2013.04.13,

Քննադատ

Ինչ է տալիս հայկական ֆիլմերին միջազգային կինոփառատոներին մասնակցությունը

Ցանկացած կինոարտադրանք կարիք ունի մասնագիտացված շուկայում իրացվելու: Ինչքան էլ վեհացնենք կինոյի նշանակությունը եւ տեղը արվեստի սանդղակում, միեւնույն է, այն ապրանք է եւ պետք է վաճառվի:

Ինչպես, որտեղ եւ ինչ պայմաններով պետք է իրացվի պատրաստի ֆիլմը, կապված է ֆիլմի պրոդյուսերի(ների) եւ նրա մշակած ռազմավարության հետ:

Նախքան ֆիլմը պատրաստ լինի, պրոդյուսերը սկսում է միջազգային կինոֆոնդերում եւ կինոշուկաներում ներկայացնել ապագա ֆիլմի նախագիծը, փորձում է գտնել դիստրիբյուտորների եւ վաճառքի ագենտների:

Հայաստանի դեպքում փառատոնից փառատոն, ֆոնդից ֆոնդ, կինոշուկայից կինոշուկա ճամփորդելը եւ ֆիլմի նախագիծը ներկայացնելը հազվադեպ երեւույթ է:

Տեղական պրոդյուսերական ընկերությունները չունեն բավականաչափ ներքին ռեսուրսներ, որպեսզի նախագծի հենց առաջին օրվանից այն ներկայացնեն համապատասխան դաշտում: Եվ ճամփորդությունն է թանկ հաճույք, եւ ֆիլմի սկզբնական փաթեթը պատրաստելը:

Հաջողված տեղական պրոդյուսերական ընկերություններից առաջին հերթին կարելի է առանձնացնել վավերագրական ֆիլմերի «Բարս Մեդիա» ընկերությունը` պրոդյուսեր, ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Այսպիսի հաջող օրինակներ այնքան էլ շատ չեն եւ պետք է չմոռանալ, որ «Բարս Մեդիա»-ն նախքան իր առաջին լուրջ արդյունքը` «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության մասին» ֆիլմը, երկար ճանապարհ է անցել:

Խաղարկային կինոյի ոլորտում պետք է նշել հետեւյալ պրոդյուսերական ընկերությունները` Արսեն Ազատյանի եւ Նարինե Մկրտչյանիի «Այսօր պլյուս»-ը, Հովհաննես Գալստյանի «Պարալելս ֆիլմ»-ը, Արմինե Անդայի «Հոշկի ֆիլմ»-ը, Մարիա Սահակյանի եւ Վիկտորիա Լուպիկի «Աննիկո ֆիլմս»-ը: Երիտասարդ 456պրոդյուսեր Տաթևիկ Մանուկյանի «ԹԱՈ»-ն:

Այս ընկերությունները մեծ մասամբ ստեղծվել են ռեժիսորների կողմից: Քանի որ տեղական դաշտում չկան ակտիվ գործող պրոդյուսերներ, ովքեր փնտրում են ռեժիսորներ եւ կինոնախագծեր, ռեժիսորը ստիպված դառնում է նաեւ պրոդյուսեր:

Ինչեւէ, կինոնախագիծը հաջողակ է համարվում, երբ զարգացման էտապում այն ներառվում է որեւէ կինոֆոնդի ընտրացուցակի մեջ եւ հնարավորություն է ընձեռվում արտասահմանյան որեւէ ֆոնդից ֆինանսավորում ստանալ:

Կինոֆոնդերին մասնակցությունը մեծ առավելություն է: Նախ պրոդյուսերը/ռեժիսորը հնարավորություն է ստանում վճարել սցենարիստին, կարողանում է թեմային վերաբերող ուսումնասիրություններ անել, եւ ֆինանսավորումը ստանալը թեթեւացնում է ճամփորդական ծախսերը:

Բացի այդ՝ ապագայում, երբ ֆիլմը պատրաստ կլինի, կինոֆոնդը, ինչը սովորաբար այս կամ այն միջազգային կինոփառատոնի պլատֆորմի մի մասն է կազմում, նախ հետաքրքրված կլինի իրենց կողմից ֆինանսավորած ֆիլմի նախագծով, ապա նոր մնացած ֆիլմերով:

Ինչպես ընդգրկվել հայտնի կինոֆոնդի ցուցակում, եթե դու անհայտ հայ պրոդյուսերական ընկերություն ես եւ ներկայացնում ես արտասահմանում անհայտ հայ ռեժիսորի: Նախքան այս հավակնությունները՝ պրոդյուսերը ստիպված է մի քանի տարի ծախսել: Պրոդյուսերները կատակով ասում են` դժվարը առաջին տասնհինգ տարին է:

Կան տարբեր տեսակի թրեյնինգ ծրագրեր, որոնք նախատեսված են պրոդյուսերներին կրթելու եւ ճիշտ կողմնորոշելու համար (օրինակ` «EAVE»-ն). այս միջավայրում էլ ձեռք ես բերում ծանոթների առաջին շրջանակը կամ պրոդյուսերների լեզվով ասած` «networking» ես անում: Քեզ ճանաչում են, եթե հասցնում ես որեւէ կերպ տպավորվել տարբեր կազմակերպությունների եւ ֆոնդերի ներկայացուցիչների հիշողության մեջ, ապագայում գործդ ավելի թեթեւանում է:

Երբ հասնում է պատրաստի նախագծով ներկայանալու ժամանակը, նամակ ես գրում, հիշեցնում քո մասին, կից ուղարկում ես քո կինոնախագիծը եւ համապատասխան փաստաթղթեր, որ քո երկրում, տվյալ դեպքում՝ Հայաստանում, նույնպես հետաքրքրված են քո ապագա կինոնախագծով եւ պատրաստ են ներդրում անել: (Հայաստանում Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը կարող է միանալ նախագծին մինչեւ 30% աջակցությամբ):

Այս փորձից բացի՝ յուրաքանչյուր ֆոնդ ունի իր քաղաքականությունը եւ գաղափարային ուղղվածությունը: Մի տարի օգնում են աֆրիկյան կինոյի զարգացմանը, հաջորդ տարի՝ ասիական կինոյի: Ֆոնդեր կան, որ ֆինանավորում են սեռական փոքրամասնություններին, ֆեմինսիտներին, մանկական թեմաներին, բնապահպանական ֆիլմերին, կամ ուշադրության կենտրոնում է հայտնվում Կովկասյան ռեգիոնը, ինչպես օրինակ այս տարվա միջազգային կինոփառատոն Լոկարնոյի «Open Doors» կինոֆոնդը:

Այսինքն՝ նախքան ֆիլմի նախագիծը զարգացնելը դու պետք է հստակ պատկերացում կազմես, թե քո ապագա ֆիլմը ինչեր պետք է ընդգրկի իր մեջ, որպեսզի կարողանաս ֆոնդերից ֆինանսական աջակցություն ստանալ: Այս մեթոդները վնասու՞մ են ֆիլմին, թե՞ ոչ, թողնում եմ ձեր երեւակայությանը:  

Ենթադրենք մեծ ջանքերից հետո հաջողվում է ընդգրկվել կինոֆոնդի ընտրացուցակի մեջ, բայց այստեղ նույնպես նոր դժվարություններ են առաջանում: Կինոնախագիծը ներկայացնողը պետք է տիրապետի անգլերենին: Այս չգրված օրենքը այնպիսի ծայրահեղության է հասել, որ ասացվածքի է վերածվել` ասա պրոդյուսերդ ինչ մակարդակի անգլերեն գիտի, ասեմ` որքան ֆինանսավորում կստանաս: Կարեւոր չէ, թե ինչ ես ներկայացնում, այլ ինչպես:

Կինոսցենար կարդալը բարդ գործ է, եւ ֆոնդերի ներկայացուցիչներից շատ հաճախ վրիպում են սցենարի, նախագծի տողատակերը: Արդյունքում շահում են այն նախագծերը, որոնց պրոդյուսերները արտիստիկ են, լավ խոսում են անգլերեն եւ լավ պրեզենտացիոն հոլովակ ունեն: Եթե բանիմաց ժյուրիի կազմ է հավաքված, ովքեր ծանոթ են ֆիլմարտադրութան բոլոր փուլերին,  ֆինանսավորվում են նաեւ հետաքրքրիր կինոնախագծեր:

457

Ֆիլմի զարգացման շրջանում ինչքան շատ հանդիպումներ լինեն, այնքան մեծանում է հավանականությունը, որ նախագծին կավելանան համապրոդյուսերներ, ինչը մեխանկորեն մեծացնում է ֆիլմի դիստրիբյուցիայի մասշտաբները եւ արագացնում է ֆիլմը նկարահանելու համար անհրաժեշտ բյուջե հավաքելը:

Հայաստանի պես երկրներում, ուր ֆիլմարտադրությունը պետական մակարդակով չի խրախուսվում եւ չի պրոպագանդվում (բացի «Գարեգին Նժդեհ» ֆիլմից), ամբողջական բյուջեն սովորաբար մինչեւ վերջ չի լինում հավաքել: Արդյունքում պրոդյուսերը սկսում է ֆիլմը նկարահանել՝ հույսով, որ ֆոնդերից կկարողանա հետարտադրական շրջանի համար նախատեսված ֆինանսավորում ստանալ:

Եթե սցենարի զարգացման համար արտիստիզմի եւ վարժ անգլերենի միջոցով կարելի է համոզել, որ լավ նախագիծ է սպասվում, ապա հետարտադրական շրջանում ավելի է դժվարանում ֆինանսավորում գտնելը, քանի որ ներկայանում ես կոնկրետ արտադրանքով` ֆիլմի մոնտաժի սեւագիր տարբերակով (rough cut):

Հետարտադրական փուլին զուգահեռ պրոդյուսերը սկսում է կինոփառատոններ փնտրել. եթե համապրոդյուսերներ ունի, գործը արագանում է: Եթե որեւէ ֆոնդից ֆիլմը ֆինանսական աջակցություն է ստացել, նրանց էլ պետք է ուղարկել ֆիլմը, եթե հիմնական մրցութային ծրագրում չընդգրկեն, միեւնույն է, հնար կգտնեն զուգահեռ որեւէ ծրագում ֆիլմը ներկայացնելու: Կարելի է նաեւ DVD-ներ պատրաստել եւ ուղարկել տարբեր փառատոներ:

Սակայն փորձը ցույց է տալիս, որ այս ճանապարհով ուղարկված DVD-ները մնում են անպատասխան: Համարյա անհնար է 6000-7000 ֆիլմերի միջից նկատեն ձեր ֆիլմը եւ ընդգրկեն փառատոնի պաշտոնական ընտրացուցակում: Այս պատճառով նախ պետք է հստակ հասկանալ, թե որ կինոփառատոնին ֆիլմը «կսազի»: Պարզում են, թե այդ փառատոնի տարածաշրջանային պատասխանատուն ով է:

Տարածաշրջանի պատասխանատուն շատ կարեւոր կերպար է, քանի որ նրա որոշումից, կինոճաշակից եւ շատ այլ գործոններից է կախված՝ արդյոք ֆիլմդ կհասնի ընտրված փառատոնի նախընտրական ժյուրիի դատին, թե ոչ:

Փառատոններին մասնակցությունը ճանաչում է բերում ռեժիսորին, ընդլայնում է ֆիլմի պոտենցիալ գնորդների ցուցակը, եւ պրոդյուսերը հնարավորություն է ստանում շահավետ ընտրություն կատարել:

Երբ ֆիլմը մասնակցում է բարձրակարգ փառատոնի, ֆիլմի առաջ աննկարագրելի հորիզոններ են բացվում: Բայց աշխարհում կան նաեւ հազարավոր փոքր փառատոներ, որոնք հաճախ մեծ փառատոնների կրկնօրինակներն են: Բարձրակարգ փառատոններում աղմուկ հանած ֆիլմերը իրենց 4-րդ 5-րդ փառատոնային պտույտի շրջանում փակում են բոլոր հնարավորությունները փառատոնային շրջանակից դուրս մնացած անհայտ ֆիլմերի համար եւ դառնում են փոքր փառատոների հիմնական մրցութային ծրագրերի մասը:

Հարց է առաջանում` արժե՞ արդյոք, որ փոքր փառատոնները կրկնօրինակեն  մեծ փառատոններին, եթե կարելի է սեփական օրիգինալ ֆիլմերի ծրագիրը ունենալ: Էլի կարող են տարվա աղմուկ հանած ֆիլմերը ցուցադրել, բայց ցանկալի կլինի հիմնական մրցութային ծրագրերից դուրս: Հնարավորություն ստեղծել նոր ֆիլմեր եւ նոր անունների ի հայտ գալուն: Կան փառատոններ, որոնք փորձում են տարբերվել, չկրկնվել, բայց սա նույնպես հազվագյուտ երեւույթ է (օրինակ՝ Կուստենդորֆը):

Մոտավորապես նույնն բանն է տեղի ունենում նորաձեւության ոլորտում. եթե մի նորաձեւության տուն որոշել է արդիականացնել ջինսե վերնաշապիկը, բոլորը միանգամից կապկում են տենդենցը եւ վաճառասրահներում հայտնվում են հազարավոր ջինսե վերնաշապիկներ: Եթե մեկ ջինսե վերնաշապիկը օրիգինալ էր,  հազարավորները դառնում են «շիրպատրեբ»:

Կինոֆոնդերը, ֆիմի շուկաները, ֆիլմեր ընտրողները եւ կինոփառատոնները, փառատոնային կինոն դարձնում են «ինտելեկտուալ շիրպատրեբ»՝ ամեն տարի հետաքրքրության մեջ պահելով շատ փոքր քանակությամբ ֆիլմեր: 

Պետք է չմոռանալ, որ հաճախ ֆիլմը առաջ բրդելու եւ գովազդելու տենդը սահմանափակում է ֆիլմի գեղարվեստական որակները: Ֆոնդերը, կինոշուկաները, կինոփառատոնները անուղղակի կերպով ստիպում են, որ բոլոր ֆիլմերը միանման սխեմաներով ստեղծվեն: Սահմանափակ քանակությամբ մարդիկ, ովքեր միշտ չէ, որ փայլում են ընտիր կինոհասկացողությամբ, ճաշակ են թելադրում եւ տենդնեցներ ստեղծում համաշխարհային կինոյում:

Համատարած նույնացումից փրկվում են այն ռեժիսորները, ովքեր հերթական ֆիլմը նկարահանելու համար ֆինանսավորման խնդիր չունեն, օրինակ` Վուդի Ալենը, Մայք Լին, Վիմ Վենդերսը եւ այլք:
Եթե հույսդ արտասահմանից կտրես ու փորձես արտադրանքդ Հայաստանում իրացնել, պարզվում է, որ տեղական շուկայում ֆիլմ վաճառելու մշակույթը տարածված երեւույթ չէ: Բոլոր հեռուստաընկերությունները կարող են ֆիլմը ցուցադրել, բայց լավության կարգով, երբեմն նույնիսկ դու պիտի վճարես, որ ֆիլմդ եթեր դուրս գա:

Միակ ճանապարհը կինոթատրոններն են: Հայկական ֆիլմերի ցուցադրություններին մարդիկ հաճույքով հաճախում են, եթե ներկայացվող ֆիլմում ընգդգրկված են հայտնի մեդիա դեմքեր: Այս տեսանկյունից էլ շատ դռներ փակվում են. եթե ռեժիսորը չի ցանկանում մեդիա դեմքեր ընդգրկել, միանգամից կորցնում է հանդիսատեսի մի մեծ զանգված:

Այսինք՝ այսօրվա հայկական կինոարտադրությունը մի կոմպրոմիսից մի կոմպրոմիս է զարգանում, արդյունքում պակասում է որակով ֆիլմ ունենալու հեռանկարը:

458Միշտ չէ, որ Հայաստանում ֆիլմ է ստեղծվում, եւ գործի գլուխ կանգնած է բանիմաց պրոդյուսեր, ով կարողանում է ֆիլմը հասցնել վերջնակետին: Ֆիլմեր կան, որ ստեղծվում են առանց արտադրող ընկերությունների, մինիմում բյուջեներով, ընկերների աջակցությամբ եւ այլն:

(Մոտ ապագայում Հայաստանում ինչ էլ ստեղծվի, միեւնույն է, մնալու է մինիմում բյուջեի սահմաններում):

Ինչ անել, ինչպես արտահանել Հայաստանում հայ ռեժիսորների կողմից ստեղծված ֆիլմերը եւ ինչպես արդարացնել այն ծախսերը, որոնք կատարվել են: Մյուս կողմից էլ՝ ֆիլմ արտահանելը եւ իրացնելը դժվար գործ է:

Արտասահմանում հետաքրքված չեն ժամանակակից հայկական կինոարտադրությամբ: Բայց եթե որեւէ խաղարկային ֆիլմ մրցանակ ստանա հեղինակավոր կինոփառատոնում, միանգամից կապահովի գովազդ եւ անհրաժեշտ հետաքրքրություն, որի վրա կկառուցվի ֆիլմ արտահանելու ռազմավարությունն ընդհանրապես:

Այդպես ծնվեց, օրինակ, ռումինական կինոյի նոր ալիքը: Հայկական կինոն տարածելու գործի մի մասը իր վրա է վերցնում «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը, եւ իր մրցութային ծրագրերում մասնակից հայկական ֆիլմերը երբեմն հայտնվում են այս կամ այն փառատոնում կամ մշակութային ծրագրերում:

Բայց «Ոսկե Ծիրան»-ն առաջին հերթին փառատոն է, նրա ֆունկցիայի մեջ նաեւ այլ պարտականություններ են մտնում:

Մնում է, որ պետությունը կինոֆոնդի պես մի բան ստեղծի, որտեղ կհավաքվեն ամեն տարվա ֆիլմերը, կաշխատի պրոֆեսիոնալ խումբ, որի մեջ ընդգրկված են մարդիկ, ովքեր գիտեն, թե Բերգմանից, Ֆելլինիից ու Անտոնիոնիից հետո էլ աշխարհում կինո է նկարվել ու նկարվում է:

Խմբում կարևոր պետք է լինի ոչ թե մասնակցի հայտնիությունը մեր հասարակության մեջ, այլ նրա մասնագիտական կարողությունները, տեղեկացվածությունը եւ մտքի ճկունությունը: Ովքեր կհասկական, թե այս կամ այն ֆիլմի փառատոնային ճակատագիրը ինչպես զարգացնել, ինչպես ներկայացնել, որպեսզի ֆիլմը հասնի փառատոններ եւ միջազգային հանդիսատեսին:

Եթե այս ամենը համակարգվի, հույս կա, որ արտասահմանում նկատված հայկական ֆիլմերը եւ նրա հեղինակները կկարողանան ավելի հեշտությամբ ֆինանսավորում գտնել: Այդ ֆոնդի միջոցով հնարավոր կլինի հավասար գովազդային պայմաններ ստեղծել բոլոր տեսակի  ֆիլմերի համար, ինչը թույլ կտա ընդլայնել նաեւ արթհաուս կինոյի լսարանը:

Ցավալին այն է, որ այսօրվա դրությամբ մեծագույն ջանքերով նկարահանված հայկական ֆիլմերը, եթե նույնիսկ պատռում են փառատոնային կյանքի փակ շրջանը եւ հայտնվում են մրցութային ծրագրերում, միեւնույն է, այստեղ` Հայաստանում, ոչ մի բանի վրա չեն ազդում:

Ամենաթարմ օրինակը ռեժիսոր Միքայել Վաթինյանի եւ պրոդյուսեր, գլխավոր դերակատար Արմինե Անդայի «Ժաննան եւ ձայները» ֆիլմն է: Նրանց ֆիլմը մասնակցեց Ասիայի ամենահեղինակավոր Պուսանի կինոփառատոնին, ապա Գյոթեբորգին եւ էլի մի շարք կինոփառատոնների, բայց ոչ մի էական բան չփոխվեց  ոչ արտադրող ընկերության համար, ոչ էլ ռեժիսորը համագործակցության նոր առաջարկներ ստացավ:

Ոչ համապրոդյուսերներ են ավելանում, ոչ ներդնողներ, մաքսիսմում մի քանի փոքրիկ ռեպորտաժ ու մի քանի տող են հայտնվում օրվա լրահոսի մեջ, ու թեման փակվում է: Հայաստանում փառատոնից «առաջ» եւ«հետո»-ն չեն տարբերվում, այնինչ արտասահմանյան շատ երկրներում «առաջ» եւ «հետո»-ն կտրուկ տարբերվում են, ընդ որում՝ ի օգուտ ստեղծագործական խմբի:

Ակնհայտ դժվարություններով հանդերձ՝ ցանկալի է որեւէ միջազգային կինոփառատոնում պրեմիերա ունենալ, քանի որ դա ստեղծագործական ամբիցիաների բավարարում է, հույս, որ հաջորդ ֆիլմն ավելի հեշտությամբ կգտնի ֆինանսավորում, եւ առիթ է մեկ անգամ եւս բարձրաձայնելու մեր երկրի անումը: 

Դիանա Կարդումյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *