2021.11.25,

Նյուսրում

Տեղեկատվություն չտրամադրող պաշտոնյաները կարող են տուգանվել հինգ անգամ ավելի գումարով

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը հանրագիր է ներկայացրել Արդարադատության նախարարություն՝ առաջարկելով բարձրացնել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար նախատեսված տուգանքների չափը։ 

«Հարցումների հետ կապված վարչական օրենսգրքում փոփոխություններ չեն արվել 2003թ-ից սկսած, մինչդեռ լրագրողների և լրատվամիջոցների գործունեության հետ կապված տուգանքների չափերն արագ փոփոխվում են և այսօր հասնում են ընդհուպ 6 միլիոն դրամի։ Կարիք կա, որպեսզի այսօրվա իրականությանը համարժեք դառնա նաև տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար նախատեսված տուգանքների չափը» ,-ասում է ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը։

Նրա խոսքով,  մինչև չկիրառվեն վարչական պատասխանատվության նորմեր, հարցումներին լիարժեք, սպառիչ և ժամանակին պատասխանելու պրակտիկան չի զարգանա։ 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում փոփոխությունը, ըստ Դոյդոյանի կանխարգելիչ բնույթ կունենա,  տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար նախատեսված տուգանքի չափը կարող է ավելանալ 200ապատիկի չափով:

«Գործող օրենքում ժամկետները խախտելու համար պատասխանատվություն նախատեսված չէ։ Մենք այս դիմումով առաջարկում ենք գրավոր հարցմանը ժամկետները խախտելու համար նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով տուգանք նախատեսել»,-ասում է նա։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի փորձը ցույց է տալիս, որ վերջին տարիներին հարցումներին օրենքով սահմանված կարգով պատասխանելու խախտումները գնալով շատանում են։

ՀԿ-ի կողմից վարվող Givmeinfo.am կայքում տեղադրված հարցումների և դրանց պատասխանների վիճակագրության համաձայն՝ 2019թ-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում գրավոր հարցումների 18%-ի դեպքում տեղեկություն տնօրինողները ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն տրամադրել պահանջվող տեղեկությունները:

Հարցումների 3%-ն առհասարակ որևէ պատասխան չեն ստացել (լուռ մերժումներ), 9%-ի պատասխանները թերի են եղել, այսինքն հարցմամբ պահանջված որոշ տեղեկություններ չեն տրամադրվել, 3%-ի դեպքում ստացվել է անհիմն մերժում, այսինքն տեղեկությունը չի տրամադրվել, մերժվել է:

Եվս 3%-ի դեպքում ստացվել է անհիմն պատասխան, երբ ակնկալվող տեղեկությունան տրամադրումը թեև ձևական իմաստով չի մերժվել, սակայն միևնույն է պահանջված տեղեկությունը չի տրամադրվել: Տեղեկություն ստանալու հարցումների 19%-ին պատասխան տրամադրվել է օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ:

ՀԿ-ի նախագահն ասում է, որ առաջարկվող փոփոխությունը դրական ազդեցություն կունենա տեղեկատվության տրամադրման գործընթացի վրա, պաշտոնյաներն ավելի զգոն կլինեն, ձեռնպահ կմնան օրենքով նախատեսված տեղեկություններն ապօրինաբար չտրամադրելուց, հարցումներն անտեսելուց, թերի կամ անհիմ պատասխաններ տրամադրելուց կամ տեղեկության տրամադրումն անհիմն մերժելուց:

Դոյդոյանն ասում է, որ կարևոր է նաև վարչական դատարանների ծանրաբեռնվածության պարագայում տեղեկատվության տրամադրման խախտումների մասին գործերի արագացված քննության հարցը։

«Լրատվամիջոցներն ու լրագրողները հաճախ այնքան երկար են դատարանում պայքարում տեղեկատվության ստանալու իրենց իրավունքի հետ կապված, որ եթե անգամ դատարանը բավարարում է նրանց հայտը, արդեն պահանջվող ինֆորմացիայի նշանակությունը, կարևորությունը նվազում է։ Անգամ անիմաստ է դառնում այդ թեմային անդրադառնալը»,-ասում է ՀԿ-ի նախագահը։

Գրիշա Բալասանյանն աշխատում է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի hetq.am կայքում, պատահում է շաբաթական մինչև 10-ը հարցում է ուղարկում պետական գերատեսչություններ։

Նկատում է, որ գնալով խախտվում են ժամկետները, պատասխանները լինում են հաճախ թերի, ոչ ամբողջական։ Ստիպված է լինում կրկնակի հարցումով դիմել անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար։

«5-օրյա ժամկետներում լիարժեք պատասխաններ հազվադեպ եմ ստանում։ Օրինակ վերջերս Պաշտպանության նախարարություն հարցում էի ուղարկել, 5-օրյա ժամկետում պատասխանել էին, որ լրացուցիչ ժամանակի կարիք ունեն։ 47-րդ օրը պատասխան ստացա, որ պահանջվող տեղեկատվությունը պետական և ծառայողական գաղտնիք է պարունակում»,- պատմում է Գրիշան։

Նա տպավորություն ունի, որ այս գործելաոճով պետական գերատեսչությունները ձգձգում են տեղեկատվության տրամադրումը, որպեսզի տվյալ թեմայի շուրջ հանրային ուշադրությունը, հնչեղությունը նվազի և իրենց տրամադրած տեղեկությունն արժեք չունենա։

«Դիտավորյալ թեման քնացնելու մի օրինակ է այլ պետական մարմինների հարցերը հասցեագրելը, անցում է մոտ մի ամիս ստացվում է պատասխան, որ չեն տիրապետում այդ տեղեկատվությանը։ Շրջակա միջավայրի նախարարության հետ նման փորձառությունից հետո գրավոր դիմեցի վարչապետին, որ նախարարությունից չեմ ստանում ինձ անհրաժեշտ տեղեկատվությունը։ 5-օրյա ժամկետում վարչապետի աշխատակազմը պատասխանեց, որ 30-օրյա ժամկետում կպատասխանեն»,-ասում է նա։

Ըստ լրագրողի, եթե պաշտոնյան տուգանվի մեկ-երկու անգամ, կարող է քննարկվել նրա աշխատանքի նպատակահարմարությունը, հատկապես եթե տուգանքները վճարվեն պետական միջոցների հաշվին։

Հանրագրի հիմնավորման մեջ նշված է, որ այս փոփոխություններով լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:

Եթե Արդարադատության նախարարությունը հանավություն տա տուգանքների հետ կապված այս փոփոխություններին, նախագիծը կգնա Կառավարություն, այնուհետ կքննարկվի Ազգային Ժողովում։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *