Լրատվական կայքերի ու հեռուստաէկրանի ամենադիտվող ու ընթերցվող նյութերը դառնում են արկածային թրիլերի կամ արյունոտ դետեկտիվի ժանրով նկարահանված պատմությունները։ Լրագրողը, որը կարողանում է, հետախուզական տարրեր ու ինտրիգ ներմուծելով, իր ռեպորտաժի մեջ բեմանականացել պատահարը, ունակ է մեծ լսարան հավաքել։
Առավելեւս այն դեպքերում, երբ օգտագործում է գաղտնի նկարահանումները, անոնիմ հեռախոսազրույցները, պատահականորեն արված հարցախույզները եւ այդ ամենը ներկայացնում է վավերագրության պատրանքով (տեսախցիկի ճոճքով, որոշակի ձայնային խոտանով, նաեւ՝ ձայնային «պի-պի» արգելափակումով՝ պատճառաբանելով դա օպերատիվ էքսկլյուզիվությամբ)։
Հայաստանյան մեդիա դաշտում թոփ-հաղորդումների շարքում հենց պատահարներն ու դրանց վրա կառուցված վիզուալ պատմություններն են։ Մեր հայրենի հեռուստատեսություն նոր թրենդը՝ հասարակ մարդն է ոչ հասարակ (դաժան) պայմաններում։
Վայրենի սպանությունների, գործարար ոլորտի խարդախությունների, ընտանեկան ու փողոցային ծեծկռտուքի մանրամասները, դեղերի ու մսամթերքի կեղծումը, առանց բնակարան մնացած ու անձրեւի տակ գիշերող բազմազավակ մայրերի պատմությունները ուղեկցվում են դեպքի վայրից արված լուսանկարներով ու դեպքի վայրում էլ արվող մեկնաբանություններով՝ դառնալով այն անխափան գործող հնարքը, որով ալիքներն ու կայքերը իրենց վարկանշային ցուցանիշներն են ապահովում։
Բնական է, որ իրական հերոսներով ու իրական հանգամանքերում տեղի ունեցող ցնցող դեպքերը ավելի գրավիչ են, քան հորինված սերիալային կյանքը։ Եւ խոսքը ոչ միայն Գագիկ Շամշյանի յուրօրինակ հայերենով (նորագույն ժարգոնային բանահյուսությամբ) պատրաստած սահմռկեցուցիչ ավտովթարների ռեպորտաժների, այլեւ պարզ կենցաղային թեմաների անդրադարձների մասին է։
Հասարակ մարդը ոչ հասարակ պայմաններում դառնում է խաղալիք, որով լրատվամիջոցները սկում են «խաղալ»։ Եւ այդ ինքնամոռաց խաղի արդյունքում նսեմացնում մարդուն ու միաժամանակ իշխանական ուղղահայաց կայունությունը էլ ավելի կայուն են դարձնում։
Հարցն այն է, որ երբ խոսքը իրապես մտահոգիչ ու հուզիչ ճակատագրերի ու խնդիրների մասին է, ապա դրանք հիմնականում ներկայացվում են որպես արագ լուծում ստացող ու երջանիկ ավարտ ունեցող դիպվածներ։ Ասենք՝ լուրջ հանրային խնդիրը ներկայացվում է մանր մասնավոր դեպքի տեսքով, որը հանգուցալուծում է ստանում պետական օղակների բարի կամքի ու լրագրողների անձնուրաց աշխատանքի արդյունքում։
Լրագրողները փորձ են անում մտնել իրենց հերոսների մաշկի մեջ (ինչը նախընտրում են հատկապես «Արմենիա» ալիքի «Սուր անկյուն» հաղորդաշարը պատրաստողները)։ Եւ դա անում են ցուցադրաբար եւ մեծ հաճույքով՝ զգեստափոխման ու իրավիճակային կոմեդիայի վերածելով խնդրահարույց թեմաները։ Օրինակ՝ խոսելով զենքի մասին՝ լրագրողը կադրում հայտնվում է ատրճանակով (դիտել 22-րդ րոպեի 48-րդ վայրկյանից)։
Կամ էլ վառելանյութի խնդիրների մասին պատմող տեսանյութում լրագրողուհին ինքն է սկսում կադրում թրիք չորացնել ու աթար պատրաստել։ Եւ իր ռեպորտաժի վերջում ասում է՝ ավելի լավ է գազ վառել։ Նշենք, որ կրեատիվ վերնագրով («Բալը թանկ է») այդ ռեպորտաժի առանցքը գազի որակից դժգոհող քաղաքացիներն էին, որոնց եւ նման թատերային կերպով խորհուրդ տրվեց հեռու մնալ սադրանքներից ու շարունակել գազ օգտագործել։ Ուշագրավ է, որ լրագրողը մինչ այդ նշել էր, որ գազի կալորիականությունը չափելու համար միայն մեկ լաբորատորիա կա, որը գտնվում է հենց Հայռուսգազարդում։ Թվում է, որ այս կետում պիտի հետազոտություն լինի, բայց ոչ, չեղավ։
«Սուր անկյունը» հայտարարում է, որ իր առաքելությունը ողջ ճշմարտությունն ասելն է, «որովհետեւ կիսաճշմարտությունը ոչինչ է»։ Այդ կիրակնօրյա հաղորդումը 2012թ.-ի հոկտեմբերի 28-ի իր թողարկումը սկսում է 3 տարի առաջ հայտնված մորմազգիների ցեցի մասին տեղեկությամբ։ Այդ ցեցը վնասում է բերքն ու թունաքիմակատների հաճախակի կիրառման անհրաժեշտություն առաջացնում։ Լրագրողը խորհուրդ է տալիս՝ ձեռք բերեք ցեց վերացնող որակյալ թույները, որոնք ներկրում է գյուղնախարարությունը։
2012թ.-ի նոյեմբերի 18-ին «Սուր անկյունը» պատմում է, թե ինչպես է «Պանարմենիան Մեդիա Գրուպ» լրատվական հոլդինգը (որի մաս է կազմում նաեւ «Արմենիա» ալիքը) գործազուրկ, անօթեւան ու բազմազավակ կնոջը կացարան, աշխատանք ու անկողնային պարագաներ տալիս։ Ողջ ռեպորտաժի ընթացքում սենտիմենտալ ու միաժամանակ պաթետիկ երաժշտություն էր հնչում (որը, թերեւս, պիտի ապացուցեր, որ խնդիրները հաղթահարված են)։
Նույն երանգավորումն ուներ նաեւ աղքատ ընտանիքներին ՀՀ առաջին տիկնոջ կողմից նվերների ուղարկման արարողության լուսաբանումը (2013թ. Հունվարի 21):
Նման հետաքրքիր, կլիպային ոճով արված ռեպորտաժներով «Սուր անկյունը» առատ է։
Ռեպորտաժներից մեկի հերոսն, օրինակ, ներկայացվում է որպես «անոնիմ շինարար» եւ էկրանից ասում. «Ատկատները եղել են, կան ու լինելու են։ Թողեք թող երկիրը հարստանա ու ոտքի կանգնի, հետո բոլոր թերությունները կվերանան»։
Իսկ դատապարտյալների վաղաժամկետ ազատման մասին ռեպորտաժը (դիտել 24-րդ րոպեի 37-րդ վայրկյանից) մոտավորապես այս ուղերձն ուներ՝ նախկինում սուբյեկտիվ որոշումներ էին կայացվում, իսկ հիմա «անկախ հանձնաժողովի կողմից հստակ չափանիշների հիման վրա քննության պես բան է անցկացվելու»։
Եթե դրան գումարենք նաեւ հաղորդավարի ծայրաստիճան պաթետիկ կամ պամֆլետային երանգավորումը, զարմանալի տպավորություն կստեղծվի, որ կրկին հայտնվել ենք սովետական ժամանակներում, սակայն դրան գումարվել է տեխնիկական բարձր որակն ու ջանասեր լրագրությունը։ Սովետի ժամանակ գոյություն ուներ միայն մեկ կարծիք։ Հիմա էլ նույնն է, թեեւ այդ կարծիքին հանգելու համար այսօր լրագրությունը ավելի ոլոր-մոլոր ուղիներ է անցնում։ Ասենք՝ խարազանում է, միաժամանակ լեգիտիմացնում, հեգնում է, բայց նույն հեգնանքով համակրանք ցուցաբերում։
Օրինակ՝ կարող է թվալ, որ խոսում են արտամուսնական կապերի մասին (պաշտոնյաների անբասիր վարքի համատեքստում), սակայն ռեպորտաժը (դիտել 32-րդ րոպեի 9-րդ վայրկյանից) ի մի են բերում՝ վստահություն են հայտնում, որ հայ պաշտոնյային սիրած պահելու համար աշխատանքից չեն հեռացնում, քանի որ այդպես նա իր տղամարդկայնությունն է ապացուցում։
2012թ.-ի դեկտեմբերի 16-ին «Սուր անկյունը» երշիկի բաղադրության (դիտել 18րդ րոպեի 40-րդ վայրկյանից) հետաքննությունն էր անցկացնել (դա արվել էր այն բանից հետո, երբ պետական կառույցները հրապարակել էին երշիկ արտադրող անբարեխիղճ ընկերությունների ցանկը)։ Լրագրողուհին փորձագետների էր դիմել ու պարզել, որ ցանկում ընդգրկված են ճիշտ ընկերությունները։ Եւ ակամայից հարց է ծագում՝ եթե երշիկ է ստուգվում, ապա ինչո՞ւ է կրկնակի ստուգման ենթարկվում արդեն իսկ լաբորատոր ստուգում անցած ու խախտում արձանագրած ընկերության արտադրանքը։ Տրամաբանությունը հուշում է, որ լավ կլիներ դա արվեր նաեւ այլ (այս դեպքում՝ բարեխիղճ) արտադրողների հետ, այլ ոչ թե սոսկ ամրապնդել պետական մարմինների որոշումը՝ դա ներկայացնելով որպես անկախ լրագրողական հետաքննություն։
«Սուր անկյուն»-ը նախընտրում է օգտագործել թաքնված տեսախցիկով արված գաղտնի նկարահանումները, որոնց ներկայությունը հաճախ արդարացված չէ, քանի որ խցիկի առջեւ մարդն ասում է այն, ինչը ասում է խցիկի առջեւ եւ անթաքույց, սակայն այդ հնարքը ռեպորտաժին իսկության որոշակի հմայք է փոխանցում (իմիտացիոն) ու ցույց տալիս, որ լրագրողները մեծ աշխատանք են կատարել (ոչ միայն ջրի երեսին, այլեւ ջրի հատակում են աշխատել)։
Օրինակ՝ «Սուր անկյան» լրագրողը թմրամիջոցների շուկայի վիճակը ներկայացնելու համար գաղտնի նկարահանումներ է կատարել դեղերի ոլորտի պատասխանատուների հետ ու ոմանց նկարահանել՝ առանց նշելու նրանց պաշտոնն ու անունը։ Դիտողի մոտ բնական հարց է առաջանում՝ իսկ եթե տեսախցիկը երեւար, արդյոք դեղամիջոցների շրջանառության մասին խոսողները նույնը չէի՞ն ասի։ Թերեւս, կասեին։ Սակայն «գաղտնի» բառը առաջացնում է ինտրիգ, որով «սուր» հեղինակները առատորեն համեմում են իրենց ռեպորտաժները։
Միտումնավոր անոնիմ սարքված անձանց շուրթերով հաղորդվող ինֆորմացիան առաջացնում է նաեւ ինֆորմացիայի աղբյուրի հանդեպ կասկածանք։ Մենք չգիտենք՝ ով է ինֆորմացիա հայտնում եւ որքանով է այն ճշգրիտ։ Եւ մեզ մնում է միայն կուրորեն վստահել լրագրողներին, որոնք կիսաճշմարիտ աղբյուրների (դեմք կա, անուն ու մասնագիտություն չկա) օգնությամբ են ռեպորտաժ պատրաստում։
Իհարկե, խոցելի իրավիճակում հայտնված, «խոցված» մարդկանց պատմությունները լրագրողական հետաքրքիր նյութի առանցքն են ու կարող են հետաքննական ռեպորտաժների սկիզբ դնել, իսկ լավագույն դեպքում՝ դիտողի մոտ արթնացնել պարբերաբար հարց տալու առողջ ցանկությունն ու պատասխան ստանալու (նույնպես առողջ) վստահությունը։ Սակայն մեր լրատվական դաշտում սուր ռեպորտաժները փոքր-ինչ այլ սոուսով են ներկայացվում։ Դրանք կարծես ընտելացնում են լսարանին դժբախտ պատմությունների ու տարբեր խարդախությունների առկայության հետ։ Դրանք հաշտեցնում են եղածի հետ։
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: