2013.04.11,

Քննադատ

Համացանցը փոփոխությունների եզրին է

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Այս տարվա ընթացքում համացանցը որակական փոփոխություններ կապրի: ICANN-ը (Internet Corporation for Assigned Names and Numbers), որը փաստացիորեն կառավարում է համացանցի հիմնական սկզբունքները, որոշել է լայնացնել առաջին կարգի դոմեյնային անունների ցանկը (խոսքը բոլորիս ծանոթ .com, .org կամ վերջերս ի հայտ եկած .xxx-ի նման դոմեյնների մասին է):

ICANN-ը երկու տարի առաջ որոշեց կազմակերպություններին եւ կառավարություններին դոմեյնային տիրույթներ տրամադրել բաց մրցույթի միջոցով: Անցյալ տարվա ընթացքում մոտ 2 հազար դիմում է ընդունվել: Բազմաթիվ կազմակերպություններ ցանկանում են գրանցել իրենց անունը, մի քանի քաղաք ուզում է իր առանձին հատվածը ստեղծել ցանցում եւ այլն:

Տվյալ ցանկից մի մասը մրցույթը չի անցնի տարբեր պատճառներով: Օրինակ՝ կան անուններ, որոնք ցանկանում են գրանցել միանգամից մի քանի կազմակերպություններ, եւ ICANN-ը պետք է որոշում կայացնի հոգուտ մեկի:

Այս տարվանից նոր դոմեյնային անունները ուժի մեջ կմտնեն, ինչը անմիջապես կձեւափոխի ցանցը: Ամենապարզ փոփոխությունը, որն արդեն կարելի է ակնկալել, վաղուց զբաղված անուններն են, որոնք նորից ազատ շուկայում կհայտնվեն:

Եթե անդրադառնանք լրատվական դաշտին, ապա այստեղ արդեն հետաքրքիր շարժ կարելի է նկատել: Մի քանի խոշոր մեդիա կազմակերպություններ որոշել են իրենց անունով համացանցային տիրույթներ բացել: Ցանկում հայտնվել են լրատվամիջոցների կողմից գրանցած հետեւյալ դոմեյնները՝

ABC – American Broadcasting Companies

BBC – British Broadcasting Corporation

Bloomberg – Bloomberg L.P.

CBN – The Christian Broadcasting Network

EUROVISION – European Broadcasting Union

GDN, GUARDIAN, GUARDIANMEDIA – Guardian News and Media Limited

Այս պահին դժվար է ասել, թե տվյալ կազմակերպություններն ինչպես կօգտագործեն դոմեյնային տիրույթները: Սակայն հասկանալի է, որ ԶԼՄ-ների ձեռքում հայտնվում է գործիք՝ լսարան ներգրավելու, համայնք ձեւավորելու, լրագրողներին եւ առանձին ծրագրեր գովազդելու համար:

Փաստացիորեն լրատվամիջոցը կարող է իր փոքրիկ տիեզերքը ստեղծել ցանցում: Իհարկե, այս անգամ ICANN-ին դիմելը բավական թանկ հաճույք է՝ 180 000 ԱՄՆ դոլար՝ չհաշված տեխնիկական ծախսերը, որոնք պահանջվում են դոմեյնը կառավարելու համար: Սակայն արդեն հայտնի է, որ հաջորդ մրցույթներին կազմակերպությունը կտրուկ կնվազեցնի գները:

Բացի կոնկրետ լրատվամիջոցներից՝ մի շարք կազմակերպություններ փորձում են գրանցել լրատվական դաշտի հետ կապված ավելի լայն դոմեյնային անուններ: Այսպես, .media ցանկանում են գրանցել 2 կազմակերպություն, .news՝5 կազմակերպություն, .radio՝ 4 կազմակերպություն, .video՝ 4 կազմակերպություն: 

Այստեղ թեժ մրցակցություն է, եւ այն պահից, երբ որեւէ կազմակերպություն հաղթի, կսկսվի կատաղի մրցակցություն՝ այս դոմեյնային տիրույթներում հասցեներ գնելու համար:

Արդեն այս տարվա աշնանը փոփոխությունները նկատելի կդառնան համացանցում: Դեռ դժվար է ասել, թե ինչպես կփոխվի ցանցը, բայց մի բան փաստ է՝ պետք է պատրաստ լինել փոփոխությունների:

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *