2022.04.27,

Նյուսրում

Գիտության լուսաբանման ուղեցույց

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Ի՞նչ է գիտական լրագրությունը

Գիտական լրագրությունը լուսաբանում է գիտությունը, բժշկությունն ու տեխնոլոգիաները։ Գիտալրագրողական նյութի որակն ու նպատակը գնահատվում է ոչ թե գիտական, այլ լրագրողական չափանիշներով. նպատակն է բացատրել, թե ինչ է գիտական լրագրությունը, ինչպես է այն գործում և որն է դրա դերը հասարակությունում։ Այս ոլորտում մասնագիտացած լրագրողները համարվում են գիտության, բժշկության և տեխնիկայի մասին իրազեկող ամենաանաչառ աղբյուրը։

Ի՞նչ են անում գիտական լրագրողները

Աշխարհը զարգանում ու ավելի է բարդանում։ Միաժամանակ մեծանում են գիտական և տեխնոլոգիական ծավալներն ու դրանց ազդեցությունը մարդկանց ներկայացնելու պահանջը։ Այստեղ օգնության են հասնում լրագրողները: Ոլորտում մասնագիտանալով՝ դուք դառնում եք գիտական համայնքի և հասարակության միջև թարգմանիչներ, որոնք հայտնում են` ինչն է կարևոր, բացատրում այն, ինչ պարզ չէ, տալիս են ճիշտ հարցեր և փնտրում ճիշտ պատասխաններ։ 

Գիտական լրագրողը լուսաբանում է գիտական ձեռքբերումներն ու առաջընթացը, անձանց ու տարբեր կառույցների գիտական գործունեությունը, գիտնականների ուսումնասիրություններն ու բարդ խնդիրների լուծումները։ Ոլորտի առաջատար լրագրողները նաև հարցականի տակ են դնում գիտաշխատողի կիրառած մեթոդն ու արդյունքները, անդրադառնում դրանց մասին հասարակության ու մեդիայի մեկնաբանություններին։ 

Ինչպես յուրաքանչյուր լրագրողական ժանր, գիտական լրագրությունը նույնպես խորը գիտելիքներ է պահանջում է տվյալ համակարգի մասին, որը ներառում է իմացություն գիտության քաղաքականության, երկրի հատուկ օրենքների և գիտական առարկաների մասին։ 

Ժանրեր և ձևաչափեր

Գիտական լրագրությունը ժանրային կամ ձևաչափային սահմանափակումներ չունի. կարելի է ստեղծել ցանկացած բովանդակություն` փոդքասթ, ռեպորտաժ, վիդեո հետաքննություն, հարցազրույց, բացատրական նյութ, փաստերի ստուգում և այլն: Առցանց մեդիայից բացի չենք մոռանում նաև տպագիր մամուլի, հեռուստատեսության և ռադիոյի մասին: 

Պարտադիր իմանալու եզրույթներ

Գոյություն ունեն գիտաչափական գործիքակազմեր, որոնք որոշում են պայմանական գիտնականի, ամսագրի կամ հոդվածի ազդեցությունը, հեղինակությունն ու ճշգրտությունը։ 

Պարզ ասած՝ որքան են հղում կատարել թե՛ հեղինակին, թե՛ հոդվածին, թե՛ ամսագրին կամ արդյոք այլ գիտնականներն այդ հոդվածը ստուգել են, թե ոչ։ 

 

Հեղինակի մակարդակ․ H-Index (Հիրշի ինդեքս)
H-Index-ը գիտնականի՝ իր ոլորտում ազդեցության չափիչ գործիք է, որը ձևավորում են երկու գործոններ՝ հեղինակի գրած հոդվածների ու այդ հոդվածներին արված հղումների քանակը։ Այն կարող եք ընկալել որպես արդյունավետության (հրապարակված հոդվածներ) և ճանաչման (հղումներ) հատման կետ։ Որքան բարձր է h-index-ը, այնքան մեծ է գիտնականի ակադեմիական հետքը։

Երբ ասում ենք «հղումներ հոդվածներին», նկատի ունենք, որ այդ հոդվածն իր հրապարակման կամ հոդվածի մեջ օգտագործել է մեկ այլ գիտնական։

H-Index հաշվում են հետևյալ ռեսուրսները, որոնցում գրանցվելը ևս գիտական լրագրողների համար «ցանկալի-պարտադիրների» շարքից է։

  1. Scopus
  2. Web of Science
  3. Pure (MD Anderson Faculty and Fellows listed)

 

Հոդվածի մակարդակում, որպես այդպիսին, գնահատական տվող եզրույթ չկա: Անկախ նրանից, թե որտեղից եք վերցրել ցանկացած գիտական հոդված, դրա անվան կողքին կամ առաջին էջում անպայման ցույց կտա հոդվածին արած հղումների քանակը (number of citations)։

 

Ամսագրի մակարդակ․ ազդեցության գործոն (Impact factor)
Impact factor-ը չափում է, թե ամսագրում տպագրված հոդվածները տարեկան միջինում քանի անգամ են մեջբերվում, հիշատակվում այլ գիտնականների հոդվածներում: Որքան շատ են որևէ ամսագրում տպագրված հոդվածի հղումները, այնքան բարձր է ամսագրի ազդեցության գործոնը: Impact factor-ը պետք է գալիս հատկապես, երբ ունեք երկու նույն ոլորտի կամ թեմայի ամսագիր ու չեք կողմնորոշվում` որից օգտվել. նայում եք ավելի բարձր impact factor-ին: Այն կգտնեք յուրաքանչյուր ամսագրի կայքում՝ Journal Metrics բաժնում։

Impact factor ստանում են միայն Web of Science շտեմարանի SCIE և SSCI տարեկան  զեկույցներում տեղ գտած ամսագրերը: 

Կարևոր է իմանալ, որ այս գիտաչափական գործիքները երբեմն կարող են սուբյեկտիվ լինել  և ոչ միշտ են պարտադիր, բայց ցանկալի է ոլորտում ձեր գործունեության առաջին տարիներին հետևել դրանց դրական գնահատաններին։

 

Peer-review. գրախոսականներ
Լրագրողներին միշտ հիշեցնում են ամեն ինչ կասկածի տակ դնելու գաղափարը: Կասկածի տակ դնելով գիտական աշխատությունները՝ պետք է ուշադիր լինել ու տեսնել, թե հրապարակված հոդվածը հղումներից բացի այլ գիտնականներ գրախոսե՞լ են, նորից ուսումնասիրե՞լ, ստուգե՞լ ու համոզվե՞լ, որ ամեն ինչ կարգին է:

Գրախոսելը գիտական գործընթացի չափազանց կարևոր մաս է։ Հեղինակավոր ամսագրերի բոլոր հոդվածները peer-reviewed են, որին, մինչև հրապարակվելը նախորդում են ամիսների ստուգումներ, այնուհետև ուղղումներ են առաջարկում ոլորտի լավագույն գիտնականները:

Այդ պատճառով կարևոր է կարդալ գիտական հոդված, որի պարունակությունը ոչ թե ենթադրություններ են կամ բոլորին անծանոթ արդյունքներ, այլ ճշտված են, մի քանի անգամ փորձված ու հաստատված այլ անվանի գիտնականների կողմից: 

Աղբյուրներ

Քանի որ արդեն գիտենք` որ ամսագրերից պետք է օգտվել, որ հեղինակին ու հոդվածին վստահել, ժամանակն է հասկանալ, թե որտեղից գտնենք այդ ամսագրերն ու հոդվածները:

Առաջինը Web of Science և Scopus շտեմարաններն են, Nature ամսագիրը, NCBI արխիվը: Peer-reviewed հոդվածներ կգտնեք նաև Google Scholar-ում և Researchgate-ում։ Միայն թե Researchgate-ից օգտվելիս պետք է ավելի ուշադիր լինել և գտած հոդվածի բովանդակությունն ստուգել  էլ ավելի վստահելի աղբյուրներում։

Հաճախ պատահում է, որ նշված աղբյուրներում հոդվածներին հասանելություն ստանալու համար պետք է գումար վճարել: Այդ դեպքում կարելի է ուղիղ կապ հաստատել հոդվածի այն հեղինակի հետ, որի կոնտակտները նշված են հոդվածում և ներկայանալով որպես լուսաբանող լրագրող, խնդրել տեքստն ուղարկել հենց ձեզ: Երբեմն հոդվածները ազատ օգտագործման համար դրած են նաև հեղինակների պաշտոնական կայքերում:

Ավելի հեշտ է կապ հաստատել հայաստանցի գիտնականների ու գիտաշխատողների հետ. նրանք բացի հարցազրույցներ տալուց կարող են օգնել, ինչ-որ բան բացատրել կամ նյութը հրապարակելուց առաջ ճշտումներ անել ու ստուգել փաստերը:

Գիտական նյութի կառուցվածք

Սա գիտական լրագրության (երևի) ամենաձանձրալի թվացող մասն է` կարդալ երկարաշունչ ու ծանր տեքստեր գիտափորձի կամ հետազոտության մասին:

Գիտական հոդվածի կառուցվածքը շատ նման է համալսարանական դիպլոմայինին և անգամ կուրսային աշխատանքին: 

Բժշկական ամսագրերի խմբագիրների միջազգային կոմիտեն (The International Committee of Medical Journal Editors) ուսումնասիրությունների և փորձարարական հոդվածների տեքստերը բաժանում է հետևյալ մասերի` նախաբան, մեթոդներ, արդյունքներ և քննարկում (IMRAD): Այն ոչ թե տպագրական կամայական ձևաչափ է, այլ ավելի շատ ուղիղ կերպով արտացոլում է գիտական բացահայտման գործընթացը: 

Երկար հոդվածների հատկապես «արդյունքներ» և «քննարկում» բաժինները կարող են բովանդակությունը հստակեցնելու համար նաև ենթավերնագրեր ունենալ:

Իմանալով, թե ինչպես է կառուցված երկար տեքստը, այն ավելի հեշտ կընթերցեք, դրանից ծաղկաքաղ կանեք ու կվերլուծեք։

Տեքստ կառուցելու ժամանակ պետք է անպայման հիշել, որ այս ոլորտում անգլերենը պարտադիր լեզու է և «գիտության լեզուն անգլերենն է» արտահայտությունը պատահական չէ: Պատրաստ եղեք անգլերենով երկար տեքստեր կարդալ, լսել և այլն: 

Խնդիրներից խուսափելու, զրույցներն ու բարդ արտահայտությունները ճիշտ հասկանալու, թարգմանալու համար ցանկալի է, որ լուսաբանվող գիտության ոլորտի մասին արդեն հայերենով մի լավ գիրք ունենաք ձեռքի տակ։ Ենթադրենք՝ նյութ եք պատրաստում կենսաբանության մասին, վերցրեք կենսաբանության գիրք։ 

Գործնական խորհուրդներ

Մի՛ գայղթակղվեք մամուլի հաղորդագրությամբ

Երբեմն գիտական ինստիտուտը կամ որևէ այլ գիտական կառույց կարող է մամուլի հաղորդագրություն ուղարկել այս կամ այն ուսումնասիրության արդյունքների կամ բացահայտման մասին։ 

Այդ պահին պետք է հիշել Schwitzer հրատարակչի խոսքերը, որ նույնիսկ ամենահեղինակավոր ակադեմիական հաստատությունների կազմած մամուլի հաղորդագրությունները կարող են մոլորեցնող լինել, քանի որ այդ հաստատություններն իրենց կատարած գիտափորձի արդյունքները հաճախ շատ ավելի դրական երանգով են հաղորդում, քան կա իրականում։ 

Լուսաբանելուց առաջ կարող եք զանգահարել հաղորդագրության մեջ նշված հեռախոսահամարով ու համոզվելով, որ տվյալ բացահայտումը այն է, ինչ գրված է նամակում ու պետք է ձեր լրատվականին և ձեզ։

Աբստրակտից հետո գրածը նո՛ւյնպես կարդացեք

Այսինքն, կարդացեք գիտական հոդվածն ամբողջությամբ, մանավանդ երբ լուրջ ու բովանդակալից նյութ եք պատրաստում։ Այլապես բաց կթողնեք կարևոր մանրամասներ, որոնք կարող են կարճ նկարագրությունում գրված տողերին նոր համատեքստ հաղորդել ու նոր թեմա խթանել։

Պատճառահետևանքային կապեր գտնելը հեշտ չէ
Correlation is not causation

Հարաբերակցությունն ուսումնասիրում է, թե արդյո՞ք երկու փոփոխականների միջև կապ կա։ «Correlation is not causation» արտահայտությունը նշանակում է, որ եթե պայմանական երկու երևույթ իրար հետ ինչ-որ առնչություն ունեն, չի նշանակում՝ մեկը մյուսի առաջացման պատճառ կարող է լինել։ 

Ավելի լավ պատկերացնելու համար կարող եք ծանոթանալ այս զվարճալի օրինակներին, որտեղ պատկերված են մեկը մյուսի հետ կապ չունեցող երկու միանման գրաֆիկներ, օրինակ, Միսս Ամերիկայի ամեն տարվա ներկայացուցչի տարիքը համադրել են գոլորշուց ու տաք իրերից մահվան դեպքերի թվի հետ։ Այս երևույթին պետք է ուշադիր լինել հատկապես տվյալների հետ աշխատելիս և տենդենցներ գծելիս խորհրդակցել ինչպես վիճակագրագետի, այնպես էլ այդ երևույթների մասնագետ-գիտնականների հետ։

Ամենակարևորը պարզությունն է

Թեև այս կանոնին պետք է հետևի յուրաքանչյուր ոլորտի լրագրող, այնուամենայնիվ, գիտական լրագրությունում նյութը անծանոթ եզրույթներով, պրոֆեսիոնալ ժարգոնով ու բարդ արտահայտություններով «զարդարելու» վտանգը շատ ավելի մեծ է։ Միշտ հիշեք, որ ձեր ստեղծած բովանդակությունը սպառելու են տարբեր տարիքային խմբի, տարբեր մասնագիտություն ու կրթություն ունեցող մարդիկ, իսկ գիտական լրագրողի ամենակարևոր նպատակներից մեկը բարդ բաները պարզ, «խնձորներով», այսինքն առարկայական բացատրելն է։ 

Պետք է ուշադիր լինել, որ եզրույթները բացատրելիս ծայրահեղության մեջ չընկնել ու լիրիկական, գեղարվեստական վերաձևակերպումներ չտալ, որովհետև ճշգրիտ գիտություններում սահմանումները շատ հեշտ խեղաթյուրելի են։ 

Օգտագործած գրականություն և աղբյուրներ

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *