2021.07.09,

Նյուսրում

Սահմանափակումներ տեղեկատվության ազատության ոլորտում

Լրատվամիջոցները և լրագրողական  կազմակերպությունները մտահոգ են  e-draft.am կայքում  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից քննարկման դրված երկու նախագծերի առնչությամբ։

Դրանցից  մեկով նախատեսվում է e-gov.am հարթակում չհրապարակել պետական աշխատակիցների գործուղումների նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, ընդունված որոշումների մասին տեղեկությունները։

Իսկ երկրորդով՝ չներկայացնել մեկ անձից իրականացվող գնումների մասին տեղեկությունները, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը, օգտակար հանածոների և ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ու երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների տվյալները: Բացի այդ, առաջարկվում է gov.travel.am կայքից հեռացնել ավիափոխադրողների, չվերթների, դրանց արժեքի, ամրագրման կոդերի, ուղևորների քանակի վերաբերյալ տեղեկությունները:

Որպես հիմնավորում, e-draft.am-ում նշվում է․  «2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքներով պայմանավորված՝ ուսումնասիրության արդյունքում վերհանվել են ծավալուն նյութեր, որոնք վերաբերվում են կայքերում առկա բաց և ուղիղ հասանելիությամբ տեղադրված պետական տեղեկություններին: Ուսումնասիրող կողմերը եկել են այն մասնագիտական եզրակացության, որ ռազմավարական նշանակության և կարևորության պետական տեղեկատվություն է տեղադրվում կայքերում պարզ հասանելիությամբ և երրորդ կողմի երկրների կամ կազմակերպությունների կողմից այն կարող է օգտագործվել տարբեր տնտեսական և քաղաքական վերլուծություններում՝ ի վնաս ՀՀ պետական շահի»:

Շուրջ մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հուլիսի 7-ին այս նախագծերը դատապարտող հայտարարություն տարածեցին։ 

Հայտարարության տեքստում ասվում է․ «Խորը մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ 2018թ․ հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական ուժը, որը հաղթանակ տարավ նաև ս․թ․հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, առաջ է քաշում ժողովրդավարական հասարակությանը ոչ հարիր սահմանափակումներ տեղեկատվության ազատության ոլորտում։ Քննարկման դրված փաստաթղթերի դրույթների ճնշող մեծամասնությունը հակասության մեջ է մտնում Սահմանադրության 51-րդ հոդվածի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Բաց կառավարման միջազգային գործընկերության շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ»։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր տնօրեն Շուշան Դոյդոյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակած նախագծերը համարում է հետադիմական և կարծում, որ դրանք միայն հետընթացի կարող են հանգեցնել։ 

«Առաջին խնդիրը, կոռուպցիայի դեմ պայքարն է, երբ այդ տեղեկությունները մատչելի են, որևէ չարաշահում արձանագրելու դեպքում քաղացիական հասարակությունը արձագանքում է։ Նախորդ կառավարության օրոք պետության այս հանձառությունը նորմալ կատարվում էր, հիմա ի՞նչն է խնդիրը, չէ՞ որ իրենք են անընդհատ խոսում թափանցիկությունից։ Պատերազմի թեման են շահարկում, բայց թե, ինչ խնդիր են լուծում, պարզ չէ»,- նշում է Շուշան Դոյդոյանը։ 

Նա ասում է, որ հանրությանը հնարավորություն էր տրված վերահսկել հանրային ռեսուրսների ծախսումը եւ արդյունավետությունը,  իսկ նշված նախագծերը նրանց վերահսկողական մեխանիզմի կարևորագույն գործիքներից է զրկում։ 

«Պետք է նշեմ ներառականության և մասնակցայնության խնդիրը, նման նախագիծը պետք է նախևառաջ քննարկվի մեդիայի ներկայացուցիչների հետ։ Շատ փնթի աշխատանք է, երկու պարբերություն հիմնավորում, որտեղ ոչ մի բան ասված չէ։ 

Ի վերջո ԲՏԱ նախարարության մանդատը չէ տեղեկատվության հասանելիության սահմանափակումը, իրենք չեն հասկանում իրենց գործառույթները, նրանք պետք է իրենց ջանքերն այլ տեղ ուղղեն,խորքային վերլուծություններ անեն,  կարողանան պաշտպանել տեղեկությունները, ոչ թե փակել։ Եվ միայն այս երկու նախագծերի շրջանառության համար այդ նախարարությունը կարող է հավակնել «Ժանգոտ կողպեք» մրցանակի, սա ուղղակի աններելի նախաձեռնություն է», – ասում է Շուշան Դոյդոյանը։ 

ԲՏԱ նախարարությունը  շրջանառվող նախագծերի մասին մամուլի հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ պետության կողմից տեղեկությունների հրապարակման նման սահմանափակումներ կիրառվում են մի շարք այլ երկրներում։ 

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացրել է e-gov.am  և  govtravel.am կայքերի սպասարկման կարգերը հաստատող իրավական ակտերի համապատասխան փոփոխություններ, մասնավորապես՝ այդ իրավական ակտերի հիման վրա հրապարակված տեղեկատվության ծավալից ընտրվել է այն անհրաժեշտ նվազագույնը, որպեսզի հնարավորինս չխախտվի պետական կառավարման համակարգի գործունեության հրապարակայնությունը և բացառվի ռիսկային, զգայուն տեղեկատվության հասանելիությունը», -ասվում է հաղորդագրության տեքստում:

Լրագրողական կազմակերպություններն իրենց հայտարարությունում անդրադարձել են նաև ԲՏԱ նախարարության հաղորդագրությանը, նշեով որ այ չի փարատում իրենց մտահոգությունները և կոչ են արել չեղարկել վերոհիշյալ նախագծերն ու   համակողմանի քննարկումներ կազմակերպել համապատասխան պետական մարմինների, հասարակական մասնագիտացված կառույցների, անկախ փորձագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մանե Գրիգորյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *