, որ հեռուստատեսային լրագրողները ծառայում են Ձեզ նման մարդկանց շահերին։ Այս մտքի հետ լիովին համաձայն է 6%-ը, իսկ ընդհանրապես համաձայն չէ 22%-ը։

Կարելի է ենթադրել, որ շատ քչերն են նույնացնում հեռուստատեսության աշխատանքը իրենց կարիքների հետ։ Եվ այն, թե ում է ծառայում հեռուստատեսությունը անվստահության հիմնական պատճառն է։ 

Ու թեև շատերի համար (69%-ի) լուրջ մտահոգություն է համացանցում տարածվող մոլորեցնող տեղեկատվությունը, այսուամենայնիվ, մարդիկ արդեն գծել են իրենց փոքր արահետները, որոնցով ստուգում են տեղեկատվությունն ու գտնում առավելապես հուսալի տեղեկատվական աղբյուրներ։

Ամեն օր համացանցից օգտվում է մարդկանց 72%-ը։ Առաջնային սոցցանցերն են Ֆեյսբուքը (37%), Յություբը (31%): Եվ առաջին հերթին սոցիալական մեդիայից մարդկանց 84%-ը սպասում է քաղաքական լուրեր։

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *