2021.09.29,

Խաչմերուկ

Կիրակի էր

Առավոտյան կիսարթուն սուրճ էինք խմում, երբ մայրս մտավ խոհանոց և երեխաներիս աղմուկի մեջ հայտնեց, որ պատերազմ է սկսվել: Մենք շարունակեցինք զրուցել, մտածելով, որ ութսունամյա կինը ինչ-որ բան է շփոթել լուրերում: Րոպեներ անց վերցրեցի հեռախոսս ինքս ստուգելու նորությունները…

Ու կյանքը կիսվեց առաջ-հետոյի։ Հետոն ապամոնտաժված իրականության էր նման։ Պատերազմը նախապես չէ՞ր հայտնել իր պլանների մասին, թե՞ մեր ներքին կյանքը անդրդվելի համառությամբ էր անտեսում ակնառու վտանգի կոչերն ու կառչում  խաղաղության մասին ունեցած իր պատրանքին։

Մարտակերտ, զբոսայգի:

Ինչպես պատերազմի շրջանը, այնպես էլ դրանից հետո, վավերագրում էի անընդհատ փոփոխվող իրողությունները, երբ առաջացան սահմանային անվտանգության խնդիրներ, երբ հրկիզվող տներից, անհետացած կյանքերից, փոշիացող արժեքներից խմորված մետամորֆոզը հնարավորություն չէր տալիս հրաժեշտ տալու խիստ մոտիկ անցյալին ու դիմավորելու կրկին փլուզվող ներկան։

Ներքին Խնձորեսկի դիրքեր, զինվորը հանգստանում է:

Մարտակերտի շրջան, ռմբակոծված բեռնատար:

Պատերազմն ավարտվել ու շարունակվում է։ 

Հայաստանի քարտեզի դեռատի աղջկա պրոֆիլը սողացող հետևողականությամբ աղավաղվում է, դրանով զուգահեռ աղճատում իրականության մասին մեր ընկալումը։

Դաշտեր Ստեփանակերտ-Կարմիր Շուկա մայրուղու եզրին: Նոր փոփոխված սահմանով այստեղից 300 մետր այն կողմ Ադրբեջանն է:

Ժամանակի մեջ ինձ հուզող հարցերը դարձան պատճառ շարունակելու այս վիզուալ օրագիրը. վավերգրում եմ հետպատերազմյան տրավմաները, այն անծանոթ ներկան, որի հետ այսօր փնտրում ենք համակեցություն։ 

Ինչպե՞ս ենք հարաբերվելու մեր վշտի հետ։

Քարվաճառի Տանձուտ գյուղն է, որը հանձնվեց Ադրբեջանին պատերազմից հետո:

Քարվաճառի Նոր Գետաշեն գյուղն է, որը հանձնվեց Ադրբեջանին պատերազմից հետո: Գյուղացիները լքելուց առաջ հրկիզում էին իրենց տները:

Որտե՞ղ է կուտակվում կորուստներ կրած ապրողի ցավը։

Էրեբունի Մասիվ թաղամաս, զոհված զինվորի պատկեր:

Քարվաճառի ռմբակոծված դպրոցը:

Ինչպե՞ս ենք ընկալում ինքներս մեզ այս դեֆորմացված իրականության մեջ, որը  սեղմված է երեկվա ու վաղվա արանքում։

Աննան զոհված որդու՝ Ռաֆայելի սենյակում:

Ներքին Խնձորեսկի դիրքեր:

Վաղինակ Ղազարյան, վավերագրող լուսանկարիչ


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *