ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, խոսելով դիվանագիտության ոլորտի խնդիրների մասին, ակամայից անդրադառնում է նաեւ լրագրությանը:
Այդ երկու մասնագիտությունները նման են իրար, քանի որ գործ ունեն ինֆորմացիայի (նաեւ այդ ինֆորմացիան կազմակերպելու, ֆիլտրելու ու լեզվական դիպուկ ֆորմայի մեջ տեղավորելու) հետ. եւ’ «ինչը», եւ’ «ինչպես»-ը այս դաշտերում հավասարազոր են:
Համաձա՞յն եք, որ լրագրողը որոշ իմաստով նույնպես պետք է դիվանագետ լինի, քանի որ ինֆորմացիայով գերհագեցած մեր կյանքում բոլորս էլ դիվանագիտական ճկունության կարիք ենք զգում:
Դիվանագիտության մեջ ինֆորմացիան առաջնահերթ նշանակություն ունի: Ի վերջո, հաղթում է նա, ով ավելի լավ է ինֆորմացված: Դիվանագիտության հիմնական խնդիրներից մեկը ինֆորմացիայի հայթայթումն է, առանց որի մյուս գործառույթների (երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատումն ու սեփական շահերի պաշտպանությունը արտասահմանում) իրականացումը հնարավոր չէ:
Ինֆորմացիայի ձեռքբերումը շատ լուրջ ու հետաքրքիր խնդիր է, որը զուտ ինֆորմացիա ստանալուց բացի նաեւ սահմանակցում է պրոպագանդայի հետ: Այսինքն՝ դրսում ինֆորմացիան տարածելով՝ քո երկրի իմիջն ու քաղաքականությունն ես դարձնում հասկանալի:
Պրոպագանդան ու դիվանագիտությունն, իհարկե, նույն բաները չեն, բայց դրանց սահմանը շատ հեղհեղուկ է: Եթե սահմանն անցնես, այլ երկրի ներքին գործերին խառնվելու մեջ կմեղադրվես: Վերջերս, օրինակ, Մեծ Բրիտանիայի դեսպանն իրեն թույլ տվեց միջամտել Հայաստանի ներքին գործերին (խոսքը նախագահական ընտրությունների կանխորոշված լինելու մասին է), ինչը հակադիվանագիտական քայլ է համարվում: Այս դեպքում դեսպանն անգամ կարող է հայտարարվել «persona non grata»` անցանկալի անձ:
Տպավորություն է, որ դիվանագետն ու լրագրողը գրեթե նույն ձեւաչափով են գործում՝ ինֆորմացիա են հավաքում (երբեմն բաց, երբեմն էլ փակ աղբյուրներից):
Դիվանագիտությունը միշտ էլ սերտ աշխատել է լրագրության հետ, քանի որ ինֆորմացիայի հայթայթման գործում ահռելի դեր
«Դեմոկրատական երկրներում մենաշնորհ լինել չի կարող: Այդ թվում՝ նաեւ ինֆորմացիայի: Մեզ մոտ, իհարկե, այդ մոնոպոլիան գործում է ամենազադեցիկ ինֆորմացիոն ոլորտում՝ հեռուստատեսությունում» |
են խաղում լրատվամիջոցները: Դիվանագետը պրոֆեսիոնալ է, եթե բաց ինֆորմացիայի օվկիանոսում կարողանում է չշփոթվել, մանեւրել ու տարբերակել ապատեղեկատվությունը, կեղծ կամ էլ բացահայտ սուտ ինֆորմացիան: Ասեմ, որ փորձը ցույց է տալիս, որ տեղակատվական աղբյուրների հետ աշխատող դիվանագետները միշտ հաջողություն են ունեցել:
Հայաստանյան մեդիա դաշտը կարելի՞ է անվանել անկախ:
Դեմոկրատական երկրներում մենաշնորհ լինել չի կարող: Այդ թվում՝ նաեւ ինֆորմացիայի: Մեզ մոտ մոնոպոլիան գործում է ամենաազդեցիկ ինֆորմացիոն ոլորտում՝ հեռուստատեսությունում: Չնայած՝ մոտ ապագայում այդ մոտեցումը փոխվելու է (արդեն փոխվում է), եւ կգա մի պահ, երբ ինտերնետային տարածքը ոչ մի ռեժիմ էլ չի կարողանա սահմանափակել, հսկել կամ էլ պատժամիջոցներ կիրառել: Հեռուստաընկերությունները կկորցնեն իրենց գործուն ուժը: Աշխարհում արդեն իսկ շատ լրատվամիջոցներ անցնում են էլեկտրոնային ֆորմատի, «Newsweek»-ն, օրինակ, որպես ամսագիր, փակվեց՝ գերադասելով էլեկտրոնային տարբերակը:
Մեր ինֆորմացիային հատուկ է դեմոկրատիայի միմիկա. ունենք վերահսկելի հեռուստատեսություն, ազատության որոշակի չափաբաժին ունեցող թերթեր ու ազատ ինտերնետ, որը մեր աչքի առաջ իրավիճակը փոխում է:
Այս անցումային շրջանում սովորաբար հայտնվում են որոշ լրատվամիջոցներ, որոնք անբարեխիղճ են աշխատում՝ գրելով այն, ինչ խելքներին փչում է:
Հայաստանյան տեղեկատվական դաշտում բազմաթիվ կայքեր են հայտնվել, որոնք լուրերը իրարից պարզապես արտատպում են: Չե՞ք կարծում, որ ինֆորմացիայի որոշակի ջրիկացում է տեղի ունենում:
Լավ խոսք կա՝ իշխանությունը այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ է այլասերում: Իհարկե, լրատվամիջոցները կարող են այլասերել հասարակությունը: Կարծում եմ՝ մեզ մոտ հենց դա էլ կատարվում է: Եւ փոքր-ինչ մտածող մարդկանց համար քաղաքական կամ դիվանագիտական հարցերում ճիշտ կողմոնորշվելն ու օգտակար ինֆորմացիայի կվինտէսենցիան քաղելը բարդանում է, դառնում պրոբլեմատիկ:
Բայց վստահեցնում եմ, որ նույնիսկ արգելքներ դնող, տոտալիտար ռեժիմներում, լավ վերլուծաբանների կարիք կա: Ընդհանրապես ինֆորմացիայի հայթայթումն ու անալիտիկ աշխատանքը երկվորյակ եղբայրներ են, եթե միասին չեն, ապա ինֆորմացիան կորցնում է իր ազդեցությունը:
«Դեղնո՞ւմ» է:
Անպայման չէ: Պարզապես մարդիկ կարդում են ու արագորեն մոռանում: Տողերի արանքում կարդալն ու նույնիսկ բաց ներկայացվող ապատեղեկատվության մեջ ճշմարտության հատիկ գտնելը լուրջ աշխատանք, անալիտիկ գործունեություն է:
Մի օրինակ բերեմ անցյալից. երբ Գերմանիան հարձակվեց Խորհրդային միության վրա, այդ ժամանակ ԽՍՀՄ-ում ընդամենը 3 թերթ (‹‹Պրավդա››, ‹‹Իզվեստիա››, ‹‹Կոմսոմոլսկայա պրավդա››) ու մեկ ռադիոկայան կար, որոնք «գլավլիտի»` գրաքննության լիակատար վերահսկողության տակ էին աշխատում:
Եվ այդ աղբյուրների վրա հիմնվելով՝ գերմանական հետախուզությունը կարողացավ այնպիսի վերլուծություն անել, որ
«Անցումային շրջաններում սովորաբար հայտնվում են մեծ թվով լրատվամիջոցներ, որոնք անբարեխիղճ են աշխատում՝ գրելով այն, ինչ խելքներին փչում է» |
հետագայում (երբ այդ փաստաթուղթը հայտնի դարձավ) բոլորը զարմացել էին, թե ինչպես կարելի էր նման խորը անալիզ անել: Եվ դա լրտեսական աշխատանք չէր, այլ բաց շրջանառության մեջ դրված ինֆորմացիայի ճիշտ կիրառում:
Իսկ «դեղին» էջեր ամեն տեղ էլ կան, պարզապես դրանց կողքին պետք է լինեն նաեւ լուրջ, ավելի ճիշտ՝ անառարկելի աղբյուրներ: Աշխարհի ամենալուրջ լրատվամիջոցներից է, օրինակ, ֆրանսիական «Մոնդ»-ը: Ֆրանսիայի դեսպանությունները, երբ ցանկանում են որեւէ փաստաթուղթ կամ որոշում ներկայացնել, առաջին հերթին սպասում են, թե ինչ կգրի այդ մասին «Մոնդ»-ը:
«Financial Times»-ը ժամանակին Ռեզերֆորդ անունով մեկնաբան ուներ, որը համարվում էր կառավարության մակարդակի աշխատող, եւ նրա ընդունելություններին հավաքվում էին բրիտանական նախարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները: Եւ բոլորը ուղղակի Ռեզերֆորդի բերանին էին նայում, քանի որ այդ վերլուծաբան-լրագրողը տնտեսական ոլորտի լավագույն մասնագետներից մեկն էր համարվում Անգլիայում:
Լրագրողական աշխատանքի վրա էր հիմնված նաեւ Զորգեի հետախուզական հանճարը:
Էլեկտրոնային լրատվամիջոցների հետ կապված մի վտանգ եմ տեսնում. համացանցը հիմա կարծես ամեն ինչ իր մեջ է ընդգրկել, եւ այս մտայնությունը տարածվում է նաեւ դիվանագիտական կորպուսի աշխատանքի վրա:
Շատերը մտածում են, որ այլեւս կարիք չկա օգտագործելու մարդկային գործոնը, քանի որ բավական է կոճակը սեղմել ու ամեն ինչի մասին տեղեկանալ: Սակայն փորձը ցույց է տալիս, որ «չարչարվելով», մարդկանց հետ հանդիպելով է հնարավոր իրապես կարեւոր ինֆորմացիա ձեռք բերել:
Կոնֆիդենցիալ, շատ թանկ տեղեկատվությունը պետությունները միշտ էլ ստացել են ոչ թե ինտերնետից, այլ մարդկային կապերի արդյունքում:
Լրատվական միջոցներն ընդհանրապես լավագույն միջոցն են քո երկրի քաղաքականությունը քարոզելու, տեղ հասցնելու համար:
Անկախ Հայաստանը կարողացա՞վ լրատվական դաշտը առավելագույնս օգտագործել:
Մենք կորցրեցինք այն կարեւոր պահը, երբ Ղարաբաղի հարցը հնարավոր էր տեղ հասցնել ու աշխարհի համար համոզիչ լրատվական քաղաքականության վերածել: Հիմա ամբողջ աշխարհն այն կարծիքին է, որ ագրեսորը մենք ենք:
Իսկ սկզբնական փուլում այդպես չէր, երբ ԵԱՀԿ-ն սկսեց աշխատել (այնտեղ Հայաստանի առաջին ներկայացուցիչը ես էի), Ղարաբաղում տեղի ունեցող գործողությունները ներկայացվում էին որպես ազգային ազատագրական շարժում: Փախստականների հարցն էլ այդպես սուր չէր դրված, ինչպես հիմա. ավելի շատ խոսվում էր հայ փախստականների մասին:
Բայց 10 տարվա ընթացքում պատկերը լրիվ՝ գրեթե 180 աստիճանով փոխվեց: Հիմա մենք «ագրեսոր» ենք, Ադրբեջանը 1 մլն փախստական ունի: Սա նշանակում է, որ ինֆորմացիոն-պրոպագանդիստական պայքարում մենք տանուլ ենք տվել:
Իսկ ինչո՞ւ այդպես եղավ:
Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը կտա պատմությունը: Գիտեք՝ եթե դիվանագիտությունը ակտիվ եւ նույնիսկ հարձակվողական չէ (մանավանդ նման իրադրություններում), այն միշտ կորուստների է բերում: Չգիտեմ՝ ինչու մենք պաշտպանողական դիրքորոշում բռնեցինք. հաղթելով ռազմադաշտում՝ փաստորեն պարտվեցինք դիվանագիտական ոլորտում՝ չկարողանալով ճիշտ ինֆորմացիոն-պրոպագանդիստական աշխատանք տանել:
Այս կապակցությամբ ուզում եմ մի հարց տալ. քանի՞ դիվանագետ, առավելեւս՝ դեսպան ունենք, որոնք ի վիճակի են այն երկրներում, որտեղ աշխատում են (խոսքս դեմոկրատական երկրների մասին է, որոնցից կախված է աշխարհի բախտը) գնալ հեղինակավոր հեռուստաաքլիներ ու ասել. «Իմ երկրի արտաքին քաղաքականության մասին խոսելու հնարավորություն ու եթերաժամ տվեք»:
«Հեռախոսով կարծիք հարցնելը լրագրություն չէ» |
Վստահեցնում եմ, որ նրանց այդ հնարավորությունը կընձեռեն: Սակայն վստահ եմ նաեւ, որ օտար լեզուներին վարժ տիրապետող այդպիսի դիվանագետները քիչ են:
Իհարկե, հասկանում եմ, որ, ասելով դա, մեր ԱԳՆ-ի աչքի փուշն եմ դառնում: Սակայն ցավով ուզում եմ էլի կրկնել, որ արտասահմանում աշխատող մեր դեսպանների 50%-ը (եթե ոչ ավելի) պրոֆեսիոնալ չեն: Եթե նախարարությունը, ասենք, շինարարի է որպես դեսպան ուղարկում, պիտի հասկանա, որ այդ մարդը շատ գործ անել չի կարողանա:
Ընդհանրապես բոլոր մասնագիտություններում էլ դիլետանտիզմը վնասակար է, իսկ դիվանագիտության ու բժշկության մեջ՝ մահաբեր է:
Իսկ լրագրությա՞ն մեջ:
Լրագրության մեջ դիլետանտ լինելն անբարոյականություն է:
Վերջերս նկատեցի, որ լրագրությունը հեռախոսով մեկնաբանություն խնդրելու պրակտիկայի է վերածվել: Կարող են զանգահարել ու խնդրել՝ լավ էլի~, մի հատ ձեր կարծիքը հայտնեք այս կամ այն հարցի վերաբերյալ: Դրանից ես մի տեսակ նեղսրտում եմ: Հեռախոսով կարծիք հարցնելը լրագրություն չէ:
Ի վերջո, կարծիք հայտնողն այդ պահին կարող է ճաշել կամ լոգանք ընդունել, նրա կարծիքի վրա հիմնված լուրը ինչպե՞ս կարող է որակյալ լրագրողական աշխատանքի հիմք դառնալ:
Անձամբ ես շատ եմ հարգում լրագրողի աշխատանքը եւ իմ պետական ծառայության ժամանակ հնարավորինս բաց եմ եղել լրատվամիջոցների համար թե՛ ԱԳՆ–ում, թե՛ արտասահմանում: Մենք իսկապես բարձր մակարդակի, հոյակապ պատրաստված, անալիտիկ մտածողությամբ լրագրողներ ունենք, որոնք քաղաքականություն են անում, հանրային կյանքում սթափ երանգ են ավելացնում:
Ամեն դեպքում կուզենայի, որ բոլորս ներողամտորեն ու օբյեկտիվորեն ընդունենք իրավիճակը: Չէ՞ որ երկար տարիներ ապրել ենք տոտալիտար ռեժիմի՝ սեղմված զսպանակի օրենքներով, ինչը բոլորովին այլ փիլիսոփայություն է պարտադրում: Եվ երբ հանկարծ լիակատար ազատություն է տրվում, զսպանակը միշտ բացվում է ավելի շատ, քան իր բնական վիճակն է ենթադրում:
Ի վերջո, ձախության մանկական հիվանդություն գոյություն ունի, որը ժամանակի հետ անցնում է: Կարծում եմ՝ նույնն էլ տեղի կունենա հայաստանյան լրատվական դաշտում: Բայց, թե երբ դա կլինի եւ ինչի հաշվին, դժվար է ասել:
Ամեն դեպքում ցանկալի է, որ որոշակի չափանիշներ հայտնվեն, որոնք ոչ թե հսկողության, այլ ավելի շուտ յուրաքանչյուր լրագրողի ներքին վերահսկողության արդյունք կլինեն: Եվ այստեղ շատ կարեւոր է գլխավոր խմբագիրների դերը, քանի որ հենց նրանք են որոշում լրատվամիջոցի քաղաքականությունը:
Դիվանագիտական աշխատանքում, օրինակ, քարացած կանոններ կան՝ ամեն առավոտ ողջ դիվանագիտական կազմը կարճատեւ խորհրդակցություն է անցկացնում, քննարկում է լրատվամիջոցների ինֆորմացիան, եւ այդ ինֆորմացիայի, ինչպես նաեւ այլ տեղեկությունների հիման վրա որոշվում է դիվանագետների այդ օրվա անելիքը:
Կարծում եմ՝ նույն կերպ էլ պետք է աշխատեն խմբագրությունները:
Իսկ մեր լրատվական դաշտը ինչպե՞ս է ընկալվում օտարերկրյա դիվանագետների կողմից: Նրանք ամբողջական պատկեր ստանո՞ւմ են:
Իրենց հարգող դեսպանություններն, իհարկե, խոշորացույցով զինված ուսումասիրում ու վերլուծում են տվյալ երկրի
«Շատերը մտածում են, որ բավական է կոճակը սեղմել ու ամեն ինչի մասին տեղեկանալ: Սակայն փորձը ցույց է տալիս, որ մարդկանց հետ հանդիպելով է հնարավոր իրապես կարեւոր ինֆորմացիա ձեռքբերել» |
լրատվությունը: Գիտեմ, որ մասնավորապես այդպես են վարվում Հայաստանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանությունները, որոնք համադրում են այլ աղբյուրներից ստացված լրատվությունը՝ ինֆորմացիայի հավաստիությունը պարզելու համար:
Ի վերջո, կարող ես 10 աղբյուր ունենալ, որոնցից, սակայն, արժանահավատ է ընդամենը մեկը: Դիվանագիտության ոլորտում ընդունված է նաեւ կորպորատիվ, փոխկապակցված աշխատանքը, ես նկատի ունեմ դիվանագիտական կորպուսի ներսում ինֆորմացիայի փոխանակումը դեսպանաընկալ երկրի արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ:
Ի՞նչը կառանձնացնեիք դիվանագիտության հրատապ խնդիրների մեջ:
Կառանձնացնեի ազգային անվտանգության ապահովումը, ինչը չի կարող տեղի ունենալ հարեւանների հետ լարված հարաբերությունների պայմաններում:
Եվ եթե ուզում ենք դուրս գալ ներկայիս բավականին ծանր վիճակից (բոլոր չափանիշներով ծանր), առաջին հերթին հարկ է կարգավորել մեր հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Ահա այստեղ վճռական դեր կարող է խաղալ բարձրակարգ, ճկուն եւ հմուտ դիվանագիտությունը: Մենք, անշուշտ, կհասնենք դրան: Ժամանակ է պետք, որը կատաստրոֆիկ կերպով պակասում է:
Իսկ չե՞ք կարծում, որ մեր հեռուստատեսությունը, թշնամու կերպարը անընդհատ վառ պահելով, վնասում է այդ գործին:
Իհարկե, վնասում է: Ինչպես նաեւ 100 տարի շրջափակված ապրելու վտանգավոր սենտենցիան: Ձեր հարցի կոնտեքստում պետք է նայել պետականության ու ազգայնականության հարցերի փոխկապակցվածությունը, որը շատ խորը հարց է, առանձին խոսակցության առարկա:
Ի դեպ, այս եւ այլ լրջագույն հարցերին փորձելու ենք պատասխանել մեր նորաստեղծ diplomat.am կայքի միջոցով: Կայքի նշանաբանն է՝ «Բացելով փակագծերը»: Մենք ուզում ենք մատչելի լեզվով բացատրել, թե ինչ է դիվանագիտությունը եւ որն է նրա խաղալիք դերը պատմության զարգացման ներկա փուլում:
Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: