ԱՄՆ Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (IRI, International Republican Institute) վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ հայաստանցիների հիմնական մտահոգությունները կապված են սահմանների ու տարածքների հետ։
Ուսումնասիրելով Հայաստանում հանրային կարծիքը՝ հետազոտությունը ներառել է շատ հարցեր Արցախի, հարևան երկրների ու ապագայի մասին։ Կան նաև ավանդական հարցեր՝ պետական հաստատությունների վստահելիության ու բախտորոշ որոշումներում սեփական դերի մասին։
Բայց Արցախն ու արտաքին քաղաքականությունը այս հետազոտության առանցքն են։
Տվյալները հավաքվել են ամբողջ Հայաստանի տարածքում 2021-ի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցազրույցների մեթոդով։ Հարցմանը մասնակցել է 1512 ՀՀ քաղաքացի։
«Ձեր կարծիքով Հայաստանն ընդհանուր առմամբ շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ» հարցի ամենաակտուալ պատասխանը «Սխալ»-ն է։ Այդպես է կարծում հայաստանցիների 46%-ը։ Այդ տոկոսն ավելի բարձր է, քան անցյալ տարի։ Այս փիլիսոփայական հարցի պատասխանները հետաքրքիր են համեմատությամբ։
Հարցվածների 48%-ը վստահ է, որ Հայաստանում մարդիկ չեն վախենում իրենց կարծիքը ազատորեն արտահայտել։ Եվ ընդամենը 9%-ն է ասել, որ միանշանակ վախենում են։ Ընդ որում՝ որքան ավելի մեծ ապրուստի տեր է մարդը, այնքան ավելի է հակված կարծելու, որ ազատ արտահայտվելու վախ չկա։
Վստահելի պետական ինստիտուտների շարքում առաջինը Մարդու իրավունքների գրասենյակն է (նախորդ տարիների հարցումներով՝ առաջատարը բանակն էր)։ Ամենից քիչ վստահելին համարվել է ԱԺ-ն։
Միանշանակ բավարարված չեն ԱԺ-ի աշխատանքով հայաստանցիների 50%-ը, և ընդամենը 7%-ն է լիովին բավարարված։ Սա իրականում շատ մտահոգիչ ցուցանիշ է պետության համար։
Նախագահի աշխատակազմի աշխատանքը նույնպես ավելի շատ հիմք է տվել չբավավարված լինելու (39%-ը ընդհանրապես բավարարված չէ)։
Գրեթե բոլոր պետական մարմինների աշխատանքը (դատարաններ, կառավարություն, բանակի ղեկավարություն, դատախազություն և այլն) գնահատվել է ոչ բավարար։ Ամենից քիչ դժգոհելու առիթ տվել է ոստիկանությունը։ Աճել է միայն ՄԻՊ գրասենյակի հեղինակությունը։
Լրատվական դաշտին վերաբերող հարցերն այս հետազոտությունը կազմել է՝ նկատի ունենալով արտաքին քաղաքականությունը։ Եվ այստեղ ամենից հուսալի է համարվել Հանրային հեռուստատեսությունը (28%), հետո այլ վերգետնյա հեռուստաընկերություններն ու Ազատությունը։
Բայց խնդիրն այն է, որ 24%-ը համարում է, թե հուսալի լրատվամիջոց չկա։ Իսկ 11%-ը ասել է, որ դժվարանում է կամ հրաժարվում է պատասխանել։
Եվ այդ չկողմնորոշված կամ լրատվամիջոցներին չվստահող մարդկանց տոկոսը իրականում շատ բարձր է, որ հնարավոր լինի խոսել արժանահավատ մեդիա դաշտի մասին։
Սոցիալական մեդիայի մասին հարցերը ևս քաղաքական լուրեր ստանալու համատեքստում են։ Հարցվածների 51%-ի համար չեմպիոնը Ֆեյսբուքն է, ուր մարդիկ ամեն օր գալիս են իմանալու, թե ինչ քաղաքական անցուդարձ կա։ 25%-ն ամեն օր մտնում է Յություբ, և ընդամենը 2%-ը՝ Թվիթեր։
Արտաքին քաղաքականության տեսակետից ավելի վստահելի են համարվել ՄԻՊ գրասենյակից ստացած լուրերը (25%), քան ԱԳՆ նախարարությունից (9%) ու վարչապետի աշխատակազմից (15%)։ Շատ ցածր է գնահատվել անկախ փորձագետների ու ՀԿ-ների դերը։ Իսկ 18%-ն ասել է, որ ոչ մի վստահելի կառույց չի տեսնում։
Պատերազմի ու արտաքին քաղաքականության մասին հարցերի պատասխանները փաստում են, որ հայաստանցիների մեծամասնությունը՝ 70%-ը, կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը։ Եթե, իհարկե, այն չխանգարի Արցախի կարգավորմանը ու չմերժի Հայոց ցեղասպանությունը։
90%-ն ասել է, որ ամենամեծ քաղաքական սպառնալիքը տեսնում են Թուրքիայից, հետո Ադրբեջանից (77%)։
Այս իրավիճակում հետաքրքիր է, թե ինչպես են մարդիկ գնահատում տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման, նաև սահմանգծման ու սահմանազատման լուրերը։
25%-ը վստահ է, որ դա պետք է սկսել Արցախի հիմնահարցի վերջնական լուծումից և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։
Այս գրաֆիկը երևի ամենից լավ է բնութագրում Հայաստանի ներկայիս մտահոգությունները։ Հասարակությունը փորձում է վերջնական լուծման նշաններ գտնել, համոզված լինելով, որ մոտակա տասը տարում Հայաստանի ապագայի համար Արցախի հիմնախնդրի լուծումը լինելու է կարևոր։ Այդպես է կարծում հայաստանցիների 82%-ը։
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: