2021.12.09,

Տեսակետ

«Տարիներ շարունակ ոչինչ չանելն է համարվում անելիք»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Արվեստագետ, համադրող Արա Հայթայանի համար պետության քայլերը քարտեզ են, որով փաստում ես քո գոյությունը։ Եվ տարիներ շարունակ նման քարտեզի չգոյությունը հանգեցրեց խոշոր պարտության։ 

Եվ անկախ այն բանից, արվեստը օգնում է, խանգարում, դարմանում թե ցավեցնում, այն միշտ տալիս է հնարավորություն անելու սեփական քայլն ու գտնել ազգային ինքնության նշաններ։ Սա ասելով Արա Հայթայանն ավելացնում է՝ պարտությունը այդ ոլորտում մեծ հաշվով մեր իսկ ձեռքերով էինք նախապատրաստել։ Եվ դա դարձավ ավելի մեծ պարտության մոդել։

Կարծես ապրում ենք համատարած լրահոսի մեջ ու անգամ կորցնում ունակությունը զատելու կարևորն ու փրփուրը։ Մարդը փոխվու՞մ է։

Շատերը փակվում են, մեկուսանում (օրինակ, ես), հասկանալով, որ այդ տիպի ինֆորմացիոն հոսքի հետ ապրելը հնարավոր չէ։ Էլ չեմ խոսում ստեղծագործելու մասին։ 

Այդ հոսքը անգամ բանալի չի տալիս մեզ, միայն շփոթ է առաջացնում։ Եվ կորցնում ես քո ներքին չափիչները, որոնք առանց այդ էլ քիչ են, բայց գոնե աշխատեցնում են մեր բնազդը, հոտառությունը։ Իսկ ինֆորմացիոն հոսքերը դրանք էլ են խաթարում ու ոչ մի նոր բան չեն տալիս։

Երևի հիմա իրոք հարկավոր է մեկուսանալ ինֆորմացիայից, որ գոնե ուժ ու շունչ ունենաս անելու այն մի երկու քայլերը, որոնք այս իրավիճակում հնարավոր է անել։ Ասենք, ուզես, որ առավոտը բացվի ու դու գործ անես։

Վերջին հաշվով, բոլորս էլ հասկացանք, որ ինֆորմացիոն ծուղակում ենք։

Զինվորն էլ հասկացավ, ծնողն էլ հասկացավ, մի խոսքով բոլորս հայտնվեցինք տեղեկատվական թակարդում։ Ոչ թե պարզապես այդպես եղավ, այլ մեր ողջ ինֆորմացիոն համակարգը հենց այդ թակարդի համար աշխատեց։ Հանուն պրոպագանդայի։

Սոցիալական մեդիան ընտելացրել է, որ պիտի աչք ծակես, որ նկատվես։ Ի՞նչ դեր է ստանում արվեստը այս պայմաններում։

Դա երկակի վիճակ է։ Եթե բեռը ընկնում է ավելի շատ խոսքի, տեքստի, համատեքստ ներկայացնելու վրա, տեսնում ենք, որ արածը կարող է լինել գրեթե ոչինչ, բայց քանի որ նարատիվն է ուժեղ, գործը ստանում է արժեք, չլինելով այդ արժեքը։ 

Եվ արվեստագետը ավելի քիչ է մտածում ստեղծելու մասին մի իր, որը պիտի խոսի ինքն իր մասին։ Ստացվում է, որ եթե տեքստ չլինի, իրենք բոբիկ են։ 

Իսկ եթե իրն իր մասին չի խոսում, պահանջվում են հավելումներ։

Նույնիսկ երբ մտնում ենք թանգարան, ավելի քիչ ենք դիտում գործերը, նախընտրում ենք իջնել գրադարան (կամ մտնել ինտերնետ), որ կարդանք այդ գործերի մասին։ Այսինքն, գործերի փիլիսոփայական շերտը սկսում է գերիշխել, իսկ իրական գործը դառնում է զուտ առիթ, որն ուղորդում է տեքստ կարդալուն։

Եվ դա ոչ թե լավի ու վատի մասին զրույց է, այլ պարզապես փաստ։ Ինչ-որ առումով արվեստի իրը որպես այդպիսին դառնում է մարգինալ։ Այն համալիր չէ, որը կարող ես բացել, այլ փոքր ակնարկ է՝ հարցեր բացող։

Ասենք, հունական սափորն ինքնին այնքան ինքնաբավ ու գեղեցիկ է, որ այն ըմբոշխնելուց հետո ես միայն որոշում կարդալ դրա հետևում թաքնված առասպելը։ Այսինքն, այս սափորը թե՛ բովանդակային, թե՛ տեսողոկան ամբողջություն է, որի մեջ արդեն իսկ կատարվել է արվեստային ակտը։ 

Իսկ եթե այդ ակտը չի կատարվում, կամ կատարվում է ուրիշ տեղ՝ ավելացված համատեքստերում, դա արդեն այլ պատմություն է։

Վերջերս նայում էի, թե ինչպես է ներկայացվում հեռուստատեսության պատմությունը։ Կային կարևոր մարդիկ, որոնք ուղղակի ջնջվել են պատմությունից, փոխարենը նրանք են, ովքեր կարողացել են շատ խոսել իրենց մասին ու լավ պրեզենտացիա անել իրենց։ Արդյունքում աղավաղվում է փաստացի եղածը։ 

Որոշ առումով ազգաստեղծման մեթոդներն այսօր ավելի առաջնային են, քան ազգապահպան մեթոդները։

Կարելի է ստեղծել ազգեր՝ մի քանի միֆեր իրար միացնելով ու ազգին տալով ինքնություն (նաև նոր), և հիմնավոր ու հին հիմք ունեցող ազգերին կարելի է հեշտությամբ քանդել։

Կարծես դրված է առաջնայնություն ստեղծելու նոր բաներ, քան պահպանել նախորդները։

Նույն կերպ էլ այսօր արվեստում համադրողներն ավելի հզոր են, քան արվեստ ստեղծողները, քանի որ համադրողին տրված է կառուցելու ավելի մեծ հնարավորություն։

«Բացակայի որոնումով» ցուցահանդեսը, որի համադրողն էիր, կառուցված է ներքին մենախոսության վրա։ Սոցցանցերը դրդեցին արտահայտվել բոլորին։ Դա մենախոսության ձգտու՞մ է։

Ինքս շատ չեմ երևում սոցիալական մեդիայում։ Կարծում եմ, սոցցանցերում մարդիկ ավելի շատ խնդիր ունեն ոչ թե մենախոսելու, այլ երկխոսելու։ Բայց այդ երկխոսությունը միշտ տեղի է ունենում ճշտի դիրքերից։ 

Այսինքն, ինքդ միշտ ճիշտ ես, իսկ կողքիդ կան մարդիկ, ուժեր, աշխարհ, կուսակցություններ, որոնք սխալ քայլեր են անում և դու դա տեսնում ես։ Ընդհանուր դիրքորոշումը դա է։

Իսկ այս ցուցահանդեսի դեպքում, թեև բոլորս էլ ունեցել ենք մենախոսելու պահանջ ու զգայունություն, հեղինակը՝ Էդիկ Պողոսյանը, ինքն իր վրա մեղք ու պարտավորություն է վերցնում։ Ինձ թվում է, որ այս ցուցահանդեսի ձգողական ուժը նաև դրանում է։ Մարդիկ հանգում են այն կետին, որտեղ խոստովանում են իրենց չարածը կամ սխալը։ Եվ ռմբահարված իրերը գնելով՝ հոժարակամ պատրաստ են ապրելու նաև այն կետի հետ, որ անհարմարավետության զգացում է առաջացնելու։ 

Պատերազմի ժամանակ շատերը ինչ-որ բաներ էին կարում, հյուսում, հավաքում, հանգանակում, փոխանցում։ Ուզում էին պետք լինել։ Հիմա կարծես մեզնից ոչինչ կախված չէ։ 

Աղետի ու ստեղծագործության շուրջ զրույցը միշտ կա։ Կենսականության ու անպետքության արանքում գտնվելու զգացողություն ունեն շատերը։ Վստահ եմ՝ ոչ միայն արվեստ ստեղծողները։

Փաստորեն ստացվեց, որ միակ կայունությունը մարդն իր մեջ պիտի ստեղծի, քանի որ իրականության մեջ այն չկա։

Կարող ես դուրս գալ փողոց, հասկանալ ուղղությունը, դեպի-ին։ Այդ զգացողությունը միշտ կար, բայց ավելի ակտուալ դարձավ պատերազմից հետո։

Վերջին հաշվով մենք ուզում ենք հասկանալ, թե աշխարհը դեպի ուր է գնում՝ ինչ արժեքների, համակարգի, բացի հրահանգված մի քանի ուղղություններից, որոնք նմանվում են կամ սուտ օրենքների կամ դառնում իրենց ծաղրը (ասենք, չծխելու օրենքի)։ Մեզ մոտ աշխարհի դրվածքն ավելի ծաղրական է դառնում, քանի որ մի կողմից ձևականորեն կիրառվում են փսևդո օրենքները, իսկ մյուս կողմից՝ դրանց չենք վստահում։

Ընդհանուր աշխարհի մասին պատկերացումների փլուզման շրջան է նաև։ Մեզ մոտ այդ հարվածները միասին են գալիս։ Այդպես էր նաև 1988-ին, երբ համակարգի փլուզումը, երկրաշարժը, պատերազմը միասին եկան։ Հիմա էլ են իրար հետ գալիս։

Ինչ-որ առումով այդ փուլը սկսվեց կորոնավիրուսի համավարակով և պատերազմը ներքուստ սպասելի էի՝ քանի որ եթե փուլը սկսվում է, ուրեմն՝ ամբողջությամբ։

Մենք պատրաստ չէինք այս ամեն ինչին՝ ֆիզիկապես, հոգեպես, տեխնիկապես։ Անգամ չգիտեինք, թե իրականում ինչ բացեր ունեինք բոլոր ոլորտներում։

Ոչ միայն պատրաստ չէինք, այլև ամեն ինչ արվեց, որ պատրաստ չլինենք։ Դա արվեց մեր իշխանավորների ձեռքով։ 

Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչպես 2002-ին Քարտեզագրության ինստիտուտից, որը գտնվում էր Սախարովի հրապարակում, աղբամանը նետվեցին փաթեթներով քարտեզներ՝ սկսած 19-րդ դարի ձեռքով նկարված Հայաստանի քարտեզներից, որոնք արել էին հրեա և ռուս քարտեզագիրները, վերջացրած Երևանի տարբեր թաղամասերի մանրամասն նկարագրություններով։

Շենքը վաճառվել էր, ինստիտուտը պետք է տեղափոխվեր, ու այդ քարտեզները համարվեցին անպետք։

Վստահ եմ՝ դա միայն անփութություն չէր, այլ ծրագրավորված քայլ։

Եվ ես անձամբ աղբամանից հանել եմ այդ քարտեզները, քանի որ դա ինձ համար շատ հետաքրքիր քաղաքական նյութ էր։ Հայաստանի տարածքում հայտնվելով ռուսները փաստորեն միլիմետրերի ճշտությամբ քարտեզ էին գծել, վավերացրել իրենց նվաճած տարածքը։

Եվ այդ ամենը ուղղակի ոչնչացվեց։

Մինչդեռ դրանք հիմքեր էին։ Այս դեպքում հիմքերից մեկը, որն այսօր արդիական է, քանի որ ծագել է սահմանազատման հարցը։ Բայց տեսնում ենք, որ բոլոր ոլորտներում էլ նույնն է՝ չարվեց արխիվացումը։ Օրինակ, 1991-ից հետո ոչ մի թանգարան այլևս արվեստի գործեր չէր գնում՝ արխիվացնելու համար ժամանակակից արվեստը։

Ես դա համարում եմ ոչ թե պատահականություն, այլ հստակ հրահանգներ, որոնք ապահովում էին գերատեսչական ղեկավարները։ Եվ դա զուտ գումար չլինելու խնդիր չէր, այլ դրվածք էր։ Այսինքն, քաղաքակրթություն էր ջնջվում։

Եվ, այո, մենք երեսուն տարիների ընթացքում հասկացանք, որ հիմա նաև մեր ձեռքով է այն ոչնչացվում։ Եվ պաշտոններ զբաղեցնող մարդիկ դա ապահովեցին։

Եթե չկաս սոցիալական մեդիայում, կարծես գոյություն չունես։ Այս ցուցանահդեսն էլ եթե ցանցերում չտարածվեր, գրեթե արձագանք չէր ունենա, չէր հնչի։

Հարցն այն է, թե ինչ չափանիշներով ենք այսօր գրանցում ինչ-որ մի բանի հնչելը կամ չհնչելը։ Մարդկային քանակո՞վ։ Որքա՞ն մարդ տեսավ ու որքա՞ն մարդ հիշեց։ Թե՞ կան ավելի խորքային չափման մոդելներ։

Ահազանգերը մշակութային դաշտում հիմնականում ուղղված էին հենց այս չափորոշիչների բացակայությանը։

Մշակութային հայեցակարգում կան ըղձական խոսքեր՝ պահպանել, զարգացնել, փոխանցել սերունդներին։ Բայց դրանք դառնում են տափակ բառեր, եթե հասկանալի չէ, թե որոնք են պահպանելու չափորոշիչները, կամ փոխանցելու ու զարգացնելու։ Դրանց չգոյությունը թույլ է տալիս այսօր յուրաքանչյուր նույնիսկ երկրորդական թանգարանների տնօրեններին չանել ոչինչ։

Ոչ թե միայն չպատժվել, այլև չարժևորվել։ 

Այն տնօրենը, որն իրան մեջտեղից ճղում է՝ ցանկանալով, որ իր ղեկավարած արվեստի կենտրոնը ապրի ոչ մի աստիճանով վեր չի դասվում մյուս տնօրենից, որն ուղղակի գալիս է թանգարան, սուրճ խմում ու ոչինչ չի անում։

Ըստ դրա էլ՝ չենք կարող արժեքավոր և ոչ արժեքավոր գործողությունը տարբերակել, քանի որ դրանք նույն մակարդակի վրա են։

Տարիներ շարունակ ոչինչ չանելն է համարվում «անելիք»։

Իհարկե, սա ասելով, ես գիտակցում եմ, որ կան իրենց գործը անող նվիրյալներ, բայց նրանց արածը ոչ ներկայացվում է, ոչ դառնում երկրի նկարագիր։ Եվ այդ չներկայացվելը հենց հստակ ու ճշգրիտ դրվածք է։ Յուրաքանչյուր օղակի պատասխանատուները կարծես պարտավորած են ապահովելու պարտություն։

Ես դա զգացի 2012-ին, Պեկինի բիենալեից հետո, երբ առաջին հերթին մեր մշակույթի նախարարությունն էր իրեն պարտավորված զգում լռեցնելու հաջողությունը։ Կարծես բոլորն ուզում էին վիժեցնել, լռեցնել ու թույլ չտալ, որ Հայաստանի հաջողությունը հնչի։

Հասկանալի էր, որ դա Ադրբեջանի նպատակն էր (որը միշտ հայտնվում է այնտեղ, որտեղ կա հայի ներկայություն, որ խաթարի այն), բայց առաջին հերթին մեր հաջողությունը լռեցնում էր մեր կողմը՝ արգելելով պատասխանել Ադրբեջանին։ Այսինքն, լռելու ու պարտվելու հրահանգը գալիս էր Երևանից։

Ադրբեջանն իր գործն էր անում, բայց տեսանք, որ մեր պետությունը ևս անում էր Ադրբեջանի գործը՝ դիվանագետներով, արվեստի կառավարիչներով։ Եվ երբ նույնիսկ հաղթած եկանք Պեկինից ու ուզում էինք հաշվետու լինել մեր արածի համար, տեսանք, որ չկա մի մեդիա, որը չմերժի հանդիպումը։ (կարելի է կարդալ ասյտեղ– խմբ)։

Վերջին հաշվով, վերջին երեսուն տարվա ընթացքում արվեստը խլեցնելու ջանքները մենք մեկ առ մեկ տեսել ենք։

Եվ դրանք բոլորն էլ իսկական պատերազմի փոքր մոդելներն էին, քանի որ այդ տարիներին պատերազմն այդ դաշտում էր՝ ինքնության, երևալու, նկարագիր ունենալու ու ներկայանալու։ 

Եվ մենք այդ բոլոր պատերազմներում պարտվել ենք՝ ստանալով հրահանգներ լռելու, չմիջամտելու, չպատասխանելու։

Հաճախ տարբեր երկրներում մեր դեսպանությունները պարտավորված էին զգում անելու այնպես, որ մեր ներկայությունը չհնչի ու անհատի հաջողությունը չերևա։

Անցյալ տարի կարող էինք չպատկերացնել, որ նման մասշտաբի պարտություն է լինելու, բայց դրա բոլոր սիմպտոմները երևում էին։ Պարտությունը պատահականություն ու վերևից հանկարծ ընկած անակնկալ չէր։

Եթե 1990-ականներից մինչև 2006-ը ուղղակի լռեցնում էին, դրանից հետո քաղաքականությունը փոխվեց ու խնդիր դրվեց առաջ տանել միջակություններին ու ոչնչություններին, այլ ոչ թե նրանց, ովքեր կարող էին առաջընթաց ապահովել։ 

Արվեստի մոդելը շատ կարևոր է հասկանալու համար, թե ուր հասանք հիմա։

Ի վերջո, այն ուժերը, որոնք թույլ չեն տալիս արվեստը գեներացվի, շատ լավ հասկանում են արվեստի ներուժը, որն ուղիղ կապ ունի ինքնության հետ։

Եթե մի քիչ լայն նայենք անցյալին, ասենք 1950-60-ականներին, կտեսնենք, որ անկախ պետության գաղափարը ստեղծվում էր հենց արվեստների մեջ։

Երազանքո՞վ։

Այո, դրա մեջ կարող եմ նույնիսկ ներառել այն, թե ինչպես էր 1920-ականներին Սարյանը Օպերայի շենքի համար հայկական ոճ հնարում։ Ես միայն արվեստի մասին եմ խոսում, բայց երևի նույնն էր այլ ոլորտներում՝ ճարտարապետության, կենսաբանության և այլն։

Պետականության փոքր մոդելները ստեղծվում էին փոքր բջիջներում։ Ամեն մեկն իր տարատեսակն էր ստեղծում ու դրանով իսկ ըմբռնում ազգային հատկանիշները։

Եվ երբ սովետական տարիներին մտում էինք որևէ խոշոր համամիութենական տաղավար, միանգամից նկատում էինք հայկական ազգային հատկանիշները՝ գույները, ավելի գծային ու ֆորմալ լինելը, քիչ նարատիվները։ Եվ դա էր մեր ինքնության մակրոպետությունը մշակութային դաշտում, որը տարբերակում էր մեզ մյուսներից։

Ուրիշ հանրապետությունները այդ մասշտաբի ու ընդգծվածության տարբերություն չկարողացան դնել սեղանին, ինչպես մենք։

Եվ այս վերջին երեսուն տարում նախևառաջ պետականության քողի տակ ոչնչացրին այդ մակրոպետությունները, որոնք ինքնության մոդելի փնտրտուքներ էին։

Անգամ եթե կարող են հակադարձել, որ դա Սովետի թույլտրված չափն էր, հարց՝ իսկ ինչու՞ երեսուն տարում մենք առնվազն չափ չդրեցինք։

Արվեստը համարվեց մի կղզյակ, այսինքն, կտրվեց համաշխարհային արվեստի կոնտեքստից և դա չնկատելը ինչ-որ առումով կուրություն էր։

Ի վերջո, արվեստը իմպերիալ երևույթ է, և փոքր ժողովուրդները պետք է լուրջ սիստեմի տիրապետեն, որ իրենք իրենցը կարողանան դասակարգել, լայն խճանկարի պես բացել ու դնել մեծ համատեքստի մեջ՝ թե՛ ապահովելով իրենց ներկայությունը, թե՛ միաժամանակ շեշտելով իրենց տարբերությունը։

Շատ հետաքրքիր է, թե ինչպես է, օրինակ, մեզ նման փոքր Դանիան ներկայացնում իր արվեստը։ Մենք չենք փորձել, ասենք, մեր իմպրեսիոնիստ Եղիշե Թադևոսյանին դնել ֆրանսիացի իմպրեսիոնիստների կողքին՝ մեկ դահլիճում որպես իրար հավասազոր երևույթներ։ Իսկ Դանիան անում է։

Մենք հիմա էլ բաժանում ենք հավաքածուները հայկականի, ռուսականի ու եվրոպականի։ Եվ դրանով իսկ ինքներս մեզ դուրս ենք դնում աշխարհի կոնտեքստից։

Այնպես, ինչպես հայկական գետտոն է սփյուռքում կտրվում այն երկրից, որտեղ ապրում է, որ կարողանա պահել իր ինքնությունը որպես կղզի։  

Բայց վերջիվերջո, Հայաստանի պետականությունը հնարավորություն տվեց չլինելու այդ կղզին կամ գետտոն։ Եթե այլ երկներում վտանգը ասիմիլացվելն է, ապա պետական կառուցվածքի դեպքում վտանգը ուղղակի չլինելն է։

Ինձ միշտ հետարքրքել է սփյուռքից եկած մարդկանց համար Հայաստանում կայանալու ֆենոմենը։ Նույնիսկ հիմա, այս պարտությունից հետո։ 

Մարդիկ գալիս են (երիտասարդ, ոչ այնքան)՝ ունենալով հայկականության իրենց նեղ մոդելը։ Ընտանիքում ու իրենց գետտոյում նրանց ասել են՝ հիշեք, դուք այս տեսակն ենք, տարբեր եք ու պետք է պահպանեք այս տարբերությունը։ Ու հանկարծ Հայաստանում այդ նեղ մոդելը փլվում է։ 

Նրանք տեսնում են, որ կարող են շատ ավելի լայն լինել։

Օրինակ, չուտել տոլմա, բայց լինել։ Հայերեն չիմանալ, բայց լինել։ Տարբեր մաշկի ու աչքերի գույն ունենալ, բայց իրենց զգալ հայ։ Նրանք զգում են իրենց տարատեսակի ներուժի լայնությունը։

Հայաստանն այդպես է իրենց հիշեցնում, որ կարելի է լինել լիարժեք՝ տարբերվելով։ Եվ դա է պետության ձգողական ուժը։

Հայաստանում կարող ես լինել բազմազան և լինել դու։ Եվ շատ լավ հասկանալ, որ Հայաստանից հեռանալով, անգամ դեպի թվացյալ ավելի լայն աշխարհ, այդ հնարավորությունից զրկվելու ես։ 

Կարծում եմ՝ Հայասատնի ֆենոմենը դա է։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “«Տարիներ շարունակ ոչինչ չանելն է համարվում անելիք»”
  1. Ավետիսյան says:

    Հրաշալի է ասված։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *