Գծանկարիչ-դիզայներ, «Փրինթ Ինֆո» գրահրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանը տուրիստական սպառողական հոգեբանությունը փորձում է հակակշռել արկածներով ու բացահայտումներով լի ազատ ճամփորդի կյանքով:
Առաջին դեպքում դու միայն սպառող ես, իսկ երկրորդում՝ հետազոտող:
Ժամանակակից մեդիան Արամ Մեհրաբյանը բնութագրում է որպես տուրիստին մատուցված ծառայություն, որտեղ հաճախ աղմուկն ու քարոզն ավելի ուժգին են լսվում, քան մարդու հոգու լարերին դիպչելու ունակ խոսքերը:
Իսկ երբ լռում է մարդու ներքին թրթիռը՝ կարեկցելու, վերլուծելու, հետագա ճամփան ուրվագծելու ու հորիզոն տեսնելու կարողությունը, համատարած խլություն է վրա հասնում: Այսպես կոչված՝ «զրո կետին» ենք հասնում: Արամ Մեհրաբյանը այդ զրոյացված իրավիճակը շատ վտանգավոր է համարում:
Հանրային տարածքներում (այդ թվում՝ նաեւ սոցցանցերում) ակտիվացել են քննարկումները, վեճերը, բանավեճերը: Այդ ակտիվությունը ինչի՞ կարող է հանգեցնել: Հնարավո՞ր է, որ այն հակառակ էֆեկտ ունենա ու վերածվի պասիվ հետաքրքրասիրության:
Բազմաթիվ լրատվամիջոցներ ունենք, որտեղ անընդհատ ինչ-որ մարդիկ են հավաքվում, քննարկում, բանավիճում: Ու հարց է առաջանում՝ իսկ ովքե՞ր են խոսողները: Զգում ես, որ բառը վաստակված չէ, այն ասելու համար քրտինք չի թափվել: Բառային հավաքածուներ կան, որոնք առանց դրանց իմաստի մասին խորհելու են արտաբերվում:
Եվ այս ծայրաստիճան պրոֆեսիոնալ կառուցված բառային աղմուկի մեջ չես կարող հասկանալ՝ ինչ են ուզում ասել: Միայն տեսեք, թե աղմուկն ապահովելու համար ինչպիսի ֆանտաստիկ քաղաքական տեքստեր են գրվում, որոնք կարող են հազար բառ պարունակել, բայց իմաստը հավասար լինի զրոյի: Բառը արժեք ու ներգործում չունի: Այն ճշմարիտ չէ:
Ժողովրդական ասացվածք կա՝ «Ասա՝ տեսնեմ»: Այսինքն՝ խոսիր, որ տեսանելի լինի արածդ: Իսկ այսօր շատերը խոսում են, բայց տեսնելու բան չկա:
Վերջերս ամենայն լրջությամբ մտածում էի մի նոր բառարան հրատարակելու մասին, որտեղ անընդհատ գործածվող բառերը կրկին կվերասահմանվեին: Ասենք՝ հայրենիք, մայր հայրենիք, մտավորականություն, ազատություն, իշխանություն եւ էլի շատ եւ շատ այլ բառեր: Հասկացությունն ու բառն այնքան են իրարից հեռացել, որ իրենց միջեւ գոյացած արանքից արդեն հեշտությամբ կարողանում են այլ իմաստներ սողոսկել: Եվ դիսկուրսն այլեւս հնարավոր չէ, քանի որ մեկը մի բան է ասում, իսկ դիմացինը լրիվ այլ բան է հասկանում կամ պատկերացնում:
Հեռուստատեսային շոուները, բանավեճերի ֆորմատները ավելի շատ նման են սկանդալային ինքնաարտահայտման, քան բանավեճերի: Դա հատուկ մշակված ու ծրագրավորված մոդե՞լ է:
Դավադրության տեսությանը չեմ հավատում: Բայց տեսնում եմ, որ մեր լրատվամիջոցներում, հատկապես՝ հեռուստատեսության աշխատանքում, ամեն ինչը զրոյացնելու տենդենց է նկատվում: Եվ դա չափազանց լուրջ հարց է:
Հաճախ խոսքի արժեքը մսխվում է անդադար հանրայնացումով, ինչից անբաժան են կոմպրոմիսները, ռեւերանսները: Որեւէ բան ասելուց առաջ միշտ մտածում են չնեղացնելու, հանկարծ չվիրավորելու, հարաբերությունները չփչացնելու մասին: Եվ այս կոնտեքստում ասված խոսքի տակ բան չի մնում:
Տպավորություն է, որ ցանկացած քննարկում, որը ծավալվում է մեդիայում, գալիս հանգում է ոչնչի: Այսինքն՝ այդ քննարկումները կառուցողական չեն, դիսկուրսի մեջ չեն հայտնվում այն էլեմենտները, որոնք հետագայում՝ որպես ընցերցող, դիտող, կարող ես որոշակի արդյունավետությամբ վերլուծել, հարց տալ ինքդ քեզ՝ ի՞նչ ստացա այս հաղորդումից կամ հոդվածից, ինչպիսի՞ հետեւություններ արեցի:
Ինչպե՞ս է կատարվում իմաստների զրոյացումը մեդիայում:
Եթե, ասենք, որեւէ մեկն ասում է, որ այսինչը սպիտակ է, մեդիան ամեն ինչ անում է դա սեւացնելու համար: Ստեղծվում է մի իրավիճակ, երբ հավասարակշռություն պահպանելու համար չեզոքացվում են մարդկանց մտքերը, ինչի արդյունքում զրոյացվում են նաեւ բարձրացված թեմաները:
Ասածիս կարկառուն օրինակը «Կենտրոն» ալիքի «Հայկական ուրբաթ» հաղորդաշարն է, որը երկու կողմերի է բաժանում բանախոսներին ու
«Հասկացությունն ու բառն այնքան են իրարից հեռացել, որ իրենց միջեւ գոյացած արանքից արդեն հեշտությամբ կարողանում են այլ իմաստներ սողոսկել, եւ դիսկուրսն այլեւս հնարավոր չէ» |
ամեն գնով փորձում այդ երկու բանակների մտքերը հավասար հարթության վրա դնել (նույնիսկ այն ժամանակ, երբ մտքերը արժեք չունեն):
Իհարկե, մեծ հաշվով հեռուստատեսության եթերում լուրջ թեմաներ էլ չկան, իրական դիսկուրսն արդեն այլ դաշտերում է ծավալվում (ողջ աշխարհում է այդպես), բայց մեր մեդիան նաեւ չափազանց անկիրթ է:
Ընդհանրապես բոլոր դժբախտությունների պատճառը անկրթությունն է: Կարծում եմ՝ մեզ մոտ եւ՛ լրագրողները, եւ՛ ճարտարապետները, եւ՛ այլ մասնագիտությունների ներկայացուցիչները կրթության պակաս ունեն:
Մեր լրագրության ողջ հմայքը սահմանափակվում է «Տեսա՞ր՝ ինչպես կարողացա սրան կամ նրան նվաստացնել» արտահայտությամբ: Եվ դա փակ, զրոյական մի վիճակ է ստեղծում, որտեղ կառուցողական տարրեր պարզապես գոյություն չունեն:
Կարծում եմ՝ պատճառներից մեկն այն է, որ լրագրողը՝ որպես քաղաքացի, ուտոպիա չունի, չի հասկանում, թե իրականում ինքն ինչ է ուզում անել իր աշխատանքով: Նրան ասում են՝ գնա ու այս մարդուն «ոչնչացրու», քանի որ այդպիսին է մեր մեդիայի գիծը: Իհարկե, ուժեղ լրագրողը սկզբում դիմադրում է, բայց, ի վերջո, գնում ու «ոչնչացնում» է: Այդ գործը երբեմն կարող է նաեւ բավական հեշտ ու հանգիստ կատարվել:
Չե՞ք կարծում, որ «ոչնչացումը» նաեւ կատարվում է ծաղրի, թեթեւակի կսմիթների միջոցով: Ծաղրվում են հիմնական գծից շեղվողները, տարբեր ոլորտների ընդդիմադիրները:
Իհարկե, մեդիայում որոշակի հեգնական երանգներ են հայտնվում, որոնք, ի վերջո, հանգեցնում են համատարած ցինիզմի: Ուզում ես հարցնել՝ լավ, այս մեկը սա ասաց, մյուսը պատասխանեց, թեման հեգնվեց, մանրացավ, ձուլվեց, կորավ, զրոյացավ, բա հետո՞:
Այն հեգնանքը, որը կա մեր մեդիայում, իրականում Մարսել Դյուշանի նշած պրովոկատիվ իրոնիան (որը հաճախ նրա ստեղծագործությունների ամենակարեւոր բաղադրիչն էր) կամ սովետական շրջանի հեգնանքը չէ: Սովետական ստի պայմաններում հեգնանքը ինքնապաշտպանության գործիք էր, նաեւ միջոց, որն օգնում էր չխենթանալ: Այդ գործիքը սովորաբար կիրառվում է բանտային իրավիճակներում կամ բանտի սկզբունքով կառավարվող համակարգերում:
Իսկ մենք ոչ մի կերպ չենք կարողանում այդ սովետական հեգնանքից ազատվել: Միգուցե պատճառն այն է, որ նույն սուտը շարունակվո՞ւմ է: Չգիտեմ…
Բայց տեսնում եմ, որ երբ տարբեր հարթակներում մի առողջ միտք է ծագում, այն միանգամից հեգնվում է ու դադարում է ներգործություն ունենալ: Եվ առաջին ու պրոֆեսիոնալ հեգնողները մեդիան ու լրագրողներն են: Զգում եմ, որ առավել, քան երբեւիցե սրվել է ինքներս մեզ վրա աշխատելու պահանջը: Չհեգնենք մեր կողքինին, չհեգնենք գյուղացուն, փողոց ավլողին, մեզ հետ չհամաձայնողին: Ի վերջո, հարց տանք ինքներս մեզ՝ իսկ ինչո՞ւ ենք հեգնում: Կամ էլ՝ հեգնում ենք, որ ի՞նչ անենք դրանից հետո:
Նույնիսկ երբ զգացմունքների վրա հիմնված նյութերի ես հանդիպում, տեսնում ես, որ դրանք անգամ սենտիմենտալ էլ չեն, քանի որ իրենց մեջ թաքնված հեգնանք են պարունակում: Թվում է, թե հնարավորություն է ստեղծվում որեւէ կերպ ներազդել իրավիճակի վրա, բայց հենց այդ թաքնված հեգնանքի պատճառով ամեն բան մնում է զուտ զգացական մակերսին՝ զրոյական վիճակում:
Իսկ ինչպե՞ս կարելի է այդ իրավիճակը փոքր-ինչ փոխել:
Ինքդ քեզ վրա լուռ աշխատելու կողմնակից եմ, ավելի արդյունավետ մոտեցում, թերեւս, չկա: Կարծում եմ՝ այսօրվա հասարակության համար ամենապիտանի (իսկ ոմանց համար էլ՝ ամենավտանգավոր) մարդը կենտրոնացած մարդն է, որի սրտում թրթիռ կա: Այդ ներքին թրթիռն ինձ համար շատ թանկ է, եւ հենց դա էլ ամեն կերպ փորձում են ոչնչացնել:
Եթե նկատել եք, դա ամենից լավ անում է հեռուստատեսությունը՝ քաղաքացուն դարձնելով սպառող: Քեզ ամեն անկյունից ասում են՝ մի՛ անհանգստացիր, մենք քո մասին կմտածենք, կզվարճացնենք քեզ, իսկ դու պոեզիա կարդալու կարիք չունես, քանի որ պոեզիան կարող է խախտել քո ներքին հավասարակշռությունը: Բա որ հանկարծ տագնապ զգաս ու սկսես մտածե՞լ…
«Հաճախ խոսքի արժեքը մսխվում է անդադար հանրայնացումով, որոնցից անբաժան են կոմպրոմիսները, ռեւերանսները» |
Իսկ հենց որ սկսես մտածել, միանգամից վտանգավոր կդառնաս: Եվ ուրեմն մի՛ մտածիր, քո մասին կմտածենք մենք:
Այս մոտեցումը կար եւ՛ Խորհրդային Միությունում, եւ՛ հիմա: Սա համաշխարհային տենդենց է: Պոստմոդեռնիզմի տեսաբան Յոզեֆ Բոյսն, ասելով, որ տարբերություն չի տեսնում կոմունիստական ու կապիտալիստական աշխարհների միջեւ, հենց դա նկատի ուներ:
Երկու աշխարհներն էլ ներքին գրգիռ չեն ստեղծում եւ հիմնված են բացառապես կոմֆորտի գաղափարի վրա: Ինչ ուզում է, թող լինի, կարեւորն այն է, որ ինձ հարմարավետ զգամ, ունենամ իմ անփոփոխ ռեժիմը՝ ճիշտ ժամին ճաշեմ, ճիշտ ժամին զվարճանամ:
Հին հույները թատրոն էին գնում զվարճանալու եւ կատարսիս վերապրելու նպատակով: Երկու գործողությամբ ողբերգություն դիտելուց ու մաքրագործվելուց հետո դիտում էին կատակերգություն, որպեսզի մաքրված ու ազատագրված տուն վերադառնան:
Մեր օրերի թատրոնը հեռուստացույցն է, որտեղ կրքեր են, վթարներ, երգեր եւ սերիալներ…
Այո, բայց հսկայական տարբերություն կա. մենք մաքրագործվելու հնարավորություն չունենք: Որտե՞ղ կարող ենք մաքրվել ու մեզ տանջող հարցերի բեռից ազատվել, եթե ամեն տեղից մեզ վրա միայն աղբ է լցվում: Ներքին մաքրագործման խնդիրը անհատական է (ուզում ես՝ մաքրագործվում ես, չես ուզում՝ չես մաքրագործվում): Բայց եթե դու չես մաքրվում, այլեւս չես կարող ասել՝ պարոն այսինչյան, դուք սխալ եք:
Կաթիլ առ կաթիլ մեր մեջ լցնում են այն միտքը, որ մաքրագործումն անհնարին է, եւ օրերից մի օր հանկարծ հասկանում ես, որ քայլում ես հաճույքների, հարմարավետության անտանելի բեռի տակ կքած: Ականջներդ խլանում են, տեսողությունդ բթանում է..
Սիրիայում պատերազմ է, երեխաներ են մորթում, ազգեր են ոչնչացնում, իսկ դու համատարած խլության վիճակում բազմոցին նստել ու, գարեջուր խմելով, հեռուստատեսությամբ լուրեր ես նայում: Ու՞ր մնաց քո անհանգստությունը, ողբերգության ընկալումը: Չկա…
Այդպիսին է աշխարհը, եւ այդպիսին է մեդիան, որն անընդհատ շշնջում է ականջիդ՝ մի՛ մտահոգվիր, հանգիստ նստիր տանդ, մենք մեր գործը կանենք: Եվ ոմանք հանձնվում են…
Չհանձնվելը, երեւի, չդիտե՞լն է:
Պետք չէ հանձնվել, կարելի է ստեղծել անհատական առասպել, որը ստեղծագործելու, արարելու ցանկություն է ծնում: Առասպելի, միֆի (շատերը դա նաեւ ուտոպիա են անվանում) գոյությունն, ի վերջո, օգնում է գտնել քո տեղը: Առասպել ունենալը կարեւոր է նաեւ երկրի համար:
«Տեղ» բառի մեջ պետք չէ միայն աշխարհագրական իմաստ փնտրել, մենք՝ հայերս, միշտ էլ տարածական ենք մտածել, ասել ենք՝ հողից հող, գետից գետ, ծովից ծով: Ժամանակը կարծես մեզ համար գոյություն չի ունեցել: Երեւի, իրոք, ժամանակային ժողովուրդ չենք, եւ մեր առաջ քաշած ծրագրերից շատերը երեկվա ծրագրեր են: Ոչ թե վաղվա կամ գոնե այսօրվա, այլ երեկվա:
Իհարկե, ասածներս շատ սուբյեկտիվ ներքին վերլուծություններ են, բայց տպավորություն է, որ մենք ժամանակի ռիթմը, տեմպը, արագացումը, աքսելերացման ընթացքը չենք զգում ու հաշվի չենք առնում:
Լավ, բայց մինչեւ ե՞րբ պիտի ապրենք տուրիստների նման ու սպառենք այն ծառայությունները, որոնք մեզ հրամցվում են (հատկապես՝ մեդիայի կողմից): Չէ՞ որ ավելի գերադասելի ու հաճելի է ոչ թե տուրիստ լինել, այլ ճամփորդ դառնալ ու ինքնուրույն փնտրել, որոնել, պատրաստածն ու
«Հեռուստատեսությունը քաղաքացուն դարձնում է սպառող՝ ամեն անկյունից ասելով՝ մի՛ անհանգստացիր, մենք քո մասին կմտածենք, կզվարճացնենք քեզ, որ դու հանկարծ չանհանգստանաս, չմտածես» |
մատուցվածը վերլուծել: Ո՞վ ասաց, որ պարտավոր ենք ապրիորի ընդունել, որ սա սեւ է, իսկ սա՝ սպիտակ: Թույլ տվեք ինքներս դա որոշենք:
Իհարկե, բարդ է, ողջ աշխարհն էլ նույն խնդրի առջեւ է կանգնած: Երբ խոսում եմ տարբեր մարդկանց հետ, զգում եմ, որ հենց հասունանում է ներքին անհանգստության պահը, մարդն իսկույն վերցնում է կրակմարիչն ու հանգցնում է իր միջի կրակը:
Մարդն անհանգստանալ չի ուզում, ամեն գնով իր ներքին կոմֆորտն է պաշտպանում: Կոմֆորտն ընդհանրապես մեծագույն չարիք է:
Խոսքը նաեւ ներքին պահանջ է (ասում ես, քանի որ չես կարող լռել): Միգուցե մեդիա դաշտն էլ այսքան դատարկվել է այն պատճառով, որ ասելու բան ունեցողները խուսափու՞մ են հարցազրույցներից:
Միշտ խուսափում եմ լրագրողներից: Երբ խնդրում են հարցազրույց տալ, մտածում եմ, որ այդ զրույցի վրա ծախսելու եմ մոտ մեկ ժամ ու ավելի լավ է՝ ժամանակս օգտագործեմ՝ գիրք կարդալով:
Լրագրողները սովորաբար հռետորիկ հարցեր են տալիս, օրինակ՝ «Ինչու՞ Հայաստանում գիրք չեն կարդում», հետո ավելացնում են. «Հատկապես՝ երիտասարդները չեն կարդում»: Պատասխանում եմ. «Իսկ ինչու՞ այդ հարցը ինքներդ ձեզ չեք տալիս, չէ՞ որ դուք երիտասարդ եք ու գիրք չեք կարդում»:
Այնպես որ իմ հարաբերությունները լրագրողների հետ սկսվում ու վերջանում են հենց այդ առաջին ու էժանագին հարցից՝ «Ինչու՞ չեն կարդում»-ից:
Համոզված եմ՝ գովազդելով, առավելեւս՝ պարտադրելով ու, ասենք, «Կարդա՛» պլակատներ տպագրելով՝ չես դրդի մարդուն կարդալ: Անցել է այդ ժամանակը: Կարդալը պիտի ներքին անհրաժեշտություն լինի: Դա նույնն է, երբ մարդուն ասում ես՝ կեր:
Բայց դա էլ է սպառման հոգեբանություն, եթե սպառում ենք ինֆորմացիան, մթերքը, ինչու՞ չսպառել նաեւ գիրքը:
Եթե այդպես ես գիրք կարդալու, ուրեմն կարդացածդ պետք չէ: Կերածդ էլ պետք չէ: Չէ՞ որ եթե սննդի մեջ հոգեւոր ներդրում չես անում ու սիրով կամ էլ աղոթքով չես պատրաստում, ուտելիքդ վերածվում է թույնի: Վստահ եմ դրանում: Ի վերջո, մենք հո չե՞նք ուտում գովազդից դրդված: Ուտում ենք, երբ սով ենք զգում: Նույնն էլ կարդալու պարագայում է:
Երբ ինքդ քեզ ոչ թե տուրիստ, այլ ճամփորդ ես համարում, ընդունում ես նաեւ, որ կյանքի այս երկար ու հետաքրքիր ճամփան անցնելու ընթացքում քեզ հանդիպելու են բազմաթիվ բարդ հարցեր: Եվ ինքդ քեզ համար այդ հարցերը պարզաբանելու նպատակով էլ սկսում ես կարդալ:
Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: